Jump to content

Սուրբ Գևորգ եկեղեցի (Ստամբուլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Գևորգ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՍամաթիա և Ֆաթիհ
ՏարածաշրջանՄարմարածովյան տարածաշրջան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը11-րդ դար
ՆվիրվածՍուրբ Գևորգ
ԱնվանվածՍուրբ Գևորգ
Հիմնադրված11-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
41°00′07″N 28°55′59″E / 41.00188°N 28.93302°E / 41.00188; 28.93302
 Church of St. George of Samatya Վիքիպահեստում

Սամաթիայի Սուրբ Գևորգ եկեղեցի կամ Սամաթիոյ Սուրբ Գէորգ Եկեղեցի (թուրքերեն՝ Sulu Manastır, թարգմանաբար՝ «Ջրի վանք»), հայկական եկեղեցի Ստամբուլի Սամաթիա թաղամասում։ Պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն։

Հայկական եկեղեցին, որի շինարարությունը տեղի է ունեցել 1866-1887 թվականներին, կառուցվել է 11-րդ դարում կառուցված բյուզանդական եկեղեցու և վանական համալիրի տեղում։ Վանական համալիրը, որը նվիրված էր Սուրբ Մարիամ Պերիբլեպտոսին (հուն․՝

Μονὴ τῆς Θεοτòκου τῆς Περιβλὲπτου

, Մոնի տիս Տեոտոկու տւս Պերիվլեպտու), եղել է Կոստանդնուպոլսի հույն ուղղափառ ամենահայտնի տաճարներից մեկը[1]։ 1453 թվականին օսմանյան զորքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավումից հետո վանական համալիրը հանձնվել է քաղաքի հայ բնակչությանը և մի որոշ ժամանակ դարձել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի նստավայր[2]։

Եկեղեցին գտնվում է Ստամբուլի Ֆաթիհ շրջանի Քոջամուստաֆափաշա թաղամասում (պատմական Սամաթիա), Մարմարա պողոտա 79 հասցեում[3]։ Եկեղեցին գտնվում է քաղաքի պարսպապատ հատվածում, Մարմարա ծովի ափից ոչ շատ հեռու։ Բուն եկեղեցին արտաքին աշխարհից անջատված է բարձր պարիսպներով և շրջապատված է այլ կառույցներով։

Բյուզանդական ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Քրիստոֆորո Բունդելմոնտիի Կոստանդնուպոլսի քարտեզը մոտավորապես 1420 թվականին։ Պերիբլեպտոսի եկեղեցին քարտեզի ներքևի ձախ գմբեթավոր կառույցն է։ Նկարում պատկերված ծովախորշը ձևավորվել է սուրբ աղբյուրից։

Հինգերորդ դարում այս վայրում կառուցված է «Այոս Ստեփանոս են տաիս Աուրելիանոս» եկեղեցին։ Եկեղեցին կառուցված է եղել Հելենիանայի պալատի և Սուրբ Դալմաթիոսի վանքի մոտ[2]՝ սուրբ աղբյուրի մոտ (հուն․՝ Hagiasma )։ Հետագայում, օսմանյան աղբյուրներում այս կառույցը կոչվել է «Ջրի վանք»[3]։

Այս կառույցներից ոչ շատ հեռու, Կոստանդնուպոլսի պարիսպների մոտ, Կոստանդնուպոլսի 7-րդ բլրի հարավային մասում, որը հայտնի է Քսերոլոֆոս անվամբ[4], բյուզանդական Ռոմանոս III Արգիրոսը (1028–1034) հիմնել է խոշոր վանական համալիր, որը նվիրված է եղել Թեոդոկոս Պերիբլեպտոսին։ Համալիրը կառուցվել է Սիրիա անհաջող արշավանքից անմիջապես հետո[1]։ Անվանումը, որը նշանակում է «նկատելի», «հեշտ տեսնելու համար», առաջացել է իր դոմինանտ և մեկուսացված դիրքի համար[3]։ Կայսր մեծ գումար է հատկացրել եկեղեցու կառուցման համար, որի պատճառով էլ մեծապես քննադատվել է[1]։ Ռոմանոսը այստեղ թաղվել է 1034 թվականին։ Կայսր Նիկեֆորոս Բոտանետեսը (1078–1081) համալիրը վերակառուցել է 1080 թվականին[2]։ Նիկեֆորոսի գահընկեց լինելուց հետո՝ Ալեքսիոս I Կոմնենոս կայսրը (1081–1118) դարձել է վանական և նույնպես թաղվել այս վանքում[1]։

11-12-րդ դարերում պալատական արքունիքի անդամները ամեն տարի գալիս էին Պերիբլեպտոս՝ նշելու Հայտնության տոնը[5]։ 1204 թվականին Խաչակրաց չորրորդ արշավանքից հետո, եկեղեցին որոշ ժամանակով անցել է հունական վերահսկողության տակ, սակայն ավելի ուշ հանձնվել Վենետիկի Բենեդիկտյան միաբանության քահանաներին[2]։ Լատինական կայսրության անկումից հետո, Միքայել VIII Պալեոլոգոսը, որը կառավարել է 1261–1282 թվականներին, վերակառուցել է եկեղեցին և սեղանատան հատակին ավելացրել խճանկար, որտեղ պատկերված են ինքը՝ կայսրը, նրա կինը՝ Թեոդորան և նրանց որդին՝ Կոստանտինը[2]։ Խճանկարը կործանվել է 1782 թվականին՝ Սամաթիայի մեծ հրդեհի ժամանակ[1]։

13-րդ դարի վերջին վանքի երիտասարդ վանականներից մեկը՝ Հիլարիոնն ուղարկվել է Բյութանիայի Էլեմոի բնակավայր` հետևելու վանքի ունեցվածքին, որը նախկինում նվաճվել էր սելջուկ թուրքերի կողմից։ Նա կարողանում է տեղի բնակչությանը համախմբել ընդդեմ նվաճողների։ Տեղի ունեցած մարտերից հետո հաջողվում է տարածքն անվտանգ դարձնել սակայն մեծ սկանդալ է հասունանում Կոստանդնուպոլսում, քանի որ վանականներին արգելվում էր կռվել։ Հիլարիոնի Կոստանդնուպոլիս վերադարձից հետո, թուրքական արշավանքները վերսկսվում են, մինչև Էլեմոի բնակիչները ստորագրահավաք են ուղարկում Կոստանդնուպոլիս՝ խնդրելով Հիլարիոնին վերադառնալ։ Արդյունքում, եկեղեցու վանահայրը տալիս է իր համաձայնությունը[1]։

Եկեղեցու շենքը մեծապես տուժել է 1402 թվականին՝ հրդեհի և կայծակի հետևանքով։ 1422 թվականին կայսր Մանուել II Պալեոլոգոսը, որը կառավարել է 1391-1425 թվականներին, բնակվել է վանքում համաճարակի և 1422 թվականին օսմանյան սուլթան Մուրադ II-ի կողմից Կոստանդնուպոլսի պաշարման ժամանակ[6]։

Օսմանյան ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1453 թվականին Կոստանդնուպոլսի անկումից անմիջապես հետո եկեղեցին շարունակել է պատկանել հույն ուղղափառ եկեղեցուն[6]։ Համաձայն Վոլֆգանգ Մյուլեր Վիեների, 1461-1480 թվականներին (հայերի վերաբնակեցումը Սամաթիայում տեղի է ունեցել 1458 թվականին (ըստ իսլամական օրացույցի 862 թվականին)), օսմանյան սուլթան Մեհմեդ II-ը (1444–46, 1451–81) եկեղեցին հանձնել է քաղաքի հայկական համայնքին[2] և մինչև 1643/44 թվականները համալիրը եղել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի նստավայրը[2]։ Այլ աղբյուրների համաձայն, եկեղեցին հայկական համայնքին տրվել է 1643 թվականին՝ ոմն հայ կնոջ՝ Շիվեքարի միջնորդությամբ, որը եղել է օսմանյան սուլթան Իբրահիմ I-ի (1640–1648) ֆավորիտներից մեկը[6][7]։ Այս ընթացքում Սամաթիայում կառուցվել են հայկական մի շարք եկեղեցիներ[2]։ 17-րդ դարի կեսին բյուզանդական միակ կանգուն կառույցը եղել է սեղանատունը[3]։

1722 թվականին համալիրը վերանորոգվել է հայազգի ճարտարապետ Մելդոնի կողմից, սակայն 1782 թվականին այն հիմնատակ կործանվել է Սամաթիայի մեծ հրդեհի արդյունքում։ Եկեղեցու վերականգնման աշխատանքները տեղի են ունեցել 1804 թվականին[2]։

1866-1887 թվականներին (1877 թվականին տեղի ունեցած մեկ այլ հրդեհից հետո[7]) եկեղեցին, բարերար Միքայել Հակոբյանի ֆինանսավորմամբ, վերակառուցվել է։ Վերակառուցման արդյունքում պահպանվել են բյուզանդական եկեղեցու հիմքերը։ Ավելին, եկեղեցուն կից կառուցվել են երկու մեծ դպրոցներ[2]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի դեսպան Ռույ Գոնսալես դի Կլավիխոն (փաստացի գոյություն ունեցող միակ հեղինակը, որը նկարագրել է եկեղեցու գոյության բյուզանդական ժամանակաշրջանը[8]) 1402 թվականին այցելել է Կոստանդնուպոլիս։ Նա նշում է, որ սուրբ Մարիամ եկեղեցու հատակագիծը կենտրոնաձիգ էր, գմբեթը գավիթի և հարակից սենյակների հետ միասին ձևավորում էր քառակուսի կառուցվածք։ Եկեղեցին նման էր Հոսիոս Լուկասին և Դաֆնիի տաճարին, որոնք գտնվում էին Հունաստանում[7]։ Կիսագնդաձև գմբեթը, որը զարդարված էր խճանկարով, կանգնած էր հասպիսից կառուցված ութ սյուների վրա[8]։ Վերջիններս էլ հիմնված էին չորս տրոմպերի վրա[9]։ Արդյունքում, ութանկյուն հիմքը հատակագծում վեր է ածվել քառակուսի պատերի[9]։ Վերջին ուսումնասիրությունները հաստատել են Կլավիխո նկարագրությունը[9]։ Եկեղեցում, որի պատերը և հատակը պատված էին հասպիսի սալաքարերով, գտնվում էին կայսերական մի քանի գերեզմաններ, որոնք տեղակայված էին հարակից երկու սենյակներում։ Եկեղեցու արտաքին պատերը մեծապես զարդարված են քաղաքների և ամրոցների պատկերներով, որոնք ժամանակին նվիրաբերվել են վանքին[8]։ Մեծ սեղանատունը, որը զարդարված է Խորհրդավոր ընթրիքը պատկերող ֆրեսկոյով, վանականների խցերը, զբոսայգին և խաղողի այգիները եղել են համալիրի բաղկացուցիչ մասը[10]։ Եկեղեցում պահպանվում են նաև որոշ մասունքներ, որոնց թվում է նաև Գրիգոր I պապի մարմինը[10]։

Ներկայիս եկեղեցին ուղղանկյուն կառույց է, որն ունի, համապատասխանաբար, 25 և 30 մետր երկարություն և լայնություն։ Եկեղեցին կառուցված է հարավ-արևմուտք - հյուսիս- արևելք ուղղությամբ։ Եկեղեցին հյուսիսարևելյան հատվածում ունի մատուռ և զանգակատուն։ Եկեղեցու ներքին տեսքը կամարակապ է և զարդարված։ Եկեղեցու բակում կառուցված է նաև ժամատուն, որը նվիրված է Հովհաննես Մկրտչին և համարվում է Ստամբուլի ամենագեղեցիկ ժամատներից մեկը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 Janin (1953), p. 227.
  2. 1 2 3 4 5 6 7 8 9 10 Müller-Wiener (1977) pg. 200
  3. 1 2 3 4 5 Ronchey (2010), p. 443
  4. Müller-Wiener (1977) pg. 187
  5. Mamboury (1953), p. 306.
  6. 1 2 3 Janin (1953), p. 228.
  7. 1 2 3 Eyice (1955), p.93.
  8. 1 2 3 Janin (1953), p. 229.
  9. 1 2 3 Ronchey (2010), p. 444
  10. 1 2 Janin (1953), p. 230.
  • Mamboury, Ernest (1953). The Tourists' Istanbul. Istanbul: Çituri Biraderler Basimevi.
  • Janin, Raymond (1953). La Géographie ecclésiastique de l'Empire byzantin. 1. Part: Le Siège de Constantinople et le Patriarcat Oecuménique. 3rd Vol. : Les Églises et les Monastères (French). Paris: Institut Français d'Etudes Byzantines.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Eyice, Semavi (1955). Istanbul. Petite Guide a travers les Monuments Byzantins et Turcs (French). Istanbul: Istanbul Matbaası.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Müller-Wiener, Wolfgang (1977). Bildlexikon Zur Topographie Istanbuls: Byzantion, Konstantinupolis, Istanbul Bis Zum Beginn D. 17 Jh (German). Tübingen: Wasmuth. ISBN 978-3-8030-1022-3.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Ronchey, Silvia; Braccini, Tommaso (2010). Il romanzo di Costantinopoli. Guida letteraria alla Roma d'Oriente (Italian). Torino: Einaudi. ISBN 978-88-06-18921-1.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Գևորգ եկեղեցի (Ստամբուլ)» հոդվածին։