Քոբայրի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոբայրի վանք
Վանքի զանգակատունը, 2015 թվական

##Քոբայրի վանք (Հայաստան)
Set01-church1.svg
Հիմնական տեղեկություններ
Տեղագրություն Հայաստան Հայաստան Լոռու մարզ, Թումանյան
Կոորդինատներ 41°00′18″ հս․. լ. 44°38′06″ ավ. ե. / 41.005061° հս․. լ. 44.635086° ավ. ե. / 41.005061; 44.635086Կոորդինատներ: 41°00′18″ հս․. լ. 44°38′06″ ավ. ե. / 41.005061° հս․. լ. 44.635086° ավ. ե. / 41.005061; 44.635086
Թեմ Գուգարաց
Նահանգ Գուգարք
Տարածք Հայաստան
Մարզ Լոռու մարզ
Հոգևոր կարգավիճակ չի գործում,
Ներկա վիճակ կիսականգուն, համալիրը վերականգնվում է
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճ Հայկական
Կառուցման ավարտ 1171 թվական
Commons-logo.svg Վիքիպահեստում


Քոբայրի վանք կամ Քոբայրավանք, միջնադարյան հայկական վանք[1][2] Հայաստանի Լոռու մարզում, Քոբայր գյուղի մոտ, Քոբեր երկաթուղային կայարանից արևմուտք, Դեբեդ գետի ձորալանջին, բարձրադիր ու դժվարամատչելի վայրում: Այն զարգացած միջնադարում Հյուսիսային Հայաստանի հոգևոր, մշակութային և գրչության հայտնի կենտրոններից էր:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի փլատակները

Մենաստանը հիմնադրվել է Բագրատունյաց տան Կյուրիկյան ճյուղի Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից 1171 թվականին[3]: Քոբայրի վանական համալիրի կառույցների ընդարձակումը սկսվում է 12-րդ դարի վերջից 13-րդ դարի սկզբին, երբ վանքը Կյուրիկյաններից անցնում է Զաքարյաններին: Այդ ժամանակ են կառուցվում գլխավոր եկեղեցին, մատուռ-ավանդատունը, դրան արևմուտքից կից բաց սրահը, սեղանատունը, զանգակատուն-տապանատունը, մատուռները և ամրաշինական կառույցները: Դրանք բոլորն էլ այսօր կիսավեր վիճակում են:

Հանդիսացել է միջնադարի կարևոր հայ գրչօջախներից և մշակութային կենտրոններից մեկը, որի հետ է կապվում 12-րդ դարի նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցու գործունեությունը: 13-րդ դարի սկզբներին վերածվել է որպես քաղկեդոնական:

Հիշատակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոբայրի վերաբերյալ հիշատակություններ են պահպանվել Վարդան Արևելցու, Մխիթար Այրիվանեցու, Կիրակոս Գանձակեցու, Ներսես Լամբրոնացու մոտ[4][5][6][7]: Ըստ Վարդան Արևելցու և Մխիթար Այրիվանեցու՝ Քոբայրում կուսանոց է գործել:

14–16-րդ դարերում Քոբայրի վանքի գործունեությանը վերաբերող վկայությունները սակավաթիվ են: Դրանք մի քանի տապանաքարերի հիշատակագրեր են, որոնք հայտնաբերվել են վանքի տարածքում: Ըստ վրացերեն արձանագրությամբ մի տապանաքարի՝[8] այստեղ է թաղված Իվանեի որդի և Շահնշահի եղբայր Վահրամը, որն ապրել է 1350-ական թվականներին: Մեկ այլ վրացագիր տապանաքարի վրա արձանագրված է՝ «Դավիթ՝ Շալվայի որդի»[9]:

1442 թվականին Ոհաննե Թմոքվեցի գրչի կողմից Սերկևլի գյուղում ընդօրինակած Տոնականի հիշատակարանում քանիցս հիշվում է պարոն Շալվեն՝ որպես «... հաւատարիմ ծառայս աստուծոյ պարոն Շալուէս, ցանկացող եղև լուսափայլեալ և մեծապառ տաւնականիս, ի հաստատութիւն կաթողիկէ եկեղեցւոյ» և նրա որդին «... նորաբողբոջ դեռաբուսիկ զաւակի սոցա՝ պարոն Դաւթին, զի տէր աստուած պահեսցէ զսա անփորձ և անսասան մինչև ի խորին ծերութիւնն, ամէն»[10]: Մեկ այլ ձեռագրում՝ 1441 թվականին ընդօրինակված Ճառընտիրում, Շալուեն հիշատակվում է․

Aquote1.png ... այր բարեպաշտօն, քրիստոսադաւան և ուղղափառ, այր հսկայազօր ի մրցմունս պատերազմաց, դիւցազնական ի յազատաց և պայազատ ի յիշխանաց, ի յազանց և ի տոհմէ ասքանազեան սեռից[11]: Aquote2.png


Այս հիշատակություններից պարզ է դառնում, որ վերոհիշյալ անձիք ապրել են 15–16-րդ դարերում և գուցեև ուղղափառ դավանությանը հարելով՝ թաղվել Քոբայրի վանքում:

17-րդ դարում Քոբայրը հիշատակվում է Շմավոն Աբեղենց Դսեղեցու ընդօրինակած ձեռագրում (Մատենադարան, 1473) արդեն որպես «... յանապատս Քոպայրոյ Բարձրաբերձ Աստուածածինիս, որ է Լօռի»[12][13]: 18-րդ դարի կեսերին, ըստ Վախուշտի արքայազնի տեղեկության, այնտեղ գործող եկեղեցի է եղել, այն էլ միաբնակ դավանության[14]:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացերենի ասոմթավրուլի այբուբենով գրված արձանագրություններ եկեղեցու պատին:

Քոբայրի վանքի շինությունների ճարտարապետական հարդարանքում զգացվում է վրացական ճարտարապետության ազդեցությունը, քանի որ այն անցել էր Զաքարյանների տոհմի վրացադավան ներկայացուցիչներին[15]:

Քաղկեդոնական ազդեցությունը զգացվում է Հայաստանի հատկապես հյուսիսային շրջաններում: Վրացական ազդեցության ամենաակնառու տարրը եկեղեցիների ճակատները խաչաքանդակներով զարդարելն էր, որը ստեղծվում էր խիստ ընդգծված պրոֆիլի միջոցով (Հառիճ, Գանձասար, Ախթալա, Քոբայր): 10–12-րդ դարերում Հայաստանում եկեղեցիների ներքին տարածությունները որմնանկարներով քիչ զարդարելը վրացական որոշակի ազդեցությամբ փոխվում է 13-րդ դարում[16][17]:

Որմնանկարներով զարդարված էին Քոբայրի գլխավոր եկեղեցու խորանը, մատուռ-ավանդատունը, բաց սրահն ու զանգակատան առաջին հարկը: Դրանք համեմատաբար լավ են պահպանվել միայն գլխավոր եկեղեցում և մատուռ-ավանդատանը[18]: Քոբայրի հուշարձանախմբի կառույցների պատերին, ինչպես նաև եղած և հայտնաբերված տապանաքարերի վրա առկա են մեծ թվով վրացերեն արձանագրություններ:

Ներքին հարդարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբերի ֆրեսկո

Քոբայրը հռչակված է իր բարձրարվեստ որմնանկարներով, որոնք զարդարում են նրա 4 շինությունները՝ մեծ եկեղեցին, մատուռ-ավանդատունը, սյունասրահը և զանգակատան տապանատունը: Վերջին երկուսում մնացել են որմնանկարների միայն աննշան մասերը: Մեծ եկեղեցում պահպանվել է միայն բեմի որմնանկարը: Գմբեթարդին պատկերված է Աստվածածինը Մանկան հետ, երկու կողքերին՝ հրեշտակապետները, միջին շարքում «Հաղորդության» տեսարանն է, ներքևում, ողջ հասակով՝ ութ սուրբ, որոնց թվում՝ Սուրբ Գրիգոր Աստվածաբանը, Սուրբ Բարսեղ Մեծը, Սուրբ Հովհաննես Ոսկեբերանը և Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին: Մատուռ-ավանդատնում որմնանկարներից պահպանվել են միայն հատվածներ, համեմատաբար ամբողջականը բեմի վրայինն է: Գմբեթարդին պատկերված է «Բարեխոսության» տեսարանը, միջին շարքում՝ «Հաղորդությունը», ներքևում՝ սրբերը: Արևմտյան և հյուսիսային պատերին նկարված են «Տիրամոր ննջումը» և պատվիրատու-մեկենասները՝ Սուրբ Գևորգի առջև կանգնած:

Քոբայրի որմնանկարների պատկերագրությունն առնչվում է բյուզանդական գեղազարդման համակարգին, սակայն նրանց ոճական առանձնահատկությունները վկայում են, որ գերիշխողը տեղական ավանդույթն է, արևելաքրիստոնեական միտումով (հարթապատկերայնության հակումը, շարժումների պայմանականությունը, եզրագծերի օգտագործումը որպես գեղարվեստական արտահայտչականության միջոց, սրբերի արևելյան դիմագծերը և այլն):

Արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն արձանագրություններ
Վրացերեն արձանագրություններ

Զանգակատան շքամուտքի արևելյան կողմի վրացերեն արձանագրության համաձայն՝ այն կառուցվել է 1279 թվականին Շահնշահ Ամիրսպասալարի որդու՝ Մխարգրձելի և նրա կնոջ՝ Վանենիի կողմից: Այն քառակուսի հատակագծով սրահ է, որի արևելյան հատվածն ամբողջությամբ ընդգրկում է խորանը: Հատակը հարթեցված ժայռն է՝ մասամբ ծածկված տապանաքարերով: Միակ մուտքը հարավից է, որը դեպի արևմուտք որոշակի շեղում ունի: Շքամուտքի ուղղանկյուն, աստիճանաձև հորինվածքով շրջանակը զարդարված է փոքրիկ փորագիր եռանկյունների հաջորդական շարքով: Աստիճանաձև շքամուտքի մեջ ամփոփված է կիսասյունիկի վրա հենված ճակատակալ քարը, որն ունի պարզ հարդարում: Նրա աջ և ձախ անկյուններում մեկական վարդյակ է, իսկ բարավորի հարթ մակերեսին կա ելնդավոր գոտիով ընդգծված, երեք տառից բաղկացած εκ° հունատառ մակագրություն, որն εκκλησία բառի հապավումն է: Շինությունը պսակված է ութսյունանի ռոտոնդայով:

Զանգակատան հարավային միակ մուտքի դիմաց բացվեցին ամբողջական և բեկորային տապանաքարեր՝ մի մասը վրացերեն արձանագրություններով: Մուտքի առջև վրացերեն արձանագրությամբ երկու տապանաքար ընթերցել էր հանգուցյալ Պարույր Մուրադյանը: Ըստ այդ վերծանության՝ առաջինը պատկանում էր Չաչայի որդի Իվանեին, երկրորդը՝ Մամամթավարի (Հայրապետի) որդի Պետրեին[19]:

Զանգակատան հարավային հատվածի մաքրման արդյունքում հայտնաբերված տապանաքարերից ինն ամբողջական են, բոլորն էլ հարդարված եզրային ակոսազարդով: Դրանցից հատկապես կարևորվում է եզրային ակոսազարդով պարփակված կամարի մեջ հոգևորականի բարձր աստիճանը ցուցող սխեմատիկ պատկերով և վրացերեն արձանագրությամբ տապանաքարը: Հայտնաբերվել են նաև տապանաքարերի ինը բեկոր, որոնցից չորսը վրացերեն արձանագրություններով, մեկը՝ մարդու սխեմատիկ պատկերի հատվածով: Զանգակատան մուտքից արևելք երկշար հիմնախարիսխն է, որի շարունակությունն արևմուտքում մշակված ժայռն է: Ուշագրավ է, որ ներքուստ ևս զանգակատան հյուսիսարևմտյան պատերի հիմքում, նույն մակարդակի վրա, երկաստիճան մշակումով ժայռն է:

Գտածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեղման-մաքրման աշխատանքների արդյունքում հայտնաբերվեցին խեցեղեն և մետաղե փոքրաքանակ առարկաներ, ինչպես նաև զանգակատանը պատկանող ծածկասալերի հատվածներ և քանդակազարդ մի բեկոր:

Խեցեղեն գտածոները բեկորային են, գերազանցապես խոհանոցային կոպիտ ամանեղեն. կժեր, կճուճներ, քրեղաններ, թասեր, խփեր: Սրանց մեջ առանձնանում են կարմրափայլ և կարմրաներկ թասերի բեկորները և ամբողջացող սափորը՝ գտնված օջախի շրջակայքից: Այն միականթ է՝ պարանոցի և իրանի հատվածներում հորիզոնական գծազարդերի միջև սանրաքաշ ալիքազարդերով: Կան նաև ջնարակած անոթների սակավաթիվ բեկորներ, որոնք թվագրվում են 12–13-րդ և 14–16-րդ դարերով:

Շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջակայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի սյունաշարը

Տեղանքի առանձնահատկություններից ելնելով՝ օգտագործել են նաև ժայռը, հարթեցնելով ու հարմարեցնելով նրան: Այն շատ հաճախ ծառայել է որպես շինության հատակ, պատ կամ նախաբակ: Զանգակատան մուտքին անմիջապես հարող տարածքում կա ջրահեռացման խնդիր: Այն առկա է ամբողջ վանքի տարածքում, նույնիսկ զանգակատուն-տապանատան ներսում, որտեղ ջրահեռացման համար հարթեցված ժայռի մեջ առվակոս են փորել:

Վանքի հյուսիսային կողմում, գլխավոր մուտքի դիմաց թաղածածկ, միանավ, երկրորդ եկեղեցին է (13-րդ դար): Քոբայրի սեղանատունը (13-րդ դար) գտնվում է տապանատուն-զանգակատնից արևմուտք: Քոբայրը եզերող բարձր պարսպապատերից պահպանվել են միայն հյուսիսային և արևելյան հատվածները:

Քոբայրում են թաղված Զաքարե Բ Զաքարյանի որդի Շահնշահը, վերջինիս որդիներ Գիորգին, Մխարգրձելին և եղբայրը՝ աթաբակ Վահրամը:

Ջրահեռացման համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան կողմում զանգակատան ստորին շարքերի հիմքում ժայռն է, իսկ վերին հատվածում ժայռի և զանգակատան միջև ստեղծված է մոտ 1,5 մ լայնությամբ միջանցք: Միջանցքը մաքրելիս պարզվեց, որ ժայռի ստորին հատվածում ջրահեռացումն ապահովելու համար առվակոս էր փորված 3.9 մ երկարությամբ, որի շարունակությունն էր կազմում 7 կավե փողրակներից կազմված խողովակաշարը՝ 3 մ երկարությամբ: Փողրակների երկարությունը մոտավորապես 42–43 սմ է, տրամագիծը լայն հատվածում՝ 14 սմ, նեղ մասում՝ 8 սմ: Խողովակներն ամբողջական են, բայց ջարդոտված: Դրանք վառ աղյուսագույն են, նեղ հատվածում առկա է շրջանաձև, ուռուցիկ գոտի՝ հաջորդ խողովակին միանալու համար (երկարությունը՝ 7–8 սմ): Խողովակաշարը հարավային մասում ընդհատվում է և, տեղանքի առանձնահատկություններից ելնելով, կարելի է ենթադրել, որ այն շարունակվել է ժայռի ամբողջ երկայնքով, իսկ միջով հոսող ջուրը թափվել է ձորը:

Ջրահեռացման համակարգը բավական զարգացած էր միջնադարյան Հայաստանում, հատկապես խոշոր քաղաքներում, գյուղաքաղաքներում, ամրոցներում, պալատներում՝ գործող բաղնիքների կեղտաջրերը հեռացնելու հետ կապված[20][21]: Եվ պատահական չէ, որ բնականից հորդահոս ջրեր ունեցող Քոբայրի վանքի տարածքում ևս կիրառել են ջրահեռացման այսպիսի համակարգ՝ ջրի կուտակումներից խուսափելու համար: Այդ նպատակով օգտագործել են և՛ հիմնաժայռը՝ առվակոսներ փորելով, և՛ կավե խողովակաշարը, որտեղ դրա անհրաժեշտությունը կար:

Սենյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի զանգակատունը

Ուշագրավ է զանգակատան հյուսիսում բացված կառույցը, որն անմիջապես կցված էր նրան: Այն գրեթե քառակուսի հատակագծով սենյակ է՝ 4.13 x 3.10 ներքին չափերով: Սենյակի համար իբրև հարավային պատ ծառայել է զանգակատան հյուսիսային ճակատը, իսկ արևմտյանը՝ ժայռը: Սենյակն ամբողջացնելու համար կառուցվել են միայն արևելյան և հյուսիսային պատերը (պատերի հաստությունը՝ 0.8–1 մ): Միակ մուտքը հյուսիս-արևմուտքից է: Դռան բացվածքի լայնությունը 1 մ է, բարձրությունը մինչև քարե շեմը՝ 1.15 մ: Պատերը շարված են անմշակ քարերով և հողի լիցքով: Ներքուստ նկատվում են սվաղի հետքեր: Սենյակի ներքին հատվածը պեղելիս հարավարևելյան հատվածում բացվեց քառանկյուն օջախ, որի մեջ դրված էր ամբողջական երկկանթ մի անոթ: Օջախն անմիջապես ժայռի վրա էր (պահպանված բարձրությունը՝ 34 սմ, տրամագիծը՝ 52 սմ, պատերի հաստությունը՝ 6 սմ):

Սենյակի պատերի շարվածքը (անմշակ և երկրորդային օգտագործման քարերով շարվածք՝ հողե լիցքով և անփույթ սվաղով), հայտնաբերված խեցեղեն գտածոները գալիս են փաստելու, որ կցակառույց սենյակը ծառայել է տնտեսական նպատակով վանքի գոյության վերջին փուլում, երբ զանգակատունն այլևս չէր գործում: Սենյակի մուտքն արտաքուստ բացելիս արևմտյան կողմում հայտնաբերվեց ժայռի մեջ փորված սանդ (տրամագիծը ՝ 20 սմ, խորությունը՝ 23 սմ), որը ժամանակագրորեն ավելի վաղ է, քան կցակառույց սենյակը: Այն, հավանաբար, ժամանակակից է զանգակատանը:

Համայնապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի համայնապատկերը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Isabelle Augé (Maître de conférences, Université Paul Valéry) "Le choix de la foi chalcédonienne chez les Arméniens" (Cahiers d’études du religieux. Recherches interdisciplinaires. 9/2011):
  2. History of humanity. — UNESCO, 2000. — С. 253.
  3. կազմ. Ս. Բարխուդարյան, Կ. Ղաֆադարյան, Ս. Սաղումյան (2012). Դիվան հայ վիմագրության, պր. IX, Լոռու մարզ. Երևան. էջեր 352:.  Այդ կապակցությամբ էլ առաջին եկեղեցին անվանվել է Մարիամաշեն, որի մասին վկայում է դրա մուտքի բարավորի շինարարական արձանագրությունը
  4. Հաւաքումն Պատմութեան Վարդանայ վարդապետի. Վենետիկ. 1862. էջեր 122:. 
  5. Մխիթար Այրիվանեցի (1860). Պատմութիւն Հայոց. Մոսկվա. էջեր 63:. 
  6. Կիրակոս Գանձակեցի (1961). Պատմութիւն հայոց. Երևան. էջեր 393:. 
  7. Ներսէսի Լամբրոնացւոյ Տարսոնի եպիսկոպոսի՝ Ատենաբանութիւն և Թուղթ և Ճառք. Վենետիկ. 1865. էջեր 223:. 
  8. Պարույր Մուրադյան (1977). Հայաստանի վրացերեն արձանագրությունները. Երևան. էջեր 178:. 
  9. Պարույր Մուրադյան (1977). Հայաստանի վրացերեն արձանագրությունները. Երևան. էջեր 180:. 
  10. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, մասն Ա. Երևան. 1955. էջեր 531–536:. 
  11. Հրաչյա Աճառյան (1943). Հայոց անձնանունների բառարան, հատոր Դ. Երևան. էջեր 102:. 
  12. Ցուցակ Ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հատոր Ա. Երևան. 1965. էջեր 559:. 
  13. Մայր ցուցակ հայերեն Ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հատոր Դ. Երևան. 2008. էջեր 1342:. 
  14. Պարույր Մուրադյան (1977). Հայաստանի վրացերեն արձանագրությունները. Երևան. էջեր 166:. 
  15. Զաքարե ամիրսպասալարի մահից հետո (1212 թվական) Իվանեն իր կնոջ Խոշաքի հետ քաղկեդոնական էին դարձրել մի քանի հայկական հին վանքեր և վրացադավան դարձրել Զաքարեի փոքր որդուն՝ Շահնշահին (տե՛ս Հ. Մանանդյան. Երկեր, Գ, Երևան, 1977, էջ 198):
  16. Краткая история древнеармянской живописи. Ереван: Л. Дурново. 1957. էջեր 32–33:. 
  17. Очерки изобразительного искусства средневековой Армении. Москва. 1979. էջեր 152:. 
  18. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան. Երևան. 2002. էջեր 1058:. 
  19. Պարույր Մուրադյան (1977). Հայաստանի վրացերեն արձանագրությունները. Երևան. էջեր 181:. 
  20. О. Халпахчьян (1971). Гражданское зодчество Армении. Москва. էջեր 212. 
  21. Р. Епремян. Водоснабжение древней и средневековой Армении. 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիանա Միրաջանյան, Աստղիկ Բաբաջանյան (2012). Քոբայր վանական համալիրի զանգակատան պեղման աշխատանքների արդյունքները. Երևան: Պատմաբանասիրական հանդես. 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]