Հառիճի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հառիճի վանք
Harichavanq12.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ վանք
Երկիր Հայաստան Հայաստան
Տեղագրություն Հայաստան Հայաստան Շիրակի մարզ, Հառիճ
Հոգևոր կարգավիճակ Գործող
Ներկա վիճակ Կանգուն
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 7-րդ դար
Կառուցման ավարտ 1201 թ
Հիմնադրված 7-րդ դար
Հառիճի վանքը գտնվում է Հայաստանում
Հառիճի վանք
Կոորդինատներ: 40°36′23.270400100009″ հս․ լ. 43°59′57.91920010001″ ավ. ե. / 40.60646400002777767° հս․. լ. 43.9994220000277778° ավ. ե. / 40.60646400002777767; 43.9994220000277778

Հառիճավանք (նախկինում նաև՝ Ղփչաղավանք), միջնադարյան եկեղեցական համալիր Հայաստանում։ Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գբեթավոր մեծաչափ կառույց է։

Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թթ սովորել է Ավետիք Իսահակյանը։

Հառիճի վանքում դաստիարակվում և կրթվում են ապագա հոգևորականներ։ Ներկայումս բացի Հառիճից հոգևորականների դպրոց կան Վաղարշապատում և Սևանավանքում։

Ավանդապատումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելջուկների արշավանքի ժամանակ եկեղեցում բազմաթիվ մարդիկ են մտել և անհետ կորել։ Սելջուկներն այդ հրաշքը բացատրում էին, որ մարդիկ հոգու զորությամբ եկեղեցում վերածվել են աղավնիների և թռել գնացել։ Սակայն եկեղեցում կար մի գաղտնարան, որով հայ փախստականները կարողացել են իջնել ձորի հատակ։

Եկեղեցի մտնելով սելջուկները մարդ չգտնելով կատաղել են և որոշել են եկեղեցին հողին հավասարեցնել։ Նրանք ձիերի օգնությամբ քաշել պոկել են զանգակատանն իր վրա պահող 4 սյուները, սակայն եկեղեցին չի փլվել։ Նման հրաշքից վախենալով սելջուկներն այլևս չեն փորձել քանդել կառույցը։

Ավանդություններից մեկի համաձայն էին իշխանական օրիրոդներից մեկը սելջուկներից փախչելով պատսպարվել է ժայռի վրա կառուցած մատուռում և երբ սելջուկները փորձել են տիրանալ օրիորդին, ժայռը երկու մասին է բաժանվել և նման հրաշքից վախեցած սելջուկները մի կողմ են քաշվել և օրիորդը փրկվել է։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն շինությունը VII դարում կառուցված Ս. Գրիգոր մաստարայատիպ եկեղեցին է, որին հարավից կից են XIII դարի երկհարկ աղոթարաններ։

Վանքի գլխավոր եկեղեցին, որը կառուցվել է 1201 թ.-ին Զաքարե և Իվանե Երկայնաբազուկների հրամանով, խաչաձև–գմբեթավոր մեծաչափ կառույց է՝ XII–XIII դարերի հայկական ճարտարապետությանը բնորոշ վերձիգ համամասնություններով։ Տաճարի անկյունները զբաղեցնում են երկհարկանի նեղ խորաններ։ Հյուսիս–արևմուտքի և հարավ–արևմուտքի երկրորդ հարկի խորանները, դեպի ուր տանում են քարե բարձակային աստիճանները, աղոթասրահին են նայում սյունակամարակազմ բացվածքներով, որոնք ինտերիերին տալիս են պալատային տեսք։

Երկրորդ հարկ տանող աստիճանները

Հետաքրքիր է լուծված հատկապես արևելյան ճակատը, բարդ բեկվածքավոր գոտուց կազմված է մի խոշոր պատկեր՝ վերին մասում խաչ. դեպի ցած գոտին կրկնակվելով կազմում է ուղղանկյուն շրջանակ, որի մեջ տեղավորված է Զաքարե և Իվանե Երկայնաբազուկների կտիտորական բարձրաքանդակը։ Այնուհետև, գոտիները, պսակելով «հայկական խորշերն» ու կողային խորանների նեղ լուսամուտները, անցնում են հարավային և հյուսիսային ճակատները, ուր վերին մասում դարձյալ կազմում են խաչ, իսկ ավելի ցածում՝ պսակում նեղ լուսամուտները։ Այս մեծ ելուստով, լայն գոտին դինամիկ, ցայտուն ու խստականոն կերպով մասնատում է ճակատների հարթությունը՝ ստեղծելով խորը լուսաստվեր և այլ քանդակազարդերի հետ նրանց հաղորդում պլաստիկություն։

Ամբողջ կառույցին իշխում է գմբեթի բարձրադիր, բազմանիստ թմբուկը, որը մասնատված է փունջ կազմող նուրբ որմնասյուներով և երիզված զիգզագաձև քիվով։ Թմբուկի նիստերը զարդարված են մեկը մյուսին չկրկնող գոգավոր, սկուտեղանման զարդաքանդակ–վարդյակներով։ Կառույցի ինտերիերում աչքի է ընկնում նրբագեղ փորագրությամբ բեմեզերքը։

Հառիճավանքի հատակագիծը

Եկեղեցուն արևմուտքից, որոշ չափով ասիմետրիկ, տեղադրված է XIII դարի քառասյուն գավիթը, որը եկեղեցուն մասշտաբով չհակադրելու համար կառուցված է համեմատաբար ավելի ցածր համամասնություններով։ Գավթի կենտրոնական մասը ծածկված է շթաքարե երդիկավոր վրանանման գմբեթով։ Մնացած մասերը ծածկված են հայելային թաղերով, որոնք շարված են աստղաձև և այլ տիպի քարերով։ Հարուստ է շքամուտքի հարդարանքը, նրա տիմպանը, խոր ներառնված սլաքային կամարի մեջ, շարված է աստղաձև քարերից և վիրտուոզ կատարված երկրաչափական ու բուսական ձևերի փորագրությամբ մանր վեցանկյունիներից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png