Որոտնավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որոտնավանք
Vorotnavank 205.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակ վանք
Երկիր Հայաստան Հայաստան
Տեղագրություն Վաղատին
Դավանանք Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Թեմ Սյունիքի թեմ
Ճարտարապետական նկարագրություն
Հիմնադիր Բագրատունյաց Հայաստան Սյունիքի թագավորություն Շահանդուխտ
Ճարտարապետական ոճ հայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ 10-րդ դար
Որոտնավանքը գտնվում է Հայաստանում
Որոտնավանք
Կոորդինատներ: 39°29′44.160000100011″ հս․ լ. 46°7′19.920000099998″ ավ. ե. / 39.49560000002777826° հս․. լ. 46.12220000002777454° ավ. ե. / 39.49560000002777826; 46.12220000002777454

Որոտնավանք (Վաղատնի վանք), միջնադարյան վանական համալիր ՀՀ Սյունիքի մարզում[1]։ Գտնվում է Սիսիանից մոտ 14 կմ արևելք, Որոտանի կիրճի ձախակողմյան բարձունքի վրա։ Հիմնադրվել է 1000 թվականին Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ Որոտնավանքի հնագույն՝ Ս.Գրիգոր միանավ եկեղեցին (ավերվել է սելջուկների հարձակումներից ու երկրաշարժերից) հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, վերակառուցել՝ հայր Ստեփանոս ճգնավորը։ Եկեղեցին միջնադարում հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ և դարձել նշանավոր ուխտատեղի։

Ս. Գրիգոր եկեղեցու մոտ՝ նրա հյուսիսարևելյան կողմում, 1000 թվականին կառուցվել է թաղածածկ, հյուսիսային պատին կից երկու ավանդատնով, հարավից սյունասրահով Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին, նրա գավիթը, տնտեսական շինությունները, հիմնվել է մեծաթիվ միաբանությամբ վանք։ Շահանդուխտի կրտսեր որդի, Սյունյաց Վասակ թագավորի եղբայր իշխան Սևադան Որոտնավանքի արևելյան կողմում 1006 թվականին կառուցել է Ս. Կարապետ եկեղեցին և նրան կից /արևմուտքից/ կամարակապ գավիթ-սրահը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին ունի կենտրոնագմբեթ, եռախորան, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք։ Ներսը զարդարված է եղել որմնանկարներով, որոնցից հյուսիսային խորանում պահպանված հատվածը պատկերում է շրջանի մեջ աստղազարդ կապույտ երկինք, կենտրոնում՝ հրեշտակ։ Եկեղեցու հյուսիսային պատին կից, աստիճանաձև պատվանդանի վրա XI դ. հուշասյուն է կանգնեցվել՝ գագաթին խոյակի վրա դրված խաչարձանով։ Շահանդուխտ թագուհին վանքի շրջակայքում կառուցում է նաև աղոթարան, արհեստանոցներ, պահեստներ և վանքը շրջափակում պարսպով։

Շահանդուխտ թագուհին և իշխան Սևադան թաղվել են Որոտնավանքում։

1104 թ. Որոտնավանքը ավերվել է սելջուկների կողմից և հետագայում զարթոնք ապրել Օրբելյանների օրոք։

Որոտնավանքում գիտական և եկեղեցական գործունեություն է ծավալել միջնադարի հայ փիլիսոփա Հովհան Որոտնեցին (1315-1388 թթ.), ով 1340-ական թթ. Գլաձորի համալսարանից տեղավոխվել էր Որոտնավանք։ Նա սերտ կապեր է ստեղծել Որոտնավանքի և Տաթևի միջև։

XIII դ. 80-ական թթ. Որոտնավանքում է գործել Գրիգոր Տաթևացին, ով 1386 թվականին այստեղ ընդօրինակել է Պետրոս Արագոնացու «Գիրք յոթն առաքինութեանցն» աշխատությունը։ 1407 թվականին վանք է այցելել Թովմա Մեծոփեցին։ Նույն տարում Որոտնավանքում Առաքել ծաղկողը Ավետարան է գրչագրել և նկարազարդել։ 1438 թվականին վանահայր Սարգիս Անգեղակոթցին վերակառուցել է Ս. Կարապետ եկեղեցու գմբեթը։ Որոտնավանքը գործել է մինչև XX դ. սկիզբը։ 1931 թվականին երկրաշարժից ավերվել է. քանդվել են Ս. Կարապետ եկեղեցու գմբեթը և ծածկերը, հուշասյունը, սյունասրահները, վանքի տնտեսական շինությունները, պարիսպը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Որոտնավանք | armenianreligion.am»։ www.armenianreligion.am։ Վերցված է 2017-11-20 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]