Ստեփանոս Նախավկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփանոս Նախավկա
Polittico del 1476, s. stefano.jpg
Ծնունդ 1-ին դար
Վախճան 36[1]
Վախճան վայր Երուսաղեմ
Վախճան պատճառ Քարկոծում
Եկեղեցի քրիստոնեություն
Սրբացված կարգ սուրբ
Հիշատակության օր Դեկտեմբերի 26 և Օգոստոսի 3

Ստեփանոս Նախավկա, (հուն.՝ Στέφανος՝ պսակ), 1-ին դարի քրիստոնյա, հելլենական հրեա. անդրանիկ վկան, որն իր արյունը թափեց՝ Հիսուս Քրիստոսին Աստծո Որդի վկայելով։ Մեկը Հիսուսի յոթանասուն (կամ յոթանասուներկու) աշակերտներից, որին, ուրիշ վեց հոգիների հետ, նախնական եկեղեցին Պետրոս առաքյալի առաջնորդությամբ կարգեց եկեղեցու սեղանի սպասավոր (սարկավագ)։

Սուրբ Գիրքը Ստեփանոս Նախավկայի մասին վկայում է, որ նա լցված էր աստվածային «շնորհներով և զորությամբ», «... ժողովրդի մեջ զարմանալի գործեր և մեծամեծ նշաններ էր անում»։ Սուրբ Հոգու զորությամբ քարոզել է Հիսուս Քրիստոսին, ինչի պատճառով արտասահմանից եկած հրեաները Ստեփանոս Նախավկայի դեմ են գրգռել Երուսաղեմի հրեա ժողովրդին, քահանաներին ու օրենսգետներին և նրան հանձնել բարձրագույն ատյանին։ «Եվ բերեցին կանգնեցրին սուտ վկաներ, որոնք ասում էին. «Այս մարդը չի դադարում հայհոյական խոսքեր ասել այս սուրբ տեղի և օրենքի դեմ...» ... Եվ բոլոր նրանք, որ նստած էին ատյանում, նրան նայելով՝ տեսան, որ նրա երեսը հրեշտակի երեսի նման էր»։

Stephen the Protomartyr.jpg

Ի պատասխան այդ բանսարկության՝ Ստեփանոս Նախավկան ատյանում սկսել է Սուրբ Հոգով մեկնել Հին կտակարանը, թե՝ բոլոր մարգարեները նախապես վկայել են Արդարի՝ Մեսիայի՝ Հիսուս Քրիստոսի գալուստը։ Եվ եզրափակելով՝ ասել է. «Ձեր հայրերը մարգարեներից որի՞ն չհալածեցին։ Եվ սպանեցին նրանց, որոնք նախօրոք պատմեցին Արդարի գալստյան մասին, որի մատնիչներն ու սպանողները եղաք դուք այժմ, դուք, որ հրեշտակների հրամանների միջոցով օրենքն ստացաք, բայց այն չպահեցիք»։

Ստեփանոս Նախավկակին քարկոծելով սպանել են Երուսաղեմի շրջակայքում, երբ նա բացականչել է. «Ահա տեսնում եմ երկինքը բացված և մարդու Որդուն, որ կանգնած է Աստծո աջ կողմը»։ Ստեփանոս Նախավկան, Աստծուց թողություն խնդրելով իրեն քարկոծողների համար, մեռել է։ Նրա սպանությանն ականատես և կամակից Սողոսը (ապագա Պողոս առաքյալը) հետագայում, դարձի գալուց հետո, գրել է. «Եվ երբ թափվում էր քո վկայի` Ստեփանոսի արյունը, ես ինքս էի, որ նրա մոտ էի կանգնել և համաձայն էի լինում նրա սպանմանը, և նրան սպանողների զգեստներն էի պահում»։

Ըստ վկայագիրների՝ Ստեփանոս Նախավկային թաղել են Գամաղիելը (Պողոս առաքյալի ուսուցիչը) և Նիկոդեմոսը (Հիսուսի ծածուկ աշակերտներից)՝ իրենց ագարակում, որտեղ հետագայում թաղել են նաև նրանց։ Այնուհետև Ստեփանոս Նախավկայի տապանակը Հուլիանե իշխանուհին (նահատակվել է 4-րդ դարի սկզբին) ամփոփել է Կոստանդնուպոլսում։ Հետագայում նրա մասունքները տեղափոխվել են Վենետիկ և դրվել սուրբ Գևորգ կղզու Մայր եկեղեցու մեջ, որտեղ ամեն տարի տոնվում է սուրբի հիշատակը։ Հայ եկեղեցին սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակը նշում է Ավագ տոների հետ՝ դեկտեմբերի 25-ին կամ հաջորդ օրը (եթե դեկտեմբերի 25-ը կիրակի կամ պահոց է լինում), հունադավան եկեղեցիները՝ դեկտեմբերի 27-ին և օգոստոսի 2-ին, Կաթոլիկ եկեղեցին՝ դեկտեմբերի 26-ին, մայիսի 7-ին և օգոստոսի 3-ին։

Ստեփանոս Նախավկան անդրանիկ վկան է, որն իր նահատակությամբ նմանվում է Հիսուսին՝ ճանապարհ բացելով հետագա վկաների ու մարտիրոսների համար։ Եկեղեցու հայրերն ու վարդապետները ներբողյաններ են հյուսել սուրբ Ստեփանոս Նախավկայի մասին, որոնցից նշանավոր են Եփրեմ Ասորու, Պրոկղի, Գրիգոր Նյուսացու, Օգոստինոսի ներբողյան-ճառերը։

Ստեփանոս Նախավկայի անունով Հայաստանում վանքեր ու մատուռներ են կառուցվել, որոնցից նշանավոր են Ջուղայի սուրբ Ստեփանոս Նախավկա, Դարաշամբի սուրբ Ստեփանոս Նախավկա, Դողսի սուրբ Ստեփանոս Նախավկա, Աստապատի սուրբ Ստեփանոս Նախավկա վանքերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png