Թովմա Մեծոփեցի
| Թովմա Մեծոփեցի | |
|---|---|
| Ծնվել է | 1378[1][2][3][…] |
| Ծննդավայր | Ալի, Erciş ilçesi, Վանի մարզ, Թուրքիա[3][4] |
| Մահացել է | մայիսի 24, 1446[3][4] |
| Մահվան վայր | Ակոռի, Թուրքիա[3][4] |
| Գերեզման | Սուրբ Աստվածածնի վանք[3] |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Տաթևի համալսարան[3] |
| Մասնագիտություն | պատմաբան, ուսուցիչ, մշակութային գործիչ և հասարակական գործիչ |
Թովմա Մեծոփեցի (1378, գյուղ Աղի (Արճեշի մոտ) – 1446 թվականի մայիսի 15, Ակոռի (Մասյացոտն գավառ), թաղվել է Մեծոփավանքում), պատմիչ, մանկավարժ, եկեղեցական, մշակութային և հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]15-րդ դարի հայ պատմագրության միակ ներկայացուցիչը նշանավոր մատենագիր, եկեղեցական գործիչ, վարդապետ և րաբունական Թովմա Մեծոփեցին է: Մեսրոպ Մաշտոցից հետո Թովման առաջին հայ մատենագիրն է, որ ունեցել է կենսագիր: Նրա երախտապարտ աշակերտներից Կիրակոս անունով մեկը գրել է նրա կենսագրությունը, և այն մեզ է հասել «Պատմութիւն մեծի րաբունապետին Թումային, զոր արարեալ Կիրակոսի բանասէր Վարդապետի» խորագրով: Ճիշտ է, Թովման էլ Դրասխանակերտցու և Ստ. Օրբելյանի նման, տալով իր ապրած ժամանակաշրջանի պատմությունը, միաժամանակ գրել է և իր կենսագրությունը, սակայն Կիրակոս կենսագիրը շատ մանրամասնորեն լրացնում ու ավելի ամբողջական է դարձնում այն և հնարավորություն է տալիս լրիվ ու ստույգ պատկերացում կազմելու այդ նշանավոր գործչի ծավալած գիտամանկավարժական ու հոգևոր հասարակական բեղուն գործունեության մասին:
Թովմա Մեծոփեցին հարուստ ու փոթորկալից կենսագրություն է ունեցել: Ծնվել է Արևմտյան Հայաստանի Արճեշի գավառի Աղի գյուղում։ Եղել է ազնվական Ստեփանոսի և Շամշայի որդին։ Մեծոփեցի է կոչվել երկար տարիներ Քաջբերունքի Մեծոփ գյուղում ապրելու համար։ Ուսումնառությունն սկսել է 1386 թվականից Մեծոփավանքում՝ Մաթեոս քահանայի, ապա՝ Հովհաննես Մեծոփեցու մոտ։ 1393 թվականից ուսանել է Արճեշի գավառի Խառաբաստի վանքի վարդապետարանում՝ աշակերտելով Սարգիս Ապրակունեցի (մինչև 1401 թվական), ապա՝ Վարդան Հոգոցվանեցի րաբունապետերին։ 1406 թվականից սովորել է Տաթևի համալսարանում՝ Գրիգոր Տաթևացու մոտ։ Թովմայի և նրա ընկերների կամքն է եղել՝ երկար ժամանակ մնալ Տաթևում: Քաղաքական անբարենպաստ պայմանների պատճառով վերջինս 1408 թվականին իր ուսանողների հետ տեղափոխվել է Մեծոփավանք, մեկ ու կես տարի այնտեղ զբաղվել ուսուցչությամբ, ապա նույն պատճառներով անցել Արագածոտն գավառի Սաղմոսավանք։ Դրանից քիչ հետո, Տաթև մեկնելու ճանապարհին, Երևանի Անանիա առաքյալի անապատում, նա վարդապետական աստիճան և դաս ասելու իրավունք է տվել Թովմային և ուսանողներից մի քանիսին։ 1410 թվականին Թովման Այրարատից մեկնել է Մեծոփ, ստանձնել տեղի վանահայրությունն ու վարդապետարանի րաբունապետությունը և այն ղեկավարել ավելի քան 30 տարի։ Օտար նվաճողների խժդժությունների պատճառով այդ ընթացքում երկու անգամ իր աշակերտների հետ միառժամանակ հեռացել է Բաղեշ (1436 թվական), ապա՝ Մշո Առաքելոց վանք (1439 թվական):1441 թվականին Հովհաննես Հերմոնեցու և այլոց հետ կազմակերպել է Էջմիածնի ազգային ժողովը՝ մեծ լումա ներդնելով Հայոց կաթողիկոսությունը վերստին Էջմիածնում հաստատելու գործում։ Այնուհետև մինչև 1443 թվականին մնացել է Էջմիածնում և օգնել նորընտիր կաթողիկոսին։ Ապա շրջագայել է Այրարատի գյուղերը և քարոզելիս վախճանվել Մասյացոտն գավառի Ակոռի գյուղում։ Թաղվել է Մեծոփա վանքում։
Թովմայի համար Մեծոփա վանքը, որտեղ նա մինչև իր կյանքի վերջը «Ի դառն եւ յանբարի ժամանակիս» ծավալել է եռանդուն գիտամանկավարժական և հոգևոր գործունեություն, հանդիսացել է « հրեշտակաբնակ կայարանս սրբոց վարդապետաց եւ ճնաւորաց առաջնոց․․ ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծոփեցու մանկավարժական գործունեության ընթացքում Մեծոփա դպրոցում հանգամանալից հետազոտության նյութ են դարձել գիտության, գրականության և արվեստի համարյա բոլոր բնագավառները։ Հրավիրվել են ճանաչված մասնագետներ, ստեղծվել դասագրքեր, կատարվել տարբեր երկերի մեկնություններ և այլն։ Դպրոցի մատենադարանում ընդօրինակել, ծաղկել ու կազմել են հայերեն բազմաթիվ ձեռագիր մատյաններ։ Մեծոփը դարձել է գրչության կարևոր կենտրոն, որտեղ նա ուսուցանել է գրչության արվեստ, պատրաստել 22 ընտիր գրագիրներ, գրիչներ, գրչության արվեստի ուսուցիչներ, խմբագիրներ, սրբագրիչներ և բազմաթիվ աշակերտների հասցրել վարդապետական աստիճանի։ Մեծոփեցու գործունեության ընթացքում Մեծոփա դպրոց են հրավիրվել ճանաչված մասնագետներ, ստեղծվել են դասագրքեր, կատարվել տարբեր երկերի մեկնություններ։ Դպրոցի մատենադարանում ընդօրինակել, ծաղկել ու կազմել են հայկական բազմաթիվ ձեռագիր մատյաններ։ Մեծոփը դարձել է գրչության կարևոր կենտրոն, որտեղ Թովմա Մեծոփեցին ուսուցանել է գրչության արվեստ, պատրաստել գրագիրներ, գրիչներ, գրչության արվեստի ուսուցիչներ։
1441 թվականին Հայրապետական աթոռը Սսից Էջմիածին էր տեղափոխվել։ Այն ժամանակ այդ խոշոր իրադարձություն էր հայոց եկեղեցու և արևելահայ հոգևորականության կյանքում։ Հայոց եկեղեցական պատմության մեջ կարեւոր նշանակություն ունեցող այդ իրադարձության միակ ամբողջական նկարագրությունը տրված է Թովմայի «Հիշատակարանում»։ Լինելով ժամանակակից այդ դեպքերին, և որ կարևոր է՝ հիմնական գործող անձերից մեկը, նկարագրածը ստուգապատում աղբյուր է Էջմիածնում կաթողիկոսության վերականգնման պատմության ուսումնասիրության համար։ Հիշատակարանը փաստորեն Պատմության շարունակությունն է հանդիսանում։ Նրանում մոլի հայադավան Թովման սրտի խորը կսկիծով ու միաժամանակ զայրութով բացահայտում է 15-րդ դարի առաջին կեսում հայոց եկեղեցու ապրած խոր ճգնաժամը, նրա նախադրյալներն ու կաթողիկոսական աթոռի փոխադրման դրդապատճառները։ Անարգանքի սյունին է գամում Սսի կաթողիկոսներին, որոնք տեղի տալով պապերի պահանջներին, ոտնահարում էին հայոց եկեղեցու ավանդական կանոններն ու սովորույթները․ նորաձևություններ էին մտցնում նրա կանոններում ու ծեսերում։
Թովման անզուսպ ատելությամբ է վեր հանում հոգևորականության մեջ արմատացած արատավոր բարքերը՝ աներկյուղ խստությամբ գրելով, թե հոգևորականները․ «անառակութեամբ և արբեցութեամբ և պիղծ վարուք շրջէին և ինքեանք կապող և արձակող նստէին Հայոց»:
15-րդ դարի առաջին կեսին ջլատվել էր հայկական եկեղեցու միասնությունը։ Հայկական առաքելական դավանանքի ջատագովները բացահայտ պատերազմ էին հայտարարել մի կողմից պապականության միսիոներների և հայ ունիթորների (միարարների, որոնք Մեծոփեցու մոտ անվանված են «աղթարմաներ՝ կախարդներ»), մյուս կողմից Սսի կաթողիկոսության և քաղկեդոնականության հետ միաբանվելու կողմնակիցների դեմ։ Ժամանակի հոգևորականության առաջավոր թևը քաջ գիտակցում էր այդ պայքարի անհրաժեշտությունը, քանի որ կենսական պահանջ էր զգացվում միավորելու հոգևոր ուժերը, ապահովելու հայոց եկեղեցու միասնությունը, այդ էր թելադրում նաև ազգային մշակույթի ինքնուրույն զարգացման ու ինքնատիպության պահպանման շահերը։ Պատմագիրը դա շատ լավ էր հասկացել։ Այս պայքարի հիմքը դրել էր Գլաձորի համալսարանի հիմնադիր Եսայի Նչեցին։ Նրա սկսած գործը շարունակել էր իր աշակերտ Հովհան Որոտնեցին, ապա վերջինիս աշակերտ Գրիգոր Տաթևացին և ի վերջո նրա աշակերտները Հերմոնի վանքի վարդապետ Հովհաննեսը՝ մականվանմբ Կոլոտիկը և մեր պատմագիր Թովմա Մեծոփեցին։ Վերջիններս էլ գլխավորեց Էջմիածնում կաթողիկոսության վերահաստատման գործը։ Գարեգին Հովսեփյանը ճիշտ է նկատում, որ Թովման առհասարակ ժլատ է իր անձի մասին տված տեղեկություններով։ Նրա առանձին ակնարկներից երևում է, որ նա շատ վաղուց է տոգորված եղել Էջմիածնում կաթողիկոսությունը վերականգնելու գաղափարով։ Աղթամարի կաթողիկոսները նրա աչքում դեռևս 1410 թվից ապստամբ են։
Պատմագիրը հասել էր իր նպատակին, նրա գործադրած ջանքերը իզուր չէին անցել։ Մտավոր և ֆիզիկական աշխատանքով նա ամեն կերպ ձգտում էր շուտ իրականացված տեսնել իր փափագը: Շինարարական իր աշխատանքների մասին ակնարկում է ինքը՝ Թովման իր «Հիշատակարանում»։ Կաթողիկոսի ձեռնադրության օրը «առեալ բահ մի ի ձեռս զառաջին տան հիմնարկութիւնն շինութեանն ես արկի եղբարբք իմովք» ։
Վաղարշապատի ժողովին ավելի քան երեքհարյուր հոգևորականներ են հավաքված եղել և Թովմայի ու Հովհաննես Կոլոտիկի նախագահությամբ կաթողիկոս են ձեռնադրել Կիրակոս Վիրապեցուն: Թովման, մոտ մեկ տարի իր վարդապետներով ու աշակերտներով մնում է Էջմիածնում և գործուն մասնակցություն ունենում կաթողիկոսի գործերին։
Թովմա պատմագրի ուրախությունը երկար չի տևում սակայն։ Կիրակոս Վիրապեցուն նրա թշնամիները, Հովհաննես Կոլոտիկի գլխավորությամբ, երկու տարի հետո աթոռից զրկում և Գրիգոր Մակուեցուն են կաթողիկոս ձեռնադրում։ Այս իրադարձությունը, ինչպես վկայում է կենսագիրը, շատ վշտացրեց պատմագրին: Ըստ Թովմայի, Վիրապեցին զրպարտության զոհ էր։
Մեծ հեղինակություն է վայելել ժամանակակից հոգևոր ու աշխարհիկ վերնախավերի շրջաններում։ Թովման ինքն էլ վկայում է, որ եղել է Մեծոփա վանքի առաջնորդը` քերականական նյութերի մի ժողովածու 1446 թվականին խմբագրելուց հետո, հիշատակարանում գրում է․ «․․․վարդապետս Թովմա՝ առաջնորդ սուրբ ուխտիս Մեծոփայ, վերստին սրբագրեց զստ» ։ 1435 թվականին Թովման խմբագրել է Պողոս առաքյալի 14 թղթերի մեկնությունը: Իր ուսուցիների նման՝ Թովման էլ որպես րաբունական, հանգիստ ու ապահով կյանք չի ունեցել, նա էլ ստիպված հաճախ դիմել է փախուստի, տեղից տեղ է փոխադրվել իր վարդապետների ու սաների հետ:
Թովման համակրանքով է խոսում հայկական իշխանական տների, առանձնապես Օրբելյանների շառավիղների մասին:
Թովման առանձին հմայքով է արտահայտվում ուսումնական կենտրոններ դարձած վանքերի, հատկապես Տաթևի և Մեծոփի ու վարդապետարանների մասին։ Մեծոփա վանքում Հովհաննես վարդապետի ծավալած գործունեության կապակցությամբ նշում է․ «զարդարեաց զսուրբ ուխտն ժամօք, աղօթիւք եւ պատարագօք, ընթերցմամբ գրոց եւ ուսումնականօք եւ գեղեցիկ կարգաւորութեամբ, ծառօք եւ տնկօք իբրեւ զդրախն եդեմական։ Եւգային հաւատացեալքն եւ շարժէին ի բարին, եւ ասէին, ահա տեսաք զԵրուսաղէմ»:
Տաթևի վանքը նրա համար «երկնահանգէտ մեծարգո ուխտ» է, «առաքելական աթոռ»: Երախտապարտ աշակերտը մեծ ակնածությամբ է խոսում իր ժամանակաշրջանի հայ մշակույթի անխոնջ մշակների ու հատկապես իր վարդապետների մասին։
Դիտելի է այն կարևոր հանգամանքը, Թովմայի Պատմության մեջ կարմիր թելի նման անցնում նրա կարեկցական վերաբերմունքը հանդեպ աղքատներն ու ընչազուրկները, և նա հոգևոր գործիչների ու իր վարդապետների, անգամ օտար բռնակալների (բացառիկ դեպքերում) բնութագրման մեջ որպես դրական հատկանիշ ընդգծում է նրանց՝ աղքատների նկատմամբ ցուցաբերած բարյացակամությունը և հոգատարությունը։ Իր ողբերում հատուկ ընդգծում է աղքատների անելանելի ծանր վիճակը:
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թովմա Մեծոփեցին մի շարք պատմական աշխատությունների հեղինակ է։ Թովմա Մեծոփեցու պատմագրական ժառանգությունը չնայած ծավալով մեծ չէ, բայց պարունակած նյութով խիստ կարևոր ու արժեքավոր է 15-րդ դարի առաջին կեսի Հայաստանի ու Անդրկովկասի պատմության ուսումասիրության համար։ Ամենահայտնին «Պատմութիւն ԼանկԹամուրայ և յաջորդաց իւրոց» (1860, քննական բնագիրը աշխատասիրությամբ Լ. Խաչիկյանի, 1999) երկն է[5], որն ընդգրկում է 1386–1440 թվականների իրադարձությունները։
Թովմայի հրատարակիչ Կարապետ Շահնազարյանն իր առաջաբանում նշում է, որ Թովմայի Պատմությունը Շերեֆ – Էդդինի (նկատի ունի Շարաֆ ադ-ա դին Յազդիի «Զաֆար-Նամե» երկը) գրածի համեմատությամբ շատ համառոտ է, եթե վերջինս մանրամասն տվել է Լանկ-Թամուրի հրապարակ գալը և պատճառած ավերածությունները մի շարք երկրներում, այդ թվում և Հայաստանում, Թովման հարևանցիորեն հիշում է այդ բոլորը և հետո ընդարձակ ձևով նկարագրում է Հայաստանում Թամուրի պատճառած ավերածությունները, գերեվարումը, բնակչության ոչնչացումը, որոնց մասին օտար գրողները մեծ մասամբ զանց են արել։
Այն 15-րդ դարի պատմության հազվագյուտ երկերից է, կարևոր աղբյուր Լենկթեմուրի, ինչպես նաև կարակոյունլու և ակկոյունլու քոչվոր ցեղերի մղած պատերազմների շրջանի Հայաստանի ու Միջին Արևելքի պատմության ուսումնասիրման համար։ Մեծոփեցու պատմական փոքրածավալ երկերից է նաև «Յիշատակարանը», որը վերաբերում է Հայոց կաթողիկոսական աթոռը Կիլիկիայի մայրաքաղաք Սսից Վաղարշապատ տեղափոխելուն։ Մեծոփեցին իր փոքրիկ Հիշատակարանում իրական գույներով է ներկայացնում հոգևորականության հետադիմական ուժերին: Մեծոփեցու այս աշխատությունը հրատարակվել է Թիֆլիսում, 1892 թվականին բանասեր Կ. Կոստանյանցի կողմից։ Գ․Հովսեփյանը գրում է, թե Թովմայի Պատմությունը և Հիշատակարանը, իրենց թերություններով հանդերձ, պատմության համար անգնահատելի աղբյուրներ են իբրև ժամանակակից և ականատես անձի նկարագրություն, առանց որոնց մեր տեղեկությունները թերի կլինեին ժամանակի այնպիսի դեպքերի մասին, որպիսին արյունարբու Լանկթամուրի և նրա հաջորդների արշավանքներն են, հայրապետական Աթոռի վերանորոգությունը Էջմիածնում։
Կ. Շահնազարյանը նշում է, որ Թովմայի «Պատմությանը» Եվրոպայում առաջին անգամ ծանոթացել են 19-րդ դարում Ֆրանսիացի գիտնական Նեվի միջոցով: Նա միաժամանակ գրում է, որ բնագրի խորագիրը երկար լինելու պատճառով ինքը այն համառոտել է՝ «Պատմութիւն Լանկ-Թամուրայ եւ յաջորդաց իւրոց արարեալ Թովմա վարդապետի Մեծոփեցւոյ»: Թովմա վարդապետը Պատմությունն սկսել է գրել 50 տարեկանն անց հասակում։
Հայաստանն ու հարևան երկրները, հայ ժողովուրդն ու հարևան ժողովուրդները Թովմա պատմագրի ապրած օրերում ծանր ու օրհասական վիճակում էին գտնվում, նորանոր կործանարար ու ավերիչ ասպատակություններ, բնակչության զանգվածային ոչնչացում, գերեվարում, առանց այն էլ նոսրացած գավառների ամայացում, սով, անապահով կյանք, զանգվածային արտագաղթեր, քաղաքների, գյուղերի, հոգևոր կենտրոնների ավերումներ ու կողոպուտներ: Երկիրն անընդմեջ ոտնատակ էր արվում բիրտ ու վայրագ նվաճողների՝ թամուրյանների, թուրքմենական, քրդական, ցեղերի կողմից՝ Հայաստանում իրենց գերիշխանությունը հաստատելու կամ վերահսկելու, ավարի ու կողոպուտի, բնակչության գերեվարման համար ծավալած արյունահեղ պատերազմական գործողությունների, ավազակային ասպատակությունների ժամանակ, որոնք վերջ չունեին և անասելի սարսափներ էին պատճառում բնակչությանը: Սակայն այդ դեռ բոլորը չէր: Պապականության նենգ քաղաքականությունը պակաս չարիքներ չէր պատճառել հայ ժողովրդին: Այդ քաղաքականությունը հայ ժողովրդի երկրորդ հարենիքը՝ Կիլիկյան հայկական թագավորությունը հյուծել, կործանման եզրին էր հասցրել, խարխլել էր հայ եկեղեցու միասնությունը, անզիջում ու համառ պայքար էր սկսվել Կիլիկիայում այդ ժամանակ գտնվող հայոց կաթողիկոսության և հոգևոր վերնախավի ու բուն Հայաստանի հոգևորականության միջև: Առաջինները զոհ էին դարձել կաթողիկոսության մեքենայություններին և ուզում էին նույն ճակատագրին արժանացնել արևելահայ հոգևորականությանը: Սա էլ դեռ բոլորը չէ: Պապերի կողմից ուղարկված ունիթոր քարոզիչները, որոնք վխտում էին Հայաստանի գավառներում և օրեցօր շատանում էին, իրենց քայքայիչ գործն էին կատարել ու իրենց հերթին խարխլել արևելահայ հոգևորականության միասնությունը, ջլատել ուժերը, ստեղծել իրենց կենտրոնները, խոր արմատներ գցել հայ հոգևոր ու աշխարհիկ շրջաններում: Իսլամադավան աշխարհը, հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացմանը զուգահեռ, դավանափոխության քաղաքականությունն էր ուժեղացրել, պապականությունն էլ, իր հերթին, հայերի ձուլումն էր խիստ ակտիվացրել: Ստեղծված այդպիսի մղձավանջային ժամանակաշրջանում հայ ժողովրդի գոյատևման շահերը պահանջում էին միավորել ուժերը, պահպանել, գոնե, ազգային ինքնատիպությունը, որը մարմնավորված էր դավանանքի մեջ, ուստի հայ եկեղեցում միասնության ապահովությունը խիստ կենսական ու անհետաձգելի խնդիր էր առաջադրել արևելահայ հոգևոր ու աշխարհիկ տերերի առջև: Անհրաժեշտ էր առաջին հերթին կաթողիկոսությունը փրկել կործանումից, մի բան, որ Կիլիկիայի պայմաններում արդեն հնարավոր չէր, ուստի պետք էր այն տեղափոխել մայր հայրենիք, վերակենդանացնել Էջմիածնի դիրքն ու դերը: Այս գաղափարը առաջին անգամ տվել էր 1441 թվից մոտ հարյուր հիսուն տարի առաջ Ստեփանոս Օրբելյանն իր «Ողբ ի ս. Կաթողիկէն» - ում, որ հետագայում նրա տոհմի ժառանգներից Հովհաննես Որոտնեցին ու նրա աշակերտները զարգացրին և նախապատրաստեցին, իսկ Գրիգոր Տաթևացու աշակերտներն էլ, որոնց թվում և Թովման, իրականացրին այն:
Հակառակ թամուրյանների պալատական և մի քանի այլ մուսուլման պատմագիրների Թամուրին տված սուբյեկտիվ բնութագրմանը, որը այսօր չարաշահում են առանձին մասնագետներ, մեծարում են ու բարձր գնահատում նրա գործունեությունն ու խաղացած դերը, Թովման, Արևելքի թերևս առաջին պատմագիրն է, որ հնարավորություն է տալիս քողազերծանելու այդ առասպելը: Թամուրին՝ նրա տված բնութագիրը հաստատվում է ինչպես հայ, այնպես և օտար, այդ թվում և իսլամական աղբյուրների կողմից:
Ըստ պատմագրի, Թամուրը «աւազակապետ եւ գլուխ մարդասպանից» է, նրա հաջողությունները և հաղթանակները Թովման բացատրում է նրանով, որ նա իր շուրջ է համախմբել իր նմաններին, ավազակաբար, նենգ ու խարդախ միջոցներով կարողացել է տիրել Արևելքի երկրների: Պատմում է, թե ինչպես է նա կարողացել տիրել Շիրազ, Քիրման և Սպահան քաղաքներին, որոնց իշխան Շահ-Մանսուրը, ութ տարի համառ մարտնչել էր նրա դեմ, որի համար Թովման նրան «արի» է համարում: Պարտվելով Մանսուրից, Թամուրը վերադառնում է Արևելք, Մանսուրը դեսպան է ուղարկում նրա մոտ: Իմանալով դեսպանի գալու մասին «չարահնարը» սուտ հիվանդ է ձևացնում, մի գառի արյուն է խմում, հրամայում դեսպանին կանչել իր մոտ, բազմության մեջ «եցոյց զդէմս կերպարանաց իւրոց իբրեւ զմեռելոտի», ապա հրամայում է պղնձե թաս բերել իրեն, խմած արյունը ետ է տալիս: Դեսպանը այդ տեսնելով ներքուստ ուրախանում է համոզվելով, որ նա հոգեվարքի վիճակում է ու պիտի «սատկի», գիշերը փախչում է և Մանսուրին հայտնում այդ մասին: Վերջինս և ամբողջ ժողովուրդը շատ են ուրախանում, հանգստացած ցրվում են իրենց բնակավայրերը, «չարահնար» Թամուրը 3-4 օրից գալիս պաշարում է քաղաքը, «արի» Մանսուրը 800 հոգով հանկարծակի դուրս է գալիս քաղաքից ու հարձակվում թշնամու վրա, սակայն պարտվում է, Թամուրն այս ճանապարհով տիրում է նրա քաղաքներին:
Թամուրը Սուլթանիայի իշխան Էդիլին, որը մտադրվել էր նրան սպանել բաղնիքում, ամբողջ բազմության առջև, պղնձե կաթսայի մեջ կենդանի եփել է տալիս: Թամուրը Թովմայի համար «զպիղծ վիշապն անդնդային» է , «չար գազան» և այլն:
Դառնացած պատմագիրը սրտի անհուն կսկիծով նկարագրում է «պիղծ եւ անօրէն Չաղատայի» զորքերի պատճառած ավերածությունները: Ի դեպ նկատենք, որ նա ողբում է ոչ միայն իր հայրենիքի ու իր ժողովրդի օրհասական վիճակը, այլ նրան ցավ է պատճառել հարևան երկրների քրիստոնյա և տեղական մուսուլման ժողովուրդների ու ցեղերի կրած տառապանքները:
Այնուհետև նա ուրվագծում է Թամուրի ասպատակությունների երթուղին: Ամփոփելով Լանկ Թամուրի առաջին արշավանքի հետևանքները, պատմագիրը բացականչում է․ «Աւաղ եւ եղուկ ամենայն Հայոցս, զի աւերեցաւ ամենայն երկիրս, զի յԱրճշոյ մինչեւ ի տունն Վրացեւ մինչ ի Կուր գետն Աղվանից շաղախեցաւ արեամբ անմեղաց երկիր ամենայն չարչարանօք, սպանմամբ և գերութեամբ։ Եւ յետ գնալոյ նորա յաշխարհէս մերմէ եկն սով սաստիկ յաշխարհս մեր եւ տարաշեցաւ յամենայն տեղիս զի կերան զշունս եւ զկատուս, խորովէին զուստերս եւ դստերս․ այր՝ զկինն, եւ կինն՝ զայրն սպանանէին զմիմեանս եւ ուտէին եւ ոչ յագենային, եւ յետոյին քեանք մեռանէին։ Զի ոչ կարեմ պատմել զդառնութիւնս մեր զոր տեսաք աչօք եւ լուաքականճօք»։
Այնուհետև նկարագրում է Թամուրի երկրորդ արշավանքը, նրա զորքի և Յուսուֆի միջև մղված պատերազմները, նրանց երկուսի պատճառած ավերածությունները Հայաստանի տարբեր քաղաքներում ու գավառներում։
Ապա տալիս է նրա երկրորդ արշավանքը՝ 1401 թվականին, կատարած գազանություններն ու վայրագությունները Դամասկոսում, Բաղդատում, Սեբաստիայում և այլուր։
Թամուրը նույնը կատարել է և Բաղդատում։ Խաբեությամբ գրավել է Սեբաստիա քաղաքը և հավատացյալներից և անհավատներից 4000 հոգու քաղաքից դուրս կենդանի «թաղեցին զնոսա, եւ ջրով եւ մոխրով ծածկեցին»: Թամուրն այստեղից շարժվել է դեպի արևմուտք, գերեվարել 60. 000 տուն ղարաթաթարներից, ուղարկել դրանց Խորասան։ Ապա գնացել է Վրաստան, ուր վրացիներն ու հայերը ամրացել էին անմատչելի վայրերում, սակայն նա կարողացել է հաղթել և ավելի քան 60. 000 գերի վերցնել։
Նկարագրելով Թամուրին որդի Միրան շահի հարձակումը Բաղեշի վրա և գրավումը, ապա վերադարձը Թավրիզ, Թովման մեծ բավականությամբ գրում է․ « Եւ պիղծն Թամուր․․․ սատակեցաւ շան պէս, եւ ոռնայր մեռելն իբրեւ զշուն ի պիղծ խատիրայ Մաշաթին»: Արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Միրան շահի ու նրա եղբոր Աբու-Բաքրի և ջելայիրյան Յուսուֆի միջև տեղի ունեցած ընդհանրումների ու նրանց պատճառած ավերածությունների մասին։
Անհուն վշտով է նկարագրում նաև Շահռուխի և կարա-կոյունլու գահակալ Իսքանդարի վերջինս ու նրա եղբայրների միջև տեղի ունեցած ընդհանրումները և դրանց տխուր հետևանքները․ «Ոչ կարեմ ընդ թիւ արկանել զմեռեալսն եւ զողբումն, զլացն եւ զաղաղակն եւ զկորուստ ազգից մեր»:
Թովման Իսքանդարի ( Իսկենդերի և Իսքանդարի) մասին էլ ատելությամբ է գրում, նրան «յիմար եւ անզգայ եւ անհնազանդ եւ հպարտ եւ գոռոզ» բռնավոր է համարում։
Նկատենք, սակայն, որ Թովմայի մոտ որոշ հակասություն է դրսևորվում առանձին մարդկանց, հատկապես Իսքանդարի բնութագրումների մեջ, և դրա թերևս բացատրելի է։ Սկզբնական շրջանում նա, հավանաբար, տեսնելով Իսքանդարի առաջին հաջողությունները թամուրյանների դեմ ծավալած պայքարում, որոշ հույսեր էր կապել նրա հետ։ Սակայն հետագայում, երբ համոզվել էր նրա անկարողության մեջ, իրենց վրա հասած նորանոր սարսափների պատճառած Իսքանդարի անհնազանդությունն էր համարում «Վասն հպարտութեան բարուց իւրոց ոչ ինքեան յաջողեցաւ եւ ոչ հաւատացելոց, կորեաւ ինքն եւ կորոյս զագս մեր»:
Թովման ողբում է նաև Իսքանդարի Շամախու շրջանում և Դերբենդից հյուսիս ընկած տարածքում կատարած վայրագությունների հետևանքները։ Դառնացած հավաստում է միաժամանակ, որ Լիմ կղզին գնացած կանանց վաճառել էին երկու-երեք հարյուր թանկայի:
Պատմագիրը ողբում է նաև 1431 թվականին սովի հետևանքները, նշում է, որ սովի և աղքատության հետևանքով Արճեշից 500 հոգի ստիպված դավանափոխ են դարձել։ Սովը տևել է 7 տարի և այդ ընթացքում «սուրն կորոյս, սովն սպան, գերին պակասեաց, գազանք կերան զմարդիկ, թռչունք կերան զվաստակս, գորտն եւ մկունք ապականեցին զանդաստանս»:
Համեմատելով հայերին հասած պատիժը եբրայեցիների և եգիպտացիների պատիժների հետ, պատմագիրը սրտի կսկիծով նկատում է, որ եթե եգիպտացիները ծովում խեղդվեցին, ապա հայերը անհավատության ծովում: Այնուհետև ողբում է դրա տխուր հետևանքները, այն արատավոր բարքերը, որոնք այլասերել են մարդկանց և հասարակությունը։
Թովման էլ Լաստիվերցու և Ուռհայեցու նման, Արճեշի օրինակով բացահայտում է արմատացած արատավոր բարքերը և դրանց պատճառը համարում է հասարակության այլասերումը: Ասում է, որ ինքը շատ ջանքեր է գործադրել Արճեշում մարդկանց խրատելու, ճիշտ ճանապարհի բերելու համար, սակայն ապարդյուն:
Իր նախորդ գրչակիցների նման վարդապետ Թովմա Մեծոփեցին էլ երկրներին ու ժողովուրդներին վրա հասած սարսափների ու ավերածությունների պատճառը մարդկանց՝ աստծո հանդեպ գործած հանցանքներն է համարում և դրանք դիտում իբրև ի վերուստ եկած պատիժներ:
Ահա նշված պայմաններում է ապրել ու գործել, մեր պատմագիրը, իր սեփական կաշվի վրա կրել ապրած օրերի դառնությունները: Նրա պատմագրական ժառանգության մեջ կարմիր թելի նման անցնում է, մի կողմից՝ անհուն սերն ու նվիրվածությունը հանդեպ իր հայրենիքը, իր դավանանքը, իր մշակույթը և, մյուս կողմից՝ անզուսպ ատելությունը օտար նվաճողների, դավաճանների, ուրացողների, քայքայիչների, բարոյալքվածների նկատմամբ:
Պատմական մեծ արժեք ունեն նաև նրա թղթերը, ինչպես և խմբագրած ձեռագրերի բոլոր հիշատակարանները։Ոչ դպրոցական երիտասարդների կրթության մասին ունի աշխատություն։Պատմական մեծ արժեք ունեն նաև նրա թղթերը, ինչպես և խմբագրած ձեռագրերի բոլոր հիշատակարանները։ Նրա արժեքավոր աշխատություններից է լեզվա-ուսուցողական հայերեն առաջին դասագիրքը՝ «Յաղագս իմաստութեան անւարժ տղայոց ուսման», որն այժմ պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։
Մեծոփեցին նաև սրբագրել, խմբագրել ու մշակել է կրոնա-դավանաբանական, ծիսական, երաժշտական, գեղարվեստական և մեկնողական բազմաթիվ երկեր,ինչպես նաև որոշ մանր աշխատություններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Faceted Application of Subject Terminology
- ↑ CERL Thesaurus — Consortium of European Research Libraries.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ Թովմա Մեծոփեցի - Պատմագրութիւն
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թովմա Մեծոփեցի» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թովմա Մեծոփեցի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 201)։ |
| ||||||||
- 1378 ծնունդներ
- Թուրքիայում ծնվածներ
- Մայիսի 24 մահեր
- 1446 մահեր
- Թուրքիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայկական գիր և գրականություն
- Հայ պատմիչներ
- Հայ մատենագիրներ
- Միջնադարյան հայ հոգևորականներ
- Հայ մշակութային գործիչներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ առաքելական վարդապետներ
- Հայ պատմաբաններ
- Հայ կրոնական գործիչներ