Հունաբան դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հունաբան դպրոց, V դարի կեսի - VIII դարի սկզբի թարգմանական, գիտական և կրթական-լուսավորական ուղղություն Հայաստանում։ Նպատակն էր հայոց պետականության բացակայության պայմաններում, կապված ազգային անկախության հարցերի լուծման հետ (որը նաև ենթադրում էր տեսական կողմնորոշում), զարգացնել աշխարհիկ գիտելիքը։ Հունաբան դպրոցի գործունեությունը հիմնված էր գիտությունների անտիկ դասակարգման (հատկապես արիստոտելյան) և ուսումնական ծրագրի վրա։ Հունաբանները (Դավիթ Քերական, Մովսես Խորենացի, Դավիթ Անհաղթ և ուրիշներ), կրթություն ստանալով հելլենիստական մշակույթի խոշորագույն կենտրոններում (Ալեքսանդրիա, Եդեսիա, Կ.Պոլիս, Աթենք), քաջ ծանոթ էին այդ ժամանակի «եռյակ» (քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն-դիալեկտիկա) և «քառյակ» (թվաբանություն՝ թվերի տեսություն, երաժշտության տեսություն, երկրաչափություն և աստղաբաշխություն) գիտություններին, ինչը պայմանավորեց նախ Դիոնիսիոս Թրակացու «Արուեստ քերականութեան» երկի, ապա՝ «Գիրք պիտոյից» հռետորական աշխատությունների, և հետո միայն զուտ տրամաբանական, փիլիսոփայական, բնափիլիսոփայական և այլ բնույթի աշխատությունների (ավելի քան 60 միավոր) թարգմանությունը։ Հունաբան դպրոցի թարգմանությունները ընդգրկում են անտիկ գիտափիլիսոփայական ժառանգությունը (Արիստոտել, Պլատոն, Փիլոն Ալեքսանդրացի, Պորփյուր և ուրիշներ), անտիկ տեսական ավանդույթներին հարող քրիստեական եկեղեցու գործիչների (Գրիգոր Նյուսացի, Նեմեսիոս Եմեսացի և ուրիշներ), կրոնաեկեղեցական հեղինակների (Տիմոթեոս Կուզ, Իրենեոս, Եվտիքիոս Կոստանդնուպոլսեցի և ուրիշներ) երկերը։

Հայաստանում ունենալով խոր ավանդույթներ՝ հելլենիստական մշակույթը նպաստեց Հունաբան դպրոցի արմատավորմանն ու հետագա զարգացմանը։ Հունաբան դպրոցը ոչ միայն յուրացրեց և հայերենով տարածեց անտիկ տեսական ժառանգությունը, այլև նրա գործունեությամբ այն ներառվեց ազգային բարոյահոգեբական արժեքների և սկզբունքների համակարգի մեջ։ Հունաբան դպրոցի որոշ թարգմանություններ ունեն բնագրային արժեք, քանզի հունական բնագրերը (մասամբ կամ ամբողջովին) չեն պահպանվել առհասարակ (Փիլոն Ալեքսանդրացու յոթ գրվածքները, Տիմոթեոս Կուզի «Հակաճառութիւնը», Թեոն Ալեքսանդրացու «Յաղագս ճարտասանական կրթութեանց»-ի վերջին չորս գլուխները)։ Մի այլ խումբ (հատկապես Արիստոտելի «Ստորոգութիւնքը» և «Յաղագս մեկնութեանը», Պորփյուրի «Ներածութիւնը» և այլն) հնագույններից են համաշխարհային գրականության մեջ։ Հայերեն թարգմանությունները (III-IV դդ.) իրենց ճշգրտությամբ հնարավորություն են ընձեռում վերականգնել նախնական հունարեն տեքստերը՝ գերազանցելով ոչ միայն մյուս թարգմանություններին, այլև հունարեն ձեռագրային նմուշներին, որոնցից մեզ հասածները ավելի ուշ շրջանի են (X-XII դդ.) և աղճատված։ Թարգմանական գրականությունը դարձավ ազգային մշակույթի բաղկացուցիչ մասը։ Դրա հետ մեկտեղ ստեղծվեց ինքնատիպ պատմական, փիլիսոփայական, քերականական, բնափիլիսոփայական հարուստ գրականություն, մշակվեց համապատասխան գիտական տերմինաբանություն (տես Հունաբան հայերեն), առանց որի անհնար էր ազգային գիտության ու փիլիսոփայական ճյուղերի ձևավորումն ու զարգացումը։ Դավիթ Անհաղթի շնորհիվ Հայաստանում ձևավորվեց փիլիսոփայական գիտությունը, Անանիա Շիրակացու շնորհիվ՝ բնագիտական ուղղությունը։ Ստեղծված գրականության զգալի մասն ունի մեկնողական բնույթ (տես Մեկնություն)։ Թարգմանական ու ինքնուրույն գիտափիլիսոփայական գործունեությանը զուգընթաց և դրան համապատասխան զարգացավ նաև ուսումնակրթական համակարգը։

Հունաբան դպրոցի գործունեությունը մեծապես նպաստել է հայ ժողովրդի մշակութային և մտավոր ինքնուրույնության հաստատմանը, դրանով իսկ նաև քաղաքական և պետական անկախության համար մղվող պայքարին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մանանդյան Հ., Հունաբան դպրոցը և նրա զարգացման շրջանները, Վիեննա, 1928
  • Մուրադյան Ա.Ն., Հունաբան դպրոցը և նրա դերը հայերենի քերականական տերմինաբանության ստեղծման գործում, Երևան, 1971
  • Аревшатян С.С., Формирование философской науки в древней Армении (V–VI вв.), Ереван, 1973
  • Мирумян К.А., Становление естественнонаучной мысли в Армении, , 1991

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական համառոտ հանրագիտարան. Հատոր 4, 2003
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png