Ղևոնդ, VIII դարի հայ պատմիչ, որն իր աշխատությունում շարադրել է Հայաստանի պատմությունը 640 թվականից առ 788 թ.։ Գրքի վերջին մասը գրել է որպես ականատես։ Ղևոնդը Հայաստանում արաբական տիրապետության հաստատման, նվաճող արաբների դեմ հայերի պայքարի, և մասնավորապես՝ 703, 748, 762 և 774 - 775 թթ. արաբական լծի դեմ հայերի բարձրացած ապստամբությունների մասին մեր գիտելիքների հիմնական աղբյուրն է։ Ղևոնդը մեծ ուշադրություն է դարձնում նաև երկրի ներքին կյանքին, տալիս է Մեծ Հայքում, Աղվանքում ու Վիրքում արաբների վարած հարկային քաղաքականության նկարագրությունը։ Գրքում զետեղված է նաև արաբական խալիֆ Օմար Բ և բյուզանդական կայսր Լևոն Գ դավանաբանական հարցերով նամակագրությունը, որի հունարեն բնագիրը մեզ չի հասել։
Ղևոնդի կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի։ Իր աշխատությունը գրել է Շապուհ Բագրատունի իշխանի խնդրանքով (մահ. 818 թ.), ուստի ենթադրվում է, որ Ղևոնդը ապրել և ստեղծագործել է 8-րդ դարի վերջերին։ Հայտնի է, որ Ղևոնդը վարդապետ էր և ուսյալ մենակյաց։
Ղևոնդի «Պատմության» տեքստը[1] երկար ժամանակ համարվում էր կորսված և բացահայտվել է միայն 19-րդ դարի 40-ական թթ.։
Arthur Jeffery, Ghevond's Text of the Correspondence between 'Umar II and Leo III,- The Harvard Theological Review, Vol. 37, No. 4 (Oct., 1944), pp. 269–332.