Վերք Հայաստանի (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վերք Հայաստանի
Wounds of Armenia 1959 cover.jpg
Հեղինակ Խաչատուր Աբովյան
Տեսակ գիրք
Ժանր պատմավեպ
Բնօրինակ լեզու հայերեն
Հրատարակման տարեթիվ 1858
Թվային տարբերակ hy.wikisource.org/wiki/Վերք_Հայաստանի

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեկենդանն էր: Օհաննեսի մեծ տղա Աղասին, մոխրագույն ձին թամբել էր, որ գնար ջիրիդ խաղալու: Հնազանդ որդի էր: Ժամի երես չէր տեսել ու այժմ էլ դժգոհում էր տերտերներից ու պառավներից: Վերջապես ժամը վերջացավ: Սառախաթուն տատը նշխարքը բաժանեց: Աղասին մի կտոր բերանը գցեց ու դուրս թռավ: «Քեդխուդեքը գալիս են, տեղ արե´ք, ճամփա բացե´ք»,- ձայն տվեց գզիր Կոստանը: Գյուղի իշխանները մտան տուն: Շատերի վրա տասը տարվա կեղտ կար: Հագներին շոր չկար, բայց տունը հազար բարիքներով լի էր, մեջները Աստծո հոգի կար: Խմեցին քրիստոնյաների ազատության համար, Կրչոնց Վիրապն էլ սազը վերցրեց ու սկսեց նվագել ու երգել, մինչև ժամանակը գար, որ գնային տղաների ջիրիդին նայելու: Աղասին տասը ձիավորով գնում էր ջրաղացների մոտ՝ ջիրիդ խաղալու, իր շնորհքը ցույց տալու: Ասես թագավորի որդի լիներ: Գյուղացիները սկսեցին նրա գովքն ասել: Հանկարծ լսվեց մի կնոջ կսկծալի ձայն՝ «Տարա~ն, Թագուհուն տարա~ն», լսվում էր նաև տղամարդու թուրքերեն խոսքը՝ «Ձենդ կտրի, ղարաչի…էս սհաթին փորդ վեր կածեմ: Սարդարի հրամանին սարը չի դիմանա, դուք ի՞նչ կարող եք անել»: Բոլորը իմացան, որ սարդարի ֆառաշները եկել էին, որ աղջիկ տանեն, ո՞վ կարող էր ձայն հանել: Մայրը խելքը թռցրել էր: Որոշեցին մորն էլ աղջկա հետ տանել: Հանկարծ մեկ թուր պսպղաց, ֆառաշներից մեկի գլուխը գետնի վրա ընկավ, ընկերներինն էլ նրա մոտ գնացին: Աղասին էր: Առյուծի պես ներս էր ընկել: Մեկի ուսը վեր բերեց, մյուսի աղիքը վեր ածեց, վեցը փախան: Նրա ականջին ձայներ էին հասնում՝ «գնա Փամբակ, Թիֆլիս, ռուսի հողը: Էս երկրում քո արևը մեր մտավ: Փախի´ր, գլխիդ ճարը տես»: Երևանի մարդակեր բերդը: Ո՞վ է այն շինել, ոչ գիր կա, ոչ պատմություն: Հազարավոր տարիներ ալանները, մակեդոնացիները, արաբները, օսմանցիները ոտնակոխ են արել, ջնջել, թրի տակ քաշել հայոց հողը և ժողովրդին: Շատերը չկան, բայց հայոց սուրբ ազգը կարողացավ դիմանալ: «Օրհնվի էն սհաթը, որ ռուսի օրհնած ոտը հայոց լիս աշխարհը մտավ, ու ղզլբաշի (պարսիկ) անիծած չար շունչը մեր երկրիցը հալածեց: Բայց թե մինչև էս բախտին հասնելը, ի՞նչ օրեր ենք քաշել: Երևանի բերդ…Քանի-քանի ողորմելի հայի միս է կերել»: Ճաշվա շոգն անց էր կացել: Ուղղափառ մահմեդականների մհառլամն էր: Հեռվից երևացին եպիսկոպոսը և վարդապետները: Նվերներ էին բերում Երևանի սարդարի, խաների համար, շնորհավորում նրանց տոնը և իրենց ծառայությունը ցույց տալիս, որ նրանց աչքը քաղցր լինի մեր ազգի վրա: Զրուցեցին խեղճ տերտերների հետ: Բողոքում են: Ինչ անեն, որ իրենց հրաման չկա թուր բանեցնել: Քրիստոնյայի թուրը աղոթքն է, ժամը, պատարագը, ծոմը, պասը, ողորմություն տալը: Թուր որ չունես, գլուխդ կտրում են, դատածդ խլում, քեզ էլ գերի տանում: Սրբազանը բացատրում է, որ այդ չար մտքերը սատանան է սիրտը լցնում: Հիշեցնում է Պողոս առաքյալի խոսքերը՝ հնազանդվել թագավորներին, քանի որ նրանց Աստված է կարգել: Օրինակ է բերում հիմար Աղասուն, որ սուր քաշեց, ու հիմա հայրը և գյուղի քեդխուդեքը հինգ տարի է բանտում չորանում ու մաշվում են: Մարդը պետք է սուս անի: Ասում են՝ ռուսները եկել, Ապարան են հասել: Ժամը դեռ կես չէր եղել, հարայ հրոցն աշխարհը բռնեց: Թուրք, սարվազ լցվեցին եկեղեցի: Ամեն բան ջարդուխուրդ էին անում, քանդում: Տները թալանում էին, կրակին տալիս: Բոլորին ստիպում էին, որ քոչեն. ռուսը գալիս էր: Շատերը ճանապարհին մեռան՝ հղի կանայք, ծերունիներ, պառավներ: 1825 թ. հունիսն էր: Արյունակեր Հասան խանը՝ սարդարի փոքր եղբայրը, գնաց Ապարան, որ Փամբակի վրայով ռուսի սահմանը անցնի: Բերդերը ամրացրին, Երևանում ու Սարդարապատում զորք թողեցին, մնացածը հետները վերցրին: Առանց մարդ սպանելու՝ մի օր աչքը չէր կպցնում: Խորամանկ պարսիկը այնպես էր իր գործը կատարում, որ չգիտեին՝ Երևանում ինչ էր կատարվում: Փամբակի մեծավորը ոչ մի կասկած չուներ Երևանի վիճակի մասին, բայց այնտեղի հայերը ամեն տեղ պատրաստություն էին տեսել: Փամբակի, Լոռու, Մուշի, Ղարաբաղի հայերը, սարում մեծանալով, տերտերի ձայն չէին լսել ու Ավետարանի խոսքը նրանց չէր վախեցնում: Մենակ դսեղցի Մեհրաբյան Թումանյան Հովակիմի անունը քարերը սասանում էր: Ութ եղբայր ուներ՝ մեկը մյուսից աժդահա: Մի օր մեն-մենակ տասնչորս լազգիներ էր սպանել, տասնհինգերորդին ողջ թողել, որ գնա ու պատմի, որ հայն էլ թուր խփել գիտի: Ինչպես կատաղի գազան դուրս պրծավ Հասան խանը: Քաջ հայկազունները Վարդանի ղեկավարությամբ երդվեցին միմյանց՝ կռվել մինչև վերջին շունչը: Նազի, Օքյուզ և Սվանղուլի խաները չկարողացան ցույց տալ իրենց շնորհքը. պարսից զորքն ամեն անգամ կոտորվեց: Հասան խանը Սահակ աղային ուղարկեց հորդորելու, որ եթե գան, իրեն հնազանդվեն, նրանց մազին չի դիպչի: Սակայն հայերը նրան անվանեցին աջամի (պարսիկի) հայ ու չհնազանդվեցին: Պատանի Վարդանի սուրը Օքյուզ աժդահային երկու կես արեց: Հանկարծ հասավ Աղասին՝ քսան ձիավորով, քրդի շորերով և ռուսի կապիտանը Գյումրու կողմից: Արյունը ծովի պես գնում էր: Թվաց, թե Հասան խանը գլուխը պրծացրեց, բայց Աղասին հասավ հետևից: Սա դաշույը շպրտեց Աղասու վրա: Ձին թռավ, ու մինչև ետ կդարձներ, Հասան խանը կրակեց ձիու վրա, հանեց թուրը, բայց Աղասին բռնեց նրա ծնոտը: Հետո հրամայեց չսպանել, որ մահը մի քանի մարդ տեսնի, սրտները հովանա: Նրա պնդմամբ Հասան խանը հրաման տվեց, որ մի քանի ձիավոր գնան զորքը հետ տան, մինչև ինքը հասնի: Բայց Աղասին հանկարծ վատ զգաց, ընկերները հասան, ուսներին դրեցին ու իջան ձորը: Մտան Անի քաղաքը: Սնոտիապաշտության պատճառով պարսիկները չմտան ձորը, Հասանի հրամանով արագ հեռացան ու հասան Խլղարաքիլիսա: Այստեղ վիճակը ծանր էր: Բոլորին կապել էին, տանում էին՝ թուրքացնեն: Մորթեցին երեխաների: Նրանց մեջ էր Վարդանը: Նա իր կսկիծը մոռացել, ընկերներին էր սիրտ տալիս: Այս խառը ժամանակ Աղասին հինգ տարի ման էր գալիս Կարոյի և Մուսայի հետ: Թագուհուն ազատելուց փախան Ապարան: Փախածների ծնողներին, կնոջը տարան սարդարի դուռը: Բերդի դուռը հասավ նաև Սահակ աղան: Սվանղուլի խանը բարեսիրտ մարդ էր ու Սահակ աղային ասաց, թե գնան հասնեն բռնվածների տները, թե չէ կքանդեն: Այս թուրքը շատ էր օգնել հայերին: Թագուհուն իր տուն տարան: Երևանի բնիկ թուրքերը, որ հայի հետ էին մեծացել, եղբոր պես էին վարվում ու անիծում էին Հասան խանին: Սվանղուլի խանի ու Սահակի աղաչանքով խեղճ քեդխուդեքը ազատվեցին: Աղասին ընկերների հետ մտավ ռուսի հողը, գնաց Պարնի գյուղը: Հրաման եկավ, որ մի քանի օրից Աղասուն տանեն կնյազի մոտ: Մի օր նա հանդիպում է հորեղբորը՝ Ավետիքին, որը դուրս էր եկել նրան փնտրելու և երկու թուղթ տվեց նրան: Նամակներ էին մորից և նշանածից՝ Նազլուից: Սիրտը ցավում էր հարազատների համար: Ընկերները որոշեցին մորն ու կնոջը փախցնել, բերել, բայց խորհուրդ չտվին. հորը բանտում կտոր-կտոր կանեին:  Այսպես տանջվելով՝ մի ձմեռ էլ անցկացրեց սարում: Հասան Անի: Այստեղ մնացել էին անշունչ քարեր: Եկեղեցում քրդեր կային: Գյուղերից գերիներ էին բերել, որ տանեին սարդարին նվեր կամ Ախլցխա՝ վաճառելու: Բոլորին ազատեց: Գերիների մեջ տերտեր կար: Աղոթք արեցին: Ուզում էր՝ այդտեղ մնային, շենացնեին քաղաքը, բայց չուզեցին: Քրդստանցի հայերը իրենց հողը չեն թողնի: Ձորի կողմից գալիս էին հինգ հարյուրից ավելի ձիավորներ գերիներով. ղարսեցի հայերն էին: Բոլորին ազատեցին: Նազի խանը ու Օքյուզ աղան մի կերպ դուրս փախան: Հայտնեցին, որ Հասան խանը զորքով հետ է գալիս: 1821 թ. հուլիսի 23-ին էր: Աղասին զորքը կես արեց: Կեսը՝ Կարոյին, կեսը՝ իրեն: Մուսեն կանանց հետ բերդում էր: Երևացին ձիավորները: Սկսեցին նամազը: Քիչ անց հրացանները կրակեցին: Զորքը սկսեց փախչել: Հասան խանի բախտը բերեց: Նրան թռցրին: Մոտ հազարը հոգին տվել էին, հարյուրին գերի վերցրին: Ղարսեցիք գնացին իրենց հողը: Աչքերը սրբելով՝ Աղասին թողեց Անին: Գեներալ մայոր Մադաթովի մոտ եկավ Աղասին: Թարթառ գետով անցնելիս թշնամին հարձակվել էր նրանց վրա, ընկերները սար ու ձոր էին ընկել, երկուսին բռնել էին, ինքը մի կերպ պրծել էր: Մայրը քոչելիս ճամփին հոգին տվել էր, նշանածին բերել էր ռուսի հողը: Ուզում էր հորը ազատել, երկիրը, հավատը, հետո թող Աստված աներ՝ ինչ գրված էր ճակատին: Մադաթովը զարմացած էր ազնիվ երիտասարդի վրա: Ամսի հինգն էր, Երևանի բերդը ծխում կորավ: Գեներալ Կրասովսկին, Ներսեսը, խաչ, Ավետարան ձեռքներին մտան բերդը, որ հայոց աշխարհի ազատության տոնը կատարեն: Հայը քանի շունչ ունի, չի կարող ռուսի արածը մոռանալ: Հանկարծ բերդից մի ողբալի ձայն լսվեց: Աղասին, հենց բերդը գրավել էին, չհամբերեց, մտավ՝ հորը տեսնի: Հայրն արդեն հոգու հետ կռիվ էր տալիս, լսեց որդու ձայնը ու մեռավ: Աղասին փարվեց նրան, որ կարոտն առնի, ու երկու սուր ցցվեց սրտում, երեքը՝ մեջքին: Նրան թաղեցին երաժշտությամբ: Երևանում այդ առաջինն էր: Լսվեց Մոսիի ձայնը. չէր ուզում ապրել առանց Աղասու, ալևոր հայրն էլ՝ առանց Մոսու: Թուրը պսպղաց, արյունը չռաց: Քանաքեռի վերին եկեղեցին երկու հայր ու երկու որդի մեկ օրում, մեկ տեղում մինչև այսօր պահել է իր սուրբ ծոցում…

«Վերք Հայաստանի», հայ նշանավոր գրող Խաչատուր Աբովյանի կողմից 1841 թվականին գրված պատմական վեպ, հայոց ազգային ավետարաններից, դասվում է այնպիսի հուշարձանների շարքը, ինչպիսիք են Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը» և Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վերք Հայաստանի» վեպը բաղկացած է 3 մասից և «Զանգի» հավելվածից։ Առաջին մասը նահապետական հայ գյուղի բարքերի ու կենցաղի նկարագրությունն է։ Վեպի 2-րդ մասը սկսվում է Երևանի բերդի նկարագրությամբ, որը համարվում է բռնության խորհրդանիշ։ Դրան հաջորդում է մահառլամի (իսլամական արարողություն) նկարագրությունը։ Այնտեղ հոգեկան հաճույք են պատճառում դաժանությունը, չար ու անմարդկային կիրքը։ Վեպի 3-րդ մասում լուծվում են սյուժետային հանգույցները, և ավարտվում է գլխավոր հերոսի՝ Աղասու կյանքի պատմությունը։

Վեպում առաջադրվող խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վերքն» ունի առաջաբան, որտեղ Աբովյանը ներկայացվում է վեպի գաղափարն ու բովանդակությունը։ Աբովյանը առանձնացրել է 3 հարց՝

  • Լեզվի հարցը, ըստ Աբովյանի՝ դա ամեն ինչի սկիզբն է։ Գրաբարը կատարյալ ու անթերի լեզու է, սակայն, դժբախտաբար, մեռած ու անհասկանալի է ժողովրդին։ Վեպը գրելով աշխարհաբար` Աբովյանը հեղաշրջում է կատարում հայ մշակույթի ու գեղարվեստական մտածողության ասպարեզում։
  • Գրականության բովանդակությունը, իր ուսուցչական աշխատանքի ընթացքում Աբովյանը նկատել է, որ հայ երեխաները ավելի հաճույքով կարդում են օտար հեղինակների երկերը, որովհետև այնտեղ ներկայացված են երևելի մարդկանց գործերը, և գրեթե անտարբեր են հայերեն գրքերի նկատմամբ։ Նա ձգտել է նկարագրել բոլոր այն գործողությունները, որոնք կազմում են մարդու աշխարհիկ կյանքի բովանդակությունը։
  • Հերոսի ընտրությունը, ի հակադրություն կլասիցիզմի գրականության, որ հերոսներ է ընտրում հնագույն առասպելներից ու պատմական անցյալից, Աբովյանն ընտրում է Աղասուն՝ ծագումով գյուղացի և իրական անձնավորություն։

Վեպի գաղափար[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կամ այն ազգի կենսունակությունը որոշվում է 3 հատկանիշներով՝ ֆիզիկական ուժ, հոգևոր կարողություն և բարոյական միասնություն։ Ունի՞ արդյոք հայ ժողովուրդն այդ հատկանիշները։ Աբովյանը այս հարցին միանգամայն դրական պատասխան է տալիս։ Ազգային գոյության առաջնային հիմունքներից է հոգևոր հարստությունը։ Այստեղ նույնպես Աբովյանը բացառիկ կարողություններ է վերագրում հայ ժողովրդին։ Ամենից ավելի անփոխարինելի արժեքներ են կրոնը և լեզուն։ Վեպի էջերում Աբովյանը կապակցում է հայ ժողովրդի ամբողջ կենսագրությունը, հիշատակում երևելի թագավորների ու հերոսների անուններ, պատմում բերդերի ու ավերակների հետ կապված ավանդություններ, ցույց տալիս նախնիների մեծագործությունները օտար նվաճողների դեմ մղած պայքարում: Նա կապ է հայտնաբերում անցյալի և ներկայի միջև` ապացուցելու համար, որ ֆիզիկական այդ ջիղը բնավ չի անհետացել և տակավին գործում է Աղասու և իր ընկերների, Խլղարաքիլիսայի ու Ապարանի քաջազուն հերոսների երակներում: Միթե հայկական ոգու հզորությունը վկայող մի գեղեցիկ ավանդություն չէ ապարանցի պատանի Վարդանի սխրանքը, որ, կրելով սուրբ Վարդանի անունը, նրա պես նահատակվում է հանուն հավատի ու ազգային արժանապատվություն: Վեպում արտահայտված է ևս մի գաղափար: Դա հայերի առաքելությունն է մարդկային առաքելության մեջ: Ֆիզիկական, հոգևոր ու բարոյական արժեքները չեն կարող փրկության երաշխիք լինել, եթե չդրվեն գործողության մեջ։ Վեպում հեղինակը կոչ է անում հայ ժողովրդին ապստամբություն բարձրացնել Օսմանյան Թուրքիայի դեմ։ Նկարագրում է ռուս ժողովրդի առաջին քայլերը հայկական հողերի վրա, թե ինչպես են նրանք օգնության ձեռք մեկնում անօգնական ժողովրդին։ Շատ քննադատներ եզրակացնում են, որ հենց այս կարծիքները դարձան Աբովյանի խորհրդավոր անհետացման բուն պատճառը[1][2]։

Աղասու կերպար[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղասին վեպի գլխավոր հերոսն է։ Նրա կերպարը ուրվագծում է պատմական իրադարձությունների ընդհանուր համապատկերի վրա։ Այս իմաստով նա, լինելով իրական կերպար, միաժամանակ նաև պատմության հերոս է, այսինքն` գրողը պատմականացնում է նրա երևույթը որպես գաղափարատիպ և անհատականություն։ Այդպես նաև` մյուս կերպարները։ Նրանք ոչ թե սովորական իմաստով գործող անձինք են, այլ` պատմության անհատներ, որոնք պատմական շրջադարձի կրողներ են` արծափեցի Մանուկ աղան իր գերբնական հսկայությամբ ու քաջությամբ, շուլարվեցի Սոսն ու Հոհանջանը, բայազեդցի Բարսեղ, Մանուկ, Մկրտիչ իշխանազուններն ու ղարսեցի աշխարհահռչակ Տիգրանյան տունը` ազգային բարօրության իրենց առաքինությամբ, ապա նաև Ներսես և Գրիգոր եպիսկոպոսները, Մադաթով և Բեհբութով երիտասարդները։ Աղասին անհանգիստ, որոնող, անկաշկանդ բնավորության տեր մարդ էր։ Աղասին աշխարհն ընկալում էր գեղջկական պատկերացումների անմիջականությամբ ու բնական կատարելությամբ։ Աղասին ուներ խորհող միտք և բնությունը, աշխարհն ու տիեզերքը ճանաչելու, Աստծու առեղծվածը հասկանալու ներքին զգացողություն։ Աղասին հավաքական կերպար էր։ Աբովյանը Աղասու կերպարի մեջ խտացրել է հայ ժողովրդի բարոյական բարձր նկարագիրը` նրա անձնական խոհերը, ֆիզիկական ու մտավոր կարողություններն ուղղելով հայրենական սիրո պաշտամունքին։

Բնաշխարհ և մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վերք Հայաստանի» վեպը կարելի է համարել Հայաստանի գեղարվեստական հայտնագործությունը։ Արարատյան դաշտի ամառը, Երևանի շոգը, Քանաքեռի ձմեռը զուտ հայկական նկարագիր ունեն, պատկերված են հայկական գույներով և բնավորությամբ։ Հին հուշեր է արթնացնում նաև Ապարանի քանդած եկեղեցին, որտեղ Վաղարշակի, Տրդատի, Տիգրանի ապարանքներն էին, և հայոց թագավորները, իշխաններն ու պայազատները ամառային իրենց օրերը գեղեցկացնում էին «բյուրատեսակ ծաղիկների» ու «պատվական աղբյուրների» վայելքով և իրենց մաղթանքներն ու աղոթքը ծաղիկների բույրի ու թռչունների հետ առաքում երկինք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ | Որտե՞ղ է Աբովյանի գերեզմանը | Գրանիշ»։ granish.org։ Վերցված է 2016-10-15 
  2. «ՊՈԵԶԻԱ»։ www.akselv.com։ Վերցված է 2016-10-15 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Վերք Հայաստանի (վեպ)
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են