Արա Գեղեցիկ և Շամիրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արա Գեղեցիկ
Կարդոս և Շամիրամ, Հայաստանի ազգային պատկերասրահ

«Արա Գեղեցիկ և Շամիրամ»-ը (Տե՛ս Արա Գեղեցիկ), հայ ժողովրդական վիպասանք, ավանդազրույց, որը ձևավորվել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում և հիշեցնում է Օզիրիսի և Իզիդայի, Թամմուզի և Իշտարի, Ադոնիսի և Աֆրոդիտեի (Աստարտե) առասպելները։ 5-րդ դարում վիպերգն գրի է առնվել Մովսես Խորենացու մշակմամբ։ Հետագայում այլ պատմագիրների ընդօրինակմամբ և ուշ շրջանի ժողովրդական զրույցների ձևով այն փոխանցվել է սերնդեսերունդ։

Հայոց պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Պատմություն Հայոց (Խորենացի)


Վիպերգում գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա, Արա ԳեղեցիկՀայկի սերնդից հայոց արքա, Արամի որդին։ Մարմնավորում է հեթանոս հայերի հավատալիքները մեռնող և հառնող աստծու, բնության զարթոնքի, նաև ընտանեկան առաքինության և ողջամտության մասին։ Շարունակել է Ասորեստանի դեմ ուղղված հայոց ազատագրական պայքարը։
Որոշ ուսումնասիրողներ, ինչպես Արամին նույնացնում են Արամե ՈՒրարտացու հետ, այնպես էլ ընդհանուր պատմական զուգահեռներ են գտնում Արա Գեղեցիկի և Արգիշտի Ա ՈՒրարտացու միջև, որը /ամուսնու՝ Շամշի-Ադադ 5-րդ թագավորի մահվանեց հետո Ասորեստանի իշխանությունը իր ձեռքը վերցրած/ Ասորեստանի Շամիրամովթ թագուհու օրոք վարել է հոր՝ Մենուա թագավորի ՈՒրարտական զորամիավորումների հրամանատարությունը։ [Ըստ Մ. Խորենացու գրի առած հին ավանդության՝ վավաշոտ և անառակ Շամիրամը սիրահարվում է Արա Գեղեցիկին և նրանից մերժում ստանալով պատերազմում Հայոց հետ։ Այդ պատերազմում Հայոց բանակը գլխավորող՝ արքայազն Արա Գեղեցիկը մահացու վիրավորվում է և գերի ընկնում այրասիրտ Շամիրամին, վերջինս իր արալեզների և հեքիմների միջոցով բուժում է Հայոց արքայազնին և վախենալով վրեժխնդրության համար Հայոց զորքի նոր հարձակումից ետ է վերադարձնում նրան։ Չնայած Մ. Խորենացին ասում է, որ չի հավատում այդ իրողությանը և Շամիրամը հավանաբար մահացած Արայի փոխարեն իր սիրեկաններից մեկին Արայի նման զարդարելով ներկայացրել է Արայի տեղը, Հայոց բանակը խաղաղեցնելու համար։]

Նինոս – Ասորեստանի թագավոր (խոսքը Արամե ՈՒրատացու գահակալման սկզբնական ժամանակաշրջանում՝ Ասորեստանում թագավորող Աշուրնասիրպալ II-ի մասին է)։
Արամ – Արամու Ուրարտացի, Արամ աշխարհակալ, Արա Գեղեցիկի հայրը։
Շամիրամ (Շամմուրամաթ, Շամիրամովթ, Սամմիրամաթ, Սեմիրամիս, Սեմիրամիդա) – Ասորեստանի թագուհի, Շամշիադադ V-ի (Ք.ծ.ա. 823-811) կինը, ամուսնու մահից հետո մանկահասակ որդու՝ Ադադնիրար III թագավորի խնամակալուհին (Ք.ծ.ա. 810-806)։
Նուարդ - Արա Գեղեցիկի կինը։
Կարդոս – Իր ավանդախառն պատմական իրողությամբ համընկնում է Սարդուրի Բ կամ Սեդուր Բ ՈՒրարտացու գահակալման ժամանակաշրջանին: Ըստ Մ. Խորենացու ՙՀայոց պատմության՚ վերլուծության. ներկայիս որոշ պատմաբաններ այն միտքն են հայտնել, որ Խորենացու աշխատությունում հիշատակված Արա Գեղեցիկի ավագ որդի Կարդոսը՝ հավանաբար, իրականում հանդիսանում է Արա Գեղեցիկի և Շամիրամի սիրային պատմության արդյունքում ծնված որդին, որը մոր սպանությունից հետո խնամվել և մեծացել է Հայոց արքունիքում: Որովհետև Մ. Խորենացին պատմելով Շամիրամի և Հայոց պատերազմի մասին, ապա Արա Գեղեցիկին (կամ նրա տեղը, իբր թե, իր սիրեկաններից մեկին) հայերին վերադարձնելու դեպքերը՝ գրում է.  ՙԴրանից որոշ ժամանակ անց ունեցավ իր Կարդոս որդուն՚:

Արայան Արա -  Հավանաբար՝ Արգիշտի Բ ՈՒրարտացու անձի հետ կապված պատմական իրողությունների ավանդախառն արտացուլումն է: Ըստ սեպագիր արձանագրությունների՝ Ռուսա Ա-ի որդին և հաջորդը, իսկ ըստ Մար-Աբաս Կատինայի ավանդախառն աղբյուրների. Արա Գեղեցիկի և նրա սիրելի կնոջ՝ Նվարդից ծնված կրտսեր որդին: Համաձայն Մ. Խորենացու գրի առած պատմության վկայության՝ Արայան-Արան իր հոր մահից հետո Հայոց արքա է կարգվել Ասորեստանի տիրակալների համաձայնությամբ և ժողովուրդը դեպի Արա Գեղեցիկը տածած գորովի պատճառով՝ նրան կոչել է Արա:

Մ. Խորենացու ՙՀայոց պատմության՚  մեջ տեղ գտած այս ժամանակագրական անճշտությունները հիմնականում պայմանավորված են պատմահոր գործունեության ժամանակաշրջանում՝ ներկայիս ինֆորմացիոն մեծ ծավալների բացակայությամբ:  

Բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Խորենացու, Ասորեստանի թագուհի Շամիրամը հրապուրվել է Հայոց թագավոր Արայի գեղեցկությամբ, ձգտել տիրել նրան։ Խոստումներն ու ընծաները արդյունք չեն տվել։ Շամիրամը վճռել է զենքի ուժով հասնել իր նպատակին։ Արայի դաշտում տեղի ունեցած Ճակատամարտում Արան զոհվել է։ Շամիրամի հանձնարարությունն Արա Գեղեցիկին պատերազմից հետո իր մոտ կենդանի հասցնելու մասին ձախողվել է։ Շամիրամը նրա մարմինը դրել է ապարանքի վերնատանը՝ կենդանացնելու հույսով։ Դիակը նեխել է։ Շամիրամը իր սիրեկաններից մեկին է հագցրել Արայի զգեստները, հայտարարել, թե նա կենդանացել է։

Գրական և Պատմական արժեքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առասպելն արտացոլում է հեթանոս հայերի հավատալիքները մեռնող ու հառնող աստծո, բնության զարթոնքի, իսկ հետագայում նաև ընտանեկան առաքինության և ողջախոհության մասին։ Առասպելում արտացոլվել է նաև ուրարտացիների պայքարն աշխարհակալ Ասորեստանի դեմ։

Այլ ստեղծագործություններ՝ նվիրված «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ավանդազրույցին[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Գեղեցիկի և Շամիրամի մասին պատմող ասքը Մովսես Խորենացու գրի առած գեղեցիկ առասպելներից մեկն է։ Արա Գեղեցիկի և Շամիրամի կերպարներին իրենց բանաստեղծություններում, բալլադներում և պոեմներում անդրադարձել են Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը, Կոստան Զարյանը, Հովհաննես Շիրազը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբեղյան Մանուկ, Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ, Վաղարշապատ, 1899։
  • Մարտիկյան Ա․, Արա Գեղեցիկ, Վիեննա, 1930։
  • Ղափանցյան Գրիգոր, Արա Գեղեցիկի պաշտամունքը, Երևան, 1944։