Հարություն Ալամդարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարություն Ալամդարյան
Հարություն Ալամդարյան.jpg
Ծնվել էհունվարի 14 (25), 1795[1]
ԾննդավայրԱստրախան, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էմայիսի 25 (հունիսի 6), 1834[1] (39 տարեկան)
Վախճանի վայրՆոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մասնագիտությունբանաստեղծ, ուսուցիչ և հասարակական գործիչ
Ազգությունհայ[1]
Քաղաքացիություն
Կրթություն
Ժանրերձոներ, առակներ, պատմական ողբերգություն
Ուշագրավ աշխատանքներ«Կոծ», «Սուգ», «Ողջույն հրաժեշտի զաւակաց իմոց»
Աշխատավայր
ԱզգականներԽաչատուր Աբովյան,
Ս. Նազարյանց,
Ս. Ներսիսյան, Մ. Մսերյան
Հարություն Ալամդարյան Վիքիդարանում

Հարություն (Գևորգ) Մանուկի Ալամդարյան (հունվարի 14 (25), 1795[1], Աստրախան, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 25 (հունիսի 6), 1834[1], Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), հայ բանաստեղծ, մանկավարժ, հասարակական-քաղաքական և եկեղեցական գործիչ, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ (1828-1830)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հունվարի 14 (25)-ին, Աստրախանում, արհեստավորի ընտանիքում։ Ավարտել է Աղաբաբյան դպրոցը[2]։ 1813 թվականին հրավիրվել է Մոսկվա. եղել է դպիր՝ Լազարյանների մոտ, ապա՝ Լազարյան ճեմարանի առաջին տեսուչը և ուսուցիչ։

Միաժամանակ դասախոսություններ է լսել Մոսկվայի համալսարանում։ 1824-1830 թվականներին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչն էր. այդ տարիները դպրոցի պատմության մեջ հայտնի են «դար Ալամդարյան» անունով։

Ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Ալամդարյանն օգնել է հայ կամավորական գումարտակի կազմակերպմանը (1827 թ.)։ Ալամդարյանն ուներ ռուսական կողմնորոշում, բայց պաշտպանում էր հայ եկեղեցական և ազգային-լուսավորական հաստատությունների ինքնուրույնությունը՝ փաստորեն դիմադրելով ցարիզմի ձուլման քաղաքականությանը։

Մեղադրվել է Ներսես Աշտարակեցու գաղափարակից լինելու մեջ, և Ի. Պասկևիչի թելադրաևքով Էջմիածնի Սինոդը նրան աքսորել է Հաղպատ (1830 թ.)։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Նոր Նախիջևանի Սուրբ Խաչ վանքում (1832-1834 թվական), որտեղ և դավադրաբար սպանվել է մայիսի 25 (հունիսի 6)-ին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալամդարյանը գրել է քնարական-սիրային բանաստեղծություններ, ձոներ, առակներ, պատմական ողբերգություն («Հռադամիզդ և Զենոբիա», 1824-1828, անավարտ)։ Մեզ հասած բանաստեղծություններից[3] առաջինը գրել է կնոջ մահվան ազդեցությամբ, ողբացել իր վաղանցիկ սերը («Նազելւոյս դէմքն էր ճերմակ ու կարմիր», 1821 թ.)։

Նման տրամադրությամբ են համակված նաև «Կոծ», «Սուգ», «Ողջոյն հրաժեշտի զաւակաց իմոց» և այլ բանաստեղծություններ։

Ալամդարյանը օգտագործել է «վարդի ու սոխակի» ավանդական մոտիվը, բացահայտել թշվառ մարդու տառապանքը («Թշուառութիւն սոխակի», «Վարդակորոյս», «Կոկովանք վարդի», «Սոխակ ի յոգնարս», «Պարերգութիւն»)։

Կրոնական տաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալամդարյանը գրել է կրոնական տաղեր, որտեղ միստիկ մտածողության հետ առկա է նաև բողոքը ճակատագրի դեմ։ Հին կտակարանի մոտիվներով գրված բանաստեղծություններում արտացոլել է մարդկային ողբերգությունը, ըմբոստացել մահվան դեմ («Աղոթք», «Կողկողանք առ խաչ Փրկչին», «Ողբերգութիւն Իսրայելի» ևն)։ Ալամդարյանը հայկական կլասիցիզմից դեպի սենտիմենտալիզմ և ռոմանտիզմ անցման շրջանի բանաստեղծ է։

Թողել է բազմաթիվ նամակներ, ճառեր, հոդվածներ, թարգմանել հատվածներ Տ. Տասսոյի «Ազատագրված Երուսաղեմ»-ից, զբաղվել բառարանագրությամբ և լեզվի հարցերով, կարևոր է համարել ռուսաց լեզվի ուսուցումը («Համառօտ բառարան ի ռուսաց լեզուի ի հայ», 1821 թ., «Ռուս-հայերէն գործնական համառոտ քերականութիուն», 1814-1816 թվականներ, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագրի համար 3754)։

Գաղափարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալամդարյանի համոզմամբ մանկավարժը ոչ թե «վարձկան» պաշտոնյա է, այլ «անձնուրաց հովիվ»։ Նա առաջարկել է դաստիարակության առաջադեմ ուղիներ, մերժել է ծեծը, աշակերտին կոպտելը համարել ուսուցչի անզորության հետևանք։ Ալամդարյանը գտնում էր, որ երեխայի ընդունակությունները պետք է զարգացնել աստիճանաբար՝ գնալով պարզից բարդը և առարկաների տեսական իմացությունն ամրապնդել գործնականորեն։ Նա մշակել է Ներսիսյան դպրոցի վարչական, ուսումնական և բարոյակրթական աշխատանքների կանոններ

Aquote1.png «Առաջարկութիւնք դպրոցական կարգադրութեանց ի պետս հայկական ուսումնարանին Տփխիս քաղաքի», 1825 Aquote2.png

Ալամդարյանին աշակերտել են Խաչատուր Աբովյանը, Ս. Նազարյանցը, Ս. Ներսիսյանը, Մ. Մսերյանը և ուրիշներ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համառօտ բառարան ի ռուսաց լեզուէ ի հայ, Մոսկով, 1821, 288 էջ։
  • Հրահանգ քրիստոնեական վարդապետութեան (Ի պէտս մանկանց Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ), Կալկաթա, 1846, 141 էջ։
  • Չափաբերականք, Սանկտ Պետերբուրգ, 1884, 56 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Շավարշյան, Հայ մանկավարժներ, գիրք 1, Երևան, 1956։
  • Շ. Նազարյան, Հ. Ալամդարյանի գործունեության մոսկովյան տարիները, «Բանբեր մատենադարանի», 1960, թիվ 5։
  • Հայ նոր գրականության պատմություն, հ. 1, Երևան, 1962։
  • Պիոն Հակոբյան, Վերելք, Երևան, 1982, էջ 64-72։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 135 CC-BY-SA-icon-80x15.png