Գրիգոր Ակներցի
Գրիգոր Ակներցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | անհայտ[1] |
Մասնագիտություն | պատմաբան և գրիչ |
Գրիգոր Ակներցի (անհայտ[1] - անհայտ[1]), XIII դարի հայ պատմիչ։ Գրել է «Պատմութիւն ազգին նետողաց»[2] կամ «Պատմութիւն թաթարաց» երկը (մեզ է հասել հեղինակի գրչագիրը), որը Հայաստանում մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանի կարևոր սկզբնաղբյուր է (ընդգրկում է 1220-1273 թվականների իրադարձությունները)։ Երկում արժեքավոր տեղեկություններ է հաղորդվում ժամանակի տնտեսական և քաղաքական կյանքի, մոնղոլների կրոնի, հավատալիքների, կենցաղի և սովորույթների մասին։ Հետագայում Գրիգոր Ակներցու երկը սխալմամբ վերագրվել է Վարդան Արևելցուն կամ ոմն Մաղաքիա Աբեղայի։ «Պատմութիւն ազգին նետողաց» երկը թարգմանվել է անգլերեն[3], վրացերեն և թուրքերեն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգոր Ակներցին, Վարդան Արևելցին և Կիրակոս Գանձակեցին եղել են դասընկերներ ու նշանավոր Վանականի սաները։ Գրիգոր Ակներցու կեսագրության մասին շատ բան հայտնի չէ։ Գիտենք միայն այն, որ նա իր գիտական ու վանական գործունեությունը իրականացրել է Կիլիկիայի նշանավոր Ակներ վանքում, որը սկզբնաղբյուրներում հաճախ անվանվում է «ականավոր» և «գերահռչակ» ուսումնական կենտրոն։ Հավանաբար հենց այստեղ է 1270-ականներին մահանում Գրիգորը։ Մեզ հայտնի չեն նաև այն հանգամանքները կամ գուցե պատճառները, որոնց հետևանքով Գրիգոր Ակներցին Արևելյան Հայաստանից տեղափոխվել ու հաստատվել է Կիլիկիայում[2]։
Աշխատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգոր Ակներցու «Պատմութիւն վասն ազգին նետողաց» աշխատությունը միջնադարյան սկզբնաղբյուրերի մեջ ունի իր հետաքրքիր տեղն ու նշանակությունը։ Սակայն հեղինակի և անգամ խորագրի հարցերը տեղիք են տվել լուրջ տարաձայնությունների։ Առաջին տպագրությունում աշխատության հեղինակ է նշվել Վարդան պատմիչը, այուհետև աշխատությունը վերագրվել է Մաղաքիա աբեղային, և միայն երրորդ տպագրության ժամանակ երկի հեղինակ է նշվում Գրիգոր աբեղա Ակներցին։
Ակներցու համար պատմություն գրելու համար առիթ է հանդիսացել 1273 թվականին Ակներում նրա կողմից ասորի հեղինակ Միխայել Ասորու «Ժամանակագրության» հայերեն թարգմանությունն ընդօրինակելը։ Իր թողած հիշատակարանում, որը կցված է Միխայել Ասորու «Ժամանակագրության» Երուսաղեմի 1871 թվականի հրատարակությանը, Ակներցին նախ հայտնում է, որ Ասորու աշխատությունը ավարտվում է 1229 թվականով, հետո նշում, որ հիշյալ ձեռագիրը ինքն ընդնօրիակել է 1273 թվականին, ապա խոսք է տալիս շարունակել այն և իր հեղինակությամբ լրացնել 1229-1273 թվականների, այսինքն՝ մնացած 44 տարինների պատմությունը։ Սակայն այստեղ Ակներցին թույլ է տալիս փոքրիկ սխալ, մտածելով թե Միխայել Ասորին իր աշխատությունը հասցրել է մինչև 1229 թվականը։ Իրականում հեղինակը իր աշխատությունը ավարտում է 1196 թվականով, որից 3 տարի հետո էլ կնքում է իր մահկանացուն, մի բան, որի մասին հնարավոր է Գրիգոր Ակերցին չի իմացել։ Իսկ թյուրիմացությունը գալիս է նրանից, որ Ակերցու մոտ եղել է «Ժամանակագրության» այն տարբերակը, որը 1248 թվականին հայերեն էր թարգմանել Իշոխ քահանան, որի մեջ 1196-1229 թվականների իրադարձությունները լրացրել է Վարդան վարդապետը։ Ու այստեղ հետաքրքականն այն է, որ Ակներցին կատարում է իր վերոնշյալ խոստումը, երբ Ակների վանքի առաջնորդ Ստեփանոսը նրան տալիս է այդ աշխատանքը կատարելու պաշտոնական հանձնարարությունը[2]։
«Պատմութիւն վասն ազգին նետողացը» ինչպես նկատում ենք, ընդգրկում է փոքր ժամանակաշրջան՝ ընդհամենը 44 տարվա պատմությունը, որտեղ հիմնականում խոսվում է մոնղոլների մասին, որոնց այն ժամանակ հայ հեղինակները հաճախ անվանում են «ազգն նետողաց»։ Աշխատության մեջ հեղինակը մանրամասն պատում է մոնղոլների ծագման, Չինգիզ խանի զորավարների կատարած արշավանքների ու ասպատակությունների մասին, ինչպես նաև մողոլներից կողմից Հայաստանի նվաճման, նրանց կատարած կեղեքումների ու հարկային քաղաքականության մասին։ Գրքում արժեքավոր տեղեկություններ կան մոնղոլների մարտավարության, նրանց արտաքին տեսքի և նույնիսկ լեզվի ու սովորությունների մասին։ Սրանից պարզ է դառնում, որ այն ոչ միայն կարևոր սկզբնաղբյուր է հայոց պատմության համար, այլև այն կարևոր է նույնիսկ մոնղոլագիտության համար։ Գրիգոր Ակներցին իր գրքում զգալի տեղ է հատկացնում նաև Կիլիկիային, խոսում է հայ-եգիպտական փոխհարաբերությունների մասին, անդրադառնում Կիլիկիայի ներքին կյանքի հարցերին և այլն։ Աշխատությունը շարադրված է շատ մատչելի, գրեթե խոսակցական լեզվով, ու հասկանալի է, որ այն կարևոր սկզնաղբյուր է այն ժամանակի հայերենի ուսումասիրության համար[2]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Federico Alpi, The History of the Archers by Grigor of Akner: The Modes of Narration, - «Բազմավէպ», 2010 (3-4) Արխիվացված 2016-03-06 Wayback Machine
- Bayarsaikhan Dashdondog, The Mongols and the Armenians (1220-1335), Brill, 2011, p. 15-17.
- Francis Woodman Cleaves, The Mongolian Names and Terms in The History of The Nation of The Archers by Grigor of Akancͺ, - Harvard Journal of Asiatic Studies, Vol. 12, No. 3/4 (Dec., 1949), pp. 400-443.
- Mariès Louis, De Małak'ia, moine, Histoire concernant la nation des archers, - Revue des Études Arméniennes, 2012, Vol. 34, pp. 119-167.
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրիգոր վրդ. Ակներցի, Պատմութիւն թաթարաց։
- Robert P. Blake and Richard N. Frye, History of the Nation of the Archers (The Mongols) by Grigor of Akancͺ Hitherto Ascribed to Matakͺia The Monk։ The Armenian Text Edited with an English Translation and Notes, - Harvard Journal of Asiatic Studies, Vol. 12, No. 3/4 (Dec., 1949), pp. 269–399.
- Գրիգոր Ակներցի, Պատմություն նետաձիգների ազգի մասին, արևելահայերեն թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Գուրգեն Խաչատրյանի և Վանո Եղիազարյանի, Երևան, 2011։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3 (հայ.) — հատոր 3. — էջ 212—213.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Գրիգոր վրդ. Ակներցի, Պատմութիւն թաթարաց
- ↑ «Grigor Aknerts'i's, History of the Nation of Archers. Translated from Classical Armenian by Robert Bedrosian». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 212)։ ![]() |
|