Մոնղոլներ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Մոնղոլներ |
---|
Ընդհանուր քանակ |
10-11 միլիոն |
Բնակեցում |
Լեզու(ներ) |
Հավատք(ներ) |
Մոնղոլներ (մոնղ.՝ Монголчууд, ᠮᠣᠩᠭᠣᠯᠴᠤᠳ, չինարեն՝ 蒙古族), լայն առումով՝ մոնղոլական լեզուներով խոսող բոլոր արևելաասիական ժողովուրդների (Մոնղոլիայի, Չինաստանի Մոնղոլիա, դունսյան, տու, դաուրներ, Աֆղանստան, բուրյաթներ, կալմիկներ) պատմական անվանումը։ Մարդաբանական առումով մոնղոլները գլխավորապես մոնղոլոիդ ռասայի կենտրոնական-ասիական տիպի ներկայացուցիչներն են։ Մոնղոլական էթնիկական ընդհանրությունը ձևավորվել է Մոնղոլիայի և Հյուսիս-Արևելյան Չինաստանի տարածքում՝ հնագույն տեղաբնիկների հիման վրա։
13-րդ դարում մի շարք ցեղեր և խանություններ միավորվեցին Չինգիզ խանի գերիշխանության տակ, և ստեղծվեց միասնական մոնղոլական պետությունը։ 15-րդ դարում մոնղոլներ բաժանվեցին արևելյան և արևմտյան խմբերի, իսկ 16-րդ դարում արևելյանը բաժանվեց հյուսիսայինի և հարավայինի։ Արևմտյան մոնղոլները, որ հայտնի էին օյրաթներ անվանմամբ, 16-րդ դարի 30-ական թվականներին ստեղծեցին Օյրաթական խանությունը։ Նրանց հետնորդները մասամբ մտան Մոնղոլիայի, Չինաստանի մոնղոլների և կալմիկների կազմում։ Արևելյան խմբի հյուսիաային մասը 15-րդ դարում ընդունեց «խալխա» անվանումը։ Վերջինիս հետնորդների մի մասը Մոնղոլիայի, իսկ մյուս մասը՝ Չինաստանի այժմյան մոնղոլներն են։ Հարավային մոնղոլները մեծամասնությամբ մտան Չինաստանի մոնղոլների կազմում՝ 1636 թվականին ընդունելով մանջուրական դինաստիայի գերիշխանությունը։ Հետագայում Չինաստանի կազմում եղած մոնղոլական հողերը կոչվեցին Ներքին Մոնղոլիա։ Օյրաթները Չինաստանի տարածքում հայտնվեցին 18-րդ դարի 2-րդ կեսին։ 16-րդ դարի վերջին-17-րդ դարի սկզբին մոնղոլներն ընդունեցին լամայականություն։ Մոնղոլական բոլոր խմբերի հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր, հնում՝ վաչկատուն, այժմ՝ կիսանստակյաց։ Օժանդակ դեր էին կատարում՝ հողագործությունն ու անասնապահությունը։ Պատմության ընթացքում խալխաներին ձուլվել են նաև մի շարք էթնիկական խմբեր։ Խալխաների շուրջն են համախմբվում նաև արևմտյան մոնղոլները, որոնք պահպանել են լեզվի և մշակույթի առանձնահատկությունները։ Խալխաների լեզուն մտնում է մոնղոլական լեզուների արևելյան խմբի մեջ և ընկած է մոնղոլների ժամանակակից լեզվի հիմքում։ Չինաստանի մոնղոլների (մի քանի մոնղոլական ազգություններ) ընդհանուր թիվը՝ 1․680 հզ․ (1953 թ., հետագայում պաշտոնական տվյալներ չէր հրապարակվել)։ Խոսում են մոնղոլական լեզուների հարավային, արևմտյան և արևելյան խմբերի զանազան բարբառներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 713)։ |