Աֆղանստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
փուշթու՝ د افغانستان اسلامي جمهوریت
դարի՝ جمهوری اسلامی افغانستان
Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն
Աֆղանստանի դրոշ
Դրոշ
Աֆղանստանի զինանշանը
Զինանշան
Աֆղանստանի դիրքը
Աֆղանստանի տեղագրական քարտեզ
Մայրաքաղաք Քաբուլ
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ Փաշթո, Դարի
Կառավարում նախգահական հանրապետություն
 -  Նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզըյ
 -  Վարչապետ Աբդուլլահ Աբդուլլահ
Հիմնադրում
 -  Հայտարարված օգոստոսի 19 1919 
Տարածք
 -  Ընդհանուր 652,864[1] կմ²  (41-րդ)
 -  Ջրային (%) աննշան
Բնակչություն
 -  2015 նախահաշիվը 32,564,342[2]  (40-րդ)
 -  2011 մարդահամարը 29,757,566[3] 
 -  Խտություն 50 /կմ² (153-րդ)
129 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $39.174 միլիարդ[4] (96-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $1,224[4] (164-րդ)
ՀՆԱ (անվանական) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $23.227 միլիարդ[5] (106-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $726 [6] (72-րդ)
Ջինի (2008) 27.8[7] (միջին
ՄԶՀ (2013) Green Arrow Up Darker.svg 0.468[8] (բարձր) (169th)
Դրամական միավոր Աֆղանի (AFN)
Ժամային գոտի +4:30
Վերին մակարդակի ազգային դոմենն .af
Հեռախոսային կոդ +93

Աֆղանստան պետություն է Ասիայում՝ Միջին Արևելքում։ Սահմանակից է Տաջիկստանին, Ուզբեկստանին, Թուրքմենստանին, Չինաստանին, Հնդկաստանին, Պակիստանին ու Իրանին։ Տարածությունը 652,864 կմ2 է, բնակչությունը՝ 32,564,342[2] (2015)։ Մայրաքաղաքը՝ Քաբուլ։ Վարչականորեն բաժանվում է 28 վիլայեթի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆղանստանի նախագահի նստավայրը 1978 թվականին

Մ․ թ․ ա․ I հազարամյակի առաջին կեսից Աֆղանստանի տարածքում ձևավորվել են վաղ դասակարգային հարաբերությունները և կազմավորվել առաջին պետությունները, որոնցից հնագույնը Բակտրիան էր։ Մ.թ.ա. 6-րդ դարի 30-ական թթ․ Աֆղանստանի տարածք մտել է Աքեմենյանների պետության մեջ։ Մ.թ.ա. 330—329-ին Աֆղանստանը գրավել է Ալեքսանդր Մակեդոնացին, ապա անցել է Սելևկյաններին։ Մեծ Քուշանների տիրապետության շրջանում, որոնց պետության կենտրոնը գտնվում էր Աֆղանստանի հյուսիային․ մասում, երկրում տարածվեց բուդդայականությունը։ Քուշանների հզորությանը մեծ հարված հասցրին Սասանյանները՝ իրենց ենթարկելով Աֆղանստանի մի մասը։ 6-րդ դարի 60-ական թթ․ Աֆղանստանի տարածքն բաժանվեց մանր տիրույթների, որոնց մի մասը դարձավ թուրքական կահանատի, իսկ մյուսը՝ Սասանյանների վասալ։ 6—8-րդ դարերում Աֆղանստանում ձևավորվեցին ֆեոդալական հարաբերությունները։ 7—8-րդ դարերում արաբները գրավեցին Աֆղանստանի մեծ մասը, իսկ 900-ից այն ենթարկվեց Բուխարայի Սամանյան ամիրաներին։ 7—10-րդ դարերում Աֆղանստանում տարածվեց իսլամը։ Աֆղան ժողովուրդը (փուշթուներ) ձևավորվել է Սուլեյմանի լեռներում, Ղազնի-Ղանդահ արյան և Քվետա-Փիշինյան բարձրավանդակներում։ Այս երկրամասերի հնագույն բնակիչներն էլ, որոնք խոսում էին արևելա-իրանական լեզվախմբին պատկանող լեզուներով, կազմեցին աֆղան ժողովրդի հիմնական տարրերը։ Աֆղան ժողովրդի մասին առաջին հիշատակությունները հանդիպում են 6-րդ դարում։ 13-րդ դարի մոնղոլական արշավանքները կասեցրին Աֆղանստաննի տնտեսական զարգացումը։ 14-րդ դարում Աֆղանստանի տեարածքը գրավեցին Մեծ մողոլները և Սեֆյանները։ Նրանց տիրապետության դեմ մղված երկարատև պայքարը հանգեցրեց աֆղանների միավորմանը և աֆղանական պետության ստեղծմանը (1747), որի գլուխ կանգնեց Ահմադ խանը։ 1818 թվականին Դուրանիների պետությունը մասնատվեց առանձին իշխանությունների։ Անգլո-աֆղանական առաջին պատերազմը (1838—1842) ընդհատեց երկրի վերամիավորման գործը, որն իր ձեռքն էր վերցրել Դոստ Մոհամեդը։ Այն շարունակվեց միայն Աֆղանստանից անգլիական զորքերի վտարումից հետո։ Անգլո-աֆղանական երկրորդ պտերազմի (1878—1880) հետևանքով Աֆղանստանը ճանաչեց Անգլիայի վերահսկողությունը երկրի արտաքին քաղաքականության նկատմամբ։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Աֆղանստանը դարձավ համեմատաբար կենտրոնացված ֆեոդալական պետություն։ Դրան նպաստեցին ամիրա Աբդուռահմանի (1880—1901) բարենորոգումները․ ամրապնդվեց բանակը, կարգավորվեցին վարչական ապարատը և հարկերի հավաքումը, սահմանափակվեց արտասահմանյան առևտրական կապիտալի գործունեությունը։ Երևացին ազգային առևտրական բուրժուազիան։ Ամիրա Հաբիբուլայի ժամանակ (1901—1919) փորձեր արվեցին եվրոպականացնել պետական ապարատը։ Այս շրջանում սկիզբ առավ երիտաֆղանների շարժումը։ 1914—1918 թվականների առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Աֆղանստանը չեզոքություն պահպանեց։ 1919 թվականի փետրվարի 28-ին Ամանուլլահ-խանը հռչակեց Աֆղանստանի անկախությունը։ Մերժելով անգլո-աֆղանական իրավահավասար հարաբերություններ հաստատելու Աֆղանստանի առաջարկը՝ Անգլիան սանձազերծեց երրորդ անգլո-աֆղանական պատերազմը (1919 թվականի մայիս-հունիս1919—1923 թվականներին Աֆղանստանում անցկացված բարեփոխումները նպաստեցին երկրի ֆեոդալական հետամնացության հաղթահարմանը և կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը։ 1923 թվականին հռչակվեց Աֆղանստանի առաջին սահմանադրությունը։ Բուրժուական վերափոխումները հանդիպեցին խաների և հոգևորականության դիմադրությանը, որոնք վայելում էին անգլիական իմպերիալիզմի աջակցությունը։ 1928 թվականի վերջին երկրում ծայր առավ հակակառավարական ապստամբություն Բաչայի Սակաոյի գլխավորությամբ։ Ամանուլլահ-խանը հրաժարվեց գահից։ Բաչայի Սակաոյի դեմ հանդես եկավ Ամանուլլահ-խանի նախկին ռազմական նախարար Մուհամմեդ Նադիրը, որը 1929 թվականի հոկտեմբերին, ազգային ուժերի աջակցությամբ գրավելով Քաբուլը, հռչակվեց թագավոր և դարձավ կառավարող նոր դինաստիայի հիմնադիրը։ 1933 թվականին Աֆղանստանի թագավոր դարձավ Նադիրի որդի Մուհամմեդ Զահիր-Շահը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Աֆղանստանը չեզոքություն պահպանեց։ 1950-ական թթ․ Աֆղանստանի տնտեսության մեջ սկսեց թափանցել արևմտագերմանական կապիտալը։ Մուհամմեդ Դաուդի կառավարության օրոք (1953—1963), արտաքին առևտրի ասպարեզում ստեղծվեցին պետական կազմակերպություններ և բաժնետիրական խառն ընկերություն։ Պետական վերահսկողություն սահմանվեց արդյունաերական ձեռնարկությունների և բանկերի գործունեության նկատմամբ․ Զարկ տրվեց ոռոգման ցանցի ընդլայնմանը և ճանապարհաշինարարությանը։ 1963—1965 թվականներին Մուհամմեդ Յուսուֆի կաբինետի կողմից անցկացվեցին սահմանադրական բարեփոխումներ, որոնց նպատակն էր պետական հաստատությունները հարմարեցնել երկրի կապիտալիստական զարգացմանը։ 1964 թվականի սահմանադրությունը նպաստեց երկրի հասարակական-քաղաքական կյանքի աշխուժացմանը։ Սակայն միապետական վարչակարգը խոչընդոտում էր երկրի բնականոն զարգացմանը։ Պետական ապարատի կոռուպցիան, հակադեմոկրատական ներքին քաղաքականությունը առաջ էին բերում բնակչության լայն խավերի դժգոհությունը։ 1973 թվականի հուլիսի 17-ին աֆղանական բանակը պետական հեղաշրջում կատարեց և Աֆղանստանը հռչակեց հանրապետություն։ Երկրի ղեկավարությունն անցավ հանրապետության Կենտրոնական կոմիտեին Մուհամմեդ Դաուդի գլխավորությամբ․ վերջինս դարձավ պետության գլուխ և վարչապետ։ Հանրապետական կառավարությունը նախանշել է սոցիալ-տնտեսական լայն բարեփոխություններ Աֆղանստանում․ ներդաշնակորեն զարգացած պլանային ազգային անկախ տնտեսության ստեղծում, հողային ռեֆորմ՝ հօգուտ բնակչության մեծամասնության, ընդհանուր անվճար տարրական ուսուցում, կանանց իրավահավասարություն՝ տնտեսության, քաղաքականության և այլ բնագավառներում։ Արտաքին քաղաքականության ասպարեզում, ինչպես ասված է հանրապետության ծրագրային հայտարարության մեջ, Աֆղանստանը կվարեց դրական և ակտիվ չեզոքության, ռազմական խմբավորումներին չմիանալու, ՄԱԿ-ի կանոնադրությունը հարգելու, աշխարհի բոլոր խաղաղասեր երկրների հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման քաղաքականություն։

Աֆղանստանի Խորհրդարանը

Պետական Կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականի հուլիսի 17-ից Նախագահական հանրապետություն է, մինչ այդ եղել է սահմանադրական միապետություն։[9]

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքի մոտ 3/4-ը լեռնային է, դժվարամատչելի և քիչ ուսումնասիրված։ Աֆղանստանի հյուսիս-արևելքում ձգվում են Հինդուկուշի հովհարաձև տարածվող լեռնաշղթաները, առավել բարձրը՝ Տիրգարանն է՝ 6729 մ, ծածկված սառցադաշւոերով։ Հինդուկուշից հարավ ձգվում են կենտրոնական Աֆղանստանի միջին բարձրության խիստ պենեպլենացված և արևմուտքում մասնատված լեռները, որոնք առաջացնում են Հազարաջատ բարձրավանդակը։ Երկրի հարավում և հարավ-արևմուտքում կան մի շարք բարձրադիր հարթավայրեր ու անապատային գոգավորություններ։ Իրանի և Պակիստանի սահմանամերձ մասում տարածված են աղուտներ և լճեր։ Արևելյան սահմանի երկայնքով ձգվում է Սուլեյմանի լեռնաբազուկների նեղ շերտը։ Աֆղանստանը գտնվում է ալպյան ծալքավորության գուռում։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆղանստանի ֆիզիկական քարտեզը

Օգտակար հանածոներից են՝ գազը, նավթը, քարածուխը, կապարը, ցինկը, ոսկին, երկաթը:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման չոր է, մերձարևադարձային ցամաքային է, ջերմաստիճանի խիստ տատանումներով։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 24-ից 32 °C է, հունվարինը՝ 0-ից 8 °C, երբեմն իջնում է մինչև —20-ից —30 °C։ Հարավային հարթավայրերում տարեկան տեղումները 40—50 մմ են, առավելագույն տեղումները հարթավայրերում՝ 370 մմ, լեռներում՝ 800 մմ։

Գետային ցանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետային ցանցը խիտ է արևելյան և հյուսիս-արևելյան շրջաններում։ Գետերի մեծ մասը՝ Մուրղաբ, Հերի ռուդ, Ֆարահ ռուդ, Հիլմենդ, Ամուդարյա (վերին հոսանքում Փյանջ)՝ Կոկչա, Սուրխաբ և այլ վտակներով, բացառությամբ Ինդոսի վտակ Քաբուլի, պատկանում են ներքին հոսքի մարզին։ Գետերն ունեն ձնասառցադաշտային սնում։ Հարթավայրերի գետերը վարարում են գարնանը, իսկ ամռանը դրանցից շատերը կորչում են ավազուտներում կամ օգտագործվում ոռոգման նպատակով։ Գյուղատնտեսության, ինչպես նաև բնակավայրերի կարիքների համար օգտագործվում են ստորերկրյա ջրերը։

Հողեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել տարածված են լեռնաանապատային գորշ մոխրահոդերը և լեռնային մոխրագույն հողերը։ Մեծ տարածություն են գրավում կիսաամրացած ավազները։

Բուսական Աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆղանստանի բնակչության ազգային կազմն ըստ քարտեզի

Բուսականությունը գլխավորապես չոր տափաստանային և անապատային է։ Պակիստանին սահմանամերձ լեռնային Նուրիստանի շրջաններում որոշ չափով տարածված է անտառների արևմտահիմալայան տիպը (մինչև 3300—3400 մ), ավելի բարձր՝ մերձալպյան ու ալպյան մարգագետինները։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանական աշխարհը պատկանում է հոլարկտիկական մարզին։ Կճղակավորներից տարածված են վայրի ոչխարը, այծը, ջեյրանը, վարազը, գիշատիչներից՝ գայլը, բորենին, ընձառյուծը, շնագայլը, սողուններից՝ կրիաները, օձերը։ Ունի հարուստ թռչնաշխարհ, շատ են միջատները։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆղանստանի Բնակչությունը 2015 թվականի հունվարի 1-ի տվյալներով կազմել է 32,564,342 մարդ[10]: Աֆղանստանում ապրում են տարբեր լեզվախմբերի պատկանող ավելի քան 20 ժողովուրդներ։ Բնակչության կեսից ավելին աֆղաններ են՝ ապրում են նաև Փուշթուներ, տաջիկներ, ուզբեկներ, խազարներ և այլք[11]։ Բնակչության աճը 2015-ին կազմել է 2.32%[12]: Աֆղանստանն ունի երկու պետական լեզու՝ փուշթու (աֆղաներեն) և դարի (ֆարսի-քաբուլի)։ Պետական կրոնը իսլամն է։ Աֆղանստանում ընդունված են արեգակնային հիջրա, լուսնային հիջրա և գրիգորյան տոմարները։ Գյուղական բնակչությունը 73% է, քաղաքայինը՝ 27%[13]։ Խոշոր քաղաքներն են՝ Քաբուլը, Ղանդահարը, Հերաթը, Մազարի-Շարիֆը, Ղունդուզը[14]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆղանստանի Ֆինանսների նախարարության շենքը

Աֆղանստանը ագրարային երկիր է։ Ֆեոդալական և կիսաֆեոդալական մնացուկների կողքին զարգանում են կապիտալիստական արտադրահարաբերությունները։ Տնտեսության հիմքն են կազմում ոռոգովի հողագործությունն ու արոտային անասնապահությունը։ Գյուղատնտեսությունը տալիս է Համախառն Ներքին արդյունքի 23,9%, արդյունաբերությունը՝ 21%[15]։ Այժմ Աֆղանստանի տնտեսական աճի տեմպերը համեմատաբար նվազել են[16]:

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆղանստանի բնակչության մեծ մասի համար բնորոշ է նստակյաց երկրագործական և քոչվորական ու կիսաքոչվորական անասնապահական տիպի տնտեսությունների զուգորդումը։ Գյուղատնտեսության արտադրողականությունը ցածր է, հենվում է սակավահող ու բնավարձակալ գյուղացիների ձեռքի աշխատանքի վրա։ Գերակշռում է խոշոր կալվածատիրությունը։ Պետությանն են պատկանում հիմնականում ամայի հողերը, արոտավայրերը, ինչպես նաև անտառներն ու այն հողակտորները, որտեղ օգտակար հանածոներ են հայտնաբերվել։ Աֆղանստանի մշակվող հողերի ընդհանուր տարածությունը մոտ 7,8 մլն. հա է (5,3 մլն․ հա ոռոգելի), որից գյուղատնտեսական հոերի հատկացված է 2,6 մլն․ հա ոռոգելի և 1,3 մլն․ հա անջրդի հող։ Վարելահողերի 70% գտնվում է երկրի հյուսիսային նախալեռնային շրջանում։ Ոռոգվող հողերի հիմնական շրջաններն են Քաբուլ, Հերի ռուդ, Հիլմենդ, Սուրխաբ և Բալխ գետերի ավազանները։ Բուսաբուծության արտադրանքի մոտ 55% կազմում է ցորենը, որը մշակում են երկրի շատ շրջաններում, ոռոգվող ու անջրդի հողերում, բրինձ՝ Լոգարի, Սուրխաբի, Ալիշանգայի հովիտներում, եգիպտացորեն՝ հարավ-արևելքում, գարի՝ անջրդի հողերում։ Լեռնային շրջաններում ցանում են նաև հատիկա-ընդերային կուլտուրաներ։ Գրեթե ամենուրեք տարածված է խաղողագործությունը, պտղաբուծությունը։ Հերաթի, Ղանդահարի, Քաբուլի և այլ օազիսներում մշակում են բանջարաբոստանային զանազան կուլտուրաներ։ Տեխնիկական կուլտուրաների ցանքերը կենտրոնացած են Աֆղանստանի հյուսիսում։ Որոշ վայրերում հողագործությունն իր տեղը զիջում է անասնապահությանը, որի կարևորագույն և բարձր ապրանքային ճյուղը ոչխարաբուծությունն է։ Բուծում են խոշոր եղջերավոր անասուններ, ուղտեր, ձիեր։ Հերաթի, Բաղլանի, Զալալաբադի և Մազարի-Շարիֆի շրջաններում զբաղվում են շերամապահությամբ, հարավային և հյուսիսային շրջաններում՝ բնափայտի մթերումով։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեքստիլ արդյունաբերությունն Աֆղանստանում

Ֆաբրիկա-գործարանային արդյունաբերությունն ստեղծվել է 20-րդ դարի 30-ական թթ․ վերջերին։ էլեկտրաէներգետիկայի, արդյունահանող և մշակող արդյունաբերության կարևորագույն ձեռնարկությունները պատկանում են պետական կամ խառը պետական-մասնավոր ակցիոներական ընկերություններին։ Կարկար, Իշփուշթա, Դարա-Ցուսուֆ հանքավայրերում արդյունահանվում է քարածուխ, Թալիքան քաղաքի մոտ՝ քարաղ։ Բադախշանում կան լազուրիտի հանքեր։ Շիբարղան քաղաքի շրջակայքում արդյունահանվում է բնական գազ, որի մի մասը գազամուղով փոխադրվում է Տաջիկստան։ Մեծ ՀԷԿ-եր են կառուցվել Քաբուլ գետի վրա։ 2012-ին արտադրվել է 884 մլն․ կվտ/ժ էլեկտրաէներգիա[17]: Արդյունահանվել է 140 հազար տ ածուխ, 28 մլրդ․խ/մ բնական գազ, 40 հզ․տ աղ։ Արդյունաբերության մեջ աշխատում է բնակչության 5,7%[18]։ Աֆղանական գորգերն ունեն համաշխարհային համբավ։ Առավել զարգացած է տեքստիլ, սննդի, շինանյութերի արդյունաբերությունը։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆղանստանի միակ երկաթուղին Կուշկա—Տորադուն—Դայն Է, որն ունի 7 կմ երկարություն։ Փոխադրումները հիմնականում կատարվում են ավտոմոբիլային տրանսպորտով։ 2014-ին ավտոճանապարհների երկարությունը կազմում Էր 42,150 կմ, որից 12,350 կմ՝ ասֆալտապատ[19]։ Կարևոր նշանակություն ունի Քաբուլ—Ղանդահար—Հերաթ—Մազարի-Շարիֆ-Քաբուլ օղակաձև ուղին։ Փոքր տարածությունների վրա բեռներ տեղափոխելու համար հիմնականում օգտագործվում են բեռնատար կենդանիներ։ Նավարկելի միակ գետը Ամուդարյան Է։ Օդային տրանսպորտն սպասարկում է արտաքին և ներքին հաղորդակցությանը։ Միջազգային նշանակություն ունեն Քաբուլ և Ղանդահար օդանավակայանները։

Առևտրաշրջանառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆղանստանի ազգային Ավիաընկերությանը պատկանող օդանավ

Արտահանումը 2013-ին կազմել է շուրջ 2.7 միլիարդ ԱՄՆ դոլար[20]: Արտահանվում է հիմնականում Ափիոն, մրգեր, բանջարեղեն, գորգեր, բուրդ, բամբակ և այլն[20]: Ներմուծումը 2013-ին կազմել է 12.2 միլիարդ ԱՄՆ դոլար[20]: Ներմուծվում է մեքենաներ, սնունդ, գործվածք, նավթամթերքներ և այլն[20]: Արտաքին առևտրով Աֆղանստանը հիմնականում կապված է Հնդկաստանի, Պակիստանի, Տաջիկստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի հետ[20]։ Դրամական միավորը աֆղանին Է։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 19-րդ դարի վերջը Աֆղանստանը ուներ միայն իսլամական դպրոցներ։ Աշխարհիկ առաջին դպրոցը՝ Խաբիբիայի լիցեյը, հիմնադրվել է 1903 թվականին։ Լուսավորության ժամանակակից համակարգը ձևավորվել է անկախություն ձեռք բերելուց հետո (19191931 թվականից մտցվեց անվճար պարտադիր տարրական ուսուցում 7—8-ից մինչև 13—14 տարեկան երեխաների համար։ Դասավանդումը տարվում է փուշթու կամ դարի պետական լեզուներից մեկով։ Երկրորդ լեզուն ուսուցման պարտադիր առարկա է տարրական դպրոցի 4-րդ դասարանից։

Գիտություն և գիտական հիմնարկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան համալսարանն Աֆղանստանում

Աֆղանստանում գիտական առաջին հիմնարկությունները ստեղծվել են երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ։ Բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում ազգային կադրեր են պատրաստում հիմնականում Քաբուլի համալսարանում։ Աֆղան առաջին գիտնականների թվում են՝ Մուհամմեդ Անասը, Աբդուլագիմ Զիյաին, Աբդուլզաֆար Կակարը, Մուհամմեդ Ֆաքարը, Մուհամմեդ Սիդդիկը։ 1960 թվականին Քաբուլում ստեղծվել է գիտաքիմիական կենտրոն՝ բնական գիտությունների ակադեմիայի նախահիմքը։ Ընդլայնվում են գիտահետազոտական աշխատանքները ջրաբանության, գյուղատնտեսության, երկրաբանության, բժշկության և այլ բնագավառներում։ Մի շարք գիտական լաբորատորիաներ են ստեղծել ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկությունները։ Բնական հարստությունների ուսումնասիրման ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարել արտասահմանյան արշավախմբերն ու գիտնականները։ Մինչև Դուրանիական իշխանության կազմավորումը (1747) աֆղանական պատմագրությունը ներկայացվում էր գլխավորապես աֆղանական առանձին ցեղերի կամ ցեղախմբերի պատմությանը նվիրված երկերով։ 18-րդ դարի երկրորդ կեսից մեծ տեղ են գրավում աֆղան ժողովրդի պատմության իրադարձությունները։ Ժամանակակից պատմագրությունը սկսել է ձևավորվել անկախություն ստանալուց հետո (1919)։ Զգալի ուշադրություն է դարձվում Աֆղանստանի միջնադարյան և նոր ժամանակների պատմությանը։ 1950—1960-ական թթ․ սկսած առավել ուշադրություն է նվիրվում Աֆղանստանի նորագույն պատմության ուսումնասիրությանը։ Աֆղան պատմաբաններ Ահմադ Ալի Կոխգադը, Աբդուլհայ Հաբիբին, Մուհամմեդ Օսման Սիդղին, Ալի Ահմադ Նաիմին, Աբդուռաուֆ Բենավան, Միր Գուլյամ Մուհամմեդ Գուբարը, Շահ Վալին, Մուհամմեդ Ալին և ուրիշներ մեծ ներդրում ունեն Աֆղանստանի պատմության ուսումնասիրության գործում։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանվել է ժողովրդական բանահյուսության հարուստ ժառանգություն։ Փուշթու լեզվով գրավոր հնագույն հուշարձանը «Արբերի վարքը» (13-րդ դար) ձեռագրի մի մասն է։ Գրական հին հուշարձաններից է նաև ռոշանի աղանդավորական շարժման հիմնադիր Բայազիդ Անսարիի (1525—1585) սունիզմի դեմ գրած «Ամենաբարի լուր» գիրքը։ Ռոշանի շարժման դեմ է ուղղված Դարվեզի (1533—1638) «Իսլամի գանձարան» գիրքը։ 17-րդ դարի հայտնի բանաստեղծներից է Ռահմանը (Աբդուռահման, 1632—1708), որի դիվանը բովանդակում է քնարական բանաստեղծություններ և կրոնախրատական բնույթի գործեր։ Նույն շրջանի աշխարհիկ քնարերգության ներկայացուցիչներից են Իյուշխալ խանը, Աբդուլ Քադիր խան Հաթթաքը և Քյազիմ խան Շայդան։ 18-րդ դարի գրականության մեջ իր վաստակով առանձնանում է Փիր Մուհամմեդ Քակարը։ Փուշթու լեզվով ժամանակակից գեղարվեստական արձակի հիմնադիրն է «Ադամխան և Դուրխանի» վիպակի հեղինակ Ահմադ Մաուլավին։ 1916-ին Քաբուլում լույս է տեսել Աալիհ Մուհամմեդ խանի՝ փուշթու լեզվով գրած առաջին դասագիրքը։

Ճարտարապետություն և կերպարվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆղանական ոճով կառուցված մզկիթ

Աֆղանստանի տարածքում պահպանված 4—3-րդ հազարամյակների հուշարձաններից են Մունդիզակ բնակավայրի մնացորդները, ժայռապատկերները։ Հունա-Բակ արիական թագավորության շրջանի արվեստը ձևավորվեց հելլենիստական արվեստի ազդեցությամբ։ Պահպանվել են բուդդայական տաճարների բազմաթիվ ավերակներ։ Նշանավոր է Բամիանի հովտում 1—8-րդ դարերում կերտված վիթխարի ժայռափոր մենաստանը՝ Բուդդայի հսկա արձաններով։ Այդ շրջանի կառույցներում մեծ տեղ է հատկացված քանդակներին և գեղանկարչական գործերին։ Պահպանվել են տեղական պաշտամունքային սրբավայրեր։ Միջին դարերում կառուցվել են ամրացված քաղաքներ, թրծած աղյուսից նախշավոր շարվածքով թաղակապ և գմբեթավոր ծածկով պալատներ, մզկիթներ, դամբարաններ։ Նշանավոր են Լաշկարգախ պալատը Բուստում (11-րդ դար), Ղազնիի աստղաձև հատակագծով աշտարակները (12-րդ դար), Ջամ գյուղին մոտիկ մինարեն (1153—1202), Հերաթի տաճարային մզկիթը (13-րդ դարի սկիզբ—14-րդ դար) և Մուսալլա անսամբլը (1417—1438)՝ Գաուհարշադ դամբարանով, Խոջա Աբու Նասր Ֆարսի մզկիթ-դամբարանը Բալխում (15-րդ դար

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆղանստանի երաժշտությունը տարբեր ժողովուրդների երաժշտական մշակույթի բարդ միահյուսումն է՝ Հնդկաստանի և Իրանի ժողովրդական երաժշտության եռանդուն ներգործությամբ։ Երաժշտական մշակույթի զարգացմանը բնորոշ է ժողովրդա-երգային ստեղծագործությունը։ Աֆղանական ժողովրդական երաժշտությունը միաձայն է․ հատկանշական են դիատոնիկ և մեծացրած սեկունդա պարունակող լադեր, կվարտա և կվինտա ձայնածավալով մեղեդիներ։ Առավել տարածված ժանրը լանդի կոչվող երկտող երգն է՝ կազմված տարբեր չավւերով ընթացող երկու մեղեդիական կառուցվածքներից։ Հարսանեկան երգերը եղանակավոր-արաասանական ոճ ունեն։ Պարերգերը աչքի են ընկնում ռիթմի հստակությամբ։ Բարդ կառուցվածք ունեն գազել, մուխամմազ, չարբայթ ժանրերը։ Նվագարաններն են՝ թամբուր, ռուբաբ, ղիլռուբաբ, սարինգայ, գիճակ, սանթուրչանգ, սուռնայ, բինրաջա, շպիլի, տուլա, նակկարա, դամամա, դարիալ, դուպրա, դոլկայ։ Երաժշտական խոշոր գործիչ է Քասիմ Աֆղանը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png