Բարբառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարբառ, լեզվի ճյուղավորումը հանդիսացող համակարգ, որ իր յուրահատկություններով ընդհանուր է տվյալ հասարակության որոշակի հատվածի համար։ Եվ քանի որ տվյալ լեզվի բարբառային ճյուղավորումը կատարվում է որոշակի տարածքում, այդ պատճառով հաճախ ասում են տեղային կամ տերիտորիալ բարբառ։[1] Հանդես է գալիս որպես առօրյա-կենցաղային հաղորդակցման և բանավոր ստեղծագործության միջոց։ Բարբառը բնութագրվում է տարածքային ու գործառական սահմանափակությամբ, զարգացման նվազ հեռանկարով, ստորադաս վիճակով։ Լեզվի և բարբառի սահմանազատման չափանիշները հաճախ արտալեզվական են, չեն հիմնվում ներկառուցվածքային տարբերությունների վրա։ Լեզվական երկու մոտ համակարգեր, անկախ մերձավորության ու փոխհասկանալիության աստիճանից, բարբառներ են, եթե նրանց կրողներն ունեն միասնական էթնիկական ինքնագիտակություն ու ինքնանվանում և, ընդհակառակը, լեզուներ են, եթե նրանց կրողներն իրենց համարում են տարբեր ժողովուրդներ։ Նոր հայերենի շատ բարբառներ (Ագուլիսի, Առտիալի, Համշենի, Սվեդիայի) միմյանցից ավելի են տարբերվում քան իսպաներենն ու պորտուգալերենը, դանիերենն ու նորվեգերենը, ռուսերենն ու ուկրաիներենը, պարսկերենն ու տաջիկերենը և այլն։

Բարբառների առաջացման պատճառներն են՝ լեզվական հանրությունների տարանջատումը, միախառնումը, վերաբնակեցումը, աշխարհագրական խոչընդոտները, վարչական բաժանումները, դավանափոխությունը, այլալեզու միջավայրը։ Համազգային շրջանում բարբառները վերաճում են լեզվի տարածքային-սոցիալական տարբերակի և գրական լեզվի ուժեղ ազդեցության տակ կորցնում են իրենց հիմնական տարբերակիչ հատկանիչները։ Բարբառները կարող են ունենալ ենթաբարբառներ ու խոսվածքներ։ Մերձակից բարբառները կազմում են բարբառախմբեր։

Հայերեն բարբառներ[խմբագրել]

Հայերեն բարբառների թիվը շուրջ 50 է։ 1915 թ.-ի Մեծ Եղեռնի և տեղահանության հետևանքով դրանց մեծ մասը, զրկվելով բնօրրանից, մատնվել է կորստյան։

Ստորև բերված են հայերեն բարբառներից մի քանի օրինակ. Հովհաննես Թումանյանի Գիքոր պատմվածքի սկիզբը ներկայացված է տարբեր բարբառներով, ըստ Հ. Ա. Հարությունյանի «Հետաքրքրաշարժ հայոց լեզու» գրքի։

Բնօրինակը

Aquote1.png Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։

Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի։ Կինը չէր համաձայնում։

— Չեմ ուզում, իմ քորփա էրեխին էն անիրավ աշխարքը՝ մի գցի, չեմ ուզում,— լալիս էր կինը։

Բայց Համբոն չլսեց:

Aquote2.png


Մշո բարբառ

Aquote1.png Գէղացի Համբօյի տուն կըռիվ էր յընգի:

Համբօն գուզէր զուր տըսվէրգու տարէգան Գիքօրին տանէր քաղաք, գօրձի մի իդէր, օր մարթ դառնէր, դադէր ու բանէր: Կընիգ չուզէր:

- Չըմ հուզի, զիմ մատղաշ ճըժուն ինա զուլում աշխարք մը թալէր, չըմ հուզի,- գիլէր կընիգ:

Բըլէ Համբօն լըլսէց:

Aquote2.png


Գյումրու Կարնո բարբառ

Aquote1.png Գէղցի Համբոյի տունը կըռիվ էր ընգէ:

Համբօն գուզէր օր իրան տասէրգու տարէգան Գօգօրին տանէր քաղաք, օր արէստըմ սօրվէր, մարտ դառնար: Հըմը կընիգը չէր հուզէ:

- Չէմ հուզէ, քօրփա էրէխուս էն անխիղջ աշխարքը մի քցէ,- կըսէր,- չէմ հուզէ:

Հըմը Համբօն չըլսէց:

Aquote2.png


Զեյթունի բարբառ

Aquote1.png Կեղացը Համփըյուն դօնը գըռըէվ էյ յընգի:

Համփօյը գո գուզանէյ յու իյ դասնէյգու դայու Կուկույը քաղօք դանը, պօնի մը դոր, յույ մոըյթ տառնօր ու ծավծավա: Գընըգն ա օյզօր չօ գունէյ:

- Չօ գուզիմ, էմ մասում բօլուզը ան անավոըտ աշխօյը մի ըցգի, չօ գուզիմ,- գու գուլէյ գընըգը:

Ամմա Համփօյը չի լըսից:

Aquote2.png


Մեղրու բարբառ

Aquote1.png Շինէցէ Համբօյի տօնը կռէվ լու նամ:

Համբօն խնդիս ի լու իյուր տըսնէրկու տըրէկան Կուքուրուն շիհար տանի, մին գործու տա, հօր մարդ դէռնի, ըխշատանք արի: Կընէկը հօժար չէ լու:

- Խընդիս չիմ, իմ քօրփա րախէն ցիքիլ մու նա անիրավ ախշարքը, խընդիս չիմ,- լէց լունիս կընէկը:

Համա Համբօ լիսուլ չի:

Aquote2.png


Ղարաբաղի բարբառ

Aquote1.png Շինացի Համբօն տօնը կըռէվ ար ինգյալ:

Համբօն օզըմ ար ուրան տանէրկու տըրէկան Քրիքօրին տանի քաղաք մի կօրծու տա, վըէր մառթ տառնա, աշխադանք անի: Ամա կընէկը ռազի չար:

- Օզըմ չըմ, իմ քէօրփա րախան էն անդէր աշխարքը մի քէիցիլ, օզըմ չըմ,- լէաց ար ինում կընէկը:

Ամա Համբօն անգուճ չըկալավ:

Aquote2.png


Կապանի խոսվածք

Aquote1.png Շընեցի Համբօյի տօնը կըռէվ լյա ընգած:

Համբօն օզըմ լյա իրա տանէրկու տըրէկան Գրիքօրեն տանե քաղաք մի գօրծու տա, վըր մառթ տըռնա, աշխատանք անէ: Ամա կընէկը ռազի չի լյա:

- Օզըմ չըմ, իմ քյօրփա խօխեն էն անդէր աշխարքը մա քցե, օզում չըմ,- լեց լյա նյում կընէգը:

Ամա Համբօն անջուկ չի րա:

Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975)։ Լեզվաբանական բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, էջ 59։ 

Աղբյուրներ[խմբագրել]

  • Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր 1-ին, Երևան, 1990թ.