Կարնո բարբառ
Կարնո բարբառ, հայերենի բարբառներից է։
Ձևաբանական դասակարգման
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկանում է «կը» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ արմատական խմբակցության Փոքր Ասիայի կամ արմատական բարբառախմբին։ Խոսվել է Կարսի և Կարինի շրջաններում, այժմ խոսվում է Շիրակի մարզու և Վրաստանի Ախալցխա, Ախալքալաք, Նինոծմինդա քաղաքներում և հարակից հայախոս գյուղերում։ Կարնո բարբառն ունի հիմնականում 42 հնչյուն, որոնցից 6-ը՝ ձայնավոր։ Բաղաձայնական համակարգը քառաստիճան է՝ բ՛, բ, պ, փ․ բնորոշ են շնչեղ ձայնեղներ, որով այն նմանվում է կը ճյուղի Մշո և ում ճյուղի Արարատյան ու Նոր-Ջուղայի բարբառներին։ Մշո բարբառի նման ունի 2 հ՝ խուլ և ձայնեղ՝ հ՛։ Ձայնեղ հ՛-ն հիմնականում գործածվում է բառասկզբում և՛ ձայնավորներից առաջ, և՛ բաղաձայններից առաջ, օրինակ՝ հ՛անգանջ, հ՛արուն, հ՛զգալ, հ՛ղունգ և այլն։ Ո-ից առաջ հանդիպում է նաև հ>ֆ փոփոխությունը (հող>ֆօղ)։ Կարնո բարբառի ձայնավորներն են ա, ը, է, օ, ու , ի [որոնք ենթարկվում են մասնակի հնչյունափոխության՝ ա>է, ռ (անել>էնէլ, ասել>ըսէլ) են] և ա, ու, օ (միայն փոխառյալ բառերում)։
Հոգնակիի մասնիկները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգնակիի մասնիկներն են՝ էր, նէր, ստան, էստան, ք, իք, դիք, վըտիք, վի, վընէր, անք, դանք, էեք, օնք։
Հոլովաձևերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի անվանական 4 հոլովաձև (բացառականը՝ էն, էցէն, գործիականը՝ օվ վերջավորությամբ), 7 հոլովիչ (ի, ու, օջ, օր, վա, ան, ց)։ Գոյականը անորոշ առման դեպքում ստանում է մ անորոշ հոդը, որը ետադաս է (օրինակ՝ մատիտըմ)։
Անձնական դերանուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անձնական դերանուններն են՝ յէս, դու, էն (ան, անիկ), ինքը, մէնք, դուք, էնօնք, յիրանք, ցուցականներն են՝ էս, էդ, էն, աս, ադ, ան, իսի, իդի, ինի, իսիկ, իդիկ, ինիկ, էսիկ, էդիկ, էնիկ։ Իբրև ստացական գործածվում է անձնական դերանունների սեռական հոլովը (իմիս, քուգիդ, իմօնցըս, քուգօն- ցըդ են)։ Բայական համակարգում առկա է 6 դերբայ։ Բայն ունի երեք լծորդություն (էլ, ալ, իլ), 4 եղանակ (սահմանական, ըղձական, հարկադրական, հրամայական)։ Ըղձականի ժամանակաձևերը կազմությամբ և իմաստով նման են ժամանակակից արևելահայ գրականին։ Սահմանականի անկատար ներկան և անցյալը կազմվում են ըղձականի ժամանակաձևերից՝ կը մասնիկի ետադաս հարադրությամբ (ձայնավորով սկսվող փայերը կ կամ գ են ստանում նաե սկզբից՝ կուդէմ, գուզէմ, գուկամ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 339)։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mesropyan, Haykanush. «Հայրենակցական միութիւնները և հայերէնի բարբառները (Patriotic associations and Armenian dialects)». Armenian State Institute of Linguistics. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
- ↑ Adjarian, 1909