Կարս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Կարս
Kars
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզԿարս
ՔաղաքապետԱյհան Բիլգեն
ԲԾՄ1760 մ
Բնակչություն96 700 մարդ (2023)[1]
Խտություն47,05 մարդ/կմ²
Հեռախոսային կոդ+90 474
Փոստային ինդեքս36100
Փոստային դասիչ36000
Ավտոմոբիլային կոդ36
Պաշտոնական կայքkars.bel.tr
Կարս (Թուրքիա)##
Կարս (Թուրքիա)

Կարս[2], Կարուց քաղաք (նաև՝ Ղարս), պատմական հայկական քաղաք Արևմտյան Հայաստանում, Կարսի մարզի կենտրոնն է։ Բնակչությունը՝ 115 891 մարդ (2018

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ և օտար մատենագիրները հիշատակում են «Կարուց Բերդ», «Ամուրն Կարուց», «Ամրոցն Կարուց» և նման այլ անվանումներով։ Ենթադրում են, որ անվանումն առաջացել է հայերեն Հարս բառից։ Ըստ ավանդույթի՝ հայոց թագավորի հարսնացուին զբոսանքի ժամանակ դուր է եկել այդ վայրը, և նա հաճախ էր այստեղ գալիս։ Բացի այդ նշվում է, որ Կարսի անունը կապվում է նաև հնագույն ժամանակներում այդ կողմերում բնակվող «կարենիտներ» ցեղանվան հետ։ Քսենոփոնի մոտ այս մասին հիշատակված է։ «Կարս» անունը Ժողովրդի կողմից աղավաղվելով` դարձել է «Ղարս»[3][4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրության մեջ Կարս բերդաքաղաքը հիշատակվում է համեմատաբար ուշ, սակայն այն իբրև բերդ կամ սովորական բնակավայր գոյություն ուներ հնագույն ժամանակներից։ Նույնիսկ ենթադրվում է, որ ուրարտական ժամանակաշրջանում Կարսի տեղում բերդ էր հիմնադրված։ Միջնադարյան Հայաստանի մինչև օրս պահպանված մայրաքաղաքներից է հենց Կարսը։ Ախուրյանի աջակողմյան վտակ Կարս գետի ափին է գտնվում այն, շրջապատված է բլրապատ բարեբեր դաշտերով, ծովի մակերևույթից մոտ 1850 մ բարձրության վրա է գտնվում։ Այրարատ աշխարհի Վանանդ գավառում է գտնվում Կարսը։ Վանանդի իշխանները (նախարարներ) առաջին տերերն էին, որոնք հիշատակվում են 4-րդ դարից։ Սկզբնական շրջանից էլ ամենայն հավանականությամբ Կարսը Վանանդի կենտրոնն էր, նրա գլխավոր բերդը, Վանանդի նախարարների աթոռանիստը[5]։

Հայաստանի մայրաքաղաքները

Վաղ շրջանի պատմությունը թաղված է մթության մեջ։ Հին քաղաքի տեղում չեն կատարվել հնագիտական ուսումնասիրություններ, ինչպես նաև չկան արժանահավատ գրավոր աղբյուրներ։ Հայոց պատմության մեջ միայն ստույգ գիտենք, որ այն հայտնի դարձավ ավելի ուշ՝ 9-րդ դարից, երբ Հայաստանը թևակոխեց զարգացած ֆեոդալիզմի դարաշրջան և այն ժամանակ, երբ երկրում առաջացան ֆեոդալական տասնյակ նոր քաղաքներ, ինչպես և քաղաքների վերածվեցին նախորդ ժամանակներից գոյություն ունեցող շատ բերդեր ու ամրոցներ։ Կարսը ևս պատկանում է դրանց թվին, որը 9-րդ դարի վերջերից հիշատակվում է իբրև բերդաքաղաք[4]։

Բագրատունյաց մայրաքաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանանդի իշխան Սահակ Մլեհն 888 թվականին ապստամբում է հայոց թագավոր Աշոտ Ա Բագրատունու դեմ, որն էլ առիթ է հանդիսանում, որ Վանանդն իր Կարս բերդով միացվի արքունի կալվածքներին:10-րդ դարում Կարսը որպես խոշոր քաղաքի վերածվելը կապվում էր տրանզիտային ու միջազգային մեծ առևտրի զարգացման հետ։ Ի նկատի ունենալով Կարսի ռազմական ամուր դիրքը՝ Աշոտ Երկաթի եղբայրը և հաջորդը՝ Աբաս Ա-ն, 928 թվականին Կարսը դարձրեց իր թագավորության աթոռանիստ կենտրոնը։ Կարսը Բագրատունյաց նախորդ երկու մայրաքաղաքների՝ Բագարանի և Երազգավորսի նման ևս երկարատև չի մնում կենտրոնական թագավորության մայրաքաղաք։ Աշոտ 3-րդը 961 թվականին Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք է հռչակում Անին, իսկ Կարսը մնում է որպես Բագրատունիների կրտսեր ճյուղի Վանանդի կամ Կարսի ֆեոդալական փոքր թագավորության մայրաքաղաք։ Երբ կաթողիկոսական աթոռը 947 թվականին Աղթամարից տեղափոխվում է Կարսից արևելք գտնվող Արգինայի Կաթողիկե տաճար, Կարսը դառնում է նաև հոգևոր կենտրոն (մինչ այդ արդեն սկսել էր կառուցվել Սուրբ Առաքելոց եկեղեցին), այն արագ աճում ու դառնում է խոշոր ու բարեկարգ քաղաք[3][5][6]։

Կարսի թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ 3-րդ Ողորմածի եղբայր, հայոց սպարապետ Մուշեղը 963 թվականին իրեն հռչակում է Վանանդի թագավոր՝ Կարսը դարձնելով իր կենտրոնը։ Կարսը բարեկարգվում և տնտեսապես հզորանում է Մուշեղի հաջորդի և որդու` Աբասի (984-1029) օրոք։ 10-13-րդ դարերում Կարսը համարվում էր Հայաստանի մարդաշատ քաղաքներից մեկը։ Այն արհեստագործության և առևտրի խոշոր կենտրոն էր դարձել էր։ Կարսը եղել է բարեկարգ ու հարուստ քաղաք, որի մասին վկայում է 11-րդ դարի պատմագիր Արիստակես Լաստիվերտցին։ Քաղաքը քարավանային ճանապարհներով առևտրական սերտ կապեր է ունեցել Սև ծովի նավահանգիստների, ինչպես և Հայաստանի ու հարևան երկրների առևտրական խոշոր քաղաքների հետ։ Կարսի բնակչության թիվը 11-13-րդ դարերում անցնում էր 50000 մարդուց։ Իրականում սա այդ ժամանակաշրջանի քաղաքների բնակչության համար շատ մեծ թիվ էր։ Հայոց թագավոր Աբաս Բագրատունին 10-րդ դարի 40-ական թվականներին կառուցում է մինչ այժմ կանգուն Սուրբ Առաքելոց Կաթողիկե եկեղեցին, որը հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է և այժմ գործող մզկիթ է։ Մզկիթի վերածվելուց հետո եկեղեցու ճարտարապետական կառուցվածքը չի աղճատվել։ Բացի եկեղեցու կառուցումից, հայոց արքան ամրացնում է Կարսի բերդը, որ ժամանակին Առաջավոր Ասիայի ամենաամուր ամրոցներից էր համարվում և մինչ օրս ծառայում է իր նպատակին։ Բագրատունիների օրոք քաղաքում ծաղկում են ապրում արհեստները, առևտուրը։ Կարսը առևտրային սերտ կապեր ուներ հեռավոր երկրների հետ անգամ։ 1045 թվականին ազգադավ Պետրոս Գետադարձ կաթողիկոսի ջանքերով կործանվում է Բագրատունյաց թագավորությունը։ Հայաստանում առաջնության համար պայքար է ընթանում Վանանդի թագավորության և Լոռվա Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության միջև։ Այս պայքարում Լոռվա թագավորությունն ավելի կենսունակ գտնվեց, իսկ 20 տարի անց կործանվեց նաև Վանանդի թագավորությունը[5]։

Տուղրիլ բեկի գլխավորությամբ, 1054 թվականին սելջուկ-թուրքերը հարձակվում են Կարսի վրա, սակայն Գագիկ Աբասյանի զորքերը հակահարված տալով սելջուկներին նրանց դուրս են քշում երկրամասից։ Սելջուկները Ալփ-Արսլանի հրամանատարությամբ 1064 թվականին նորից արշավում են Հայաստան։ Երկրամասն ասպատակություններից և կողոպուտից փրկելու նպատակով Գագիկ Աբասյանը ճաշկերույթ է կազմակերպում Ալփ-Արսլանի և նրա զորքերի համար ու դաշինք կնքելով՝ պահպանում է իր գահն ու թագը։ 1065 թվականին վախենալով հետագա հարձակումներից, Վանանդը` Կարսով հանդերձ, զիջում է բյուզանդական կայսր Կոստանդին Դուկասին` փոխարենը կալվածք ստանալով Կապադովկիայում։ Այս քաղաքի ավերումը սելջուկյան արշավանքների ժամանակ նկարագրելով ՝ 11-րդ դարի հայ մատենագիր Արիստակես Լաստիվերտցին վկայում է, որ վերջինս հարստացել էր «բազում ընչեղությամբ ի ծովէ և ցամաքէ ամբարեալ»։ Ակնհայտ կերպով Լաստիվերտցու այս խոսքերը ցույց են տալիս, որ Կարսի հարստացման աղբյուրը եղել է ծովային ու ցամաքային առևտուրը[4]։

Կարսը ձեռքից ձեռք անցնելով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանազկերտի ճակատամարտում (1071) բյուզանդական զորքերի պարտությունից հետո ստիված է լինում սելջուկներին զիջել մի շարք քաղաքներ ու գավառներ, որոնց թվում նաև` Կարսը, որը դառնում է ամիրայության կենտրոնը։ Հայ-վրացական միացյալ զորքերը 1206-1207 թվականներին, Զաքարե և Իվանե Զաքարյանների հրամանատարությամբ, Կարսն ազատագրվում է սելջուկներից և միացնում են Վրաստանին ու հանձնում Թամար թագուհու որդուն՝ փոխարենը ստանալով Ռուսթավը։ Կարսում գործում էր քաղաքային վարչություն և նշանակվում է կառավարիչ[3]։

1236 թվականին մոնղոլները Հյուսիսային Հայաստանի մյուս քաղաքների հետ միասին գրավում ու ավերում են նաև Կարսը։ Կարսի պատմության մեջ դրանով սկսվում է մռայլ ժամանակաշրջանը։ Այն աստիճանաբար գնալով կորցնում է իր նշանակությունը։ Լենկ Թեմուրի հորդաների կողմից 1394 թվականին քաղաքը նոր, ահավոր չափերով ավերվում է, իսկ հետագայում բազմիցս ձեռքից ձեռք է անցնում կարա-կոյունլու ու ակ-կոյունլու թուրքմենական ցեղերի, ապա թուրքերի ու պարսիկների տիրապետության շրջանում։ Թուրք-պարսկական երկարատև պատերազմները քաղաքի համար առանձնապես ծանր հետևանքներ ունեցան (16-17-րդ դարեր), որոնց ընթացքում ավերվելուց բացի, քաղաքի տնտեսական կյանքը գրեթե ընդհատվում էր։ Կարսը այդ դարերում ընդհանուր առմամբ գտնվում էր թուրքական տիրապետության տակ։ Կարսը 17-19-րդ դարերում համանուն փաշայության կենտրոնն էր և փաստորեն մտնում էր Էրզրումի (Կարինի) սերասքյարության (կուսակալության) մեջ։ Էրզրումի վիլայեթը 1876 թվականին բաժանվեց մի քանի վիլայեթների, որոնցից մեկն էլ Կարսի վիլայեթն էր Կարս կենտրոնով[5]։

Կարսը որևէ չափով չի առաջադիմել թուրքական տիրապետության ամբողջ ժամանակաշրջանում։ Այն տնտեսական էական նշանակություն չուներ և վերածվել էր սովորական բերդաքաղաքի։ Նրա առևտուրը և արհեստագործությունը հետամնաց էին, սոսկ տեղական մասշտաբի։ Նրա բերդի ամրացման համար թուրքական բռնակալները պարբերաբար հոգ էին տանում ու այստեղ զետեղել էին մարդաշատ կայազոր։

Նպաստավոր պայմաններ են ստեղծվում 19-րդ դարում Արևելյան Հայաստանի հետ միասին Կարսի փաշայությունը ևս Ռուսաստանին միացնելու համար։ Առաջին անգամ ռուսական զորքերը Կարսը գրավում են ռուս-թուրքական 1828-1829 թվականների պատերազմի ժամանակ՝ 1828 թվականի հունիսի 23-ին։ Կարսի կայազորը, որը բաղկացած էր 11 հազար հոգուց և իր տրամադրության տակ ուներ 151 թնդանոթ, անզոր է լինում երկարատև դիմադրություն ցույց տալ ռուսական բանակին։ Անմատչելի համարվող Կարսի բերդը նույնիսկ չի փրկում թուրքական կայազորին։ Կարս քաղաքն ու համանուն փաշայությունը նորից վերադարձվում են Թուրքիային 1829 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված Ադրիանապոլսի պայմանագրով։ Ռուսական զորքերի կողմից երկրորդ անգամ գրավվում է Ղրիմի կամ Արևելյան պատերազմի ժամանակ` 1855 թվականի նոյեմբերին։ Գեներալ Նիկոլայ Մուրավյովը, ով Կովկասյան գործող կորպուսի հրամանատարն էր, նշանակվել էր նաև Կովկասի փոխարքա։ Այդ ժամանակ թուրքերը Կարսում կենտրոնացրել էին 33 հազարանոց բավական լավ զինված բանակ։ Թուրքական բանակին հաջողությամբ շրջապատում են ռուսական զորքերը և թուրքերը հարկադրված են լինում անձնատուր լինել։ Սակայն Ռուսաստանի համար այս պատերազմը ունեցավ անհաջող վախճան և այս անգամ էլ Կարսը մնաց թուրքերի տիրապետության տակ[5]։

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ տեղի ունեցավ Կարս քաղաքի և նրա շրջակայքի միացումը։ Քաղաքն ու բերդը ռուսական զորքերը գրավեցին Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ։ Իսկ Բեռլինի պայմանագրով 1878 թվականի հուլիսի 13-ին դրանք անցան Ռուսաստանին։ Ռուսական կայսրությանը միացված այդ տարածքներից կազմվում է Կարսի մարզը՝ Կարս, Օլթի, Արդահան և Կաղզվան օկրուգներով։ Կարսն էր մարզի կենտրոնը։ Մարզային վարչական օրգանները կենտրոնացած էին հենց այստեղ։ 19 հազ. քառ. կմ-ի էր հասնում Կարսի մարզի տարածքը։ Ըստ վիճակագրական տվյալների, 1891թվականին մարզն ուներ 44280 հայ, 30259 քուրդ, 27567 հույն, 46954 թուրք, 11813 ռուս, 27247 կարափափախ, 10174 թուրքմեն և 2574 այլ ժողովուրդների պատկանող բնակիչներ, ընդամենը 200868 մարդ, իսկ ըստ ռուսական առաջին մարդահամարի, որը կատարվել է 1897 թվականին՝ 292498 բնակիչ[5]։

Ռուսաստանին Կարս քաղաքի և համանուն մարզի միացումը առաջադիմական մեծ նշանակություն ունեցավ։ Ինչպես Արևելյան Հայաստանում այնպես էլ երկրի այդ հատվածում ևս տնտեսական ու մշակութային կյանքում զգալի տեղաշարժեր կատարվեցին, նախկին բռնությունների ու կամայականությունների փոխարեն հաստատվեցին կարգ ու կանոն, օրենքներ, բնակչությունը հաղորդակից դարձավ ռուսական անհամեմատ ավելի բարձր զարգացած մշակույթին։ Կարս քաղաքի ներքին կյանքում բարեփոխություններն ավելի զգալի էին։

Կարսը 19-րդ դարում ուներ 18 եկեղեցի (Սուրբ Նշան, Սուրբ Աստվածածին, Սուրբ Առաքելոց, Սուրբ Գրիգոր, Սուրբ Մարիամ և այլն) և մի քանի մզկիթ, որոնց զգալի մասն ավերված ու լքված էր։ Կրթական գործը քաղաքում աշխուժանում է թուրքական լծից ազատագրվելուց հետո։ Այստեղ մի քանի դպրոցներ են բացվում՝ քաղաքային իգական ուսումնարանը (1880 թվական), քաղաքային արական ուսումնարանը (1880 թվական), Կարսի իգական գիմնազիան (1909 թվական) և այլն։ Դրանք ենթակա էին պետական կրթական մարմիններին և բոլորը ռուսական դպրոցներ էին։ Դրանցից բացի տարրական ուսումնարաններ կային հայկական մի քանի եկեղեցիներին կից։ Ս. Մարիամ եկեղեցուն կից Երկու այդպիսի նախակրթական ուսումնարաններ (կամ վարժարան) կային` մեկը տղաների, իսկ մյուսը` աղջիկների։ Նրա 12 տարբեր կարգի ուսումնարաններում (որոնցից 3-ը միջնակարգ էին) 1910 թվականին սովորողների թիվը հասնում էր 1376-ի։ Կարսում գոյություն ունեին նաև մասնավոր խալիֆայական տիպի ուսումնարաններ[5]։

Կարսում 1917 թվականի մարտին հեղափոխականորեն տրամադրված զինվորներն ապստամբում են։ Բրեստ-Լիտովսկի 1918 թ. մարտի 3-ի պայմանագրով Կարս քաղաքն ու մարզը, նորից անցան Թուրքիային։ Թուրքերը 1918 թվականի ապրիլի 25-ին գրավում են Կարսը` բնակչությանը ենթարկելով բռնության և կոտորածների։ 1919 թվականի ապրիլից Կարսը մտնում է Հայաստանի Հանրապետության կազմի մեջ։ Դաշնակցական տիրապետության դեմ 1920 թվականի մայիսի 10-ին Կարսում ապստամբություն է բռնկվում։ Ռազմահեղափոխական կոմիտեն էր գլխավորում ապստամբությունը` Ղ. Ղուկասյանի գլխավորությամբ։ Չնայած այդ ամենին ապստամբությունը պարտվում է։ Թուրքերը Կարսը կրկին գրավում են 1920 թվականի հոկտեմբերի 30-ին, հայ ու ռուս բնակիչներն ստիպված հեռացան քաղաքից։ Կարսը Թուրքիային է անցնում 1921 թվականի պայմանագրով։ Կարս քաղաքում այսօր կարելի է տեսնել այն վագոնը, որտեղ ստորագրվել է Կարսի՝ մեզ համար տխրահռչակ պայմանագիրը[3]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիպիկ քաղաք-ամրոցի նմանվող Կարս քաղաքը բաղկացած էր միջնաբերդից, շահաստանից (երկուսն էլ պաշտպանված էին պարիսպներով) ու արվարձաններից, ինչպես նաև պաշտպանական կառույցներից (պարիսպներ, խանդակներ, գաղտնուղիներ)։ Քաղաքը պաշտպանական նկատառումներով հիմնադրվել է ընդարձակ սարահարթի վրա և հյուսիսից, արևմուտքից ու հարավ-արևմուտքից պաշտպանված է տարբեր բարձրության լեռնապարերով։ Մոտ 800 մ երկարությամբ սարահարթի հյուսիս-արևմտյան անկյունում ձգվում է մի բարձրադիր ժայռազանգված։ Կարսի բերդը հենց դրա վրա էլ ստեղծվել է, որը տարածքի ընտրությամբ և հավելյալ պաշտպանական կառուցվածքներով Հայաստանի ամենաանառիկ բերդերից մեկն էր ու կանգուն է առ այսօր։ Կարս գետի աջակողմյան ժայռի վրա է տեղադրված բուն միջնաբերդը։ Միջնաբերդը ամենայն հավանականությամբ շրջապատված էր կրկնակի պարիսպներով, համապատասխանում է հին հայկական բերդին, իսկ բերդը կառուցվել է ավելի ուշ՝ թուրքական տիրապետության շրջանում և կցվել առաջինին։ Կարսի բերդը նախքան թուրքական լծից ազատագրվելը բնակեցված էր բացառապես թուրքերով և բաժանված 17 թաղերի (‹‹mahalle››, մահալլե)։ Միջնաբերդի աշտարականման դղյակի տակից անցնում էր գաղտնուղին, որը Կարուց գետ է հասնում կիրճի խիստ թեք լանջով։ Միջնաբերդի տարբեր բնույթի շինությունները դասավորված էին դղյակի շուրջը[4]։

Միջնադարյան քաղաքների բաղկացուցիչ մասն էր կազմում նաև շահաստանը , որտեղ կենտրոնացած էր ողջ գործարար կյանքը։ Շահաստանը կամ Հին քաղաքը Կարսում` մոտ 30 հա տարածությամբ, փռված էր ժայռազանգվածի հարավային փեշին և բոլոր կողմերից շրջապատված քարե հզոր կրկնապարիսպներով։ Բազմաթիվ բուրգեր կային դրանց կազմում (հատակագծում` կլոր և ուղղանկյուն)։ Չորս դարպասներ էին բացվում պարիսպների մեջ (մեկը՝ արևելյան, երկուսը՝ հարավային, մեկը արևմտյան պատերում)։ Բավականաչափ խիտ էին դասավորված ներսի պարսպի ուղղանկյուն և կիսաշրջան բուրգերը (10-12 մ հեռավորությամբ)` մեծացնելով նրա պաշտպանական նշանակությունը[4]։

Վարդանի կամուրջ

Կարս գետի վրա կառուցված չորս կամուրջների շնորհիվ քաղաքի տարբեր մասերը կապվում էին իրար։ 1880 թվականին ավերվել է դրանցից մեկը , իսկ հին շուկայի մոտ գտնվող Փայտաշեն կամուրջը կամ Մազլումի կամուրջը շարքից դուրս է եկել 1891 թվականին։ Միքայելյան կամուրջը կամ Մետաղյա կամուրջը կառուցվել է 1899 թվականին։ Կարսի Քարե կամուրջը կառուցվել է 10-րդ դարում Կարս գետի վրա, այն առավել հայտնի է նաև Վարդանի կամուրջ անունով։

Միջնադարում այդ եռաչք կառույցը ծառայել է հաղորդակցության և բեռների փոխադրման համար։ Այդ կամուրջը կառուցված բազալտ քարից Կարս ժամանող զբոսաշրջիկների պարտադիր այցելության վայրերից է։ Քաղաքի հին թաղամասերը կամուրջը կապել է Կարսի բերդի և Առաքելոց եկեղեցու հետ։ Կամուրջն անվանել են նաև Վարդանի կամուրջ։ Ավանդության համաձայն՝ կամրջի տակ չարքեր են եղել, ինչն էլ վախեցրել է մարդկանց, ու քահանան ասել է` երբ մարդիկ կանչեն Վարդանին, չարքերը կհեռանան[4]։

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Առաքելոց կամ Տասներկու առաքյալների եկեղեցին Կարսի կարևորագույն հուշարձաններից է, որը կառուցվել է Աբաս Բագրատունի թագավորի օրոք` 930-940-ական թվականներին։ Այն կենտրոնագմբեթ կառույց է, որի Թմբուկն արտաքուստ 12 նիստանի է, զարդարված զույգ որմնասյուներին հիմնվող քանդակազարդ կամարաշարով։ Մարդու կերպարանքով բարձրաքանդակներն են կամարաշարի անկյուններից վեր, որոնք պատկերում են տասներկու առաքյաներին։ Այս մեծ ու փառահեղ կառույցը ներկայումս վերածված է մզկիթի, իսկ առաջին անգամ այն մզկիթի է վերածվել 1579 թվականին։ Ռուսական կայսրության իշխանության տակ գտնվելով, 1880-ական թվականներին եկեղեցին դարձել է ռուսական ուղղափառ եկեղեցի։ Եկեղեցին քեմալականների օրոք երկար ժամանակ լքված է եղել և ծառայել որպես խոտի ամբար։ Այն 1963 թվականին դարձել է թանգարան, իսկ 1988 թվականից կրկին մզկիթի է վերածվել։ Այս կառույցը բոլորելով հազարամյակը ճարտարապետական փոփոխության գրեթե չի ենթարկվել։ Առ այսօր եկեղեցու պատերը զարդարում են արքայական զինանշանը, խաչերն ու առաքյալների պատկերները։ Միայն բացակայում է գմբեթի խաչը, ինչն ամենակարևորն է, և ինչի հետևանքով Կարսի Առաքելոցը կորցրել է իր բովանդակային նշանակությունը[3][4]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբներից քաղաքի տնտեսական կյանքը բավական աշխուժացավ՝ կապված Ալեքսանդրապոլ-Կարս երկաթուղու կառուցման հետ։ Հայ բնակչությունը Կարսում զբաղվում էր արհեստներով, առևտրով, տնայնագործությամբ և արդյունաբերությամբ։ Ալեքսանդրապոլ-Կարս, Կարս-Սարիղամիշ երկաթուղիները էական ազդեցություն էին թողնում նրա տնտեսական կյանքի վրա։ Առաջին երկաթուղին շարք էր մտել 1833 թվականին, իսկ երկրորդը՝ 1915 թվականին, ինչպես նաև խճուղիները։ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին քաղաքն ուներ սննդի և թեթև արդյունաբերության մի քանի ձեռնարկություններ, մի բավական մեծ սպանդանոց, որտեղ տարեկան մորթում էին մինչև 1000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որոնց մսից պատրաստում էին ապուխտ և սուճուխ։ Նույն այդ շրջանում քաղաքն ուներ 700-800 խանութ ու կրպակ և ամեն տարի այստեղ կազմակերպում էին տոնավաճառ։ Զգալի տեղ էր գրավում նաև Կարսի տնտեսական կյանքում գյուղատնտեսությունը` դաշտավարությունն ու անասնապահությունը։ Կարսը ներկայումս էլ շատ թե քիչ հայտնի է ավանդույթով եկած արդյունաբերության ճյուղերով` գորգերի ու կոշտ գործվածքների ձեռնարկություններով և կաթի, յուղի, պանրի գործարաններով, որոնք վերակենդանացել են առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով անկման դուռը հասնելուց հետո[5]։

Կարսում ծնված նշանավոր հայեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ են ծնվել՝

  • Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը (1897 թվական),
  • ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ Խաչատուր Եսայանը (1909 թվական),
  • ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ, ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անգամ Հովհաննես Զարդարյանը (1918 թվական),
  • Կենսաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ Էդուարդ Դավթյանը (1903 թվական),
  • Իրանահայ գրող Լևոն Բզնունին (1901թվական) և ուրիշներ[5]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարսի քույր քաղաքներն են.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.nufusune.com/merkez-ilce-nufusu-kars
  2. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ. Vol. 5. Երևան: Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա. 1979. էջեր 342–345.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները | Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 3-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Հակոբյան, Թ. (1987). Պատմական Հայաստանի քաղաքները. Երևան: Հայաստան. էջեր 166–174.
  6. Մանանդյան, Հակոբ (1960). Քննական Տեսություն Հայ Ժողովրդի Պատմության. Երևան: Հայպետհրատ. էջեր 356–358.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 342