Հովհաննես Թումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Թումանյան (այլ կիրառումներ)
Picto infobox auteur.png
Հովհաննես Թումանյան
Հովհաննես Թումանյան.jpg
Ծնվել է փետրվարի 19, 1869({{padleft:1869|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:19|2|0}})[1]
Ծննդավայր Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն, Թիֆլիսի նահանգ, Լոռի, Դսեղ
Վախճանվել է մարտի 23, 1923({{padleft:1923|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:23|2|0}})[2][1] (54 տարեկանում)
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտություն բանաստեղծ, գրող, հասարակական գործիչ և արձակագիր
Լեզու հայերեն[3]
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Ռուսական կայսրություն
Կրթություն Թիֆլիսի Ներսիսյան դպրոց
Ստեղծագործական շրջան 1881-1923
Ժանրեր Բանաստեղծություն
Պոեմ
Հեքիաթ
Բալլադ
Գրական շարժումներ Ռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներ Անուշ, Թմկաբերդի առումը, Գիքորը, Փարվանա և Հ. Թումանյանի հեքիաթներ
Ամուսին Օլգա Թումանյան(Մաճկալյան)
Զավակներ 10
Tumanyan siganture.jpg
Հովհաննես Թումանյան Վիքիքաղվածքում
Հովհաննես Թումանյան Վիքիդարանում
Hovhannes Tumanyan Վիքիպահեստում

Հովհաննես Թադևոսի Թումանյան (փետրվարի 19, 1869[1], Դսեղ[4] - մարտի 23, 1923[2][1], Մոսկվա[2]), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ: Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ[5], կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղը:

Համարվում է ամենայն հայոց բանաստեղծ[6]:

Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա[6]: Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում, Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր[7]: Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բառացիկ պոետիկ ստեղծագործությունների միջոցով: Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր: Եվս երկու՝ Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա:

Տոհմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանի ծնողները

Հովհաննես Թումանյանի հայրը՝ Ասլանը (1839-1898), գյուղի քահանան էր՝ ձեռնադրված որպես Տեր-Թադևոս: Նա պատկանում էր ազնվական Թումանյան տոհմին, որ սերում էր Տարոնից 10-11-րդ դարերում Լոռի գաղթած Մամիկոնյաններից: Մայրը՝ Սոնան (1842-1936) ծագում էր Քոչարյանների տոհմից և նույնպես դսեղցի էր: Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին՝ նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում, համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով: Թումանյանն ութ երեխաներից ամենաավագն էր. մյուս երեխաներն էին՝ Ռոստոմ (1871-1915), Օսան (1874-1926), Իսկուհի (1878-1943), Վահան (1881-1937), Աստղիկ (1885-1953), Արշավիր (1888-1921), Արտաշես (1892-1916)[8]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանը

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում[5]:

1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում: 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում[9]: 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թ. կիսատ թողնելով ուսումը, աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.): 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվելով գրական և հասարակական գործունեությամբ:

1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ: Որոշ ընդմիջումներով խմբակը գոյատևել է մինչև 1908 թ.[5]:

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ: Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ:

1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ: Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահում է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922):

Թումանյանը կնոջ հետ:

1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնում է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով: Մի քանի ամիս մնալով այնտեղ նա վերադառնում է հիվանդացած: 1922 թվականին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգացնել է տալիս: Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է[10]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանների ընտանիքը:

1888 թվականին, տասնինը տարեկան հասակում, Թումանյանն ամուսնանում է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ[11]: Նրանք ունեցան 10 երեխա՝ Մուշեղ (1889-1938), Աշխեն (1891-1968), Նվարդ (1892-1957), Արտավազդ (1894-1918), Համլիկ (1896-1937), Անուշ (1898-1927), Արփենիկ (1899-1981), Արեգ (1900-1939), Սեդա (1905-1988), Թամար (1907-1989)[12]:

Քաղաքական և հանրային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ: 1905-1906 թվականներին հաշտարար դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է: 1918 թվականին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին[5]:

Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ Եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը: 1916 թվականին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին: 1914 թվականին Թումանյանը միանում է Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե-ին, որ հետագայում օգնեց մազապուրծ եղած հայ գաղթականներին Էջմիածնում հաստատվել[13]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնատան անդամները 1903 թ-ին՝ Ավետիք Իսահակյան, Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան (նստած) և Լևոն Շանթ, Դերենիկ Դեմիրճյան (կանգնած):

Թումանյանն իր առաջին պոեմը գրել է 12 տարեկանում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում: Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ: Նա սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից: Լայն ճանաչում է ձեռք բերել «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-1892) լույս տեսնելուց հետո:

Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ: Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական: Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները: Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ: Իրական կյանքի պատկերն ու սոցիալական անարդարության դեմ խտացված բողոքն են արտահայտված «Գութանի երգը», «Խրճիթում» և այլ բանաստեղծություններում: «Հին օրհնություն» բանաստեղծությունը հայ ժողովրդի վշտի, ձգտումների ու երազանքների խտացումն է: «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ, խոսելով հայ ժողովրդի դարավոր պատմության, մաքառումների և տանջալից ուղու մասին, հավատով է պատկերել հայրենիքի անպարտելի ու ստեղծագործ ոգին.

Aquote1.png

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին
Երկնքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:

Aquote2.png


«Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը Թումանյանը գրել է Մեծ Եղեռնի օրերին. նրա յուրաքանչյուր տունը մեր պատմության ու գոյափիլիսոփայության յուրօրինակ խտացում է: Առաջին 2 քառատողերում «Զարկված ու զրկված, ողբի ու որբի հայրենիքի» պատկերներն են, իսկ երրորդը և չորրորդն ավարտվում են «Լույսի և հույսի, նոր ու հզոր հայրենիք» արտահայտություններով:

Թիֆլիսի տունը, որտեղ ապրել է Հովհաննես Թումանյանը:

Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուրներ համարել է բանահյուսությունը՝ լեգենդները, առակներն ու ավանդությունները, հեքիաթները («Աղավնու վանքը», «Չարի վերջը», «Գառնիկ ախպերը», «Մի կաթիլ մեղրը» և այլն): Այս սկզբունքով են ստեղծված նաև «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները:

«Հառաչանք» (անավարտ), «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղն իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով: «Անուշ» պոեմը հավերժական ու անմահ սիրո հուզիչ պատմություն է: Հերոսուհին՝ Անուշը, կորցնելով իր սերը, կորցնում է նաև հոգեկան հավասարակշռությունը, չի կարողանում այլևս ապրել «պաղ ու տխուր» աշխարհում և իրեն նետում է գետը՝ վիշտը խառնելով Դեբեդի ալիքներին: Պոեմում Թումանյանը քննադատել է գյուղի հնացած, քարացած սովորույթները և նեղմիտ պատվախնդրությունը:

Թումանյանը մշակել է 2 տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ («Տերն ու ծառան», «Ոսկու կարասը», «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին», «Քաջ Նազարը» և այլն), փոխադրել է այլ ժողովուրդների հեքիաթներ: Նա տիեզերքի, հավերժի, կեցության ու գոյաբանական խնդիրներ է քննել իր քառյակներում, որտեղ անձնական ապրումների ընդհանրացումներով հասել է համամարդկային արժեքների գնահատման.

Aquote1.png

Տիեզերքում աստվածային
մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին
անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել
մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար
արդեն խորթ է իմ հոգին:

Aquote2.png


Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները, որոնք մեծ մասամբ նվիրված են գյուղին, կենցաղին, բնությանը: «Գիքորում» քաղաքի բարքերին զոհ դարձած գյուղացի պատանու ողբերգական պատմությունն է: Պատմվածքում պատկերված են դարի նյութապաշտությունը և մարդու վեհ երազանքների փլուզումը:

Թումանյանը գրել է նաև մանկական բանաստեղծություններ, «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականները» լեգենդները, չափածո և արձակ այլ գործեր: Հզոր ներշնչանքով է գրված «Սասունցի Դավիթ» պոեմը, որտեղ Թումանյանը պատկերել է հայ ժողովրդի ազատաբաղձ ոգին:

Թումանյանը մասնակցել է «Լուսաբեր» դասագրքի և «Հայ գրողներ» քրեստոմատիայի ստեղծմանը: Իր հոդվածներում արծարծել է հասարակական կյանքի, գրականության, բանահյուսության, հայոց լեզվի ու բարբառների զարգացման հարցեր, գրել է ուսումնասիրություններ Նահապետ Քուչակի, Նաղաշ Հովնաթանի, Խաչատուր Աբովյանի և նրա «Վերք Հայաստանի» վեպի, Սայաթ-Նովայի, հայ հերոսական էպոսի պատմական արմատների մասին: Թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Ջորջ Բայրոնի, Միխայիլ Լերմոնտովի, Հենրի Լոնգֆելլոյի և ուրիշների գործերից: Թումանյանը ծավալել է նաև հասարակական և գրական լայն գործունեություն:

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանի շիրիմը Խոջիվանքում:

Թումանյանի ստեղծագործությունները ժողովրդականացել են, լույս են տեսել տարբեր նկարիչների պատկերազարդումներով, վերածվել երգերի: Նրա գործերի հիման վրա Արմեն Տիգրանյանը գրել է «Անուշ» (ըստ համանուն պոեմի), Ալեքսանդր Սպենդիարյանը՝ «Ալմաստ» (ըստ «Թմկաբերդի առումը» պոեմի) օպերաները, նկարահանվել են բազմաթիվ մուլտիպլիկացիոն («Ձախորդ Փանոսը», «Սուտլիկ որսկանը» և այլն) ու գեղարվեստական («Անուշ», «Գիքորը», «Տերն ու ծառան», «Չախ-Չախ թագավորը») ֆիլմեր:

Թումանյանի տուն-թանգարանը Դսեղում:

Թումանյանի բազմաթիվ երկեր թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, վրացերեն, տաջիկերեն, ուզբեկերեն, լիտվերեն, անգլերեն, պարսկերեն, իտալերեն, իսպաներեն, հունարեն, արաբերեն, ճապոներեն, շվեդերեն, չինարեն, ղազախերեն և այլ լեզուներով: 1980 թվականին սահմանվել է Հայաստանի գրողների միության Թումանյանի անվան ամենամյա մրցանակը: 1957 թվականին օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև՝ Թատերական հրապարակում, կանգնեցվել է նրա հուշարձանը: Հետևյալ վայրերը անվանվել են ի պատիվ Հովհաննես Թումանյանի[5]՝

Հայաստանում.
Հայաստանից դուրս.

Հայաստանում կա Թումանյանի երկու թանգարան՝ տուն-թանգարանը ծննդավայր Դսեղում, իսկ մյուսը Երևանում[5]: Երևանում Թումանյանի թանգարանը բացվել է 1953 թվականին[15]:

2011 թվականի աշնանը Հայաստանի կառավարությունը գնեց Թումանյանի թիֆլիսյան տունը: Այդ տան բանալիները ներկայումս պահվում են Հայաստանի Գրողների Միությունում: Նախատեսվում է Թումանյանի տունը վերածել թանգարանի:

ՀՀ 5-հազարանոց թղթադրամի վրա պատկերված է Թումանյանի դիմանկարը:

5,000 Armenian dram - 1999 (obverse).png 5,000 Armenian dram - 1999 (reverse).png

Հանրաճանաչ մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ ֆիլմերը Թումանյանի ստեղծագործությունների ադապտացիաներն են՝

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյան. «ԵՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...»[17]

Ֆիլմեր, որոնք նկարահանվել են հիմնվելով Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների վրա:[18]

  • Անուշ, Ի. Պերեստիանի; համր կինո (1930)
  • Գիքոր, Ա. Մարտիրոսյան; համր կինո (1934)
  • Տերն ու ծառան, Դ. Քեոսեյան; Հայֆիլմ (1962)
  • Ախթամար, Ե. Մարտիրոսյան; Հայֆիլմ (1969)
  • Աղքատի պատիվը, Բ. Հովհաննիսյան, Ա. Սամվելյան; Հայֆիլմ (1969)
  • Չախչախ թագավորը, Դ. Քեոսեյան; Հայֆիլմ (1969)
  • Սուտլիկ որսկանը. Արամայիս Սարգսյան; Հայֆիլմ (1969)
  • Սովի ժամանակից, Է. Մարտիրոսյան; Հայֆիլմ (1974)
  • Գիքոր. Ս. Իսրաելյան; Հայֆիլմ (1982)
  • Капля меда, Հենրիխ Մալյան; ռուսերեն; Հայֆիլմ (1982)

Մուլտֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմեր, որոնք նկարահանվել են Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա:[19]

Նամականիշներ և թղթադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովհաննես Թումանյանը երբեք ժամացույց չի կրել, չնայած որ իր ընտանիքի բոլոր անդամները ժամացույց ունեին:

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անուշավան Աբովյան, Լևոնի հեքիաթը, Թիֆլիս, տպ.՝ Ն. Աղայանի, 1916, 221 էջ:
  • Հովհաննես Այվազյան, Զորավար Անդրանիկ և Հովհաննես Թումանյան, Երևան, 2004:
  • Զավեն Ավետիսյան, Թումանյանի ստեղծագործական լաբարատորիան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1973, 211 էջ:
  • Նորայր Դաբաղյան, Հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը և Հովհաննես Թումանյանը, Երևան, Հայպետհրատ, 1954, 63 էջ:
  • Նվարդ Թումանյան, Թումանյանի մանկությունն ու պատանեկությունը, Երևան, Պետհրատ, 1938, 65 էջ:
  • Նվարդ Թումանյան, Հովհաննես Թումանյան (ծննդյան 70-ամյակի կապակցությամբ), Երևան, 1939, 159 էջ:
  • Նվարդ Թումանյան, Թումանյանը քննադատ, Երևան, Պետհրատ, 1939, 470 էջ:
  • Նվարդ Թումանյան, Հովհ. Թումանյան. մանկություն և պատանեկություն, Երևան, Հայպետհրատ, 1955, 152 էջ:
  • Նվարդ Թումանյան, Հովհաննես Թումանյանը և ռուս գրականությունը, Երևան, 1956, 149 էջ:
  • Նվարդ Թումանյան, Հուշեր և զրույցներ, Երևան, «Լույս», 1969, 335 էջ:
  • Նվարդ Թումանյան, Թումանյանի մանկությունը, Երևան, «Սովետական գրող», 1983, 84 էջ:
  • Արամ Ինճիկյան, Հովհաննես Թումանյան (կյանքի և ստեղծագործության պատմությունը. 1869-1899), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1969, 596 էջ:
  • Սարգիս Մանուկյան, Հովհ. Թումանյանի Անուշը (բանասիրական և գեղարվեստական վերլուծություն), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1931, 52 էջ:
  • Մկրտիչ Մկրյան, Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը, Երևան, «Սովետական գրող», 1981, 374 էջ:
  • Մնացական Նահապետյան, Հովհաննես Թումանյանը ժողովուրդների բարեկամության ու խաղաղության երգիչ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1954, 32 էջ:
  • Արսեն Տերտերյան, Հովհաննես Թումանյան: Հայրենի եզերքի քնարերգություն, Վաղարշապատ, 1911, 84 էջ:
  • Արսեն Տերտերյան, Հայոց նոր գրականության պատմություն: 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 3, Հ. Թումանյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1938, 94 էջ:
  • Արսեն Տերտերյան, Հայ հայրենասեր գրողներ (երկու դիմագիծ: 1. Հ. Թումանյանի հայրենասիրական պոեզիան: 2. Ղ. Աղայանը և ժողովրդական հերոսությունը), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1942, 140 էջ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Туманян Ованес Тадевосович, Туманян Ованес Тадевосович // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  3. http://data.bnf.fr/ark:/12148/cb10538809w Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  4. 4,0 4,1 http://www.poemhunter.com/poem/parvana/comments.asp
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Թումանյան Հովհաննես»։ Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II։ 2010։ Վերցված է հուլիսի 10, 2012 
  6. 6,0 6,1 Ջրբաշյան Ե.։ «Հովհաննես Թումանյանի կենսագրությունը»։ armenianhouse.org։ Վերցված է հուլիսի 11, 2012 
  7. Աճառյան, Հրաչյա (1909) (ֆրանսերեն) (PDF). Classification des dialectes arméniens [Հայկական բարբառների դասկարգումը]. Փարիզ: Librairie Honore Champion. էջ 72. http://scans.library.utoronto.ca/pdf/7/19/bibliothquedel173ecol/bibliothquedel173ecol.pdf։ Վերցված է հուլիսի 8, 2012. 
  8. «ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՀՄԸ»։ Հովհաննես Թումանյանի թանգարան։ Վերցված է հուլիսի 10, 2012 
  9. «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ»։ Հովհաննես Թումանյանի թանգարան։ Վերցված է հուլիսի 11, 2012 
  10. (ռուս.) «Հովհաննես Թումանյան»։ РКНК։ Վերցված է հուլիսի 11, 2012 
  11. «Ամուսնությունը»։ Հովհաննես Թումանյանի թանգարան։ Վերցված է հուլիսի 11, 2012 
  12. «Զավակները»։ Հովհաննես Թումանյանի թանգարան։ Վերցված է հուլիսի 11, 2012 
  13. «ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՒ ՈՐԲԱԽՆԱՄ ԳՈՐԾԸ»։ ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՒ ՈՐԲԱԽՆԱՄ ԳՈՐԾԸ։ Վերցված է հուլիսի 15, 2012 
  14. Կիեսլինգ, Վերահայտնագործելով Հայաստանը, էջ. 67
  15. «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»։ Վերցված է հուլիսի 10, 2012 
  16. 16,0 16,1 (ռուս.) «Թումանյան»։ Большая советская энциклопедия։ 1977։ Վերցված է հուլիսի 11, 2012 
  17. https://www.youtube.com/watch?v=1cZA_Q1hU4E
  18. «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԻՆՈՅՈՒՄ»։ Հովհաննես Թումանյանի թանգարան։ Վերցված է հուլիսի 12, 2012 
  19. «ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐՈՒՄ»։ Հովհաննես Թումանյանի թանգարան։ Վերցված է հուլիսի 12, 2012 
  20. «Սուտլիկ որսկանը»։ Armenian Association of Film Critics and Cinema Journalists։ Վերցված է հուլիսի 12, 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png