Թմկաբերդի առումը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թմկաբերդի առումը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրnarrative poetry?
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1902
Հրատարակվել է1905
ՎիքիդարանԹմկաբերդի առումը
ՎիքիքաղվածքԹմկաբերդի առումը
Հովհաննես Թումանյան

Թմկաբերդի առումը, Հովհաննես Թումանյանի պոեմներից։ Ստեղծագործության մեջ հոլովված տեղանունները և անձնանուններն են՝

  • Թմուկ բերդ միջնադարյան ամրոց Ջավախքում, Քուռ գետի ձախ ափին։ 12-13-րդ դարերում եղել է Ջավախքի Զաքարյանների նստավայրը։ Բերդի ավերակները պահպանվել են մինչև մեր օրերը և լավ երևում են գետի հակառակ ափին գտնվող բարձրադիր Գյումուրդա գյուղից։
  • Նադիր շահը եղել է Իրանի շահ (1736-1747 թթ.)։ Հայտնի է եղել իր դաժանությամբ ու նենգությամբ։ Բազմաթիվ արշավանքներ է կատարել դեպի հարևան երկրները։
  • Ջավախք Հնագույն հայկական տեղամաս։ Եղել է Մեծ Հայքի հյուսիսային գավառներից մեկը։
  • Աբուլ Ջավախքի ամենաբարձր կետը
  • Ֆիրդուս 10-11-րդ դարի պարսիկ մեծ բանաստեղծ
  • Կախեթ Արևելյան Վրաստանի շրջան։ Հռչակված է եղել իր գինիներով։
  • Թաթուլ իշխան Պայմանական գրական հերոս է, հորինված Թումանյանի կողմից

Պոեմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թմկաբերդ (Ջավախք)

«Թմկաբերդի առումը» պոեմը Թումանյանը գրել է 1902 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է «Մուրճ» ամսագրում 1905 թվականին։ Այնուհետև հեղինակի կենդանության ժամանակ պոեմը տպագրվել է վեց անգամ։ Պոեմի նյութը Հովհաննես Թումանյանը վերցրել է ժողովրդական բանահյուսությունից։ Այն «Թմկաբերդի առումը» վերնագրով գրի է առել Երվանդ Լալայանն իր «Ջավախքի բուրմունքը» բանաստեղծական նյութերի ժողովածուի մեջ։ Թումանյանը ձգտել է պոեմին որքան հնարավոր է պատմական իրադարձության բնույթ հաղորդել և փիլիսոփայական ընդհանրացումներ կատարել։ Պոեմում Թումանյանը վառ է պահում մարդու կոչման, լավ ու բարի գործ կատարելու գաղափարը և դրան հակադրում չար և վատը։ Թումանյանին հետաքրքրել է կանանց մատնությամբ ամրոցներ գրավելու մոտիվները, և նա, այս հիմնական սբաղմունքներից բացի, ուսումնասիրել է նաև համանման այլ ավանդազրույցներ։ Հովհաննես Թումանյանը պոեմը գրելուց առաջ՝ 1901-ին, այցելում է Թմկաբերդ, բերդի ավերակները դիտել է դիմացի Գյումուրդա գյուղից և իրական ազդակներից ստացած տպավորություններով հարստացրել իր ներշնչանքը։

«Թմկաբերդի առումը» Հ․ Թումանյանի երկրորդ գլուխգործոցն է «Անուշից» հետո։ Այն էպիկական պոեմ է, ուր իշխում է մարդու գործի անմահության խորհուրդը։

«Թմկաբերդում պատմեցին ինձ, թե մի ժամանակ Թմկաբերդում իշխում էր մի հայ իշխան։ Պարսից թագավորը եկել, երկար պաշարել է այս բերդը, սակայն չի կարողացել գրավել։ Իշխանի կինը սիրահարվել է պարսից շահին և ծածուկ առել նրա հաճությունը իր հետ ամուսնանալու, թե ինքը սպանե իր ամուսնուն և բերդը հանձնե շահին։ Շահն այսպիսով տիրել է բերդին և հարցրել է մատնիչ իշխանուհուն ․«Ես եմ գեղեցի՞կ, թե՞ ամուսինդ»։ Եվ երբ սա պատասխանել է, թե՝ ամուսինս գեղեցիկ էր, շահը հրամայել է կապել նրան ձիու պոչից և քաշ տալ մինչև մեռնելը՝ ասելով․ «Եթե ամուսինդ շահից գեղեցիկ էր, ինչու՞ սպանեցիր»։»։

Թումանյանը ձգտել է որքան հնարավոր է պատմական իրադարձության բնույթ հաղորդել պոեմին և փիլիսոփայական ընդհանրացումներ կատարել։ Պոեմում արծարծվում է դրական մարդու հարցը։ Թումանյանին միշտ էլ հուզել է մարդու հարցը, մանավանդ քառյակներում ու «Հազարան բլբուլ» անավարտ պոեմում։ Թումանյանը փառաբանում է մարդու լավ գործը, որը անմահության հասնելու միակ գրավականն է։ Խոսքը դարեդար խոսվող գործի մասին է։

Թմկաբերդի առման լեգենդը, որը պատմում է աշուղը, մարդկայնորեն լավի, վեհի փառաբանումն է։ Թումանյանը պոեմում ոչ մի լեգենդար կամ հրաշապատում տարր չի մտցրել, աշխատել է, որքան հնարավոր է պատմական իրադարձության բնույթ տալ։

Նադիր շահը, չկարողանալով գրավել Թմուկ բերդ, որոշում է նվաճել բերդի չքնաղ տիրուհու սիրտը։ Տիրուհին անանուն է․ ինչպես «Փարվանա» բալլադի հերոսուհին․ դա իմաստուն գեղարվեստական քայլ է, կանացի կերպարների բնավորության ընդհանրացման խորագույն արտահայտություն։ Թմկա տիրուհին պոեմի գլխավոր հերոսուհին է, նրա գործունեության հետ է կապված պոեմի գործողության ընթացքն ու վախճանը։ Իսկ ո՞վ է կինը։ Հերոսին անսահման ուժ և կարողություններ ներշնչող, բայց և միաժամանակ նրան խորտակող ՝ ինչպես ասել է Ֆարսի անմահ բլբուլ Ֆիրդուսին

Ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին,

Թե չըլինին կինն ու գինին։

Եվ ահա, Նադիր շահը, ճանաչելով կնոջը, նրա փառասիրական նկրտումները, իր «թովիչ երգչին » ուղարկում է Թմկաբերդ։ Վերջինս հաջողությամբ կատարում է տիրոջ պատվերը՝ գրգռելով կնոջ փառասիրությունը։ Բայց երկար ժամանակ պետք չէր, որպեսզի երևար դավաճանական քայլի ողբերգական հետևանքը․ սերն ավելի զորեղ և հավերժական զգացմունք է, քան վախճանական փառասիրությունը։

Շահի և Թմկա տիրուհու հանդիպման դրվագը պոեմի բուն էությունն է մարմնավորում։ Կատարված դեպքի անմիջական տպավորության տակ «շահի մտքովն անցնում է աշխարհքի բանը», և այդ դաժան բռնակալի մեջ խոսում է մարդը։ Ուրեմն աշխարհում չկա հաստատ ոչ մի բան․ անցողիկ է ամեն ինչ․

-Պատասխան տուր ինձ, մատնիչ սևաչյա,

Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն․․․

Շահի թունալից ծաղրով լեցուն հարցին հետևում է Թմկա տիրուհու հեգնանքով ու ատելությամբ լեցուն պատասխանը․

- Քաջ էր ու սիրուն քեզնից առավել ․

Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա․

Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,

Չէր եղել կյանքում երբեք խաբեբա․․․

Հերոսների հոգեվիճակների կտրուկ շրջադարձները հանճարեղորեն պատճառաբանված են։

Կյանքը վաղանցուկ է, ուրեմն ինչու վատ գործ կատարել և սերունդների անեծքին արժանանալ, պետք է հիշվել լավ գործով, լավն է մարդկայինը ու մարդուն դեպի անմահություն տանողը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Թմկաբերդի առումը