Եդեմական ծաղիկը
Եդեմական ծաղիկը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Վիքիդարան | Եդեմական ծաղիկը |
Եդեմական ծաղիկը, Հովհաննես Թումանյանի հեքիաթը:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեքիաթը պատմում է հարուստ վաճառականի մասին, ով մի բարի ու գեղեցիկ աղջիկ է ունենում, անունը` Ծաղիկ[1]: Մի օր վաճառականը տեղ գնալիս է լինում, աղջկան հարցնում է, թե ինչ բերի նրա համար, նա էլ ասում է, որ հորից միայն մի բան է ուզում` եդեմական ծաղիկը, հայրն էլ խոստանում է, որ կբերի: Հայրը աշխարհից աշխարհ է ընկնում, իր առևտուրը անում, հետո գնում է, որ եդեմական ծաղիկը գտնի, ումից հարցնում է, ոչ ոք չգիտի, թե որտեղ է այդ ծաղիկը աճում: Վերջապես մի ծերունու է գտնում, ով նրան ցույց է տալիս, թե որտեղ է աճում եդեմական ծաղիկը, նա էլ ծերունու ցույց տված ճանապարհով գնում, և եդեմական ծաղիկը գտնում է: Ծաղիկը պոկում է, և այդ պահին հայտնվում է Սպիտակ դևն ու նրան ասում, որ վաճառականը հենց այդ պահին կմեռնի, վաճառակականն էլ խոնարհվում է հրեշի առաջ, ներողություն խնդրում, և ասում, որ այդ ծաղիկը իր աղջիկն էր ուզել, այդ պատճառով էլ նա պոկել էր ծաղիկը: Հրեշը նրան ներում է, բայց մի պայման է նրա առաջ դնում, որ հենց վաճառականի տան դիմացի սարը սպիտակի, վաճառականը պետք է իր աղջկան տա հրեշին, վաճառականն էլ համաձայնվում, ու տուն է վերադառնում: Տան դիմաց աղջիկը վաճառականին դիմավորում է, վաճառականը նրան է տալիս ծաղիկը, բայց ոչինչ իր հետ պատահածից չի պատմում: Մի քանի օր է անցնում, վաճառականը դուրս է գալիս տեսնում դիմացի սարը սպիտակել է, ներս է մտնում, ու սկսում լաց լինել: Պատճառը հարցնում են, չի կարողանում թաքցնել, ամեն ինչ պատմում է, Ծաղիկն էլ նրան հանգստացնում է, ասում, որ ինքը կգնա դևի հետ: Սպիտակ դևը գալիս է, որ աղջկան տանի, կանգնում է դռան դիմաց, և սկսում մռնչալ: Մռնչում է, ու նրա սառը շնչից ամբողջ աշխարհը դողում է: Աղջիկը զուգված, զարդարված եդեմական ծաղիկը ձեռքին դուրս է գալիս տնից, և անմիջապես դևը չարախինդ ոռնոցով հափշտակում է աղջկան, տանում Մասիսի մեծ վիհը, որտեղ միշտ մռայլ ու սառն աշխարհում դևի ապարանքն էր: Նա միշտ ապարանքից իջնում է ու սարսափ տարածում ամբողջ աշխարհում, և մի անգամ, երբ նա հեռանում է ապարանքից, աղջիկը փախչում է: Դևը գալիս է, տեսնում, աղջիկը փախել է, բարկացած ընկնում է նրա հետևից, գնում, հասնում է նրան: Աղջիկը արդեն հասած է լինում Արագածի փեշերին, և երբ տեսնում է, որ դևը հասնում է իրեն, սարսափից ճչում ու օգնություն է կանչում: Այդ պահին մի դուռ է նրա դիմաց բացվում, ու նա մտնում է սարի մեջ: Աղջիկը երբ մտնում է սարի մեջ, նրա առաջ մի դրախտային այգի է բացվում, և այնտեղ երգ է լսվում մի արքայի մասին, ով ո՛չ քնած է, ո՛չ մեռած, ու միայն կարթնանա, երբ մեկը կարտասվի և համբույր կտա նրան: Աղջիկը մի պալատ է գտնում, մեջը մի երիտասարդ է լինում, ո՛չ քնած է լինում, ո՛չ մեռած: Աղջիկը նրան տեսնելուն պես արտասվում է, կռանում ու համբուրում: Արցունքները ընկնում են երիտասարդի դեմքին, և երիտասարդը միանգամից կանգնում ու աղջկան հարցնում է, թե ո՞վ է նա, նա էլ ամեն ինչ պատմում է: Սպիտակ դևը դեռ սպասում էր, որ աղջկան բռնի, բայց տղան դուրս է գալիս ու սկսում նրա հետ կռվել: Տղան հաղթում է, իսկ դևը փախչում է իր ապարանք ու թաքնվում: Արաքսի հովտում աստվածային հանդես է բացվում, իսկ երիտասարդը պսակվում է աղջկա հետ:
Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վաճառական
- Աղջիկ
- Սպիտակ դև
- Երիտասարդ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հովհաննես Թումանյան, Հեքիաթներ, թարգմանություններ, Երևան, 2013, էջ 17
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|