«Անուշ», հայ գրող Հովհաննես Թումանյանի լիրիկական-էպիկական պոեմը։ Այն ունի երկու հիմնական տարբերակ։ Դրանցից սկզբնականը գրված է 1890 թվականին և առաջին անգամ տպագրվել է հեղինակի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուում (1892 թ., Մոսկվա)։ Իսկ մյուս տարբերակը առաջինի վերամշակումն է՝ գրված 1901-1902 թթ. և հրատարակված հեղինակի բանաստեղծությունների ու պոեմների 1903 թվականի ժողովածուում։ Երկու դեպքում էլ պոեմի նյութն Անուշի և Սարոյի սիրո դժբախտ պատմությունն է։
«Անուշ»-ի նյութը վերցված է իրական կյանքից։ Պոեմում հիմնական առանցքային նյութն Անուշի և հովիվ Սարոյի փոխադարձ նվիրական սերն է։ Բայց սիրահար զույգի երջանկությունն անակնկալ խափանվում է հարսանիքի ժամանակ, երբ Սարոն, Անուշի եղբոր՝ Մոսիի հետ կոխի բռնված, խախտում է «հնոց ադաթը» և տապալում է ընկերոջը։ Այդ ադաթի խախտմանը հետևում է իգիթ ընկերների «անհաշտ թշնամությունը»։ Ողջ գյուղի առաջ ամոթահար եղած, խորապես վիրավորված Մոսին հետապնդում ու վրեժ է լուծում Սարոյից՝ սպանելով նրան։ Իսկ Անուշը, որի «չար բախտը», ժողովրդի հավատալիքների համաձայն, կանխորոշված էր արդեն «համբարձման տոնի» վիճակահանությամբ, արտաքսվում է հոր տնից և խելագարվում տանջանքներից ու վշտից։