Արմենուհի Տիգրանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արմենուհի Տիգրանյան-Ահարոնյան
Արմենուհի Տիգրանյան.jpeg
Ծնվել է1888(1888)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ
Վախճանվել էդեկտեմբերի 9, 1962
Վախճանի վայրԱՄՆ
Գրական անունՄենուհի
Մասնագիտությունբանաստեղծուհի,հասարակական գործիչ
Ազգությունհայ
ԿրթությունԹիֆլիսի օրիորդաց գիմնազիա
Ուշագրավ աշխատանքներ«Բեշտաուն» լեգենդ
ԱմուսինՎարդգես Ահարոնյան
ԱզգականներԱրմեն Տիգրանյան՝ եղբայր, Ավետիս Ահարոնյան՝ ամուսնու հայր

Արմենուհի Տիգրանյան-Ահարոնյան, (գրական ծածկանունը՝ Մենուհի) 1888, Ալեքսանդրապոլ-դեկտեմբերի 9, 1962, ԱՄՆ, բանաստեղծուհի, գրաքննադատ, հրապարակախոս, Վարդգես Ահարոնյանի կինը, Արմեն Տիգրանյանի քույրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենուհի Տիգրանի Տիգրանյանը ծնվել է 1888 թվականին, սովորել է Ալեքսանդրապոլում՝ աղջիկների ռուսական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Թիֆլիսի օրիորդաց գիմնազիայում:

Վաղ տարիքից գրել է բանաստեղծություններ։ 1905 թվականից նրա բանաստեղծությունները հրապարակվել են տարբեր պարբերականներում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Հայ օրիորդաց միության նախագահը: 1914 թվականին Թիֆլիսում Մենուհի գրական կեղծանվամբ լույս են տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն և «Բեշտաուն» լեգենդը։ 1917 թվականին ամուսնացել է Վարդգես Ահարոնյանի հետ։

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց որոշ ժամանակ անց մեկնել է Փարիզ, որտեղ գտնվում էր Ահարոնյանների ընտանիքը։ 1923 թվականին ամուսնու հետ մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ շարունակել է զբաղվել գրական գործունեությամբ։ Նրա աշխատությունների մեծ մասը հրապարակվել է ԱՄՆ-ում լույս տեսնող գրական-գեղարվեստական Հայրենիք օրաթերթում։ Գրականությունից բացի Արմենուհի Տիգրանյանը զբաղվել է նաև հասարակական աշխատանքով․ մոտ երեսուն տարի շարունակ նա հայոց լեզու և գրականություն է տարածել ամերիկահայ նոր սերդի շրջանում, եղել է ուսուցչուհի Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Լոնգ Այլենդի հայկական դպրոցներում[1]։ Ամուսնու հետ միասին կազմել է հայոց լեզվի «Հրազդան» դասագրքերը՝ չորս տարիների դասընթացով, դասագրքերն ունեցել են մի քանի հրատարակություն[2][3][4]։

Արմենուհի Ահարոնյանի հասարակական գործունեության դաշտերից մեկն էլ եղել է Կարմիր Խաչ-Հայ օգնության միությունը, որին իր նպաստն է բերել ոչ միայն իբրև Նյու Յորքի Վաշինգտոն-Հայցի մասնաճյուղի անդամ, այլ հաճախ նաև որպես ՀՕՄ կենտրոնական վարչության անդամ, երբեմն նաև՝ ատենապետուհի։

Ըստ գրականագետների, Եղիշե Չարենցը մտերիմ հարաբերություններ է ունեցել Արմենուհու հետ։ Արմենուհի Տիգրանյանին է նվիրված «Էմալե պրոֆիլը Ձեր» խորագրով բանաստեղծությունների շարքը, որը Չարենցը գրել է 1920 թվականին և առաջին անգամ տպագրվել է Չարենցի երկերի ժողովածուի 1-ին հատորում[5]։

Արմենուհի Տիգրանյանը մահացել է 1962 թվականին՝ երկարատև և ծանր հիվանդությունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայրենիք օրաթերթ, 1963, հունվարի 10
  2. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Ահարոնեան, Արմենուհի»։ www.bibliotheque-eglise-armenienne.fr։ Վերցված է 2019-11-23 
  3. Ահարոնեան Վարդգէս, Ահարոնեան Արմենուհի (1935)։ Հրազդան: երկրորդ տարի (հայերեն)։ Հրազդան հրատարակչական ընկերութիւն 
  4. Ահարոնյան Վարդգես Ավետիսի, Ահարոնեան Արմենուհի, eds. (1952)։ Հրազդան (2-րդ հրատ ed.)։ Բոստըն: Հայրենիք 
  5. Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին, էջ 175

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]