Ավետիս Ահարոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավետիս Ահարոնյան 1866 թ., գ. Իգդիր Մավա, Սուրմալուի գավառ 1948 թ., Փարիզ (թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը)

Հասարակական–քաղաքական գործիչ, գրող Ավետիս Ահարոնյանը մեծ ջանքեր է գործադրել Հայկական հարցի հետամտման, Հայաստանի առաջին հանրապետության կայացման համար։ Նրա գրական ստեղծագործությունները XIX դարի վերջի և XX դարի սկզբի հայ հեղափոխական սերնդի ներշնչման ու պայքարի աղբյուր էին։

Ավետիս Ահարոնյանը 1886 թ-ին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1901 թ-ին՝ Լոզանի համալսարանը և Սորբոնի համալսարանի գրականության դասընթացները։ Դեռևս ուսանելու տարիներին ծավալել է հայանպաստ գործունեություն. Հայկական հարցը ներկայացրել է եվրոպական գործիչներին։ 1907 թ-ին Հաագայի խաղաղության խորհրդաժողովում, լինելով Հայկական պատվիրակության անդամ, հանդես է եկել Հայկական հարցի լուծման խնդրագրով։ Անդամակցել է ՀՀԴ կուսակցությանը։ Աշխատակցել է «Մուրճ» ամսագրին, «Հառաջ» և «Ալիք» թերթերին։ Եղել է ուսուցիչ, 1907–09 թթ-ին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տնօրեն։ 1917 թ-ին ընտրվել է Հայոց ազգային խորհըրդի նախագահ, 1919 թ-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության (1918– 1920 թթ.) խորհրդարանի անդամ, ապա՝ նախագահ։ 1919–20 թթ-ին Փարիզի հաշտության խորհրդաժողովում ղեկավարել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը։ 1920 թ-ին ստորագրել է Սևրի հաշտության պայմանագիրը, մասնակցել Լոնդոնի (1921 թ.) և Լոզանի (1922–23 թթ.) խորհրդաժողովներին։ Հայ դատին վերաբերող իր խորհրդածություններն ամփոփել է «Սարդարապատից մինչև Սևր և Լոզան» (1943 թ.) գրքում։ 1894 թ-ին «Մշակում» լույս է տեսել Ահարոնյանի «Լուրեր սահմանի այն կողմից» խորագրով հոդվածաշարը, որը նվիրված էր արևմտահայության կյանքին։ Այնուհետև հրատարակվել են արևմտահայ գաղթականներին, ազգային-ազատագրական շարժմանը նվիրված նրա պատմվածքները («Խայ», «Ռաշիդ», «Խավարես, լուսի'ն», «Զարթի'ր, Աստվա'ծ», «Պատիվ», «Էլ մի աղոթիր», «Ջավո», «Արյունոտ թթխմոր» և այլն), որոնք ներառված են «Պատկերներ» (1899 թ.) և «Ազատության ճանապարհին» (1908 թ.) ժողովածուներում։ 1923 թ-ից Բոստոնի «Հայրենիք» ամսագրում և առանձին հատորներով լույս են տեսել Ահարոնյանի պատմվածքները, վիպակները, վեպերը, գրական, քաղաքական ուսումնասիրությունները։ 1934 թ-ի փետրվարին Մարսելում ելույթի պահին նա կաթվածահար է եղել և այլևս չի ստեղծագործել։ Ահարոնյանի մի շարք գործերում նկատելի է խորհրդապաշտության ազդեցությունը («Արցունքի հովիտը», 1907 թ., «Լռություն», 1904 թ., «Սև թռչուն», 1910 թ.)։ Ահարոնյանը գրել է նաև «Քրիստափոր Միքայելյան» (1926 թ.), «Իմ գիրքը» (1927–31 թթ.) երկերը, «Իտալիայում» (1903 թ.), «Շվեյցարական գյուղը» (1913 թ.) ուղեգրությունները և այլ գործեր։ «Աշխարհի մեջ չկա մի ուրիշ ժողովուրդ, որ այնքա՜ն ուժգին, այնքա՜ն մտերիմ կերպով կապված լինի իր հողին, որքան հայը։ Ես իմ ազգը չեմ համեմատում ոչ մեկ ազգի հետ, և հայը ոչ մեկ ուրիշ ազգի առջև գլխարկը հանելու պետք չունի»։ Ավետիս Ահարոնյան

Արտաքին հղումներ[խմբագրել]