Աշոտ Հովհաննիսյան (պատմաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աշոտ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Աշոտ Հովհաննիսյան
հայ․՝ Աշոտ Գարեգինի Հովհաննիսյան
Աշոտ Հովհաննիսյան.jpg
Ծնվել է հունիսի 17, 1887({{padleft:1887|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:17|2|0}})
Ծննդավայր Շուշի, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է հունիսի 30, 1972({{padleft:1972|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:30|2|0}}) (85 տարեկանում)
Մահվան վայր Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն Շուշիի ռեալական ուսումնարան և Ենայի համալսարան
Գիտական աստիճան պատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն պատմաբան, ակադեմիկոս, պետական գործիչ
Աշխատավայր Գևորգյան Հոգևոր Ճեմարան և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Աշոտ Գարեգինի Հովհաննիսյան (հունիսի 17, 1887({{padleft:1887|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:17|2|0}}), Շուշի, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 30, 1972({{padleft:1972|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:30|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ, դասախոս։ Նրա հիմնարար երկերից են Ֆրիկը պատմաքննական լույսի տակ գրքույկը, Նալբանդյանը և նրա ժամանակը և Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության երկհատոր աշխատությունները:

Ավարտել է Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիան համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետը՝ 1913 թ․ պաշտպանելով Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը դոկտորական ավարտաճառը:[2] Եղել է Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպության (ՍԴԲՀԿ) անդամ 1904-1906 թթ․,[3] Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ) անդամ 1906 թվականից։[4] Դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1914-1917 թթ․), Մոսկվայի արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտում (1918-1919 թթ․), Երևանի պետական համալսարանում (1921-1926 թթ․): Եղել է Խորհրդային Հայաստանի հիմնադիր գործիչներից․ լուսավորության ժողովրդական կոմիսար 1920-1921 թթ․, ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար 1922-1927 թթ․: Ստալինյան «Մեծ զտման» ժամանակ բռնադատվել է (1937 թ․), վերապրել աքսորը: Պատմական գիտությունների դոկտոր է 1956 թ․, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս 1960 թ․։[5]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Հովհաննիսյանը ծնվել է 1887 թվականի հունիսի 17-ին Շուշի քաղաքում, մահացել է 1972 թվականի հունիսի 30-ին Երևանում: Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրի ռեալական վարժարանում։ Ավարտել է Շուշիի ռեալական դպրոցը։ Նրա պատանեկության և վաղ երիտասարդական տարիներին Շուշին հասարակական-քաղաքական հակամարտ հոսանքների, գաղափարական իրարամերժ խմբավորումների մի ուրույն կենտրոն էր։ Աշոտ Հովհաննիսյանն անվերապահորեն կանգնում է սոցիալ-դեմոկրատական հոսանքի ուղղության վրա։ Վլադիսլավ Կասպարովի և իր դասընկերոջ՝ Հայկ Գյուլիքևխյանի հետ նա 1905 թվականին ղեկավարում է ռեալական դպրոցի աշակերտական դասադուլը և գրում հակացարական բովանդակություն ունեցող թռուցիկներ, որոնցում հայոց լեզվի դասավանդումն ուսումնարանում պարտադիր դարձնելու պահանջ է ներկայացնում։

Բարձրագույն կրթությունն ստացել է Գերմանիայում (սովորել է Ենայի, Հալլեի, Մյունխենի համալսարաններում), մասնագիտացել տնտեսագիտության և փիլիսոփայության բնագավառում։ Աշոտ Հովհաննիսյանը 1906 թվականի սեպտեմբերին մեկնում է Գերմանիա՝ ընդունվում Ենայի համալսարանի փիլիսոփայության բաժինը։ Ենայի համալսարանում ուսումնառության տարիներին նա ունկնդրել է ժամանակի նշանավոր գիտնականներ Ռուդոլֆ Էյկենին, Օտտո Լիբմանին, Էռնստ Հեկկելին և այլ հայտնի անհատականությունների։ Աշոտ Հովհաննիսյանը բուռն մասնակցություն է ունենում ուսանողական միությունների աշխատանքներին, 1906 թվականի վերջերին անդամակցում է ՌՍԴԲԿ արտասահմանյան կազմակերպությանը։ Գերմանիայի համալսարաններում ընդունված կարգի համաձայն՝ նա սովորում է ոչ թե մեկ, այլ մի քանի համալսարաններում։ Ենայից հետո Հովհաննիսյանը ուսումը շարունակում է Հալլեի համալսարանի տնտեսագիտության և Մյունխենի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետներում։ 1913 թվականին վերադարձել է Շուշի և դասավանդել հոգևոր ճեմարանում։ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի առաջարկությամբ նա 1914 թվականի սեպտեմբերին տեղափոխվում է Վաղարշապատ և նշանակվում Գևորգյան ճեմարանի քաղաքատնտեսության, լատիներենի, գերմաներենի և ընդհանուր պատմության առարկաների դասախոս։

1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո Գևորգյան ճեմարանը դադարեցնում է իր գործունեությունը. ուսուցիչներն ու սաները ցրվում են։ Աշոտ Հովհաննիսյանը նույն թվականի հուլիսին վերադառնում է Շուշի, որտեղ խմբագրում է «Նեցուկ» թերթը, որի համարներում տպագրված հրապարակախոսական հոդվածներում և խմբագրականներում պաշտպանում է սոցիալիստական հեղափոխություն իրագործելու ծրագիրը։ Ստեփան Շահումյանի հրավերով նա 1917 թվականի վերջերին տեղափոխվում է Բաքու,որտեղ գործուն մասնակցություն է ունենում Բաքվի խորհրդի, այնուհետև Բաքվի խորհրդային իշխանության (Կոմունա) աշխատանքներին։ Նշանավոր հեղափոխական Նադեժդա Կոլեսնիկովայի հետ գլխավորում է Բաքվի խորհրդի ժողովրդական կրթության բաժինը։ Նույն խորհրդում աշխատում է որպես կուլտուր-լուսավորական բաժնի վարիչ, խմբագրում է «Բանվորի խոսք» թերթը։ Բաքվի կոմունայի անկումից հետո (1918 թ., օգոստոսի 10) Աշոտ Հովհաննիսյանը որոշ ժամանակ հանգրվանում է Աստրախանում, որտեղ խմբագրում է «Կարմիր բանվոր» թերթը, քաղաքական աշխատանք կատարում «Իվան Կոլեսնիկով» շոգենավի կոլեկտիվում։ Այնուհետև տեղափոխվում է Մոսկվա: 1918-1919 թվականներին եղել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի պրոֆեսոր, միաժամանակ, Հայկական գործերի կոմիսարիատում՝ հրատարակչական բաժնի վարիչ։ 1920 թվականի գարնանը գործուղվում է Դոնի Ռոստով, որտեղ խմբագրում է «Բանվորի կռիվ» թերթը և քաղաքական աշխատանք կատարում հայ բնակչության շրջանում։ 1920 թվականին վերադառնում է Երևան և Բորիս Լեգրանի առաքելության կազմում մասնակցում Հայաստանի Հանրապետության (1918-1920) կառավարության հետ բանակցություններին։ Զբաղեցրել է ՀԽՍՀ առաջին լուսժողկոմի պաշտոնը։ Նա է ստորագրել հայոց լեզուն հանրապետությունում պետական ճանաչելու, անգրագիտությունը վերացնելու, պետական հրատարակչություն կազմակերպելու, կուլտուր-լուսավորական ինստիտուտի ստեղծման, Երևանի համալսարանի կազմակերպման, կուլտուր-պատմական ինստիտուտի ստեղծման, Երևանի հեղափոխական թանգարանի հիմնադրման և այլ դեկրետներ։ 1921-1927-ին եղել է ՀԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար։ 1921-1926 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում։ Հետագա տարիներին կատարել է գիտամանկավարժական աշխատանք (Մոսկվա, Երևան)։

1927 թվականի հուլիսին ազատվում է զբաղեցրած պաշտոնից և տեղափոխվում Լենինգրադ, որտեղ Մ. Սալտիկով-Շչեդրինի անվան գրադարանում մեկ տարի աշխատելուց հետո հրավիրվում է Մոսկվա։ 1928–1931 թվականներին աշխատում է Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի կաբինետի վարիչ, այնուհետև՝ 1931-1934 թվականներին ԽՍՀՄ Ազգությունների ինստիտուտի փոխտնօրեն, 1934–1935 թվականներին Նյութական մշակույթի պատմության պետական ակադեմիայի մոսկովյան բաժանմունքի տնօրեն և վերջում՝ 1935-1937 թվականներին, ԽՍՀՄ պատմության ինստիտուտի փոխտնօրեն։ 1937 թվականին անհիմն բռնադատվել է, 1943 թվականին՝ բանտից ազատվել, վերջնականապես արդարացվել է 1954 թվականին։ Նույն թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում, ղեկավարել նոր պատմության բաժինը։ Նա 1955 թվականից նորից պաշտպանում է դոկտորական ատենախոսություն, իսկ 1960 թվականին ընտրվում ԳԱ ակադեմիկոս։ Նրան գիտության վաստակավոր գործչի կոչում է շնորհվում 1961 թվականին։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Հովհաննիսյանը ներկայացնում է 1913 թվականին Մյունխենում հրատարակում է «Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը» աշխատությունը, որը պաշտպանում է որպես դոկտորական ատենախոսություն և ստանում փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։

Կենտկոմի առաջին քարտուղար աշխատած տարիներին իր խմբագրած գրական, գիտական և քաղաքական «Նորք» հանդեսում են տպագրվել նրա «Դաշնակցության իդեոլոգիայի ընթացիկ կուրսը», «Հայաստանի հեղափոխության հուլիսն ու հոկտեմբերը», «Նժդեհի բացատրությունը Լեռնահայաստանի անկման պատճառների մասին», «Դաշնակցությունը և պատերազմը», «Դաշնակցական Հայաստանի գործերից», «Դաշնակցության սոցիալական ծագումը», «Ամերիկահայ կոմունիստական շարժումը» և այլ ուսումնասիրություններ։ Հիմնական ուսումնասիրությունները նվիրված են հայ ազատագրական մտքի, հայ-ռուսական հարաբերությունների պատմությանը։ Նա հայագիտության պահեստապաշարը հարստացրեց «Ֆրիկը պատմաքննական լույսի տակ» (1955, «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության» (հ․ 1-2, 1957, 1959), «Նալբանդյանը և նրա ժամանակը» (հ․ 1-2, 1955, 1956)մենագրություններով։ Այդ աշխատություններում բացահայտելով հայ ազատագրական մտքի դեգերումները, նրա էությունը, նպատակներն ու դրսևորումները՝ հանգել է այն եզրակացության, որ հայ ժողովրդի պետական անկախության վերականգնման գաղափարն իշխող է եղել դարեր շարունակ՝ Արշակունիների կործանման ժամանակաշրջանից (V դ․) մինչև XIX դ․ 2-րդ կեսը։

1960-ական թթ․ վերջին հրատարակել է մի շարք հոդվածներ, որոնք «Ուրվագծեր XIX դ․ 2-րդ կեսի արևելահայ հասարակական հոսանքների և ազգային քաղաքական կուսակցությունների պատմություն» չհրապարակված աշխատության առանձին մասեր են։ Նրանցում քննարկված են հայ քաղ․ կուս-ների կազմավորման, նրանց գաղափարախոսության և գործելակերպի բարդ հարցերը։

Մասնակցել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի հրատարակած «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի ստեղծմանը, եղել նրա գլխավոր խմբագիրը և հեղինակը (հհ․ IV, V, VI)։ Կազմել և հրատարակել է (Վ․Հակոբյանի հետ) XVII դ․ հայ ձեռագրերի հիշատակարանները (հ․ 1, 2, 1974, 1977)։ Խմբագրել է «Հայ-ռուսական հարաբերությունները XVIII դ․ առաջին երեսնամյակին» փաստաթղթերի ժող․ (1964, ռուս․)։ ՀԽՍՀ պետ․ մրց․ (1985, հետմահու)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրիկը պատմաքննական լույսի տակ, Ե․, 1955։
  • Հուշեր և բնութագրումներ, Ե․, 1969։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշոտ Գարեգինի Հովհաննիսյան, Ե․, 1973 (Սովետական Հայաստանի ականավոր գիտնականները, № 14)։
  • Խուդավերդյան Կ․, Աշոտ Հովհաննիսյան (ծննդյան 100-ամյակի առթիվ), ՊԲՀ, 1987, № 3։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Иоаннисян Ашот Гарегинович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Հովհաննիսյան, Աշոտ (2016). Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը. Երևան: Հովհաննիսյան ինստիտուտ. ISBN 978-9939-1-0315-0. 
  3. Վարդան Ազատյան, ««Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղևն»․ Աշոտ Հովհաննիսյանի ավարտաճառը և նրա գործուն պատմագիտությունը», տե՛ս Աշոտ Հովհաննիսյան, Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը (Երևան: Հովհաննիսյան ինստիտուտ, 2016), էջ 580-581:
  4. Ազատյան, ««Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղևն»», էջ 616:
  5. «Աշոտ Գարեգինի Հովհաննիսյան, ՀՀ ԳԱԱ անդամների անհատական տվյալներ» 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նորայր Սարուխանյան, «Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի կյանքը և պատմագիտական ժառանգությունը» (Ծննդյան 125-ամյակի առթիվ) պատմաբանասիրական հանդես №1, 2012, էջ 271-278
  • Վարդան Ազատյան, ««Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղևն»․ Աշոտ Հովհաննիսյանի ավարտաճառը և նրա գործուն պատմագիտությունը», տե՛ս Աշոտ Հովհաննիսյան, Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը (Երևան: Հովհաննիսյան ինստիտուտ, 2016), էջ 567-709:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png