Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դեմոկրատական բանվորական կազմակերպություն, «ՍԴԲՀԿ», «Սպեցիֆիկներ», սոցիալ-ազգայնական կազմակերպություն։ Ձևավորվել է 1903 թվականի վերջին՝Ժնևում։ Այնուհետև իր գործունեությունը տեղափոխել է Կովկաս և գործել մինչև Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության ստեղծումը։ Կազմակերպության հիմնական կորիզը կազմել են նախկինում դաշնակցություն կուսակցությանը պատկանող մի խումբ գրականագետ մտավորականներ։ Իրենց գաղափարախոսության մեջ «սպեցիֆիկ» բառի հաճախակի օգտագործման համար անվանվել են «սպեցիֆիկներ»։ Կազմակերպության գաղափարախոսներն էին Ռ․ Իշխանյանը, Ալ․ Ռուբենին (հետո անցավ բոլշևիկների կողմը), Ղ․ և Ն․ Տեր-Ղազարյանները, Տ․ Իսախանյանը, Ե․ Պալյանը, Դ․ Կուզիկյանը (Եսալիմ), Դ․ Տեր-Դանիելյանը (Դավիթ Անանուն) և ուրիշներ։ «Սպեցիֆիկների» գլխավոր սկզբունքը բանվորներին ըստ ազգությունների բաժանելն էր։ Ըստ նրանց տեսության ամեն մի ազգություն ներկայացնում է յուրահատուկ («սպեցիֆիկ») միջավայր՝ տարբեր դասակարգային շերտավորումով։ Այդ պատճառով էլ հարկավոր է, որ յուրաքանչյուր ազգի բանվորների շրջանում գործի այդ ազգի ավտոնոմ բանվորական կազմակերպությունը։ «Սպեցիֆիկները» բունդականների նման պահանջում էին կուսակցության կառուցման ֆեդերատիվ սկզբունք և իրենց հայտարարում հայ պրոլետարիատի միակ ներկայացուցիչը։ Ազգային հարցում քարոզում էին կուլտուրազգային ավտոնոմիա։ Այդ ամենը տանում էր դեպի ազգային մեկուսացում, նացիոնալիզմի արմատավորում, պրոլետարական ինտերնացիոնալիզմի ժխտում, հեղափոխական շարժման կազմալուծում։ Բոլշևիկներն անողոք պայքար են մղել «սպեցիֆիկների» դեմ։ Դեռևս 1904 թվականին, երբ ՌՍԴՔԿ խորհրդում քննարկվում էր ազգային սոցիալ-դեմոկրատների միավորման հարցը և որոշվեց միջկուսակցական կոնֆերանս հրավիրել, Վ․ Ի․ Լենինը դեմ արտահայտվեց «սպեցիֆիկների» ներկայացուցիչների մասնակցությանն այդ կոնֆերանսին։ 1905 թվականի սեպտեմբերի 7-ին ՌՍԴՐԿ Կենտկոմի անդամներին ուղարկած նամակում Վ․ Ի․ Լենինը «սպեցիֆիկների» կազմակերպությունը որակել է որպես «մի զույգ ժնևյան կազմալուծիչների շայկա» և «բունդական կրեատուրա»։ Լենինի հայ զինակիցներ Բ․ Կնունյանցը, Ս․ Շահումյանը, Ս․ Սպանդարյանը, Ս․ Կասյանը և ուրիշներ մերկացրել են «սպեցիֆիկներին», որպես բուրժուազիայի գործակալների բանվորական շարժման մեջ, բացահայտել նրանց հայացքների ու գործելակերպի ողջ վնասակարությունը բանվորների և բոլոր աշխատավորների ազատագրման գործում։ Գրկ․ Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 11, էջ 423։ Նույն ի, Երկ․, հ․ 47, էջ 79—80։ Շահումյան աո․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 2, Ե․, 1976, էջ 373—426։ Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր, Ե․, 1967։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 28 CC-BY-SA-icon-80x15.png