Տնտեսագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտադրական հնարավորությունների կորի օրինակ՝ ցուցադրական կետերը նշված
Իրական ՀՆԱ-ի աճը 2014 թվականին ըստ երկրի, կարմիրով նշված երկրներում անկում է գրանցվել

Տնտեսագիտություն, հասարակական գիտություն, որի հետազոտության առարկան արտադրական հարաբերություններն են, աշխատանքի հասարակական կազմակերպման օրինաչափությունները, պատմական որոշակի արտադրաեղանակներում տնտեսագիտական օրենքների գործողությունը, հասարակական արտադրության կառավարման կիրառվող ձևերը, եղանակները և ձևերը։ Տնտեսագիտության տնտեսակարգն ուսումնասիրում է արտադրողական ուժերի զարգացման և վերնաշենքային հարաբերությունների փոխներգործության հետ դիալեկտիկական միասնության մեջ։ Խնդիրն է բացահայտել պատմական զարգացման գործընթացում հասարակության տնտեսակարգի օբյեկտիվ օրինաչափությունները և արտադրության եղանակների հաջորդափոխությունը, վիճակագրական մշակման ենթարկել և տեսականորեն համակարգել տնտեսական կյանքի երևույթները, գործնական հանձնարարականներ մշակել կենսական բարիքների արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման բնագավառներում։ Լինելով հասարակական գիտությունների մաս՝ տնտեսագիտությունը տեսականորեն արտահայտում է տարբեր դասակարգերի ու սոցիալական խմբերի նյութական շահերը, կատարում աշխարհայացքային և գաղափարական կարևոր դեր։

Քաղաքատնտեսության հետ համատեղ համարվում է հասարակական գիտությունների ողջ համակարգի հիմքը։

Տնտեսագիտության համակարգը ստեղծվել է պատմական երկարատև զարգացման պրոցեսում։ Սկզբում տնտեսագիտական երևույթներն ուսումնասիրվել են հին ժամանակների միասնական և չբաժանված գիտության շրջանակներում։ Հասարակության տնտեսակարգի մի շարք կողմերի վերլուծությունը սկսվել է դեռևս արտադրության ստրկատիրական և ավատատիրական եղանակների ժամանակ։ Տնտեսագիտության համակարգի ձևավորումը լայն թափ է ստացել կապիտալիստական հասարակարգում։ Բուրժուական դասական քաղաքատնտեսության ներկայացուցիչները (Ու․ Պետտի, Պ․ Բուագիլբեր, Ֆ․ Քենե, Ա․ Սմիթ, Դ. Ռիկարդո), հետազոտելով կապիտալիստական հասարակության տնտեսական կառուցվածքը, դրեցին տնտեսագիտության համակարգի հետագա զարգացման գիտական հիմքը։

Տնտեսագիտությունը զարգանում է գիտելիքների տարբերացման և ինտեգրացման ուղիով։ Դիտարկվող նյութի կուտակմանը զուգընթաց, գիտելիքների միասնական զանգվածից, որպես հատուկ առարկա, սահմանազատվում են վերլուծության առանձին կողմերը։ Այդպես ձևավորվեց ճյուղային տնտեսագիտության մի ամբողջ խումբ (արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի տնտեսություն և այլն)։ Գիտատեխնիկական առաջընթացը, խոշոր արդյունաբերության զարգացումը գիտությունների տարբերացման հետ մեկտեղ, նպաստեցին դրանց ինտեգրացմանը, փոխներթափանցմանն ու փոխհարստացմանը, տնտեսագիտության համալիրի գոյացմանը։ Հետազոտության օբյեկտի ընդգրկման ընդհանրության աստիճանից և պրակտիկայի նկատմամբ հարաբերության բնույթից ելնելով՝ տնտեսագիտությունը բաժանվում է ընդհանուրի և կոնկրետի։

Առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հասարակական վերարտադրության համակարգի քանակական փոխադարձ կապերը և վիճակագրական օրինաչափություններն ուսումնասիրող տնտեսական գիտությունները (էկոնոմետրիկա, հաշվապահական հաշվառում և այլն)։ Տնտեսագիտության վերլուծության հատուկ բաժին են մաթեմատիկական մեթոդները տնտեսագիտության մեջ։

Հետազոտությունների գործնական նշանակությամբ տնտեսագիտությունը բաժանվում է հիմնարարի և կիրառականի։ Հիմնարար տնտեսագիտությունը ուսումնասիրում է օբյեկտիվ տնտ․ օրենքները, բացահայտում տնտ․ մեխանիզմի գործունեության շարժիչ ուժերը, պայմաններն ու գործոնները, հիմնավորում տնտ․ ռեսուրսների արդյունավետ օգտագործման ռացիոնալ ուղիներն ու եղանակները։ Կիրառական տնտեսագիտության նպատակն է լուծել մասնակի և տեղական խնդիրներ, դնել տնտեսագիտության փորձ և կիրառել այն, մշակել տնտ․ կոնկրետ ծրագրեր, ինչպես նաև տնտ․ կարգավորման հետագա կատարելագործման միջոցառումներ։ Հիմնարար հետազոտությունները կիրառական տնտեսագիտության հիմքն են։

Հայաստանում տնտեսագիտության մասնագետներ պատրաստվող ամենախոշոր տնտեսագիտական բարձրագույն ուսումնական հաստատությունը համարվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, որը գործում է Երևանում և մասնաճյուղեր ունի Գյումրիում ու Եղեգնաձորում[փա՞ստ]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

P Economy.png
Վիքիպեդիայում կա պորտալ
Տնտեսագիտություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png