Կատարյալ մրցակցություն
Կատարյալ մրցակցության գաղափարն առաջին անգամ ամբողջական ձևով սահմանել է Ադամ Սմիթը։ Կախված այն բանից, թե ինչ ձևով են միմյանց հետ մրցում շուկայական հարաբերությունների մասնակիցները՝ տարբերում են կատարյալ և ոչ կատարյալ մրցակցության տիպերը և դրանց համապատասխանող շուկաների ձևերը՝ կատարյալ մրցակցային շուկա և ոչ կատարյալ մրցակցային շուկա։ Կատարյալ մրցակցային շուկան մի մեխանիզմ է, որտեղ առկա է ռեսուրսների օգտագործման առավելագույն արդյունավետություն։ Կատարյալ մրցակցության դեպքում իրարից անկախ գործում են բազմաթիվ գնորդներ և վաճառողներ՝ հավասար իրավունքներով ու հնարավորություններով։
Շուկայական մեխանիզմն ավելի արդյունավետ է գործում կատարյալ կամ ազատ մրցակցության պայմաններում։ Մրցակցության այս տեսակն իրենից ներկայացնում է շուկայի այնպիսի իրադրություն, երբ բազմաթիվ իրարից անկախ գործող արտադրողներ վաճառում են համասեռ կամ ստանդարտեցված ապրանքներ և նրանցից ոչ ոք չի կարող ազդել շուկայական գնի վրա։ Սա նշանակում է, որ բոլոր վաճառողները շուկայում առաջարկում են մոտավորապես նույն կամ փոխարինող ապրանքներ, և գնորդի համար նշանակություն չունի, թե որ վաճառողից նա ձեռք կբերի տվյալ ապրանքը, իսկ վաճառողի անիմաստ է դառնում ոչ գնային մրցակցություն վարելը։
Կատարյալ մրցակցության պայմաններն են՝
- բազմաթիվ արտադրողների, վաճառողների և սպառողների առկայությունը
- արտադրության համասեռության առկայությունը
- բարիքի գինը որոշվում է բազմաթիվ արտադրողների և սպառողների կողմից ներկայացված առաջարկի ու պահանջարկի հարաբերակցության միջոցով
- արտադրության գործոնների բացարձակ շարժունակության առկայություն, որը հնարավորություն է տալիս ազատորեն, առանց խողընդոտների մուտք գործելու տարբեր արտադրության ոլորտներ
- առկա է տեղեկատվության հավասարաչափ բաշխվածություն շուկայական տնտեսության սուբյեկտների միջև։
Կատարյալ մրցակցության վերը նշված պայմանները գրեթե հնարավոր չէ ապահովել։ Հետևապես, կատարյալ մրցակցային շուկան իրականում գոյություն չունի. դա ընդամենը կարելի է դիտել որպես ցանկություն։ Սակայն կատարյալ մրցակցային շուկայի օրինաչափությունների բացահայտման ճանապարհով հնարավորություն է ստեղծվում պարզելու ոչ կատարյալ մրցակցային շուկայի գործողության սկզբունքները, հիմնավորելու ոչ արդյունավետ գործունեության պատճառներն ու սահմաները և ներկայացնելու դրա դեմ պայքարի ուղիներն ու եղանակները։
Կատարյալ մրցակցությունը բնութագրվում է հետևյալ հատկանիշներով՝
- շուկայում գործում են մեծ թվով հաճախորդներ և գնորդներ,
- առք ու վաճառքի օբյեկտ են հանդիսանում համասեռ կամ ստանդարտեցված ապրանքները,
- շուկայի բոլոր մասնակիցները ամբողջական տեղեկություններ ունեն շուկայի իրավիճակի մասին,
- շուկայում յուրաքանչյուր ֆիրմայի մասնաբաժինը տվյալ ապրանքի ընդհանուր առաջարկի մեջ այնքան փոքր է, որ տվյալ ֆիրմայի յուրաքանչյուր որոշում գնի բարձրացման կամ իջեցման վերաբերյալ չի ազդի շուկայական գնի վրա։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տնտեսագիտության տեսություն», Հովսեփ Աղաջանյան, ք. Երևան, 2009 թ.
- «Экономика», Булатова, 1999 г.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատարյալ մրցակցություն» հոդվածին։ |
|