Jump to content

Զբաղվածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զբաղվածություն, ՀՀ օրենքով չարգելված և ՀՀ Զբաղվածության Ոլորտը Կարգավորող Հիմնական Իրավական ակտերով նախատեսված գործունեության տեսակներ, որոնց մեջ մտնում են.

  • գործատուների մոտ վճարովի կամ վարձու աշխատանքային գործունեությունը՝ ներառյալ ՀՀ օրենքներով նախատեսված ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելը, բացառությամբ այդ աշխատանքի դիմաց վարձատրություն չնախատեսող դեպքերի,
  • ծառայությունների մատուցումը կամ աշխատանքների իրականացումը քաղաքացիաիրավական պայմանագրով
  • անհատ ձեռնարկատիրական և նոտարի գործունեությունը
  • արտոնագրային վճար վճարողի գործունեությունը
  • ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը
  • ուսումնական հաստատություններում, մասնագիտական ուսուցման դասընթացներում և ուսուցման այլ ձևերում առկա ուսուցումը[1]։

Հայաստանում գործում է Զբաղվածության պետական գործակալությունը[2], որը, հանդիսանալով զբաղվածության ոլորտը կարգավորող Լիազոր մարմին, իրականացնում է տարբեր ծրագրեր բարձրացնելու համար երկրի բնակչության տնտեսական ակտիվությունը։

Ըստ զբաղվածության կարգավիճակի՝ զբաղվածներին տարանջատում են վարձու և ոչ վարձու աշխատողների։ Վարձու աշխատող է համարվում այն անձը, ով աշխատում է գործատուի հետ կնքած պայմանագրի, աշխատանքի ընդունման հրամանի կամ բանավոր համաձայնության հիման վրա, և իր աշխատանքի դիմաց ստանում է դրամական և/կամ բնաիրային փոխհատուցում՝ աշխատավարձի տեսքով։ Ոչ վարձու աշխատող է համարվում այն անձը, ով իրեն ինքնուրույնաբար է ապահովում եկամտաբեր տնտեսական գործունեություն և ներգրավված է սեփական գործում՝ բիզնեսում, որպես զբաղված անձ, միևնույն ժամանակ կայացնում է արտադրական որոշումներ կամ լիազորում է այլ անձանց, և իր գործունեությունն իրականացնում է վարձու աշխատողների ներգրավմամբ կամ առանց վարձու աշխատողների։

Ոչ վարձու աշխատողների տեսակները ըստ կարգավիճակի։

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գործատուն անձ է, ով իրականացնում է եկամտաբեր աշխատանք/գործունեություն ինքնուրույն կամ մեկ կամ մի քանչ գործընկերների հետ համատեղ, որի ընթացքում և աշխատանքի կատարման նպատակով մշտապես ներգրավում է մեկ կամ ավելի վարձու աշխատողներ։
  • Ինքնազբաղվածն այն անձն է, ով ինքնուրույն կամ մեկ և ավելի գործընկերների հետ զբաղված է և կատարում է եկամտաբեր աշխատանք՝ առանց աշխատողներ ներգրավելու, իսկ աշատողների ներգրավման դեպքում, այդ աշխատանքը մշտական բնույթ չի կրում։
  • Առանց վարձատրության աշխատող ընտանիքի անդամն այն անձն է, ով աշխատում է ընտանիքին կամ իր տնային տնտեսությանը պատկանող ընտանեկան կազմակերպությունում։ Այս աշխատանքները կատարվում ենք օժանդակելու և օգնելու համար ընտանեկան կազմակերպությանը, որի դիմաց աշխատողը չի ստանում դրամական կամ բնաիրային փոխհատուցում։
  • Արտադրական, սպառողական կոոպեերատիվի անդամն այն անձն է, ով կոոպերատիվում ներգրավված աշխատող/անդամ է, մյուս անդամների հետ հավասար իրավունքներով մասնակցում է արտադրության կազմակերպմանը, ստացված արտդրանքի իրացմանը, ինչպես նաև կազմակերպության եկամուտների բաշխմանն առնչվող հարցերի լուծմանը։

Զբաղվածություն չի համարվում տնտեսական գործունեություն չհամարվող, ինչպես օրինակ՝ մուրացկանությունն ու գողությունը, և եկամուտ չհետապնդող կամավոր աշխատանքները, որոնք կատարվում են այլ տնային տնտեսությունների կամ կազմակերպությունների համար անվարձահատույց, այդ թվում սեփական տան, բնակարանի մասնակի շինարարության կամ վերանորոգման համար են իրականացվում։ Զբաղվածության մակարդակը զբաղվածների թվաքանակի մասնաբաժինն է աշխատանքային ռեսուրսներում[3]։

Զբաղվածության հիմնական տեսակները և ձևերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվածությունը էկոնոմիկայի զարգացման հիմնական պայմաններից մեկն է։ Աշխատանքը մարդուն ապահովում է հասարակական կարգավիճակ, հեղինակություն, մասնագիտական պիտանիություն և վերջին հաշվով, հպարտություն։ Ըստ իրային բովանդակության, զբաղվածությունը՝ դա մարդկանց գործունեություննէ ուղղված անձնական, կոլեկտվ և հասարակական պահանջմունքների բավարարմանը և եկամտի ստացմանը։

Տարբերում են զբաղվածության երեք հիմնական տեսակ՝ լրիվ, ռացիոնալ և արդյունավետ։

Լրիվ զբաղվածությունը՝ դա հասարակության կողմից աշխատունակ բնակչությանը տրված հնարավորությունն է զբաղվել հասարակական օգտակար աշխատանքով, իրականացնել անհատական և կոլեկտիվ վերարտադրություն բնակչության պահանջմունքները բավարարելու համար։

Ռացիոնալ զբաղվածությունը՝ ենթադրում է աշխատանքային ռեսուրսների, նրա սեռահասակային և կրթական կառուցվածքի նպատակահարմար վերաբաշխում և օգտագործում։

Արդյունավետ զբաղվածությունն՝ իրականացվում է վերարտադրության ինտնենսիվ տիպի պահանջներին համապատասխան, տնտեսական նպատակահարմար և սոցիալական արդյունավետության չափանիշներով, կողմնորոշվում է ձեռքի, ոչ օգտակար և ծանր ֆիզիկական աշխատանքի կրճատումը։

Տարբերում են նաև զբաղվածության հիմնական և հատուկ ձևեր։

Զբաղվածության հիմնական ձևը կարգավորվում է աշխատանքային օրենսդրությամբ և ներքին տիպային կանոններով։

Հատուկ ձևը կամ ոչ տրադիցիոն զբաղվածությունը՝ տանը կատարվող աշխատանք և այլն, իրականացվում է որոշակի իրավական նորմաներին համապատասխան։ ԱՄՆ-ում, Անգլիայում այս ձևի մեջ զբաղված է աշխատուժի ավելի քան 30%-ը։

Արդի էտապում աշխարհի զարգացած երկրներում գերակշռում է զբաղվածության տեղեկատվական տեսակը, որը կապված է ինֆորմացիայի հավաքման, մշակման և այն արտադրության ու շրջանառության ոլորտին ներկայացնելու հետ։

Զբաղվածության դասական տեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվածության դասական տեսությունը հիմնված է հետևյալ 2 դրույթների վրա․

  1. ենթադրվում է, որ ամբողջական ծախսերի մակարդակը դժվար թե անբավարար լինի լրիվ զբաղվածության ժամանակ ստեղծված ամբողջ արտադրանքը գնելու համար,
  2. եթե նույնիսկ ամբողջական ծախսերը անբավարար լինեն, ապա արագ կսկսեն գործել կարգավորման այնպիսի լծակներ, ինչպիսիք են գինը, աշխատավարձը և տոկոսադրույքը։

Զբաղվածության քեյնսյան տեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Քեյնսի տեսության կապիտալիզմի ժամանակ բացակայում է այն մեխանիզմը, որը կարող է երաշխավորել լրիվ զբաղվածությունը։ Կապիտալիզմը ինքնակարգավորվող համակարգ չէ, իսկ տնտեսական տատանումները օրինաչափ են։ Տնտեսությունը կարող է հասնել արտադրության ամբողջական ծավալի հավասարակշռության նաև ինֆլյացիայի և գործազրկության որոշակի պայմաններում։ Քեյնսականները ուղղակի մերժում էին դասականների տոկոսադրույքի, գնի և աշխատավարձի հարաբերակցության հետևյալ պոստուլատները՝

  1. տոկոսադրույքը չի կարող կատարել կարգավորիչ ֆունկցիայի դեր և խնայողությունները հավասարեցնել ինվեստիցիաներին, քանի որ խնայողություններ և ինվեստիցիաներ իրականացնող սուբյեկտները առաջնորդվում են տարբեր շարժառիթներով,
  2. քեյնսականները հերքում էին նաև դասականների երկրորդ մոտեցումը՝ գների և աշխատավարձի ճկունության փաստարկը, քանի որ ինչպես ցույց է տալիս արգելանվի էֆֆեկտը բազմաթիվ գործոնների առկայությունը անհնարին է դարձնում գների և աշխատավարձի քիչ թե շատ էական իջեցումը։ Նույնիսկ դրանց իջեցման դեպում գործազրկության հաղթահարումը հնարավոր չէ, քանի որ գների և աշխատավարձի իջեցումը նշանակում է եկամտի կրճատում, որն էլ իր հերթին ուղեկցվում է ամբողջական ծախսերի նվազմամբ։

Քեյնսականները գտնում էին, որ անկումների և ճգնաժամերի ժամանակ կորստից խուսափելու համար անհրաժեշտ է ամբողջական պահանջարկի մակրոտնտեսական կարգավորում պետության կողմից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ՀՀ Զբաղվածության Ոլորտը Կարգավորող Հիմնական Իրավական ակտերի ժողովածու.- Եր.: Անտարես, 2016. էջ 8
  2. «Զբաղվածության պետական գործակալության կայք». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  3. Աշխատանքի շուկան ՀՀ-ում 2011-2015 թթ.: Եր. 2016: Էջ 47-48