Սպառում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուպերմարկետ Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում
Առևտրի կենտրոնի բացում

Սպառում, սահմանվում է որպես բարիք ձեռք բերելու ծախսեր։ Համարվում է տնտեսագիտության մեջ հիմնական հասկացություն և ուսումնասիրվում է նաև բազմաթիվ այլ սոցիալական գիտություններում։ Հակադրվում է ներդրումներին, որոնք ծախսեր են ապագա եկամուտներ ձեռք բերելու համար։ Այն արդյունքի օգտագործումն է տնտեսական պահանջմունքների բավարարման գործընթացում, վերարտադրության եզրափակիչ փուլը։

Կարող են լինել արտադրական (արտադրողական) սպառում և ոչ արտադրական կամ «բուն սպառումներ»։ Արտադրական սպառումն արտադրության գործընթացն է, որտեղ սպառվում են արտադրության միջոցներն ու աշխատուժը, ստեղծվում արդյունքներ։ Ոչ արտադրական սպառումը սպառման առարկաների օգտագործումն է, երբ դրանք սպառվում են վերջնականապես։ Վերջինս բաժանվում է բնակչության (կամ անհատական, անձնական՝ մարդկանց անմիջական անձնական պահանջմունքների բավարարում սննդով, հագուստով, կացարանով, կրթությամբ և այլն) և ընդհանուր հասարակական պահանջմունքները բավարարող սպառման (կառավարման, գիտության, երկրի պաշտպանության և այլն պահանջմունքների բավարարում շենքերով և կառույցներով, գույքով, սարքերով, պաշտպանական տեխնիկայով և այլն)։

Սպառվող բարիքների տեսակներից կախված տարբերում են իրային ձև ունեցող նյութական բարիքների և ծառայությունների սպառում։ Ըստ պահանջմունքների բավարարման եղանակի սպառումը կարող է լինել անհատական (առանձին ընտանիքների կամ անհատների անձնական սեփականություն հանդիսացող նյութական բարիքների սպառում) և կոլեկտիվ կամ համատեղ (նյութական բարիքների և ոչ նյութական արտադրության ոլորտի հասարակական հիմնարկների վճարովի և անվճար ծառայությունների համատեղ սպառում)։

Սպառումն օրգանապես կապված է վերարտադրության մյուս փուլերի՝ արտադրության, բաշխման և փոխանակության հետ։ Առանց արտադրության չկա և սպառում, որովհետև արտադրությունն է ստեղծում սպառման օբյեկտ, իսկ եթե չլինի սպառում, արտադրությունը կդառնա անիմաստ։ Արտադրության դերը սպառմանը ծառայելն է։ Միաժամանակ, արտադրությունն առաջնային է սպառման նկատմամբ։ Այն ստեղծում է սպառման արդյունքներ, առաջացնում արտադրված արդյունքների սպառման պահանջ և, վերջին հաշվով, որոշում սպառման մակարդակն ու կառուցվածքը։ Իր հերթին սպառումը փոխներգործում է արտադրության վրա՝ առաջացնելով արդյունքների պահանջ։ Առկա պահանջմունքների բավարարմանը զուգընթաց ծագում և ձևավորվում են նորերը, դրանով իսկ սպառումն կյանքի է կոչում նոր արդյունքների արտադրություն։

Չսպառվող արդյունքները դադարում են օգտակար լինելուց, և դրանց արտադրությունը դադարեցվում է։ Սպառման ընդհանուր մակարդակը տարբեր երկրներում և պատմություններում տարբեր ժամանակաշրջաններում միշտ որոշվում է արտադրության, արտադրողական ուժերի զարգացման ձեռք բերված մակարդակով։ Հասարակության առանձին դասակարգերի, սոցիալական խմբերի, առանձին խմբերի, անձանց և այլ հատվածների սպառման մակարդակն անմիջաբար որոշվում է տվյալ հասարակարգին հատուկ բաշխման բնույթով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 56 CC-BY-SA-icon-80x15.png