Բնակարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակարանի ներքին հարդարանք

Բնակարան, մարդու գոյության նյութական հիմնական պայմաններից մեկը, նախատեսված է անբարենպաստ օդերևութաբանական գործոնների (ցուրտ, շոգ, քամի, մթնոլորտային տեղումներ) աղդեցություններից մարդկանց պաշտպանելու, ինչպես նաև հանգստի, աշխատանքային ու կենցաղային կարիքները հոգալու համար։ Բնակարանի տիպերը պայմանավորվում են երկրի արտադրողական ուժերի զարգացման մակարդակով, սոցիալիալական հարաբերություններով, ընտանեկան կյանքի ձևերով, մշակութակենցաղային ավանդույթներով և աշխարհագրական միջավայրով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետնատուն Իսլանդիայում

Նախնադարում մարդիկ ապրել են պարզագույն բնակարաններում՝ գետնատներ, հյուղակներ, քարանձավներ։ Միախուց բնակարան երկար պահպանվել է շատ ժողովուրդների, հատկապես՝ քոչվոր կյանք վարողների մոտ։ Դասակարգային հասարակության ձևավորման շրջանում բնակարանի բնույթի վրա ազդել են բնակչության տարբեր խավերի մշակույթի և կենցաղի առանձնահատկությունները։ Ստրկատիրական կարգերում չունևորների պարզունակ բնակարանի կողքին կառուցվել են դաստակերտներ, ապարանքներ (տարբեր նշանակության շինություններով)։

Ֆեոդալիզմի դարաշրջանում բնակարանների սոցիալական տարբերություններն առավել ընդգծված են։ Ֆեոդալներն ապրել են դղյակներում, իսկ գյուղացիները՝ չափազանց պարզ ու հասարակ կառույցներում։ Ժամանակակից սոցիալ-տնտեսական պայմաններում նույնպես բնակարանների տարբերությունները չափազանց ընդգծված են. կան հարմարավետ առանձնատներ, բազմահարկ-բազմաբնակարանային շենքեր, հասարակ ու պարզ հարմարեցված կացարաններ։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակարաններ Մադրիդում, Իսպանիա

Ըստ նշանակության շենքերը կառուցում են տարբեր տիպային նախագծերով, բնակարանային (ընտանիքների համար), հյուրանոցային (փոքր ընտանիքների ու միայնակների, ինչպես նաև եկվորների համար) և հանրակացարանային (ուսանողների, շինարարների ու ժամանակավոր բնակության համար)։ Բնակչության կյանքի պայմանների և բնակարանների սանբարեկարգման վրա որոշակի ազդեցություն ունի շենքի հարկայնությունը։ Այդ հատկանիշներից ելնելով՝ շենքերը բաժանվում են ցածրահարկերի և բարձրահարկերի (4 հարկից բարձր)։ Բարձրահարկերում սանտեխնիկական սպասարկման (վերելակ, կենտրոնացված աղբատար) մակարդակը բարձր է։ Այդ շենքերի բնակարանները ստվերվում են կանաչ ծառատունկերով՝ շոգ օրերին պաշտպանելով դրանք գերտաքացումից։ Կառուցվում եննաև առավելապես ցածրահարկ առանձնատներ՝ հատուկ նախագծերով՝ սանհիգիենայի բոլոր պայմաններին համապատասխան։

Հատակագծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակելի շենքերի հիմնական տարրը բնակարան է՝ բնակելի (մանկական սենյակ, ճաշասենյակ, ննջարան, աշխատասենյակ) և օժանդակ (նախասենյակ, խոհանոց, լողասենյակ, զուգարան և այլն) մասերով։ Շենքերը հատակագծելիս հաշվի է առնվում, որ բնակարան ունենա արևի ճառագայթման, օդափոխության լավագույն պայմաններ, բնակելի սենյակը մեկուսացված լինի խոհանոցից, սանհանգույցից, աստիճանահարթակից։ Անհրաժեշտ է նախատեսել սննդի պատրաստման, անձնական հիգիենայի պահպանման, պասսիվ հանգստի հարմարության, ընտանիքի ազատ բնակեցման ապահովում։ Սենյակի ձևը հարմարավետ է, եթե երկարության հարաբերությունը լայնությանը 1։2 է կամ 3։4։

Հիգիենա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր աղյուսներից պատրաստված բնակարաններ, Թեմզայի հյուսիսային ափին, Լոնդոն, Մեծ Բրիտանիա

Բնակարանի նկատմամբ հիգիենայի հիմնական պահանջներից է մաքուր օդի պահպանումը։ Բնակարանում օդն աղտոտվում է ածխաթթու գազով, արտաշնչած օդի խոնավությամբ, խոսելիս, հազալիս, փռշտալիս, ծիծաղելիս օդում հայտնված թքի կաթիլներով, որոնք պարունակում են շատ մեծ քանակությամբ (այդ թվում ախտածին) միկրոօրգանիզմներ։ Բնակարան փոշի է թափանցում կոշիկների, հագուստի, ինչպես նաև օդի միջոցով։ Ծխելիս օդն աղտոտվում է նիկոտինով և այլ թունավոր նյութերով։ Ջեռուցող սարքերից և գազասարքերից ճիշտ չօգտվելու դեպքում օդը կարող է աղտոտվել ածխածնի օքսիդով՝ առաջացնելով թունավորում։ Տհաճ հոտեր կարող են տարածվել նաև քրտինքից, կեղտոտ սպիտակեղենից ու հագուստից, երբեմն՝ խոնավությունից, խոհանոցից, զուգարանից, ջեռուցող սարքերի մակերեսին նստող փոշու այրվելուց։ Օդի նպաստավոր պայմաններ ստեղծելու համար պետք է ապահովել բավարար օդափոխություն։ Բնական օդափոխության ուժեղացման նպատակով պատուհաններին թողնում են օդանցքներ և վերնափեղկեր։ Սենյակներում օդը սառեցնելու, կայուն ջերմաստիճան պահպանելու, օդափոխության, խոնավության կարգավորման, օդը փոշուց մաքրելու համար օգտագործում են օդորակիչներ, որոնք հաշվարկված են 30-35 մ2 մակերեսի համար։

Լուսավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսավորությունը բնակարանում լինում է բնական, արհեստ, և խառը։ Բնակարանի լուսավորությունը պայմանավորված է արևի ուղիղ ճառագայթներով և երկնակամարի ցրված լույսի անդրադարձումով, կախված է նաև բնակելի շենքի դիրքից, միմյանց նկատմամբ դրանց դասավորությունից (դիմացի շենքի բարձրությունից ոչ պակաս հեռավորության վրա), գույնից, ինչպես նաև սենյակի խորությունից։

Բնական լուսավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատուհանի ձևը սովորաբար քառանկյուն է։ Սանիտարական չափանիշներին համապատասխան՝ սահմանված է սենյակի փոքրագույն՝ եռաժամ ինսոլյացիա (միավոր ժամանակում արևի ճառագայթման քանակը երկրի միավոր հորիզոնական մակերևույթի վրա)՝ մարտի 22-ից սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակաշրջանում։ Պատերի և առաստաղի պայծառ գույնը ուժեղացնում է բնակարանի լուսավորությունը, քանի որ լույսը, ընկնելով լուսավոր մակերեսին, բազմակի անդրադառնում է։

Արհեստական լուսավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհեստական լուսավորության համար օգտագործում են շիկացման և գազապարպումային լյումինեսցենտային լամպեր։ Մեծ նշանակություն ունեն ոչ միայն էլեկտրական լամպի հզորությունը, այլև լուսամփոփը, լույսի աղբյուրի տեղը և այլն։ Կարևոր է, որ լուսատուն ժամանակին մաքրվի, որովհետև մաքրելուց 1 ամիս հետո 10-15 %-ով պակասում է լուսավորությունը։ Լուսամփոփի գույնն ընտրելիս պետք է հաշվի առնել, որ լույսի ճառագայթներն ունենան ալիքի տարբեր երկարություն։ Կարմիր ճառագայթները (760 Նմ ալիքի երկարություն) ունեն գրգռող, կանաչը և կապույտը (ավելի կարճ ալիքները)՝ հանգստացնող ազդեցություն։ Աշխատատեղը ճիշտ լուսավորելու համար լուսատուն պետք է այնպես տեղագրել, որ լույսն ընկնի ձախից, բայց ոչ մի դեպքում դիմացից՝ ուղիղ աչքերին։

Միկրոկլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդորակիչները Նիսում

Բնակարանի համար կարևոր են ջերմությունը, խոնավությունը, օդի շարժումը։ Օրգանիզմի վրա մեծ ազդեցություն ունեն միկրոկլիմայական գործոնները, ուստի անհրաժեշտ է բնակարանում մշտապես պահպանել կայուն ջերմաստիճան։ Տարվա ցուրտ եղանակներին ջերմաստիճանը պետք է լինի 20-22 °C, իսկ տաք եղանակներին՝ 20-25 °C, հարաբեր, խոնավությունը՝ 30-60%, օդի շարժման արագությունը՝ 0,25 մ/վրկ։ Բարենպաստ պայմանների դեպքում թույլատրելի են օդի ջերմաստիճանի 0,5-1,5 °C տատանումները։ Հարաբերական խոնավության (10%) տատանումներն օրգանիզմի վրա էական ազդեցություն չեն ունենում։

Օդի շարժման արագությունը ձմռանը 0,15 մ/վրկ-ից, իսկ ամռանը՝ 0,25 մ/վրկ-ից չպետք է գերազանցի։ Բնակարանում երբեմն խոնավությունից ստեղծվում է անբավարար միկրոկլիմա, որի պատճառ կարող են լինել շենքի ոչ ճիշտ շահագործումը (անբավարար ջեռուցում և օդափոխություն), գերբնակեցումը, լվացքի խոնավությունը։ Վերջինս մարդու առողջության վրա անբարենպաստ ազդեցություն է ունենում։ Բարձր (70-%-ից) հարաբերական խոնավության պայմաններում բարձրանում է օրգանիզմի ջերմատվությունը (մրսելու զգացում), նվազում է մաշկի և թոքերի միջոցով ջրի հեռացումը։ Խոնավությունը հատկապես բացասական ազդեցություն է ունենում թոքային տուբերկուլոզով հիվանդների վրա, նպաստում գործընթացի սրացմանը։ Խոնավ շինությունում օդի որակի վրա ազդում են սնկերը և բորբոսները, որոնք արագ աճում են պատերի անկյուններում, կահույքի վրա։ Խոնավությունից սննդամթերքն արագ փչանում է։ Բնակարանի խոնավությունը կարելի է վերացնել՝ այն հաճախակի օդափոխելով և լավ տաքացնելով։

Ջեռուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տան ջեռուցման սարք

Օրվա ընթացքում բնակարանում պետք է պահպանել օդի կայուն ջերմաստիճան՝ անկախ դրսի օդի ջերմաստիճանի տատանումներից (վառարանի պայմաններում ջերմաստիճանի տատանումներն օրվա ընթացքում 4-6°0-ից, իսկ կենտրոնական ջեռուցման դեպքում՝ 2-3°0-ից չպետք է գերազանցեն)։ Տարբերում են տեղային և կենտրոնական ջեռուցում։

Տեղային ջեռուցումն իրականացվում է վառարանով՝ 1,2 կամ 3 կից սենյակներ տաքացնելու համար։ Կենտրոնական ջեռուցման դեպքում ջերմությունը տրվում է ջերմակրին (ջուր, գոլորշի), որը խողովակաշարի համակարգով հասնում է ջեռուցիչ սարքին՝ մարտկոցին։ Մարտկոցները տեղադրում են պատուհանների տակ, որոնց մակերեսի միջին ջերմաստիճանը 60-70 °C-ից ցածր չպետք է լինի։ ժամանակակից բնակելի կառույցներում բնակարան տաքացնում են տաքացվող պատերով, առաստաղով կամ հատակով (որոնցով անցնում է խողովակաշարի համակարգ)։ Տաքացված պանելների մակերեսի ջերմաստիճանն ավելի ցածր է ջրատաքացվող սարքերի մակերեսի ջերմաստիճանից։ Առաստաղի պանելների համար այն հաստատված է 28-30 °C, իսկ պատերի պանելների համար՝ 40-45 °C։

Ձայնամեկուսացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու օրգանիզմի վրա բացասական ազդեցություն է ունենում աղմուկը՝ փողոցի, բնակելի շենքերում գտնվող ձեռնարկությունների, արտադրական սարքավորումների, ջրմուղ պոմպերի ու շարժիչների, վերելակի, օդափոխիչների, ինչպես նաև երեխաների, ռադիոընդունիչի և այլն։ Աղմուկն ազդում է լսողության, նյարդային համակարգի վրա։ Նույնիսկ ոչ ուժեղ աղմուկի դեպքում հաճախ խանգարվում է քունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png