Սննդամթերք
Q13538519? | |
---|---|
Ենթատեսակ | միանգամյա օգտագործման արտադրանք և նյութ |
Հիմնական | սննդային բաղադրամաս |
Food Վիքիպահեստում |
Սննդամթերք, բնական վիճակում կամ մշակելուց հետո մարդու սննդում օգտագործվող բուսական և կենդանական ծագում ունեցող մթերքներն են, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն կենսագործունեության, ծախսված էներգիայի լրացման, ինչպես նաև բջիջների ու հյուսվածքների կառուցման ու վերականգնման համար։ Սննդամթերքի սննդային, կենսաբուսաբանական, էներգետիկական արժեքը, ինչպես նաև համային հատկությունները պայմանավորված են հիմնական բաղադրամասերի (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ և հանքային աղեր) և մի շարք համ տվող ու բուրավետ նյութերի (օրգանական թթուներ, դաբաղող նյութեր, եթերային յուղեր, սպիրտներ և այլն) պարունակությամբ։
Կենդանական ծագման սննդամթերք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ քիմիական կազմության և սննդային ու կենսաբանական արժեքների՝ տարբերում են կենդանական ծագման սննդամթերքներ (միս, ձուկ, ձու, կաթ և այլն), որոնք հիմնականում կառուցվածքային նշանակություն ունեցող, կենսաբանական բարձրարժեք սպիտակուցների, ինչպես նաև ճարպերի, հանքային նյութերի (կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, ծծումբ, երկաթ և այլն) և վիտամինների (A, D, Bi2 և այլն) կարևոր աղբյուր են։ Հանքային նյութերով ու վիտամիններով առավելապես հարուստ են տարբեր օրգաններ, հատկապես լյարդը։
Բուսական ծագման սննդամթերք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ածխաջրերի հիմնական աղբյուր են բուսական ծագում ունեցող սննդամթերքները (կազմում են չոր նյութերի 80 %֊ը), որոնք պարունակվում են շաքարների, օսլայի, թաղանթանյութի ու պեկտինային նյութերի ձևով։ Շաքարներն ու օսլան սննդում էներգիայի հիմնական աղբյուր են, իսկ թաղանթանյութն ու պեկտինային նյութերը կարևոր են ստամոքսաաղիքային համակարգի շարժողական և արտազատական ֆունկցիաների կարգավորման համար։ Բուսական մթերքներն աղքատ են ճարպով, բացառությամբ որոշ բույսերի սերմերի ու պտուղների, որոնցից ստանում են բուսական յուղեր․ Վերջիններս օժտված են կենսաբանական ակտիվությամբ (պարունակում են մեծ քանակությամբ անփոխարինելի չհագեցած ճարպաթթուներ, կարոտինոիդներ, տոկոֆերոլներ և այլն)։ Բուսական ծագում ունեցող սննդամթերքները, հատկապես բանջարեղենը, պտուղներն ու հատապտուղները ջրում լուծվող վիտամինների, հիմնականում С-ի և հանքային նյութերի՝ մակրո- և միկրոտարրերի կարևոր աղբյուր են։
Յուրացում և պահպանման ժամկետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրգանիզմում սննդամթերքների յուրացումը կախված է դրանց տեսակից, մշակման եղանակից և այլն։ Խառը սննդի դեպքում սպիտակուցների յուրացումը կազմում է 84,5 %, ճարպերինը՝ 94 %, ածխաջրերինը՝ 94-96 %։ Սննդամթերքը փչանում է ֆերմենտների, մանրէների, ինչպես նաև օդի թթվածնի, լույսի ազդեցությամբ, որի հետևանքով սննդամթերքի օրգանական նյութերը քայքայվում են և հանգեցնում սննդամթերքի օրգանոլեպտիկ հատկությունների (համ, հոտ, տեսք) բնորոշ փոփոխությունների։ Արագ փչանում են միսը, ձուկը, կաթը, հատապտուղների մեծ մասը և այլն, ուշ՝ հացահատիկները, ալյուրը, ձավարեղենը, մակարոնեղենը են։ Արագ փչանալը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի մեջ ջրի բարձր պարունակությամբ։ Պահպանման ժամկետները երկարացնելու նպատակով սննդամթերքները հատուկ եղանակով մշակվում են։
Որակի հսկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սննդամթերքի որակի հսկողության իրականացման հարցում հիմնական օրենսդրական փաստաթուղթ են միջազգային և պետական ստանդարտները, որոնք ընդգրկում են սննդամթերքի որակի հետ կապված բոլոր աոավել կարևոր հարցերը՝ դրանց օրգանոլեպտիկ հատկությունների գնահատման կանոնները, փչացման ֆիզիկաքիմիական և բակտերիոլոգիական ցուցանիշները, հետազոտության մեթոդները, պահպանման, փաթեթավորման, տեղափոխման հիմնական պայմանները և այլն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սննդամթերք» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 486)։ |