Վիտամին C

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
C վիտամինի մոլեկուլի կառուցվածքի սխեման։

Վիտամին C, L-ասկորբինաթթու կամ ասկորբինաթթու, մարդու և որոշ այլ կենդանի օրգանիզմներին անհրաժեշտ կարևոր վիտամին։ Վիտամին C-ի կառուցվածքը բնորոշ է ենդիոլ ձեւի առկայությամբ, որն իր կառուցվածքով մոտ է գլյուկոզին։ Ասկորբինաթթուն լինում է օքսիդացած (ԱԹ) եւ վերականգնված (ԴԱԹ) ձեւերով։

Ակտիվ մասը կոչվում է ենդիոլային։ Վիտամին C-ն հանդես է գալիս երեք ձեւով՝ L - ասկորբինաթթու, դեհիդրոասկորբինաթթու, ասկորբինոգեն։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարմ մրգերը և հատապտուղները՝ մասուրի պտուղները, հոնը, չիչխանը, սև հաղարջը, խնձորը, կիտրոնը, նարինջը և այլ ցիտրուսային մրգերը, բանջարեղենը՝ թարմ կարտոֆիլը, լոլիկը, թարմ և թթու կաղամբը, կարմիր պղպեղը, մաղադանոսը, կանաչ սոխը, սամիթը, բանջարային տերևուքը, շաղգամը, գոնգեղը, ինչպես նաև որպես դեղաբույս ծառայող եղինջը։

Վիտամին C-ի պարունակության օպտիմալ քանակի պահանջը չափահասի համար 55-100 մգ է, հղի և կրծքով կերակրող կանանց համար՝ 70-80 մգ, մինչև 1 տարեկան երեխաների համար՝ 30-40 մգ։

Վիտամին C-ի պարունակությունը տարբեր մրգատեսակներում

Մարդկային օրգանիզմը, ի տարբերություն կենդանիների օրգանիզմի, ի վիճակի չէ ո՛չ պահեստավորել, ո՛չ էլ սինթեզել վիտամին C, այդ իսկ պատճառով դրա անհրաժեշտ քանակությունը ստանում է սննդամթերքի՝ հիմնականում բանջարեղենի, մրգերի և հատապտուղների միջոցով։ Անհրաժեշտ է հիշել, որ բնական աղբյուրներից ստացված վիտամին C-ն օրգանիզմի կողմից ավելի լավ է յուրացվում, քան սինթետիկ ճանապարհով ստացվածը։

Վիտամին C-ն (ասկորբինաթթուն) բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, նվազեցնում է շնչուղիների հիվանդությունների հավանականությունը, կարգավորում մազանոթների թափանցելիությունը՝ նպաստելով ողջ անոթային համակարգի առաձգականության բարելավմանը։

Այս վիտամինը բարերար ացդեցություն ունի կենտրոնական նյարդային համակարգի վրա, խթանում է էնդոկրին գեղձերի գործունեությունը, նպաստում օրգանիզմի կողմից երկաթի յուրացմանն ու արյան արտադրմանը, արգելակում է քաղցկեղածին նյութերի գոյացումը։ Վիտամին C-ի մեծ քանակությամբ օգտագործումը շատ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդների, ծխախոտամոլությամբ տառապողների, հակաբեղմնավորիչ դեղահաբեր օգտագործող կանանց, ինչպես նաև մարսողական համակագի հետ խնդիրներ ունեցող տարեցների համար։

Օրգանիզմում վիտամին C-ի անբավարար քանակը արտահայտվում է հետևյալ համախտանիշներով. մշտական հոգնածություն, լնդերի արյունահոսություն, տարբեր վարակների դեմ օրգանիզմի դիմադրողականության ընդհանուր անկում։ Վիտամին C-ի սուր անբավարարության դեպքում կարող է առաջանալ լնդախտ՝ ցինգա, որն ախտորոշվում է այտուցի, արյունահոսության և ենթամաշկային կետավոր արյունազեղումների առկայությունով։ Վիտամին C-ի չափից ավելի օգտագործումը կարող է առաջացնել լյարդի և ենթաստամոքսային գեղձի գործունեության խանգարում։

Վիտամին C-ն անկայուն վիտամինների շարքին է դասվում։ Այն քայքայվում է բարձր ջերմաստիճանում՝ մետաղների հետ շփումից։ Երկարատև թրջած վիճակում գտնվող բանջարեղենից վիտամին C-ն փոխանցվում է ջրին ու արագ օքսիդանում։ Եվ ընդհանրապես, պահեստավորված մրգերի, հատապտուղների և ընդեղենի վիտամին C-ի պարունակությունը արագ նվազում է։ Օրինակ 2-3 ամիս պահեստավորվածներինը կրկնակի չափով քայքայված է։ Իսկ ձմռան ամիսներին վիտամին C-ի պարունակությունը ավելի բարձր է թթու դրած կաղամբում՝ մինչև 35%։ Այս վիտամինը առավել քայքայման է ենթարկվում ջերմամշակման պարագայում (քայքայվում է պարունակության 90%-ը)։ Օրինակ, սառը ջրի մեջ ընկղմված կեղևահանված կարտոֆիլը եփելու ընթացքում կորցնում է վիտամինի 30-50% պարունակությունը, տաք ջրի մեջ ընկղմվածը՝ 25-30%-ը, ապուրների մեջ եփվածը՝ 50%-ը։ Այնպես որ վիտամինի առավել քանակը պահպանելու նպատակով եփելիս խորհուրդ է տրվում բանջարեղենը միանգամից ընկղմել եռացող ջրի մեջ։ Առավել օգտակար է կարտոֆիլը եփել կեղևով, քանզի վիտամինային պարունակությունը նվազում է կիսով չափ ավելի քիչ, քան կեղևված վիճակում եփելիս։

Վիտամին C-ի կենսաբանական դերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասկորբինաթթուն վիտամին է միայն մարդկանց, մարդանման կապիկների և ծովախոզուկների համար։ Արյան մեջ վիտամին C-ի մի մասը միացած է սպիտակուցների հետ, իսկ մյուս մասը գտնվում է ազատ վիճակում։ Հյուսվածքներում ասկորբինաթթուն գտնվում է սպիտակուցների հետ կապված վիճակում է։ Այն ամենաշատը պարունակվում է մակերիկամներում, լյարդում և թոքերում։ Վիտամին C-ի գլխավոր հատկությունն նրա հեշտ օքսիդացումն ու վերականգնումն է։ Ասկորբինաթթուն ԴԱԹ-ի հետ բջիջներում առաջացնում է օքսիդավերականգնված զույգ՝ +0,39 ռեդօքս պոտենցիալով։ Այս հատկության շնորհիվ ասկորբինաթթուն մասնակցում է մի շարք հիդրօքսիլացման ռեակցիաների՝

  1. կոլագենի կառուցվածքում պրոլին և լիզին ամինաթթվային մնացորդների հիդրոքսիլացմանը (շարակցական հյուսավածքի հիմնական սպիտակուց),
  2. դոֆամինի հիդրօքսիլացմանը (կատեխոլամինների սինթեզ),
  3. սերոտոնինի սինթեզին (տրիպտոֆանի հիդրօքսիլացում),
  4. վահանագեղձի հորմոնների (T3, T4) սինթեզին (թիրոզինի սինթեզ),
  5. հոմոհենտիզինաթթվի առաջացմանը (պարահիդրօքսի ֆենիլպիրուվատի հիդրօքսիլացում),
  6. մակերիկամի կեղեւում ստերոիդ հորմոնների սինթեզին։

Կարևոր նշանակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. աղիներում վիտամին C-ն վերականգնում է Fe3+-ը Fe2+-ի, նպաստում է դրա ներծծմանը, արագացնում է երկաթի ձերբազատումը ֆերիտինից,
  2. նպաստում է ֆոլատի (վիտամին B9) կոֆերմենտային ձևի առաջացմանը (F|FH2|FH4),
  3. բնական հակաօքսիդանտ է, որին մեծ նշանակություն տվեց ամերիկացի գիտնական Լ.Պոլինգը (Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր)։ Նա երաշխավորեց եւ խորհուրդ տվեց օգտագործել վիտամին C-ի մեծ չափաբաժիններ (2-3 գ) մի շարք հիվանդություններ կանխարգելելու եւ բուժելու համար (քաղցկեղ, ընդհանուր մրսածություն, հարբուխ եւ այլն),
  4. նպաստում է արյունատար անոթների թափանցելիության փոքրացմանը եւ հյոուսվածքների ռեգեներացիային (հատկապես դեհիդրոասկորբատ ձեւը),
  5. պրոօքսիդանտ է (բարձր չափաբաժիններ),
  6. բակտերիցիդ հատկություն (բարձր չափաբաժին),
  7. հակաուռուցքային հատկություն,
  8. բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։

Վիտամինի անբավարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիտրուսային մրգերը ծովագնացների համար եղել են C վիտամինի առաջին աղբյուրներից մեկը։
  1. Ցինգա հիվանդությունը, որն առաջանում է սննդում թարմ մրգերի եւ բանջարեղենի բացակայությունից։ Այն նկարագրվել է դեռ եւս 300 տարի առաջ (երկարատեւ ծովային ճանապարհորդությունների եւ հյուսիսային գիտարշավների ժամանակ)։ Ցինգայով հիվանդանում են միայն մարդը, մարդանման կապիկները եւ ծովախոզուկները։ Հիվանդության հիմնական ախտանիշը պայմանավորված է շարակցական հյուսվածքում կոլագենի սինթեզի խանգարմամբ, որի հետեւանքով դիտվում են փափուկ լնդեր, շարժվող ատամներ, մազանոթներիի թափանցիկության մեծացում (ենթամաշկային արյունազեղումների աառաջացում), հոդացավ, այտուց եւ անեմիա։ Վերջինս առաջանում է, քանի որ օրգանիզմի պահեստավորված երկաթը չի կարող օգտագործվել, որը նկատվում է նաեւ ֆոլաթթվի փոխանակության խանգարման հետեւանքով։
  2. Սրտային անբավարարություն, հեւոցներ։
  3. Արագ հյուծվածություն։
  4. Տարբեր հիվանդությունների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության անկում։

Վիտամին C-ն օգտագործվում է ինֆեկցիոն հիվանդությունների բուժմանն ժամանակ, լյարդի հիվանդությունների, մակերիկամների տուբերկուլյոզի, թոքային և քթային արյունահոսությունների ժամանակ, կիրառվում է որպես կանխարգելիչ միջոց քաղցկեղի եւ աթերոսկլերոզիդեպքում։