Վիտամին D

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոլեկալցիֆերոլ

Վիտամին D կամ կալցիֆերոլ[1] (D1, D2, D3, D4, D5, որոնցից առավել հայտնի են D2 (էրգոկալցիֆերոլ) և D3 (խոլեկալցիֆերոլ))[2], օրգանիզմի բնականոն նյութափոխանակության և կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանական միացությունների, կենսաբանորեն ակտիվ ստերոիդների խումբ, ռախիտը կանխարգելող վիտամին, լուծվում է ճարպերում, չի լուծվում ջրում, կուտակվում է ճարպերում և լյարդում, հիմնականում առաջանում է մաշկում ուլտրամանուշակագույն ճառագայթների բացօթյա ներգործությամբ (ցերեկային լույսի բացակայության դեպքում քվարցային լամպով ճառագայթահարելով) նախավիտամիններից սինթեզվելուց[3] և որոշ չափով սննդի միջոցով: D վիտամինի պակասի դեպքում ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների, հատկապես կանանց օրգանիզմը վատ է յուրացնում սննդում պարունակվող կալցիումը և ֆոսֆորը, որի հետևանքով ոսկորները փափկում են և սկսում են ծռվել. երեխաների մոտ առաջանում է ռախիտ, իսկ մեծահասակների, հատկապես կանաց մոտ՝ ոսկրակակղանք ավելացնելով օստեոպորոզի ռիսկերը: Կանխարգելման նպատակով բժշկի կողմից նշանակվում են D վիտամինի պատրաստուկներ[4], որոնք ստացվում են գործարանային պայմաններում խմորասնկերը բարդ քիմիական մշակման և ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը ենթարկելու միջոցով[5]:

D վիտամինը մարդու օրգանիզմի անփոխարինելի մասն է կազմում: Օրական անհրաժեշտ չափաբաժինը (RDA) 1 - 70 տարեկանում (ներառյալ հղիները և կերակրող մայրերը) կազմում է 15 մկգ կամ 600 ՄՄ խոլեկալցիֆերոլ[6]:

Հայտնագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկությանը այս վիտամինը հայտնի է դեռ 17-րդ դարից, սակայն գիտականորեն այն արժեվորվել է 20-րդ դարի սկզբներին[7]: Վիտամին D-ի հայտնագործումը թույլ է տվել լուծել մինչ այդ սուր մտահոգություն հանդիսացող ռախիտի խնդիրը: 1913 թ.-ին ամերիկյան կենսաքիմիկոս Էլմեր Մակկոլումը (անգլ.՝ Elmer McCollum) և Մարգուրիթ Դեյվիսը (անգլ.՝ Marguerite Davis) ձկան յուղի մեջ վիտամին A-ն հայտնաբերելուց հետո[8], 1914 թ. -ին բրիտանական անասնաբույժ Էդվարդ Մելենբին (անգլ.՝ Edward Mellanby) նկատեց, որ ռախիտից չեն տառապում այն շներերը, որոնց ձկան յուղ են տալիս: Այս դիտարկումը հանգեցրեց նրան այն եզրակացության, որ ռախիտը կանխարգելվում է վիտամին A-ի կամ դրա հետ առընչություն ունեցող որևէ այլ նյութի շնորհիվ:

Այդ հարցը պարզելու համար 1922 թ.-ին Մակկոլումը ձկան յուղով փորձ դրեց, որտեղ լիովին չեզոքացրեց վիտամին A-ն: Այդ ձկան յուղով սնվող շները հաջողությամբ բուժվեցին ռախիտից: Այդպես ապացուցվեց, որ ռախիտի բուժման համար պատասխանատու է ոչ թե վիտամին A-ն, այլ մինչ այդ անհայտ վիտամինը: Եվ քանի որ դա գիտության կողմից հայտնաբերված չորրորդ վիտամինն էր, գիտնականը այն անվանեց լատինական այբուբենի չորրորդ տառով՝ D[9]:

1923 թ.-ին ամերիկյան կենսաքիմիկոս Հարի Սթենբոկը ցույց տվեց, որ ուլտրամանուշակագույն ճառագայթներով ճառագայթելիս սննդի մեջ վիտամին D-ի քանակն ավելանում է: Նման ճառագայթումից հետո սովորական սննդի միջոցով փորձարկվող առնետները ռախիտից բուժվեցին: Գրեթե նույն ժամանակում Ա. Ֆ. Հեսսը (Alfred Fabian Hess) ապացուցեց, որ մարդու օրգանիզմում արևի լույսից վիտամին D է սինթեզվում[10]:

Այդ ընթացքում Սթենբոկը արտոնագրեց կաթի և այլ ճարպային սննդամթերքների ուշտրամանուշակագույնով ճառագայթման եղանակը, նպատակ ունենալով դրանցում ավելացնել արևային վիտամինի քանակը: Այս միջոցը լայնորեն տարածված է ԱՄՆ-ում:

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտամին D-ն կենսաբանական ակտիվ նյութերի խումբ է (այդ թվում էրգոկալցիֆերոլ և խոլեկալցիֆերոլ): D խմբի վիտամինները մարդու սննդակազմի անփոխարինելի մասն են հանդիսանում։ Օրվա պահանջը՝ 10-25 մկգ։

Վիտամինը բաղկացած է ֆերոլներից, որոնք ակտիվանում են ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Կալցիֆերոլը ճարպերում լուծվում է: Ճարպերն անհրաժեշտ են նաև աղիներում այդ վիտամինի լիարժեք ներծծման համար: Ճարպերում լուծվող այլ վիտամինների նման ճարպային հյուսվածքներում կուտակվելու հատկություն ունի: Ամռան ընթացքում D վիտամինի կուտակված պաշարները կարող են աստիճանաբար սպառվում ձմռան ամիսներին[11]:

Օրգանիզմում այդ պրոցեսը կատարվում է մաշկում։ Վիտամին D - ի անբավարարությունը շատ տարածված է և կարող է օրգանների բջիջների զարգացման խնդիրներ առաջացնել, առավելապես մաշկային։ Գիտնականները ապացույցներ են փնտրում նաև, որ վիտամին D-ի երկարաժամկետ անբավարարությունը հանգեցնում է քաղցկեղի: Բացի այդ, մի շարք կլինիկական ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ վիտամին D -ն մասնակցում է բջիջների բազմացման կարգավորմանը, նյութափոխանակությանը, խթանում է որոշ հորմոնների սինթեզը, կանխում է շաքարախտը[12], քաղցկեղի որոշ տեսակները[13][14]:

Վիտամին D-ի աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուլտրամանուշակագույն ճառագայթներ. խոլեկալցիֆերոլը՝ D3 պրեվիտամինը, կազմավորվում է մաշկի էպիդերմիսում արևի լույսի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ D3 պրովիտամինից։ D3 պրովիտամինը խոլեկալցիֆերոլի է վերածվում ջերմային իզոմերիզացման ճանապարհով (մարմնի ջերմաստիճանում). Էպիդերմիսում խոլեկալցիֆերոլը կապվում է D վիտամին կապակցող սպիտակուցի հետ և այդ վիճակով անցնում է արյան մեջ և տեղափոխվում է լյարդ[3][15]: Ստվերը և ամպամած եղանակը ընդունակ են 60 %-ով կրճատել պրեվիտամինի սինթեզը[16]: Պրեվիտամինի սինթեզի համար անհրաժեշտ ուլտամանուշակագույն ճառագայթները չեն անցնում ապակու, հագուստի և արևայրուքի համար նախատեսված քսուկների միջով[11]: Բավարար քանակով վիտամին սինթեզվում է սոլյարիում պարբերաբար ճառագայթում ստանալիս, սակայն դա կարող է հանգեցնել մաշկի քաղցկեղի[17]:
  • Սնունդ
Բուսական. առվույտ, ձիաձետ, եղինջ, մաղադանոս, սունկ, արևածաղիկ, եգիպտացորեն, որոշ ջրիմուռներ: Էրգոկալցիֆերոլի բնական աղբյուր է (ոչ արհեստական լուսավորության տակ աճած) անտառային աղվեսասունկը և այն սնկատեսակները, որոնց հյուսվածքներում էրգոկալցեֆերոլը արտադրվում է էրգոստերոլից: Վիտամին D-ի (էրգոստերոլ) արտադրական ստացման հիմնական աղբյուրը խմորասնկերն են[18]:
Կենդանական. կարագ, պանիր և այլ կաթնամթերքներ, ձվի դեղնուց, ձկան յուղ, խավիար, ջրիմուռներով սնվող ձկներ: 400 ՄՄ[19] վիտամինի ստացման համար հարկավոր է ամեն օր 150 գրամ սաղմոն և 900 գրամ ձողաձուկ ուտել[17][11]:

Ֆունկցիաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտամին D հավասարակշռում է կալցիում և ֆոսֆոր միներալների՝ յուրացումը, արյան մեջ նրանց պարունակության մակարդակը և նրանց ներթափանցումը ոսկրային հյուսվածքներ և ատամներ։ Վիտամին А-ի, կալցիումի և ֆոսֆորի հետ օրգանիզմը պաշտպանում է մրսածությունից, շաքարախտից, աչքի և մաշկային հիվանդություններից։ Այն կանխարգելում է ատամների կարիեսը և լնդերի պաթոլոգիան, օգնում է պայքարել օստեոպորոզի դեմ և արագացնում է կոտրվածքների ապաքինումը։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտամին D-ի ենթատեսակներն են՝ D1, D2, D3, D4, D5, որոնցից հիմնական երկուսն են վիտամին D2 (էրգոկալցիֆերոլ) և վիտամին D3 (խոլեկալցիֆերոլ): Առանց ինդեքսի վիտամին D նշանակում է կամ D2 կամ D3, կամ երկուսն էլ: Դրանք հայտնի են որպես կալցիֆերոլ: Խոլեկալցիֆերոլը (D3) ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ սինթեզվում է մաշկի մեջ կամ օրգանիզմ է մտնում սննդի միջոցով, իսկ էրգոկալցիֆերոլը (D2)՝ միայն սննդի միջոցով: Խոլեկալցիֆերոլը և էրգոկալցիֆերոլը հիմնականում ապահովում են բարակ աղիներում (հատկապես տասներկումատնյա աղիներում) սննդամթերքի կալցիումի և ֆոսֆորի ներծծումը և ոսկրային հյուսվածքներում դրանց կուտակումը։ D2 և D3 -ի միջև կառուցվածքային տարբերությունը կայանում է նրանում, որ D2-ի շղթայում ածխածնի ատոմների և մեթիլ խմբի միջև կրկնակի կապ կա[2]:

Անվանում Քիմիական կառուցվածք Строение
Վիտամին D1 էրգոկալցիֆերոլի համակցումը լյումիստերոլի հետ, 1:1
Վիտամին D2 էրգոկալցիֆերոլ (էրգոստերոլի ածանցյալ) Note double bond at top center.
Վիտամին D3 խոլեկալցիֆերոլ (կազմավորվում է մաշկում 7-դիհիդրոխոլեստերոլից) Cholecalciferol.svg
Վիտամին D4 22-դիհիդրոէրգոկալցիֆերոլ 22-Dihydroergocalciferol.png
Վիտամին D5 սիտոկալցիֆերոլ ( 7-դիհիդրոսիտոստերոլի ածանցյալ) VitaminD5 structure.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dorland's Illustrated Medical Dictionary. Vitamin (Table of Vitamins)
  2. 2,0 2,1 Nomenclature of Vitamin D. Recommendations 1981. IUPAC-IUB Joint Commission on Biochemical Nomenclature (JCBN). reproduced at the Queen Mary, University of London website.
  3. 3,0 3,1 2- La Photosynthèse cutanée. a) La Vitamine D.
  4. Bischoff-Ferrari HA, Willett WC, Wong JB et Als. Prevention of Nonvertebral Fractures With Oral Vitamin D and Dose Dependency. A Meta-analysis of Randomized Controlled Trials
  5. Ինչպես են արտադրում վիտամինները
  6. Institute of Medicine (US) Committee to Review Dietary Reference Intakes for Vitamin D and Calcium; Ross AC, Taylor CL, Yaktine AL, Del Valle HB, editors (2011). «Dietary Reference Intakes for Calcium and Vitamin D» (National Academies Press (US)). PMID 21796828.
  7. History of Vitamin D
  8. Wolf G (June 2004). "The discovery of vitamin D: the contribution of Adolf Windaus". J Nutr. 134 (6): 1299–302. PMID 15173387.
  9. Elena Conis (July 24, 2006). "Fortified foods took out rickets". Los Angeles Times.
  10. "History of Vitamin D". University of California at Riverside. 2011.
  11. 11,0 11,1 11,2 Vitamin D and your health — Harvard Health Publications
  12. Vitamin D supplementation reduces insulin resistance in South Asian women living in New Zealand who are insulin resistant and vitamin D deficient - a randomised, placebo-controlled trial.
  13. EFFET PROTECTEUR DE LA VITAMINE D FACE AU CANCER DU SEIN
  14. La vitamine D en prévention du cancer? ֆրանսերեն
  15. Брикман А. Нарушение обмена кальция и фосфора у взрослых. Эндокринология (под ред. Н. Лавина). Москва: Практика, 1999. էջեր 413–454. — 1128 էջ, ISBN 5898160175.
  16. Shining a Light on Vitamin D — Nutrition Studies
  17. 17,0 17,1 Vitamin D — Health Professional Fact Sheet
  18. Елинов Н.П. Основы биотехнологии. — СпБ: "Наука", 1995. — 600 с. — ISBN 5-02-026027-4.
  19. 1 ՄՄ D վիտամինը համարժեք է 0,025 մկգ խոլե- կամ էրգոկալցիֆերոլին

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]