Jump to content

Հենաշարժիչ համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոդի կառուցվածքի գծապատկերը
Մարդու կմախքը

Մարդու բոլոր ոսկրերն իրենց միացումներով կազմում են կմախքը, որը հենաշարժիչ համակարգի պասիվ մասն է, կմախքի տարբեր օղակները շարժման մեջ դնող մկանները՝ ակտիվ մասը։ Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հենարանային, պաշտպանական, տեղաշարժման ֆունկցիա։

Հենաշարժիչ համակարգի նշանակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից։ Գանգատուփը գլխուղեղի զետեղարանն է, ողնաշարային խողովակը՝ ողնուղեղի ոսկրապատյանը, կրծքավանդակը պաշտպանում է սիրտը, թոքերը, խոշոր անոթները, կոնքը՝ սեռական, միզային և մարսողական համակարգերի որոշ օրգանները։ Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր (երկաթի, ֆոսֆորի, կալցիումի և ուրիշ)։ Ոսկորը նաև արյունաստեղծ օրգան է։

Ոսկրահյուսվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կմախքի ոսկրերը կազմված են ոսկրահյուսվածքից, որը շարակցական հյուսվածքի տարատեսակ է։ Այն կազմված է ոսկրաբջիջներից, օրգանական ու անօրգանական միացություններ պարունակող միջբջջային նյութից, որը կազմում է ոսկրահյուսվածքի 2/3-ը։ Այն պինդ է և ամուր, օժտված է մեխանիկական բարձր հատկություններով և ամրությունը գերազանցում է երկաթին ու գրանիտին։ Ոսկրահյուսվածքը պարունակում է արյունատար անոթներ և նյարդեր, նրանում մշտապես կատարվում է ոսկրի քայքայում և ստեղծում։

Տարբերում են ամուր ներդակազմ և թիթեղակազմ ոսկրահյուսվածք։ Ամուր ներդակազմ ոսկրահյուսվածքը հանդիպում է գանգի կարաններում, ջլերը ոսկրերին ամրանալու տեղերում։ Մարդու կմախքի բոլոր ոսկրերը կազմված են թիթեղակազմ ոսկրահյուսվածքից։ Եթե թիթեղները իրար կիպ են հպվում, ոսկրանյութը հոծ է, իսկ եթե դասավորված են ոչ խիտ, առաջանում է սպունգանման ոսկրանյութ։

Ոսկրի կառուցվածքը

Ոսկրերի կառուցվածքը և տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր ոսկր մի քանի հյուսվածքներից կազմված բարդ օրգան է։ Արտաքինից ոսկրը պատված է շրջոսկրով։ Այն բարակ, ամուր, արյունատար անոթներով և նյարդերով հարուստ շարակցահյուսվածքային թիթեղ է, ապահովում է ոսկրի սնուցումը և աճը։ Շրջոսկրը բացակայում է հոդավորվող մակերեսներում։

Տարբերում են ոսկրերի հետևյալ տեսակները՝ խողովակավոր, սպունգանման, տափակ և խառը։

Խողովակավոր ոսկրերը սնամեջ են, որն ապահովում է նրանց ամրությունը և թեթևությունը։ Յուրաքանչյուր ոսկր կազմված է մարմնից և երկու հաստացած ծայրերից՝ գլխիկներից։ Մարմինը կազմված է խիտ ոսկրանյութից, որի ներսում գտնվում է դեղին ոսկրածուծով լցված ոսկրային խոռոչ։ Գլխիկները կազմված են սպունգանման նյութից, որի խորշիկներում գտնվում է կարմիր ոսկրածուծ։ Ոսկրահյուսվածքի թիթեղները սպունգանման նյութում դասավորված են այնպիսի ուղղություններով, որոնցով ոսկրերն առավել ձգվում կամ սեղմվում են։ Նման կառուցվածքը ապահովում է ոսկրի թեթևությունն ու ամրությունը։ Արտաքինից գլխիկները ծածկված են ապակենման աճառով։

Խողովակավոր ոսկրերը կազմում են վերջույթների կմախքը և կատարում լծակների ֆունկցիա։ Տարբերում են երկար (բազուկոսկր, ազդրոսկր) և կարճ (մատոսկր) խողովակավոր ոսկրեր։

Սպունգանման ոսկրերը կազմված են սպունգանման ոսկրանյութից և ծածկված են խիտ ոսկրանյութի բարակ շերտով (ող, դաստակի ոսկրեր)։

Տափակ ոսկրերը երկու կողմից պատված են խիտ ոսկրանյութի թիթեղով, որոնց միջև գտնվում է սպունգանման նյութ։ Դրանք մասնակցում են խոռոչների գոյացմանը և կատարում պաշտպանական ֆունկցիա (գանգի ոսկրեր, կոնքոսկր)։

Խառը ոսկրերը կազմված են տարբեր կառուցվածք և ձև ունեցող մասերից (քունքոսկր)։

Ոսկրերի բաղադրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանի օրգանիզմում ոսկրը պարունակում է 50 % ջուր, 28 % օրգանական և 22 % անօրգանական նյութ։ Ոսկրի 2/3-ը կազմում են անօրգանական նյութեր (կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում և ուրիշ), որոնցից կախված է ոսկրի կարծրությունը, իսկ 1/3-ը օրգանական նյութեր, որոնք պայմանավորում են ոսկրի առաձգականությունը, ճկությունը։ Տարի քին զուգընթաց փոխվում է ոսկրի քիմիական կազմը։ Մանուկների և պատանիների ոսկրերում գերակշռում են օրգանական նյութեր, ուստի նրանց ոսկրերը ճկուն են և ուշ կոտրվում։ Տարեց և ծերունական հասակում ոսկրերում գերակշռում են անօրգանական աղերը, որի պատճառով նրանք դառնում են դյուրաբեկ, փխրուն, շուտ կոտրվում են և դժվար կպչում։

Ոսկրերն աճում են երկարությամբ և հաստությամբ։ Ոսկրի աճը հաստությամբ պայմանավորված է շրջոսկրի ոսկրաստեղծ հատկությամբ։ Նրա ներքին մակերեսի բջիջների բաժանման շնորհիվ ոսկրի մակերևույթին առաջանում են ոսկրաբջիջների նոր շերտեր, իսկ դրանց շուրջը՝ միջբջջային նյութ։ Ոսկրերի ծայրերում գտնվող աճառահյուսվածքի բջիջների բաժանման շնորհիվ ոսկրերն աճում են երկարությամբ։

Ոսկրերի աճը կարգավորում է հիպոֆիզի առջևի բլթի աճի հորմոնը։ Չափահաս մարդու ոսկրերը չեն աճում, սակայն հին ոսկրանյութի փոխարինումը նորով շարունակվում է ամբողջ կյանքում։

Ոսկրերի միացման տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու կմախքը կազմված է միմյանց միացած բազմաթիվ ոսկրերից։ Տարբերում են ոսկրերի միացման երեք տեսակ՝ անշարժ (անընդհատ), կիսաշարժուն և շարժուն։

Անընդհատ միացումներն առաջանում են ոսկրերի սերտաճման հետևանքով։ Ոսկրերն իրար միանում են շարակցական, աճառային կամ ոսկրային շերտերով (գանգի կարանները, կոնքի ոսկրերի սերտաճումը)։ Շատ ոսկրերն իրար միանում են աճառային միջնաշերտով։ Այդպիսի միացումը կոչվում է կիսաշարժուն (ողների միացումները)։ Ոսկրերի շարժուն միացումը կոչվում է հոդ։ Յուրաքանչյուր հոդ ունի հոդապարկ, հոդային մակերեսներ և հոդախոռոչ։

Հոդապարկը կազմված է արտաքին և ներքին թաղանթից։ Ներքին թաղանթն արտադրում է թափանցիկ հեղուկ, որը շարժումների ժամանակ փոքրացնում է շփումը և նպաստում հոդամակերեսների սահելուն։ Արտաքին թելակազմ շարակցահյուսվածքը հաստանալով առաջացնում է արտահոդյա կապաններ։

Հոդային մակերեսները ծածկված են ապակենման աճառով, որը խոնավ է և հեշտացնում է շարժումները հոդում։ Հոդավորվող ոսկրերից մեկի վրա կա փոս, մյուսի վրա՝ գլխիկ, որն իր ձևով համապատասխանում է փոսին։ Հոդախոռոչը հերմետիկորեն փակ, ճեղքանման տարածություն է, պարունակում է քիչ քանակով հեղուկ։ Հոդը կազմող ոսկրերը միանում են ամուր ջլերով։

Ողնաշարի կուզիկությունը
Տարբեր աստիճանի հարթաթաթ ոտքեր (մինչև՝ 3 աստիճան)

Հենաշարժիչ համակարգի ձևավորման պայմանները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու կմախքը և մկանները փոփոխվում են ամբողջ կյանքի ընթացքում։ Սակայն մանկական և պատանեկան հասակում դրանք ավելի արագ են աճում ու զարգանում։ Այդ գործընթացը հիմնականում ավարտվում է կյանքի 25-րդ տարում։

Հենաշարժիչ համակարգի բնականոն զարգացման համար կարևոր նշանակություն ունի լիարժեք սննդի ընդունումը, նրանում հանքային աղերի, վիտամինների առկայությունը։ կմախքի ճիշտ ձևավորումը կապված է մկանների զարգացման հետ։ Ոսկրերի վրա մկանների միացման տեղում առաջանում են ելուններ, թմբիկներ։ Որքան լավ է զարգացած մկանը, այնքան ելունները մեծ են։ Լավ զարգացած մկանների առկայությունը նպաստում է հենաշարժիչ համակարգի ճիշտ ձևավորմանը։ Ֆիզիկական վարժությունների կանոնավոր կատարումը նպաստում է մկանների զարգացմանը։ Մարդը դառնում է ֆիզիկապես ուժեղ, հեշտ է հարմարվում միջավայրի փոփոխվող պայմաններին։ Ուղիղ պարանոցը, ծավալուն կուրծքը, բարձր պահած գլուխը լավ կեցվածքի նշաններն են։ կմախքի խանգարումների ձևավորմանը նպաստող գործոններ են ոչ ճիշտ նստելն ու քայլքը։ Մարդու ոչ ճիշտ կեցվածքը, կծկված, կախ ընկած ուսերը, ներս ընկած կուրծքը փոխում են ոչ միայն մարմնի ձևը, այլև խանգարում ներքին օրգանների աշխատանքը։

Կեցվածքի խանգարումների կանխարգելումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեցվածքին հատկապես պետք է հետևել մանկական հասակում, երբ զարգանում է հենաշարժիչ համակարգը։ Երեխաների ոսկրերն առաձգական են և հեշտ ծռվում։ Անհրաժեշտ է ծանրություն կրել ուժերի ներածի չափ և այն հավասարաչափ բաշխվի մարմնի վրա։ Փոքր երեխաների պայուսակը պետք է թեթև լինի.այն ավելի լավ է կրել մեջքին։ Եթե պայուսակը ձեռքին են կրում, ապա չի կարելի անընդհատ մեկ ձեռքով տանել։ Անհրաժեշտ է սեղանի մոտ ճիշտ նստել։ Դա ապահովում է կեցվածքի բնականոն զարգացումը, պահպանում առողջությունը, մարմնի գեղեցկությունը և մեծացնում աշխատունակությունը։ Անհրաժեշտ է նստել ուղիղ, մարմինը և գլուխը քիչ առաջ թեքած, սեղանի և աչքերի միջև հեռավորությունը պետք է լինի 30-35 սմ-ի սահմաններում, իսկ սեղանից կուրծքը հեռու պահել ափի լայնքի չափ։ Ոտքերը պետք է հենվեն հատակին, զբաղեցնել ամբողջ նստատեղը և արմունկները դնել սեղանին։ Կանգնելիս, շարժվելիս մարմինն ուղիղ պահել և հավասարաչափ հենվել երկու ոտքերի վրա։ Ճիշտ կեցվածքը չի տրվում մարդուն ի ծնե, այլ ձեռք է բերվում ժամանակի ընթացքում, իսկ 18 տարեկանից հետո թերություններն ուղղելը շատ դժվար է։ Ամենօրյա ոչ ճիշտ դիրքով նստելը կամ աշխատելն աշակերտի ողնաշարում կարող է առաջացնել ծռվածքներ։ Մարմնի ուղղաձիգ դիրքում պահող մկանների վարժեցումը նպաստում է լավ կեցվածքի զարգացմանը։

Հարթաթաթությունը և դրա կանխարգելումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոտնաթաթի միջին մասն ունի որոշակի կորություն (կամար),որը քայլքի, ցատկի և վազքի ժամանակ թուլացնում է ցնցումները։ Եթե մարդն օրվա մեծ մասը անց է կացնում ոտքի վրա, հագնում է նեղ և բարձր կրունկով կոշիկ,մեծ ծանրություն է կրում, ապա հաճախ զարգանում է հարթաթաթություն՝ ոտնաթաթի կորությունը նվազում է, որի պատճառը կապանների և մկանների թուլացման հետևանքով։ Այս դեպքում ներբանն ամբողջ մակերևույթով հպվում է գետնին։ Ուստի քայլելիս, կանգնելիս ոտնաթաթի կամարում առաջանում է ցավ և շուտ են հոգնում։ Կանխարգելման համար կան հատուկ վարժություններ, օգտակար է նաև ոտաբոբիկ, մատների ծայրին քայլելը, լողով զբաղվելը։ Ամենօրյա կոշիկը պետք է բարձրակրունկ չլինի (լավագույն բարձրությունը՝ 3-5 սմ)։ Հարթաթաթությունը նպաստում է նաև ճարպալակումը։

Սակավաշարժության հետևանքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու ընդունած սնունդը և կատարած աշխատանքը (այսինքն՝ ծախսված էներգիան) նորմայում պետք է հավասարակշռվեն։ Եթե մարդը սնվում է չափավոր, բայց քիչ է շարժվում, նրա մարմնում ավելցուկային էներգիան կուտակվում է ճարպերի ձևով։ Երկարատև այսպիսի վիճակն առաջացնում է ճարպակալում, որն օրգանիզմի նյութափոխանակության լուրջ խանգարումներ է առաջացնում։ Խանգարումներ են առաջանում նաև հենաշարժիչ համակարգում՝ ոտքերի, հոդերի կառուցվածքի փոփոխություն, շարժումների սահմանափակում, ցավեր։ Անհրաժեշտ է հետևել օրվա ռեժիմին՝ սննդակարգին և վարժություններին։Սնունդը պետք է համապատասխանի էներգետիկ ծախսին։ Առավոտյան լիցքային վարժությունները, զբոսանքները յուրաքանչյուր մարդ պետք է կատարի իր ողջ կյանքի ընթացքում։

Մկանների մարզման նշանակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատող մկանի արյան մատակարարումը ուժեղանում է։ Որքան շատ են աշխատանք են կատարում մկանները,այնքան արյունը շատ սննդանյութեր է բերում, մկանաթելերն աճում և երկարում են։ Զարգանում են ոչ միայն մկանունքը, այլ նաև կմախքը։ Ահա թե ինչու շատ կարևոր է փոքր հասակից զբաղվել ֆիզիկական վարժություններով, մարզել մկանները, աշխատել դպրոցի արհեստանոցներում, ուսումնափորձնական հողամասերում,մաքրել, կարգի բերել դասասենյակները, տանը կատարել անհրաժեշտ աշխատանք։ Այս բոլորը նպաստում է կմախքի և մկանների զարգացմանը, պահպանում և ամրապնդում առողջությունը։