Սիրտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրտի եռաչափ մոդել

Սիրտ (լատ.՝ cor, հուն.՝ καρδιά, kardia), մկանային օրգան, որի հիմնական գործառույթը մարմնի բոլոր օրգաններին և հյուսվածքներին արյան մատակարարումն է: Սիրտ-անոթային համակարգում այն կենտրոնական օրգան է, որի ռիթմիկ կծկումները նպաստում են արյունատար անոթներով արյան հոսքին:

Արյան անընդհատ շարժումն անոթների փակ համակարգով կոչվում է արյան շրջանառություն: Արյան շրջանառության համակարգը կազմված է սրտից և արյունատար անոթներից: Այդ համակարգի հիմնական դերն օրգանիզմին ու հյուսվածքներին արյան մատակարարումը և արյան ֆունկցիայի իրականացումն է:

Սիրտն արյան շրջանառության կենտրոնական օրգան է, որն արյունը մղում է անոթներ, ապահովում նրա շարժումը և վերադարձը դեպի սիրտ: Սրտի աշխատանքի դադարից մարդը մահանում է, որովհետև ընդհատվում է օրգաններին ու հյուսվածքներին թթվածնի, սննդանյութերի մատակարարումը և նյութափոխանակության արգասիքների հեռացումը:

Սրտի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրտը գտնվում է կրծքավանդակում: Այն կոնաձև, սնամեջ մկանային օրգան է, նրա մեծ մասը գտնվում է կրծքավանդակի ձախ մասում: Սրտի մեծությունը մոտավորապես տվյալ անձի բռունցքի չափ է[1]: Չափահաս մարդու սրտի միջին զանգվածը 250-300 գ է[2]: Սիրտը գտնվում է շարակցահյուսվածքային թաղանթի՝ սրտապարկի մեջ: Այն պարունակում է քիչ քանակով հեղուկ, որը խոնավացնում է սրտի մակերեսը և կծկման ժամանակ փոքրացնում շփումը:

Մարդու սիրտը քառախորշ է: Այն միջնապատով բաժանված է իրար հետ չհաղորդակցվող աջ և ձախ կեսերի: Յուրաքանչյուր կես իր հերթին կազմված է իրար հետ հաղորդակցվող 2 խոռոչներից՝ նախասրտից և փորոքից: Փորոքների մկանային պատը նախասրտերի համեմատությամբ զգալիորեն հաստ է, հատկապես ձախ փորոքի մկանապատը, քանի որ նա մեծ աշխատանք է կատարում: Նախասրտերի և փորոքների միջև կան անցքներ, որոնց եզրերին գտնվում են փեղկավոր փականներ: Դրանք ջլային թելերով ամրացված են փորոքների պատերին պտկաձև մկաններին: Սրտի աջ նախասրտի և աջ փորոքի բացվածքի սահմաններում գտնվում են եռափեղկ փականներ (կազմված երեք փեղկից), իսկ ձախ նախասրտի ու ձախ փորոքի բացվածքի սահմաններում՝ երկփեղկ փականները: Սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում կան կիսալուսնաձև փականներ: Յուրաքանչյուր կիսալուսնաձև փական կազմված է երեք թերթերից, որոնք գրպանիկների տեսք ունեն: Գրպանիկների ազատ եզրերն ուղղված են դեպի անոթների լուսանցքը: Եռափեղկ և երկփեղկ փականները խոչընդոտում են արյան հետադարձ շարժումը փորոքներից նախասրտեր: Կիսալուսնաձև փականներն արգելակում են արյան հետադարձ շարժումը թոքային զարկերակից և աորտայից դեպի սիրտ: Աորտայի կիսալուսնաձև փականներից վեր դուրս են գալիս սիրտը սնուցող պսակաձև 2 զարկերակներ:

Սրտի գործունեության ուսումնասիրման մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտի կառուցվածքը

Սրտամկանի դրդումն ու կծկումն ուղեկցվում են ձայնային, մեխանիկական և էլեկտրական երևույթներով, որոնց գրանցումը կիրառվում է կլինիկայում: Այն ախտորոշիչ նշանակություն ունի և հնարավորություն է տալիս սրտի գործունեության խանգարումների առանձնահատկությունները:

Կծկվելիս սիրտն իր դիրքը որոշակիորեն փոխում է կրծքավանդակը: Այն դառնում է ամուր, կարծր և որոշ չափով թեքվում է իր առանցքի շուրջը՝ ձախից աջ ու հարվածում կրծքավանդակին: Հինգերորդ միջկողային տարածությունում միջին գծից 1 սմ ձախ այն շոշափոխվում է և կոչվում սրտային հրոց: Նրա գրանցումը կոչվում է գագաթասրտագրություն:

Սրտի կծկման յուրաքանչյուր փուլ ուղեկցվում է նաև հնչյուններով: Դրանց առաջացումը կապված է փեղկավոր փականների միաժամանակյա փակման, նրանց ամրացված ջլային թելերի թրթռոցների, կիսալուսնաձև փականների փակման և աորտայի ու թոքային զարկերակի պատերի տատանումների հետ: Փականների ախտահարումների՝ սրտի արատների դեպքում առաջնում են աղմուկներ, որոնք կարելի է գրանցել հատուկ ձայնասրտագրիչների միջոցով՝ ֆոնոկարդիոգրաֆիա:

Սրտի գործունեության հետևանքով առաջանում են թույլ կենսաէլեկտրական ազդակներ: Քանի որ մարմինն օժտված է բարձր էլեկտրահաղորդելիությամբ, և սիրտը կրծքավանդակում անհամաչափ են բաշխվում մարմնի մակերեսին: Դա հնարավորություն է տալիս ձեռքերի, ոտքերի մաշկից և կրծքավանդակի մակերեսից արտածել այդ ազդակները: Գրանցումը կատարվում է հատուկ սարքով, որը կոչվում է էլեկտրասրտագրիչ, իսկ ստացված գիրը՝ էլեկտրասրտագիր: Այն արտացոլում է սրտամկանի վիճակը և նրա գործունեության կարևոր ցուցանիշ է: Ախտաբանական վիճակների դեպքում փոփոխություններ են գրանցվում էլեկտրասրտագրում, որոնցով կարելի է դատել սրտի ինքնավարության, հաղորդելիության, դրդունակության, սրտամկանի արյան շրջանառության անբավարարության մասին:

Սրտային բոլորաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտի ֆունկցիան զարկերակների մեջ պարբերաբար արյուն մղելն է, որն իրականանում է նախասրտերի և փորոքների կծկումների ու թուլացումների շնորհիվ: Սրտային բոլորաշրջանը բաղկացած է միմյանց հաջորդող երեք փուլերից՝ նախասրտերի կծկում, փորոքների կծկում և ընդհանուր դադար: Սրտային բոլորաշրջանը տևողությունը կախված է սրտի կծկումների հաճախությունից: Առողջ մարդու սիրտը հարաբերական հանգիստ վիճակում մեկ րոպեում 75 անգամ կծկվելիս սրտային բոլորաշրջանը տևում է 0,8 վրկ, որից 0,4 վրկ կազմում է սրտի ընդհանուր դադարը:

Սրտային բոլորաշրջանը սկսվում է նախասրտերի կծկումով (սիստոլա), որը տևում է 0,1 վրկ: Այդ ընթացքում փորոքները թուլացած են (դիաստոլա), փեղկավոր փականները բաց, կիսալուսնաձև փականները փակ են: Նախասրտերի կծկման հետևանքով արյունը լցվում է փորոքներ: Այնուհետև նախասրտերը թուլանում են, և սկսվում է փորոքների կծկումը, որը տևում է 0,3 վրկ: Փորոքների կծկման սկզբում փեղկավոր փականները բաց են, կիսալուսնաձև փականները՝ փակ: Երբ փորոքների բոլոր մկանաթելերը կծկվում են, ճնշումը նրանց խոռոչում աստիճանաբար բարձրանում է, և փեղկավոր փականները փակվում են: Արյան ճնշումը փորոքների խոռոչում գերազանցում է նախասրտերի ճնշմանը, արյունը ձգտում է վերադառնալ նախասիրտ, սակայն փականների ջլային թելերի պրկումը թույլ չի տալիս փակված փեղկերին շրջվելու: Երբ փորոքների խոռոչում արյան ճնշումը գերազանցում է աորտայի և թոքային զարկերակի ճնշմանը, կիսալուսնաձև փականները բացվում են, և արյունն ուժգնորեն մղվում է զարկերակների մեջ: Փորոքների կծկումը փոխարինվում է նրանց թուլացմամբ, որը տևում է 0,5 վրկ: Կիսալուսնաձև փականները փակվելուց հետո փորոքների ճնշումը սկսում է նվազել, երբ այն մոտենում է 0-ի, բացվում են փեղկավոր փականները, և սկսվում է արյունալցման փուլը:

Փորոքների յուրաքանչյուր կծկման ընթացքում զարկերակների մեջ արտամղվում է 65-70 միլիլիտր արյուն, որը կոչվում է սիտոլական ծավալ: Հարաբերական հանգիստ վիճակում չափահաս մարդու սիրտը 1 րոպեում կծկվում է 70-75 անգամ, ուստի արյան րոպեական ծավալը կկազմի 4,5-5 լիտր:

Սիստոլային և րոպեական ծավալները հաստատում մեծություններ չեն, դրանք փոխվում են, կախված օրգանիզմի գտնվելու պայմաններից և կատարած աշխատանքից: Ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում չմարզված մարդու սիրտը մեկ րոպեում արտամղում է 15-20 լիտր, իսկ մարզվածինը՝ 30-40 լիտր արյուն: Չմարզվածների րոպեական ծավալի մեծացումը կատարվում է սրտի հաճախության, իսկ մարզվածներինը՝ սիստոլային ծավալի մեծացման հաշվին:

Սրտի բարձր աշխատունակության առանձնահատկություններից է նաև նրա արյան մատակարարումը: Միայն հանգիստ վիճակում 1 րոպեում նա ստանում է 250-300 սմ3 արյուն, իսկ ֆիզիկական գերծանրաբեռնվածության ժամանակ՝ մինչև 2000 սմ3:

Սրտի կծկումների հաճախության արագացման դեպքում կրճատվում է սրտի ընդհանուր դադարի տևողությունը: Դրանից հետևում է, որ չմարզված մարդկանց սիրտն ունի ավելի քիչ արդյունավետ է աշխատում և շուտ հյուծվում է: Այդ է պատճառը, որ մարզիկների մոտ սիրտ-անոթային հիվանդություններն ավելի սակավ են առաջանում:

Սրտի ինքնավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանի օրգանիզմից մեկուսացված սիրտը ֆիզիոլոգիական լուծույթով սնելիս երկար ժամանակ պահպանում է կծկվելու ունակությունը:

Ինքնավարությունը սրտի պարբերաբար կծկվելու ունակությունն է իր մեջ ծագող ազդակների ազդեցությամբ: Ինքնավարությունը պայմանավորված է սրտի մկանաթելերի առանձնահատկություններով: Սրտում կան երկու տեսակ մկանային բջիջներ, որոնք իրարից տարբերվում են ինչպես կառուցվածքով, այնպես էլ ֆիզոլոգիական հատկություններով: Մկանային բջիջների մի խումբ օժտված է դրդունակությամբ և կծկողունակությամբ, մեկ այլ խումբ չի կծկվում, օժտված է ինքնածին դրդունակությամբ և դրդումը հաղորդելու հատկությամբ: Այս մկանային բջիջները տեղադրված են սրտի որոշ բաժիններում: Նրանց այդ կուտակները կոչվում են հանգույցներ, որոնք նյարդային բջիջների հետ կազմում են սրտի հաղորդող համակարգը: Առավելագույն ինքնավարությամբ օժտված հանգույցը գտնվում է աջ նախասրտում, վերին սիներակի մուտքի մոտ: Այստեղ առաջացած ազդակները որոշում են սրտի կծկումների ռիթմը և հաղորդում համակարգի մյուս հանգույցներին, որոնց ինքնավարությունն աստիճանաբար նվազում է:

Սիրտ-անոթային համակարգի գործունեության կարգավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյան շրջանառության կարգավորումը տեղի է ունենում նյարդային (ռեֆլեկտոր) և հումորալ (արյուն, ավիշ) ճանապարհով: Կենտրոնից եկող թափառող և սիմպաթիկ նյարդերը, լայնացնելով կամ նեղացնելով անոթները, փոփոխում են սրտի կծկումների ռիթմը և ուժը, ինչպես նաև անոթների լուսանցքը, հետևաբար՝ մղված արյան քանակն ու ճնշումը: Նման ազդեցություն են գործում նաև օրգանիզմում առաջացող քիմիական որոշ նյութեր՝ ադրենալինը, վազոպրեսինը, ացետիլխոլինը, հիստամինը:

Սրտի գործունեության կարգավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտի գործունեության նյարդային կարգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտի գործունեության փոխվում է կախված օրգանների համակարգերի գործառական վիճակից և այն պայմաններից, որում գտնվում է օրգանիզմը: Սննդի ընդունումը, արտաքին միջավայրի պայմանների փոփոխությունը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հուզական վիճակներն առաջացնում են սրտի գործունեության փոփոխություններ:

Օրգանիզմի փոփոխվող պահանջներին սրտի գործունեության հարմարումը տեղի է ունենում նյարդային և հումորալ համակարգերով: Սրտի գործունեությունը կարգավորող նյարդային կենտրոնները տեղադրված են երկարավուն ուղեղում և ողնուղեղում: Սրտի կծկումների հաճախությունը դանդաղեցնող և ուժը թուլացնող ազդակները երկարավուն ուղեղից հաղորդվում են պարասիմպաթիկ թափառող նյարդով: Այդ նյարդերի ազդեցությունը պայմանավորված է նրանց վերջույթներում արտազատվող միջնորդանյութերով (ացետիլխոլին, նորադրենալին):

Սրտի գործունեության կարգավորումն իրականանում է նաև ռեֆլեքսային ճանապարհով: Սրտի խոռոչներում և խոշոր անոթների պատերում գտնվում են ընկալիչներ, որոնք ընդունում են արյան ճնշման տատանումները: Երբ արյան ճնշումն այդ անոթներում բարձրանում են թափառող նյարդի կենտրոնի լարվածությունը, և դեպի սիրտ գալիս են արգելակող ազդակներ: Սառը ջրում լողանալիս առաջանում է սրտի աշխատանքի ռեֆլեքսային դանդաղում:Մաշկի սառնազգաց ընկալիչներից կենտրոնաձիգ նյարդերով գրգիռը հաղորդվում է երկարավուն ուղեղ, որտեղից սրտին հաղորդվում են արգելակող ազդակներ, և սրտի կծկումները դանդաղում են: Աջ նախասիրտ մտնող արյան քանակության նվազման դեպքում սիմպաթիկ նյարդերով արյան անոթները սեղմվում են, և սրտի աշխատանքն ուժեղանում է: Սրտի գործունեության վրա ազդում են նաև ցավային գրգիռները, հույզերը և այլն: Դրական հույզերը բարձրացնում, իսկ բացասական հույզերն իջեցնում են սրտի աշխատունակությունը: Սրտի գործունեության կարգավորման բարձրագույն կենտրոնները գտնվում են ենթատեսաթմբում և մեծ կիսագնդերի կեղևում:

Սրտի գործունեության հումորալ կարգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարավուն ուղեղ

Սրտի գործունեության հումորալ կարգավորումն իրականացնում են արյան մեջ շրջանառող կենսաբանական ակտիվ նյութերը: Սրտի աշխատանքն արագացնում են մակերիկամների միջուկային շերտից ներզատվող ադրենալին հորմոնը և պլազմայում գտնվող կալցիումի իոնները: Դրա համար էլ կլինիկայում սրտի աշխատանքի դադարի ժամանակ անմիջապես սրտի մեջ ներարկում են ադրենալին: Սրտի գործունեությունը դանդաղեցնում են ացետիլխոլինը,կալիումի իոնները, թթվածնի անբավարարությունը:

Նյարդային և հումորալ կարգավորումներն ապահովում են սրտի գործունեության հարմարումը օրգանիզմի պահանջներին և շրջապատող միջավայրի փոփոխվող պայմաններին:

Արյան շրջանառության խանգարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյան շրջանառության խանգարումներն առաջանում են սիրտ-անոթային համակարգի և նրա նյարդային կարգավորման ախտահարումների հետևանքով: Արյան շրջանառության խանգարումները լինում են տեղական և ընդհանուր: Առաջինի դեպքում խախտվում է օրգանիզմի որևէ մասի կամ օրգանի (օրինակ, վերջույթների, սրտամկանի, գլխուղեղի) արյունամատակարարումը, որի պատճառներն են՝ աթերոսկլերոզը, արյունատար անոթների բորբոքումներն ու խցանումը: Տեղական խանգարումների ժամանակ կարող են առաջանալ սրտամկանի կամ այլ օրգանի ինֆարկտ, ապոպլեքսիա և այլն: Արյան շրջանառության ընդհանուր խանգարումների դեպքում խախտվում է ամբողջ օրգանիզմի արյունամատակարարումը, որը կարող է պայմանավորված լինել սրտի (սրտային անբավարարություն) և անոթների (անոթային անբավարարություն) գործունեության խանգարմամբ:

Սրտային անբավարարության պատճառներն են․ սրտի (փականների արատներ, սրտամկանի ախտահարում), երիկամների, թոքերի, ինչպես նաև հիպերտոնիկ հիվանդությունները: Սրտային անբավարարությունն արտահայտվում է հևոցով, սրտխփոցով, հազով, այտուցներով, կապտուկով, ջրգողությամբ: Անոթային անբավարարությունը զարգանում է սուր վարակիչ հիվանդությունների, արյան մեծ կորուստների, վնասվածքների ժամանակ և հետևանք է արյան շրջանառությունը կարգավորող նյարդային համակարգի գործունեության խանգարման: Անոթային անբավարարությունից լայնանում են արյունատար անոթները, ընկնում է արյան ճնշումը, հոսքի արագությունը խիստ դանդաղում է (շոկ, կոլապս):

Սրտի ֆիզիոլոգիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտի գլխավոր գործառույթը արյունը անոթներում շարժման մեջ դնելն է` մղիչ ֆունկցիան: Սիրտն ունի երկու հիմնական ֆունկցիաներ` տարողական և արտամղման: Այն ունի նաև ներզատիչ ֆունկցիա (արյան մեջ է ներզատում նատրիումամուղ հորմոն, որը խթանելով միզարտադրությունը` իջեցնում է զարկերակային ճնշումը): Սրտի արտամղիչ ֆունկցիան ապահովվում է սրտամկանի կծկողունակության շնորհիվ: Սրտամկանը ունի բացառիկ կառուցվածք, որի շնորհիվ այն օժտված է ինքնավարությամբ (ավտոմատիզմով): Սրտամկանում բացի կծկվող մկանային բջիջներից` կարդիոմիոցիտներից, առկա են նաև ինքնածին գրգիռներ առաջացնելու ունակությամբ օժտված մկանաբջիջներ` միոցիտներ: Վերջիններս կազմում են սրտի հաղորդչական համակարգը:

Նկարի վերևի հատվածում պատկերված է սրտի հաղորդչական համակարգում գրգռի փոխանցումը` ապաբևեռացման ալիքը (կարմիր գծեր) և դրա շնորհիվ նախասրտերի և փորոքների կծկումները: Իսկ ներքևում պատկերված է Էլեկտրասրտագրի (ԷՍԳ) ձևավորման հիմնական սկզբունքը` պայմանավորված նախասրտերում և փորոքներում ապաբևեռացման ալիքի տարածմամբ (և ոչ թե արյան հոսքով)

Սրտի հաղորդչական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտի հաղորդչական համակարգը կազմված է հանգույցներից և խրձերից: Գլխավոր հանգույցը կոչվում է ծոց-նախասրտային (Nodus sinoatrialis) կամ Կեյտ-Ֆլակի հանգույց: Այն գտնվում է աջ նախասրտի պատում: Այնտեղ գտնվող միոցիտները ունակ են առաջացնելու ինքնածին գրգիռներ: Այդ հանգույցում առաջացած գրգիռները հաղորդչական թելերով տարածվում են նախասրտերում, միաժամանակ այդտեղից գրգիռները համանման հաղորդչական թելերով հաղորդվում են երկրորդ` նախասիրտ-փորոքային հանգույցին (Nodus atrioventricularis) կամ Աշոֆ-Տավարայի հանգույցին, որը գտնվում է միջփորոքային միջնապատում: Նախասիրտ-փորոքային հանգույցից սկսվում է Հիսի խուրձը, որը միջնապատում բաժանվում է աջ և ձախ ոտիկների: Վերջինններս բաժանվելով մանր ճյուղերի` գրգիռները հաղորդում են երկու փորոքներին և Պուրկինյեի թելերով ավարտվում են փորոքների պտկաձև մկաններում: Հաղորդչական համակարգում գլխավոր հանգույցի(ռիթմավարի) ավտոմատիզմի ընկճման կամ ամբողջական պաշարման, ինչպես նաև հաղորդչական համակարգի մյուս բաղադրիչներում հաղորդականության խանգարումների պարագայում կարող են զարգանալ սրտի ռիթմի խանգարումներ` առիթմիաներ: Արյան շրջանառությունը.սխեմա

Ֆիլոգենետիկ ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվոլյուցիայի ընթացքում կենդանիների սիրտը ենթարկվել է մի շարք փոփոխությունների և իր զարգացման գագաթնակետին հասել է կաթնասունների մոտ: Ձկների սիրտը ընդամենը երկխորշանի է` ունի 1 նախասիրտ և 1 փորոք, ձկների սրտով հոսում է միայն երակային արյուն: Երկկենցաղների սիրտը եռախորշ է` ունի 2 նախասրտեր և 1 փորոք: Թռչունների սիրտը քառախորշ է` կազմված է 2 նախասրտերից և 2 փորոքներից, սակայն դրանք դեռևս միմյանցից լիովին առանձնացված չեն: Կաթնասունների սիրտը քառախորշ է և կազմված 2 նախասրտերից և 2 փորոքներից, իսկ սիրտը հոծ միջնապատով բաժանված է 2 կեսերի:

Սիրտ-անոթային համակարգի հիգիենան[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջ սիրտն օրգանիզմի բնականոն գործունեության կարևոր պայմանն է: Սպորտով, ֆիզիկական աշխատանքով պարբերաբար զբաղվելը ուժեղացնում է, կոփում սրտամկանը, նպաստում ձախ փորոքի մկանապատի հաստացմանը: Դեռահասների արյունատար անոթների ցանցն իր զարգացման աստիճանով հետ է մնում սրտից: Ուստի դեռահասներին ֆիզիկական աշխատանքով ծանրաբեռնելիս սիրտը լրացուցիչ ճիգեր է գործադրում անոթների նեղ լուսանցքով արյուն մղելու համար: Տարիքին համապատասխան թեթև աշխատանքից ծանրին անցնելիս պետք է պահպանել աստիճանականություն:

Ծխելն և սպիրտային խմիչքների չարաշահումն առաջանում են սիրտ-անոթային համակարգի ախտահարումներ:Ծխախոտի ծուխը պարունակում է շուրջ 300 թունավոր նյութեր՝ նիկոտին,ածխաթթու գազ և ուրիշ: Նիկոտինը սեղմում է արյունատար անոթները, բարձրացնում արյան ճնշումը,արագացնում արյան մակարդումը: Յուրաքանչյուր ծխած գլանակից հետո անոթները նեղանում են շուրջ 30 րոպե, որի հետևանքով դժվարանում է արյան շրջանառությունը: Ալկոհոլն արյուն է անցնում օգտագործելուց մի քանի րոպե հետո և շրջանառում է 5-7 ժամ: Այն գրգռում է նյարդային համակարգը,սեղմում է սրտի պսակաձև անոթները, որի պատճառով սրտամկանն անբավարար քանակով թթվածին և սննդանյութեր է ստանում: Ծխող և ալկոհոլ գործածող մարդիկ հաճախ են ունենում սրտի և անոթների ջղակծկումներ, սրտային ծանր նոպաներ:

Թերշարժունությունը վնասակար ազդեցություն ունի օրգանիզմի ընդհանուր վիճակի, այդ թվում սիրտ-անոթային համակարգի վրա: Երկարարտև թերշարժունությունը նպաստում է անոթների լուսանցքի կարգավորման և արյան վերաբաշխման խանգարմանը, ճարպակալմանը, իջեցնում է օրգանիզմի դիմացկունությունը, աշխատունակությունը:

Սիրտ-անոթային հիվանդություններից հաճախ հանդիպում է «կրծքային հեղձուկը», որն անվանում են ստենոկարդիա: Այն դրսևորվում է ծանր ցավային նոպաներով, հատկապես կրծքավանդակի կամ ձախակողմյան մասում: Որոշ դեպքերում ցավը տարածվում է ձախ ձեռքի ուղղությամբ: Ցավային նոպաները սովորաբար տևում են մի քանի րոպե, ուղեկցվում օրգանիզմի ընդհանուր թուլությամբ և վախի զգացումով: Ստենոկարդայի պատճառը սիրտը սնուցող պսակաձև զարկերակների նեղացումն է, որից և պակասում է սրտի որոշ մասերում արյան մատակարարումը: Եթե սրտամկանի տվյալ տեղամասում արյան մատակարարումը երկարատև է դադարում ապա այդ տեղամասի հյուսվածքը մահանում է, և առաջանում է մեռուկ (ինֆակտ): Ինֆակտը և սրտի այլ ախտահարումները հայտնաբերվում են սրտագրի միջոցով, որը արտահայտվում է սրտամկանի էլեկտրական ակտիվությունը:

Ստենոկարդիայի նոպաների ժամանակ անհրաժեշտ է հիվանդի հանգիստ վիճակ, որովհետև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է խիստ վատացնել հիվանդության ընթացքը: Անհրաժեշտ է նաև հիվանդին տալ դեղամիջոցներ, որոնք լայնացնում են սրտի անոթները: Սիրտ-անոթային որոշ հիվանդությունների դեպքում արյան ճնշումը խիստ բարձրանում է: Հիվանդն ունենում է տաքության զգացողություն, դեմքի մաշկը կարմրում է, արագանում է սրտի զարկերի թիվը, և սրտի շրջանում առաջանում են ծակող բնույթի ցավեր, որոնք երբեմն ուղեկցվում են սրտխառնությամբ և փսխումով:

Այդպիսի հիանդներին առաջին օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է հիվանդին պառկեցնել անկողնում և տալ բժշկի առաջարկված դեղամիջոցները: Խորհուրդ չի տրվում օգտագործել մեծ քանակությամբ հեղուկներ, չարաշահել կենդանական ճարպի օգտագործումը: Խիստ արգելվում է ծխել և սպիրտային խմիչքներ օգտագործել:

Սրտի և անոթների հիվանդությունների կանխարգելումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու առողջությունը մեծ չափով կախված է օրգաններին արյան չափավոր մատակարարումից: Դրա համար չափազանց կարևոր է կատարել կանոնավոր ֆիզիկական աշխատանք: Ֆիզիկական աշխատանքը, ֆիզկուլտուրան և սպորտը զարգացնում են ոչ միայն կմախքային մկանները,այլև սրտամկանը: Որքան մարզված է սրտամկանը, այնքան շատ արյուն կարող է մղվել անոթային համակարգ միավոր ժամանակում: Ֆիզիկական աշխատանքի և կանոնավոր մարզումների հետ զուգընթաց լայնանում են սիրտը սնող անոթները: Չմարզված մարդու սրտի աշխատանքը հանգստի պայմաններում լիովին բավարարում է օրգան-համակարգերի պահանջի: Սակայն ֆիզիկական գերծանրաբեռնվածության դեպքում սրտի կծկումների ուժը մեծանում է, կծկումները դառնում են ավելի հաճախակի: Դա բերում է սրտամկանի հոգնածության, նրա կծկումները գնալով թուլանում են, և անոթային համակարգ մղված արյունը չի բավարարում օրգանների պահանջին, որից զարգանում է սրտային անբավարարություն: Մարզումները ցանկալի է կատարել թարմ օդում պարբերաբար, որը կարևոր նախապայման է սրտային հիվանդությունների կանխարգելման համար:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարդու նորմալ անատոմիայի դասագիրք: Ն.Կ. Լիսենկով, Վ.Խ. Բուշկովիչ, Մ.Գ.Պրիվես: Լույս հրատարակչություն: Երևան 1974
  • Մարդու ֆիզիոլոգիայի հիմունքներ: Դասագիրք բարձրագույն ուսումնական հաստատությունների համար: Դ.Ն. Խուդավերդյանի և Վ.Բ. Ֆանարջյանի խմբագրությամբ: Երևան, 1998:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «սիրտ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։