Ներքին հիվանդություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ներքին հիվանդություններ, շնչառության, մարսողության օրգանների, սիրտանոթային համակարգի, երիկամների, արյան, շարակցական հյուսվածքի, ներզատիչ գեղձերի և նյութափոխանակության համակարգերի հիվանդություններ, որոնք բուժում է թերապևտը։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին հիվանդությունների ախտորոշման նպատակով ժամանակակից բժշկագիտությունը, հետազոտության ավանդական մեթոդների (զննում, հարցուփորձ, շոշափում, ընդբախում, լսում) հետ մեկտեղ, կիրառում է ախտորոշման կենսաքիմիական և գործիքային բարդ մեթոդներ (օրինակ՝ ընդերադիտում)։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին հիվանդությունների բուժումը հիմնականում իրականացվում է պահպանող, մեթոդներով (դեղաբուժություն, սննդակարգ, բուժական ֆիզկուլտուրա, առողջարանա-առողջավայրային բուժում և այլն)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ներքին հիվանդություններ» հասկացությունն օգտագործում են նաև ներքին օրգանների հիվանդությունների առաջացման պատճառներն ու մեխանիզմներն ուսումնասիրող, ախտորոշման, բուժման ու կանխարգելման մեթոդները մշակող կլինիկա, ճյուղի անվանման համար։

Այս գիտակարգի պատմությունը համընկնում է բժշկագիտության պատմության հետ, քանի որ հազարամյակների ընթացքում միայն վիրաբուժությունն ու մանկաբարձությունն են եղել բժշկագիտության առանձին ճյուղեր, իսկ մանուկների, կանանց, նյաիդահոգեկան և մյուս հիվանդությունները ներքին հիվանդություններից առանձնացված չէին։

«Բժշկության հայր» Հիպոկրատը, Հին Հռոմի խոշորագույն բժիշկ Գալենը, Արևելքի ականավոր մտածող հբն Սինան և անցյալի մյուս խոշորագույն բժիշկները ներքին հիվանդությունների կարևորագույն դպրոցների և ուղղությունների հիմնադիրներ են եղել։ 19-րդ դարի ախտաբան, անատոմիայի (որով հաստատվել են օրգաններում առաջացող որոշակի հիվանդություններին բնորոշ ձևաբան, փոփոխությունները), ախտաբան ֆիզիոլոգիայի (ուսումնասիրել է հիվանդագին գործընթացների ծագման ու ընթացքի օրինաչափությունները), բակտերիաբանության (բացահայտել է շատ հիվանդությունների հարուցիչներ) նվաճումները, հիվանդների հետազոտման մեթոդների (ընդբախում, լսում և այլն) կատարելագործումը նախադրյալներ ստեղծեցին ներքին հիվանդությունների՝ որպես բնագիտություն գիտակարգի, ձևավորման համար։

Այդ գիտակարգի հետագա զարգացումը պայմանավորված է ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և բժշկագիտության առաջընթացով։ Հիվանդությունների բնույթի, դրանց ախտորոշման և բուժման մեթոդների վերաբերյալ գիտելիքների կուտակումը պայմանավորեց կլինիկական բժշկագիտության տարբերակումը. 19-րդ դարի 2-րդ կեսից մինչև 20-րդ դարի 1-ին կեսը, որպես առանձին ճյուղեր, ներքին հիվանդություններից առանձնացան մանկաբուժություն, նյարդախտաբանությունը, հոգեբուժությունը, մաշկաբանությունը վեներաբանությունը և այլն։ ժամանակակից բժշկագիտության մեջ ներքին հիվանդությունները (կամ «ներքին հիվանդությունների կլինիկան», «ներքին բժշկությունը», «թերապիան») հիմնական, կլինիկական գիտակարգ են և բժշկական ուսումնական հաստատություններում դասավանդվող հիմնական առարկա։

Բաղադրյալ մասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին հիվանդությունների բաղադրյալ մասերն են՝

  • ստամոքս-աղիքաբանությունը,
  • արյունաբանությունը,
  • սրտաբանությունը,
  • նեֆրոլոգրան,
  • թոքաբանությունը,
  • ռևմատոլոգիան,
  • ներզատաբանությունը։

Ներքին հվանդություններիի զարգացումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին հվանդություններիի բնագավառի զարգացումը Հայաստանում պայմանավորված է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետում և բժիշկների կատարելագործման ինստիտուտում (1997 թվականից՝ Ազգային առողջապահության ինստիտուտ), ներքին հիվանդությունների ամբիոնների, Լ. Հովհաննիսյանի անվան սրտաբանության, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀհ-ների ու կլինիկական հիվանդանոցների ներքին հիվանդությունների բաժանմունքների ստեղծմամբ։

Ուսումնասիրություններ և հիվանդությունների բուժման մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում ուսումնասիրվել են մալարիայի կլինիկայի, դասակարգման, բուժման (Լ. Հովհաննիսյան, Ս. Մելիք-Ադամյան, Ա. Քաթանյան, Ռ. Գյանջեցյան, Ա. Սիմոնյան), բրուցելոզի կլինիկայի (Ռ. Գյանջեցյան), ախտորոշման (Ս. Երամյան) հարցերը։

Նկարագրվել և առանձնացվել է Հայաստանում տարածված մի հիվանդություն, որն սկզբում անվանվել է 6-օրյա տենդ, իսկ հետագայում՝ պարբերական հիվանդություն։ Ուսումնասիրվել են թոքերի քրոնիկ, ոչ տուբերկուլոզային հիվանդությունների տարածվածության, բարձրլեռնային պայմաններում դրանց բուժման հարցերը (Վ. Ամատունի)։

Մշակվել է խոցային հիվանդության բուժման մեթոդ՝ բրոմի պատրաստուկներով և քնով, ինչպես նաև Վանաձորում և նրա շրջաններում տարածված տեղաճարակային խպիպի բուժման հարցերը (Ռուբեն Գյանջեցյան), առաջարկվել է դեղորայքային քնի արդյունավետությունը բարձրացնող տարբերակված մեթոդ, ներդրվել էլեկտրաքնի ինքնատիպ սարք (Ռ. Ստամբոլցյան)։ Մշակվել են կլինիկ, նեֆրոլոգիայի (Ֆ. Դրամփյան), երիկամների հիվանդությունների կլինիկայի և բուժման, երիկամների ու միզուղիների քարային հիվանդության պահպանող, բուժման (քարերի լուծման եղանակով) հարցերը (Ռ. Մամիկոնյան և աշխատակիցներ)։

Ուսումնասիրվել են սրտի օրգանական աղմուկների ծագման (Լ. Հովհաննիսյան), սիրտանոթային համակարգի գործիքային հետազոտման (Ա. Սիմոնյան, Ա. Ֆարմանյան, Ա. Քաթանյան), հիպերտոնիկ հիվանդության (Վ. Ավագյան), թոք-սրտային անբավարարության ժամանակ էլեկտրասրտագրության շեղումների (Ա. Մելիք-Ադամյան), էլեկտրասրտագրության նոր մեթոդների մշակման (Ռ. Ստամբոլցյան, Զավեն Դոլաբջյան, Լ. Միխայելյանց) հարցերը։ Զբաղվել են սրտային գլիկոզիդների ազդեցության ուսումնասիրությամբ՝ սրտային անբավարարության ժամանակ (Գ. Բադալյան)։

Պարզվել են սրտի ձախփորոքային անբավարարության ժամանակ բրոնխային անցանելիության խանգարումները, որոնք բարդացնում են արյան փոքր շրջանառությունը, մշակվել են արտաքին շնչառության ուսումնասիրման մեթոդներ (արտաքին շնչառության մեկ ցուցանիշ հայտնի է որպես «Բադալյանի ցուցանիշ»)։ Սրտաբանության ինստիտուտում ուսումնասիրվել են սրտամկանի անբավարարության և դրա հետզարգացման գործընթացները սրտի իշեմիկ հիվանդության (Կ. Ադամյան), հիպերտոնիկ հիվանդության (Ս. Գուրգենյան), ռևմատիզմի և սրտի ձեռքբերովի արատների (Ս. Յոլյան) ժամանակ։ Աշխատանքներ են կատարվել Հայաստանի բնակլիմայական և ջրաբուժական պաշարների ուսումնասիրման բնագավառում։

Հետազոտվել են Արզնիի, Ջերմուկի հանքային ջրերի բուժիչ ազդեցությունը սիրտանոթային, լյարդի, լեղուղիների և շաքարային հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև Դիլիջանի, Ստեփանավանի, Վանաձորի, Գյուլագարակի և այլ առողջարանների կլիմայի բուժիչ ազդեցությունը։ Ներդրվել են ներզատիչ գեղձերի հիվանդությունների (հատկապես թիրեոտոքսիկոզի, շաքարախտի) հետազոտման և բուժման նոր մեթոդներ (Պ. Վարդապետյան)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Goldman, Lee (2001 թ․ ապրիլի 15). «Key challenges confronting internal medicine in the early twenty-first century». The American Journal of Medicine. 110 (6): 463–470. doi:10.1016/S0002-9343(01)00649-0. PMID 11331058.
  • Meltzer, David; Manning, WG; Morrison, J; Shah, MN; Jin, L; Guth, T; Levinson, W (2002 թ․ դեկտեմբերի 3). «Effects of Physician Experience on Costs and Outcomes on an Academic General Medicine Service: Results of a Trial of Hospitalists». Annals of Internal Medicine. 137 (11): 866–74. doi:10.7326/0003-4819-137-11-200212030-00007. PMID 12458986.
  • Salerno, Stephen M; Landry, Francis J; Kaboli, Peter J (2001 թ․ փետրվարի 1). «Patient perceptions of the capabilities of internists: a multi-center survey». The American Journal of Medicine. 110 (2): 111–117. doi:10.1016/S0002-9343(00)00666-5. PMID 11165552.
  • Sox, Harold C (2001 թ․ հունիսի 15). «Supply, demand, and the workforce of internal medicine». The American Journal of Medicine. 110 (9): 745–749. doi:10.1016/S0002-9343(01)00756-2. PMID 11403763.
  • Wetterneck, Tosha B.; Linzer, M; McMurray, JE; Douglas, J; Schwartz, MD; Bigby, J; Gerrity, MS; Pathman, DE; և այլք: (2002 թ․ մարտի 25). «Worklife and Satisfaction of General Internists». Archives of Internal Medicine. 162 (6): 649–56. doi:10.1001/archinte.162.6.649. PMID 11911718.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 265