Մալարիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալարիա
Histopathology of malaria exoerythrocytic forms in liver 07G0024 lores.jpg
Տեսակ հիվանդություն[1][2]
Ենթադաս նախակենդանիների վարակներ[2]
Պատճառ Plasmodium
Բուն պատճառ C34797[2]
Վարակ տարածող մոծակ
Օժանդակող գործոն աղքատություն
Բուժաքննություն blood film[3]
Բժշկական մասնագիտություն համաճարակաբանություն
Հայտնաբերող Ռոնալդ Ռոս և Շարլ Լավերան
ՀՄԴ-9 084[2] և 084.6[2]
ՀՄԴ-10 B54[2]
OMIM 609148[2]
Հիվանդությունների բազա 7728
MedlinePlus 000621
eMedicine 221134 և 784065
MeSHID D008288[1]
Disease Ontology DOID:12365[2]
NCI Thesaurus C34797[2]
Malaria Վիքիպահեստում

Մալարիա (իտալ.՝ mala aria - «վատ, աղտոտված օդ», նախկինում նաև հայտնի էր «ճահճային տենդախտ» անվամբ[4]), վարակիչ հիվանդություն, որը տարածված է առավելապես ճահճային գոտիներում։

Տարածվում է Anopheles ցեղի մոծակների կողմից։ Հիվանդությունը արտահայտվում է տենդով, դողով, սպլենոմեգալիայով (մեծանում է փայծաղի չափը), հեպատոմեգալիայով և անեմիայով (սակավարյունություն)։ Բուժվում է քինին ալկալոիդով, որը ստանում են գինա ծառի կեղևից։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալարիան վարակիչ պրոտոզոային հիվանդություն. բնորոշվում է պարբերաբար ընթացող տենդային նոպաներով (տես Տենդ), հետզհետե աճող սակավարյունությամբ, պարենքիմային օրգանների (փայծաղ, լյարդ) և ոսկրածուծի ախտանար մամբ, երկարատև ընթացքով ու կրկնություններ տալու հատկությամբ։ Հարուցիչը պլազմոդիում սեռի միաբջիջ նախակենդանիներն են, որոնք իրարից տարբերվում են մորֆոլոգիապես և առաջացրած հիվանդության բնույթով։ Մալարիայի մակաբույծներն անցնում են զարգացման երկու փուլ՝ անսեռ (շիզոգոնիա) և սեռական (սպորոգոնիա)։ Շիգոգոնիայի դեպքում վարակված մոծակի խայթոցի ժամանակ թքից մարդու արյան մեջ են անցնում պլազմոդիումների սպորոզոիտներ, որոնք արյան կամ ավիշի հոսքով հասնում են լյարդի բջիջներ, ուր կատարվում է հյուսվածքային (արտաէրիթրոցիտային) շիզոգոնիա։ Առաջացած հյուսվածքային մերոզոիտների մի մասը թափանցում է էրիթրոցիտների մեջ և էրիթրոցիտային շիզոգոնիայի Փուլում վերածվում շիզոնաների, որոնց հետագա զարգացումից և բաժանումից առաջանում են էրիթրոցիտային մերոզոիտներ։ Այնուհետև էրիթրոցիտները քայքայվում են, և ազատված մերոզոիտները ախտահարում նոր էրիթրոցիտներ։ Մերոզոիտների մի մասը վերածվում է գամևաոցիտների (սեռական ձևեր), որոնց հետագա զարգացումը հնարավոր է միայն փոխանցողի՝ մոծակի օրգանիզմում։ P1. vivax-ի և P1. malariae-ի շիզոգոնիայի բոլոր փուլերը հայտնաբերվում են ծայրամասային արյան մեջ, P1. falciparum-ինը՝ խորանիստ օրգանների մազանոթներում։ Հիվանդության շատ ծանր ընթացքի դեպքում, բացի երիտասարդ շիզոնտներից, արյան մեջ հայտնաբերվում են նաև կիսահասուն, հասուն և այլ ձևեր։

Սպորոգոնիան կատարվում է անոֆելես սեռի մոծակների մոտ, արյուն ծծելիս վերջիններիս օրգանիզմ են ներթափանցում մակրո և միկրոգամետոցիտները։ Սպորոգոնիայի տևողությունը կախված է արտաքին միջավայրի ջերմաստիճանից (բարձր ջերմաստիճանում ավելի արագ է կատարվում, ամենանպաստավոր ջերմաստիճանը 28-30 °C է)։

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալարիայի կլինիկական արտահայտությունները և ընթացքը պայմանավորված են պլազմոդիումների տեսակով[5], տարբերում են եռօրյա, քառօրյա և արևադարձային մալարիաներ։ Եռօրյա մալարիան (Malaria tertiana), հարուցիչն է P1. vireax-ը։ Գաղտնի շրջանը 7-21 օր է, հյուսիսային շտամի դեպքում՝ 8-14 ամիս։ Որպես կանոն, նոպաները կրկնվում են ամեն 3-րդ օրը։ Սովորաբար ընթացքը բարեհաջող է, երբեմն լինում է ծանր և կարող է հանգեցնել մահվան։ Քառօրյա մալարիան(Malaria quartana), հարուցիչը P1. malariae-ն է։ Գաղտնի շրջանը 21-42 օր է։ Նոպաները կրկնվում են ամեն 4-րդ օրը։ Երբեմն ընթանում է ամենօրյա կամ երկօրյա ջերմային նոպաներով, ընթացքը բարեհաջող է։ Արևադարձային մալարիան (Malaria tropica), հարուցիչն է P1. falciparum-ը։ Գաղտնի շրջանը 9-16 օր է։ Նոպաները մեծ մասամբ անկանոն բնույթի են և կրկնվում են օրընդմեջ կամ ամեն օր։ Մալարիայի այս ձևն ավելի ծանր է ընթանում, առաջացնում է բարդություններ (կոմատոզ վիճակ) և հաճախ մահվան պատճառ է դառնում։ Հազվադեպ պատահում է նաև 4-րդ ձևը, որի հարուցիչն է P1. ovale-ն։ Կլինիկական ընթացքը նման է եռօրյա մալարիային։ Ախտորոշումը հիմնված է կլինիկական տըվյալների, համաճարակագիտական անամնեզի և հատկապես արյան մեջ հարուցիչների հայտնաբերման վրա։

Բուժման ժամանակակից դեղամիջոցներն են՝ գալոխինը, քլորոխինը, ռեզոխինը, դելագիլը, պլակվենիլը, ամոդիախինը և այլն, որոնք արդյունավետ են մալարիայի բոլոր տեսակների ժամանակ։

Կանխարգելումը կատարվում է վարակի աղբյուրի և հիվանդների վաղ հայտնաբերումով՝ բնակչության հետազոտման, ջերմող հիվանդների և մալարիայի տեսակետից անբարենպաստ բնակավայրերից ժամանած անձանց արյան ստուգման միջոցով։ Պայքարը կատարվում է փոխանցողների դեմ անոֆելոգեն ջրականգերի վերացում, մոծակների թրթուրները ոչնչացնելու նպատակով՝ լարվիցիդների օգտագործում, թևավոր ձևերի դեպքում՝ միջատասպան (ԴԴՏ, հեքսաքլորան, քլորոֆոս և այլն) և մոծակներին վանող (ռեպելենտ) միջոցներ։ Մալարիան ամենատարածված հիվանդություններից է, Հայաստանի երկրամասային ախտաբանությունում նախկինում գրավել է առաջնակարգ տեղ։

ԽՍՀՄ-ում 1955 թվականից մալարիան վերացվել է որպես զանգվածային հիվանդություն, իսկ 1962 թ.-ից ՀԽՍՀ-ում չի արձանագրվել մալարիայի տեղական ծագում ունեցող ոչ մի դեպք, դրա վերացման աշխատանքներում մեծ ավանդ ունեն Ք. Փիրումովը, Շ. Մաթևոսյանը, Մ. Սարգսյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Չուբկովան և ուրիշներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ մալարիայով մարդիկ սկսել են հիվանդանալ արդեն մոտ 50 000 տարի առաջ[6]։ Մեկ այլ կարծիքի համաձայն` հիվանդության հարուցիչի հայրենիք կարելի է համար Աֆրիկա մայրցամաքի արևմտյան և հարավային մասը։

Հայտնաբերված հնագույն քարացած մոծակների մնացորդների մեջ հայտնաբերվել են մալարիայի մակաբույծի հետքեր, որոնց տարիքը հասնում է մոտավորապես 30 000 000 տարվա։ Մարդու առաջացման հետ սկսել են զարգանալ այս հիվանդության մակաբույծները, որոնք ընդունակ են եղել մոծակից փոխանցվելու մարդուն։

Առաջին ձեռագրերը, որտեղ բնութագրված էր մալարիան, հայտնաբերվել են Չինաստանում: Դրանք թվագրվում են մ. թ. ա. 2700-ական թվականներին[7]։

Փաստեր և վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալարիան եղել է և մնում է մարդկության ամենավտանգավոր հիվանդություններից մեկը։

Երկրագնդի մալարիայի առավել տարածված շրջաններում ապրող ընդհանուր բնակչության թիվը կազմում է մոտավորապես 2.4 միլիարդ մարդ կամ աշխարհի բնակչության գրեթե 40 %-ը։ Մալարիայով ամեն տարի վարակվում է 350-500 միլիոն մարդ և այդ թիվը ավելանում է տարեկան 16 %-ով[8], տարեկանում մահացության թիվը կազմում է 1.3-3 միլիոն մարդ[9]։

Ներկայումս հիվանդությանը առավել տարածված է Աֆրիկայում, Արևելյան Ասիայում և Հարավային Ամերիկայում, մասնավորապես՝ Կոտ դ'Իվուար, Կոնգո, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Չադ, Մալի, Սոմալի և Հնդկական Գվինեա, Շրի-Լանկա, Վիետնամ, Բրազիլիա, Կոլոմբիա և Սողոմոնի կղզիներ երկրներում։

Աշխարհում մահացության ամենաշատ դեպքեր թերևս գրանցվում են հենց մալարիայի հետևանքով՝ տարեկան 1.5-ից մինչև 3 միլիոն մարդ։ Վերջին հազարամյակի ընթացքում մահացու ելքով հիվանդությունների ցանկում մալարիայով դարձավ 1-ինը վարակիչ հիվանդությունների շարքում։

Մահացու ելքով հիվանդությունների ավելի քան 80 %-ը տեղի է ունենում Աֆրիկայի հարավային մասում՝ Սահարայի տարածաշրջանում։ Հատկապես շատ են մինչև 5 տարեկան երեխաների վարակվածության և մահացության դեպքերը։

Շատ հայտնի մարդիկ են մահացել այս հիվանդությունից, որոնց թվում՝ Ալեքսանդր Մակեդոնացին, Վեստգոթերի արքա Ալարիխը, Չինգիզ խանը, սբ. Ավգուստինը, իտալացի հայտնի բանաստեղծ Դանթե Ալիգիերին և նկարիչ Կարավաջոն, Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլ V-ը, Քրիստափոր Կոլումբոսը, անգլիական հեղափոխության առաջնորդ Օլիվեր Կրոմվելը, հայտնի գրող Ջորջ Բայրոնը, գերմանացի բանաստեղծ Ֆրիդրիխ Շիլլերը, Հռոմի պապերից 5 հոգի և այլք[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Disease Ontology release 2017-01-27 Ստուգված է հունվարի 31-ին 2017:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Disease Ontology release 2017-02-17 Ստուգված է փետրվարի 27-ին 2017:
  3. Diagnosis of Plasmodium falciparum Malaria at Delivery: Comparison of Blood Film Preparation Methods and of Blood Films with Histology
  4. «Болотная лихорадка», Энциклопедический словарь Брокгауза и Ефрона
  5. «Malaria Fact sheet N°94»։ WHO։ մարտ 2014։ Վերցված է 28 օգոստոս 2014 
  6. Joy D, Feng X, Mu J, Furuya T, Chotivanich K, Krettli A, Ho M, Wang A, White N, Suh E, Beerli P, Su X Early origin and recent expansion of Plasmodium falciparum. // Science — 2003—300 (5617) — 318-21
  7. Cox F (2002)։ «History of human parasitology»։ Clinical Microbiology Reviews 15 (4): 595–612։ doi:10.1128/CMR.15.4.595-612.2002։ PMC 126866։ PMID 12364371 
  8. Malaria Site
  9. Campbell, Neil A. et al. «Biology» Seventh edition. Menlo Park, CA: Addison Wesley Longman, Inc. 2005
  10. Клиника Пасман, Энциклопедия

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մալարիա, Ե., 1950։ Մաթևոսյան Շ. Մ.
  • Գասպարյան Տ. Ս «Պարազիտ նախակենդանիներ և որդեր» Ե., 1959
  • Кассирский И. А., Плотников Н.Н., Болезни жарких стран, 2 изд., М., 1964.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png