Պարազիտոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասուն սև ճանճի (Simulium yahense) բեղիկից դուրս է գալիս (Onchocerca volvulus) մակաբույծը։ Այս մակաբույծն Աֆրիկայում առաջացնում է գետային կուրություն հիվանդությունը։ Խոշորացոված է 100 անգամ

Պարազիտոլոգիա, մակաբուծաբանություն, կենսաբանական համալիր գիտություն, բազմակողմանիորեն ուսումնասիրում է մակաբուծության երևույթները։ Որպես գիտություն պարազիտոլոգիան զբաղվում է «մակաբույծ-տեր-միջավայր» շղթայի երեք օղակներով, բայց ուսումնասիրության հիմնական առարկան մակաբույծներն են։

Մակաբուծաբանությունը՝ պարազիտոլոգիան (հուն. parasitos - ձրիակեր, logos - գիտություն), կենսաբանության առանձին բաժին է, որն ուսումնասիրում է մակաբույծ օրգանիզմի կառուցվածքը և կենսագործունեությունը, զարգացման առանձնահատկությունները, նրանց փոխհարաբերություններտ տիրոջ օրգանիզմի ու միջավայրի գոյապայմանների միջև։ Պարազիտոլոգիան ունի բացառիկ մեծ գործնական նշանակություն՝ հասկանալու համար բազմաթիվ հիվանդությունների ծագման պատճառները, տարածվածությունը, վարակման ու կանխարգելման ուղիները։

Պարազիտոլոգիա առարկայի առանձնահատկություններից մեկն այն է, որ մակաբույծի (պարազիտի) տված վնասները հաճախ կախված են երկու գլխավոր գործոններից. դրանք են՝ տիրոջ օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակը և միջավայրի պայմանները։

Ներկայումս առանձնացնում են պարազիտոլոգիայի հետևյալ բաժինները՝ ընդհանուր, բժշկական, անասնաբուժական և այլն։

Բժշկական տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն՝

  • 1. Կենդանի օրգանիզմներ, որոնք կարող են լինել հիվանդությունների հարուցիչներ (վիրուսներ, բակտերիաներ, պարազիտ կենդանիներ)։
  • 2. Օրգանիզմներ, որոնք համարվում են հիվանդությունների հարուցիչների փոխանցողներ (մոծակներ, ճանճեր, տզեր և այլն)։
  • 3. Որոշ կենդանիներ (կրծողներ) կարող են դառնալ հիվանդությունների հարուցիչների մշտական կրողներ (ռեզերվուար)։
  • 4. Մեծ թվով կենդանիներ մակաբույծների միջակա կամ վերջնական տերերն են, որոնցից մարդը կարող է վարակվել։
  • 5. Կենդանի օրգանիզմներ, որոնք թունավոր են (թունավոր օձեր, հոդվածոտանիներ և այլն) և կարող են վտանգավոր լինել մարդու կյանքի համար։
  • 6. Կենդանի օրգանիզմներ, որոնցից ստացվում են վիտամիններ, շիճուկներ, դեղամիջոցներ։

Բժշկական պարազիտոլոգիան ուսումնասիրում է մարդու մակաբույծների ձևաբանությունը, դասակարգումը, զարգացման առանձնահատկությունները, նրանց կողմից առաջացրած հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման և բուժման խնդիրները։ Բժշկական պարազիտոլոգիան իր հերթին ունի երեք բաժին.

  • 1. Բժշկական պրոտոզոոլոգիա. ուսումնասիրում է նախակենդանիների տիպին պատկանող այն պարազիտներին, որոնք մարդկանց մոտ առաջացնում են հիվանդություններ։
  • 2. Բժշկական հելմինթոլոգիա. ուսումնասիրում է մարդու մոտ հանդիպող պարազիտ որդերին (հելմինթներին)։
  • 3. Բժշկական էնթոմոլոգիա. ուսումնասիրում է հոդվածոտանիների տիպի այն ներկայացուցիչներին, որոնք մարդկանց հիվանդությունների հարուցիչներ են կամ փոխանցողներ։

Բժշկական պարազիտոլոգիան սերտորեն առնչվում է ինչպես կլինիկական, այնպես էլ սանհիգենիկ և համաճարակաբանություն (էպիդեմիոլոգիա) առարկաների հետ։ Մակաբույծները կարող են տեղակայվել տարբեր օրգան-համակարգերում և հյուսվածքներում։ Այդ պատճառով երբեմն հարկ է լինում վիրաբուժական միջամտություններ կատարել՝ հեռացնել էխինոկոկը, ալվեոկոկը թոքերից ու լյարդից, խոզի երիզորդի և էխինոկոկի բուշտը ուղեղից, աչքի որոշ որդերը աչքի կոնյուկտիվից և այլն։

Մակաբուծային հիվանդություններն ավելի հաճախ են հանդիպում մանկական հասակում, որն, ըստ երևույթին, պայմանավորված է անընկալունակության անբավարար ձևավորման հետ։ Որոշ մակաբույծների առկայությունից երբեմն առաջանում են ծանր ֆիզիկական ու հոգեկան խանգարումներ։ Ուստի բժիշկը հիվանդի զննման ժամանակ մշտապես պետք է իր ուշադրությունը սևեռի նաև հնարավոր մակաբույծների առկայության վրա։

Մակաբուծային հիվանդություններ հանդիպում են ամենուրեք մեր մոլորակի գրեթե բոլոր տարածքներում (ասկարիդոզ, լյամբլիոզ)։

Սակայն առանձին մակաբուծային հիվանդություններ հանդիպում են որոշակի տարածքներում օջախային ձևով (օպիստորխոզ, դիֆիլոբոթրիոզ, ֆիլատրոզ)։ Կախված սոցիալական գործոններից՝ այդ վայրերում վարակվածությունը կարող է հասնել 70-90%: Մեծ թվով մակաբուծային հիվանդություններ կայուն իմունիտետ չեն առաջացնում, ուստի կրկնակի վարակման հնարավորությունը չի բացառվում։

Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարազիտոլոգիան ստորաբաժանվում է ընդհանուր, բժշկական, անասնաբուժական և ագրոնոմիական (ֆիտոպաթոլոգիա) բաժինների, որոնք համապատասխանաբար ուսումնասիրում են մակաբուծականության ընդհանուր օրինաչափությունները, մարդու, ընտանի և գյուղատնտեսության կենդանիների, բույսերի մակաբույծներին։ Ըստ մակաբույծների կարգաբանական պատկանելության պարազիտոլոգիայում առանձնացնում են ախտածին մանրէներ, վիրուսները, սնկերը, նախակենդանիները, որդերը, խեցգետնակերպերը, սարդակերպերը և միջատներն ուսումնասիրող հատուկ բաժիններ։

Ուսումնասիրման առարկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործնականում պարազիտոլոգիաի հիմնական խնդիրն է մարդու, ընտանի և արդյունագործական կենդանիների առողջության պահպանումը և բույսերի պաշտպանությունը, ինչպես նաև մակաբույծի և տիրոջ փոխհարաբերության պարզումը, նրանց փոխազդեցությունը և կախումը արտաքին միջավայրի գործոններից։ Պարազիտոլոգիա բազմակողմանիորեն ուսումնասիրում է մակաբույծների կազմությունը, դրանց կենսագործունեությունը, տիրոջ օրգանիզմում հարմարվելը և աշխարհագրական տարածվածությունը։ Պարազիտոոլոգիան մշակում է մակաբույծների և նրանց առաջացրած հիվանդությունների դեմ պայքարի գիտական հիմունքներ, վերջիններիս կանխարգելման համակարգեր։ Պարազիտոլոգիան սերտորեն կապված է առաջին հերթին կենդանաբանության, բուսաբանության և կենսաբանական, բժշկական, անասնաբուժական, գյուղատնտեսական, քիմիական այլ գիտությունների հետ։ Ժամանակակից պարազիտոլոգիան լայնորեն օգտվում է հետազոտությունների կենսաքիմիական, իմունոլոգիական և էլեկտրոնամանրադիտակային մեթոդներից։

Օրգանիզմների համակեցության ձևերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարատև էվոլյուցիայի ընթացքում կենդանի օրգանիզմների միջև գոյություն ունեցող տարածքային և սննդային փոխհարաբերությունները հաճախ ստեղծել են համատեղ ապրելակերպի նպաստավոր պայմաններ։

Տարբեր տեսակներին պատկանող օրգանիզմների ցանկացած համակեցություն կոչվում է սիմբիոզ (հուն. symbiosis - համակցություն)։

Տարբերում են համակեցության հետևյալ հիմնական ձևերը.

  • 1. մուտուալիզմ,
  • 2. կոմենսալիզմ,
  • 3. պարազիտիզմ

1. Մուտուալիզմ (լատ. mutus - փոխադարձ)։ Երկուստեք, օգտակար, դրական սիմբիոզ է։ Այսպես՝ մարդու աղիքներում ապրում է աղիքային ցուպիկի բակտերիան (Escherichia coli), որը սնվում է աղիքի պարունակությամբ և իր հերթին նպաստում է «B» խմբի վիտամինների սինթեզմանը, ինչպես նաև ճնշում է աղիքային հիվանդությունների հարուցիչների ակտիվությունը (աղիքային բակտերիաներ)։ Մոծակների, բոռերի, ցեցե ճանճի և մի շարք այլ միջատների տարբեր օրգաններում բնակվում են բակտերիաներ և միաբջիջ սնկեր։ Երբեմն այդ սիմբիոտներն, ընկնելով ձվաբջիջ, փոխանցվում են սերնդեսերունդ։ Միջատների բջիջներում այս սիմբիոնտները գտնում են գոյության համար բարենպաստ պայմաններ և միաժամանակ արտազատում նյութեր, որոնք նպաստում են տիրոջ օրգանիզմում սննդի մարսմանը։ Սիմբիոտիկ բակտերիաները բնակվում են ինչպես մարսողական համակարգում, այնպես էլ գրեթե բոլոր ողնաշարավորների մարմնի մակերեսին։ Դրանք անհրաժեշտ են կենդանական օրգանիզմների նորմալ կենսագործունեության համար։ Բացի աղիքային բակտերիաներից, կենդանիների մոտ լինում են սապրոֆիտ բակտերիաներ, որոնք ապրում են մաշկի մահացած բջիջների վրա, ինչպես նաև մակաբույծ բակտերիաներ, որոնք տեղակայվում են կենդանի հյուսվածքներում։ Նրանք մրցակցում են ախտածինների հետ բնակավայրի և սննդի համար՝ պակասեցնելով հիվանդաբեր բակտերիաների թիվը։ Որոշ սնկեր արտադրու են այնպիսի նյութեր՝ անտիբիոտիկներ, որոնք կասեցնում են բակտերիաների աճը։

2. Կոմենսալիզմ (ֆրանս. commensal - սեղանակից)։ Սիմբիոզի այս տեսակի դեպքում մի օրգանիզմը օգտագործում է մյուսին որպես բնակատեղ և սննդի աղբյուր, առանց նրան վնաս պատճառելու։ Որպես օրինակ՝ կարելի է բերել Entamoeba gingivalis-ը, որը տեղակայվում է բերանի խոռոչում, Entamoeba coli-ն և Trichomonas hominis-ը՝ հաստ աղիքում, և նույնիսկ որդեր, ինչպես, օրինակ, Trichostrongylidae, որոնք սնվում են բակտերիաներով, սնկերով, աղիքային նախակենդանիներով, տիրոջ սննդի մնացորդներով և չեն վնասում նրան։

3. Պարազիտիզմ (հուն. para - մոտիկ, sitos - սնուցում)։ Օրգանիզմների հակամարտ համակցություն, որի դեպքում մի օրգանիզմը (պարազիտը) օգտագործում է մյուս օրգանիզմին (տիրոջ) որպես բնակատեղ և սնման աղբյուր՝ պատճառելով որոշակի վնաս, սակայն, որպես օրենք, նրան չի ոչնչացնում։ Համակեցության այս ձևը վնասակար է միայն մասնակիցներից մեկի համար։

Մակաբուծության և գիշատչության տարբերությունն այն է, որ գիշատիչները իրենց զոհին օգտագործում են միայն մեկ անգամ և նա մահանում է, մինչդեռ մակաբույծն իր տիրոջն օգտագործում է երկարատև։

Տարբերում են օրգանիզմների միջտեսակային փոխհարաբերության յուրովի ձև, որը կոչվում է անտիբիոզ, երբ երկու տարբեր տեսակին պատկանող առանձնյակներ չեն կարող համատեղ ապրել նույն գոյապայմաններում՝ մասնավորապես սննդի պակասի պատճառով նրանց միջև առաջանում է մրցակցություն։ Մեռած օրգանական նյութերով սնվող բակտերիաները (սապրոֆիտ բակտերիաներ) արագ բազմանում ու տարածվում միջավայրում։ Դրան հակառակ, բորբոսասնկերը համեմատաբար դանղաղ են բազմանում և որպեսզի նույն միջավայրում գոյատևեն, իրենց մետաբոլիզմի արգասիքներով (անտիբիոտիկներ) ճնշում են սապրոֆիտ բակտերիաներին։

Պարազիտոլոգիայի հիմնական հասկացություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարազիտների դասակարգման սկզբունքները բազմազան են։ Այսպես՝ տարբերում են իսկական և կեղծ, ժամանակավոր և մշտական պարազիտներ։ Իսկական են կոչվում այն պարազիտները, որոնց համար պարազիտային ապրելակերպը համարվում է գոյության պարտադիր պայման։ Դրանց ամբողջ կյանքը կամ կյանքի որոշակի մասն անցնում է տիրոջ օրգանիզմում։ Դրանք այսպես կոչված օբլիգատ (պարտադիր) պարազիտներն են (ախտածին նախակենդանիներ, հելմինթներ, արյունածուծ միջատներ և այլն)։ Այդ կենդանիների համար պարազիտիզմը համարվում է տվյալ տեսակին բնորոշ հատկանիշ։

Ֆակուլտատիվ պարազիտները վարում են ազատ ապրելակերպ, սակայն ընկնելով տիրոջ օրգանիզմ՝ կարող են խանգարել նրա կենսագործունեությունը և նույնիսկ առաջացնել ախտաբանական ծանր գործընթաց, ընդհուպ մինչ մահ։

Այսպես՝ ֆակուլտատիվ նախակենդանիներից ականթամեոբայի ցիստերը՝ շնչառության ժամանակ կամ վնասված մաշկից ընկնելով մարդու օրգանիզմ՝ կարող է պատճառ դառնալ ուղեղի թաղանթների բորբոքման և մահվան։

Կեղծ մակաբույծ են կոչվում ազատ ապրող այն օրգանիզմները, որոնք պատահաբար ընկնում են այս կամ այն օրգանիզմ, ապրում են որոշակի ժամանակահատված և հաճախ խանգարում են նրա նորմալ կենսագործունեությանը։ Այսպես՝ սենյակային ճանճի թրթուրները կարող են ընկնել մարդու աղիներ և առաջացնել զանազան խանգարումներ։ Երբեմն դժվար է սահմանազատել միմյանցից իսկական և կեղծ պարազիտներ։ Օրինակ՝ մոծակների ու մլակների էգերը սնվում են միայն արյամբ, մինչդեռ արուները վարում են ազատ ապրելակերպ։ Ըստ տիրոջ օրգանիզմում պարազիտի անցկացման ժամանակի՝ տարբերում են ժամանակավոր ու մշտական պարազիտներ։ Ժամանակավոր են այն պարազիտները, որոնք այցելում են իրենց տիրոջը միայն սնվելու համար։ Այդ պարազիտները հիմնականում վարում են ազատ ապրելակերպ և տիրոջ օրգանիզմի հետ կապված են միայն սնման պահին։ Այդպիսի պարազիտներ են մոծակները, մլակները, տզրուկները և այլն։

Մշտական են կոչվում այն պարազիտները, որոնց գոյաևման համար տիրոջ օրգանիզմը պարտադիր պայման է համարվում, նրանք ոչ միայն սնվում, այլև ապրում են այնտեղ։ Այսպիսին են, օրինակ, ասկարիդը, դիզինտերիային ամեոբան, լյամբլիան և այլն։

Ըստ տեղակայման տարբերում են.

  • 1. Արտաքին կամ էկտոպարազիտներ, որոնք ապրում են տիրոջ մարմնի ծածկույթների վրա (տզրուկներ, տզեր, արյունածուծ միջատներ և այլն)։
  • 2. Ներքին կամ էնդոպարազիտներ, որոնք տեղակայվում են տիրոջ մարմնի այս կամ այն օրգաններում (աղիքային, արյան պարազիտներ, էխինոկոկ, ծծող որդեր և այլն)։

Կան պարազիտներ, որոնք կարող են տեղակայվել տարբեր օրգան-հյուսվածքներում (ընդերային լեյշմանիոզի ժամանակ, լեյշմանիան տեղակայվում է լյարդում, փայծաղում, ավշային գեղձերում), իսկ երբեմն պարազիտի զարգացման տարբեր փուլերն անցնում են տարբեր օրգաններում (մալարիայի պլազմոդիումը սկզբում զարգանում է մարդու լյարդում, ապա՝ էրիթրոցիտներում)։

Շատ հաճախ պարազիտի կենսական ցիկլը ընթանում է մի քանի օրգանիզմներում, տերերի հերթափոխությամբ։

Այն օրգանիզմը, որում ընթանում է պարազիտի սեռահասուն շրջանը կամ նրա սեռական բազմացումը, կոչվում է վերջնական կամ դեֆինիտիվ տեր (լատ. definitivus-վերջնական)։

Այն օրգանիզմը, որում ընթանում է պարազիտի թրթուրային շրջանը կամ նրա անսեռ բազմացումը, կոչվում է միջանկյալ տեր։ Այսպես՝ օրինակ, եզան երիզորդի վերջնական տերն մարդն է, այն ապրում է մարդու բարակ աղիքներում, իսկ միջակա տերը խոշոր եղջերավոր անասուններն են, որովհետև պարազիտի թրթուրային շրջանում տեղակայվում է այդ կենդանիների մկաններում։ Մալարիայի հարուցիչի՝ պլազմոդիումի վերջնական տերը մոծակն է (նրա օրգանիզմում տեղի է ունենում պարազիտի սեռական բազմացումը), իսկ միջակա տերը՝ մարդը (մարդու լյարդի բջիջներում և էրիթրոցիտներում ընթանում է նրա անսեռ բազմացումը)։

Որոշ պարազիտների թրթուրային շրջանն անցնում է հաջորդաբար մի քանի օրգանիզմներում, որոնց անվանում են առաջին, երկրորդ կամ լրացուցիչ միջակա տեր։ Օրինակ՝ լայն երիզորդի առաջին միջակա տերը համարվում է ցիկլոպը, իսկ երկրորդը՝ ձուկը։

Առանձին պարազիտների համար կարող են լինել այսպես կոչվող շտեմարանային տերեր՝ ռեզերվուարներ, որոնք չեն կարող համարվել գոյատևման պարտադիր պայման, սակայն ընկնելով նրա օրգանիզմ՝ մակաբույծը կարող է շատանալ և երկար ժամանակ պահպանվել։ Ռեզերվուար կարող է համարվել վերջնական տիրոջ օրգանիզմը, որում պարազիտը ավարտում է իր լրիվ զարգացումը։ Այդպիսի դեպքերում ռեզերվուար օրգանիզմը համարվում է պարազիտի տարածման աղբյուր։ Որոշ հիվանդությունների ժամանակ ռեզերվուար է համարվում մարդը (մալարիա, բծավոր և տզային հետադարձ տիֆ), իսկ մյուսների համար՝ վայրի կենդանիները, որոնց անվանում են բնական ռեզերվուար։ Այսպես, օրինակ, կրծողները համարվում են բնական ռեզերվուար ժանտախտ, տուլարեմիա, լեյշմանիոզ հիվանդությունների հարուցիչների համար։ Տզերի առանձին տեսակներ երկար ժամանակ կարող են պահպանել տզային հետադարձ տիֆի, տուլարեմիայի, տզային էնցեֆալիտի հարուցիչները։

Ի դեպ, բացի ռեզերվուարներից, հիվանդությունների հարուցիչների տարածմանը նպաստում են փոխանցող օրգանիզմները (արյունածուծ միջատներ, տզեր)։

Երբեմն պարազիտը կարող է օրգանիզմում երկար ժամանակ պահպանվել առանց որևիցե կլինիկական ախտանիշների դրսևորման։ Այդպիսի անհատը համարվում է պարազիտակիր, իսկ այդ երևույթը՝ պարազիտակրություն։ Այսպես, օրինակ, ամեոբիազ հիվանդության բուժման ավարտից հետո կլինիկական ախտանիշները լիովին անհետանում են, սակայն երբեմն օրգանիզմում երկար ժամանակ պահպանվում են հիվանդության հարուցիչները՝ դիզենտերիայի ամեոբիայի ցիստերը։ Պարազիտակրությունը չափազանց վտանգավոր է վարակի տարածման տեսակետից, որովհետև կլինիկապես առողջ պարազիտակիր անհատն իր ամենօրյա աշխատանքում, կենցաղում կարող է տարածել հիվանդության հարուցիչները։ Երբեմն պարազիտակրությունը դիտվում է այն անձանց մոտ, որոնք երբևիցե չեն հիվանդացել այդ հիվանդությամբ։ Դա կարող է լինել, երբ պարազիտը թափանցում է տվյալ օրգանիզմ, սակայն անհատի բարձր դիմադրողականության և նաև այլ գործոններից կլինիկական ախտանիշներ չեն դրսևորվում։

Տարբերում են յուրահատուկ (սպեցիֆիկ) և մեխանիկական փոխանցողներ։ Յուրահատուկ փոխանցող են մալարիայի մոծակը, մլակները, իսկ մեխանիկական՝ սենյակային ճանճը, որը կարող է փոխանցել ստամոքսաաղիքային հիվանդութունների հարուցիչներ, հելմինթների ձվեր և այլն։

Որոշ փոխանցող օրգանիզմներ կարող են հանդիսանալ բնական ռեզերվուար։ Այսպես, օրինակ, արգասիդային տզերը իրենց օրգանիզմում կարող են պահպանել հետադարձ տիֆի հարուցիչները մինչև 20 տարի, իսկ լուն 0-5°С ջերմային պայմաններում պահպանում է ժանտախտի հարուցիչները մինչև 385 օր։

Հիվանդությունների հարուցիչների թափանցման ուղիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործնական բժշկության մեջ կարևոր է գիտենալ, թե ինչ ուղիներով են պարազիտները թափանցում տիրոջ օրգանիզմ։

Դրանք են.

  • 1. բերանի խոռոչի (per os) միջոցով անցնում են հելմինթների ձվեր, պարազիտ նախակենդանիների ցիստեր,
  • 2. շնչառական ուղիների միջոցով կարող են օրգանիզմ թափանցել վիրուսներ, բակտերիաներ (գրիպ, պալարախտ),ամեոբաների ցիստեր, պնևմոցիտներ,
  • 3. մաշկի միջոցով են անցնում մալարիա, տրիպոնոսոմոզ, լեյշմանիոզ և այլ հիվանդությունների հարուցիչներ,

Մաշկի միջոցով հարուցիչների թափանցման ուղիները կարող են լինել ոչ միանման.

  • ա) Երբ արյունածուծ միջատը խայթում, վնասում է մաշկը, որտեղից էլ անցնում են հիվանդության հարուցիչները։ Այսպես, օրինակ, մոծակի խայթման ժամանակ մաշկը վնասվում է, որտեղից մալարիա հիվանդության հարուցիչները՝ պլազմոդիումները, անցնում են արյան մեջ։
  • բ) Երբ հարուցիչն ակտիվ կերպով թափանցնում է մաշկից, ինչպես, օրինակ, ջրում լողանալու ժամանակ արյան ծծանի թրթուրները աննկատելիորեն ծակում է մաշկը, թեթևակի ցավ պատճառելով՝ նման ասեղի ծակոցի և մաշկից անցնում են արյան մեջ։
  • գ) Երբեմն հիվանդության հարուցիչները միջատի (ոջիլ) արտաթորանքի հետ ընկնում է մաշկի վրա, որից քոր է առաջանում։ Քորելիս խախտվում է մաշկի ամբողջականությունը և վնասված տեղից հարուցիչներն անցնում են արյան մեջ, ինչպես, օրինակ, բծավոր տիֆի ռիկետսիաները։ Ի դեպ, հետադարձ տիֆի հարուցիչները (սպիրոխետներ) օրգանիզմ են թափանցում, երբ հիվանդը տրորում, ջարդում է ոջիլին և վերջինիս հեմոլիմֆայի հետ նրանք անցնում են վնասված մաշկից արյան մեջ։
  • դ). Սեռական ուղիներով անցնում են սեռական հիվանդությունների հարուցիչներ (տրիխոմոնազ, սիֆիլիս, գոնորեա)։
  • ե). Վիրահատությունների ժամանակ վիրաբուժական ոչ մաքուր գործիքների միջոցով օրգանիզմ կարող են անցնել բազմաթիվ հարուցիչներ։
  • զ). Տրանսօվորալ ճանապարհ, երբ հարուցիչը մի սերնդից մյուսին է անցնում ձվաբջջի միջոցով։ Հաճախ որոշ հիվանդությունների հարուցիչներ կարող են անցնել տարբեր օրգաններ, հյուսվածքներ, այդ թվում նաև ձվարաններ ու ձվաբջիջներ։ Այդպես, բեղմնավորված ձվաբջիջը նորմալ զարգանում է, սակայն հարուցիչները պահպանվում են և կարող են փոխանցվել հաջորդ սերնդին։ Օրինակ՝ ապացուցված է, որ արգասիդային տզերը կարող են հետադարձ տիֆի հարուցիչները փոխանցել մինչև երեք սերունդ։
  • է). Տրանսպլատենցար եղանակի դեպքում հարուցիչը մոր օրգանիզմից սաղմին է փոխանցվում ընկերքի միջոցով, ինչպես, օրինակ, տոկսոպլազմոզի հարուցիչները։

Պարազիտիզմի ծագումը։ Մեծ թվով էկտոպարազիտների մակաբուծային ապրելակերպի անցումը տեղի է ունեցել տիրոջ օրգանիզմի հետ շփման ու սննդառության ժամանակամիջոցի երկարացման ուղիով։ Եվ իսկապես, էվոլյուցիայի ընթացքում նկատվում է մակաբույծների սննդառության ժամկետի հարաճուն մեծացում։ Այսպես, մլակների էգը սնվում է մեկ րոպեից պակաս, իքսոդիդային տզերի թրթուրը 5-6 օր, մինչդեռ նրա սեռահասուն ձևը՝ 5-14 օր, լուն տիրոջ օրգանիզմում անց է կացնում իր կյանքի մեջ մասը, ոջիլը՝ ամբողջ կյանքը։

Էկտոպարազիտիզմն առաջացել է՝ կապված նստակյաց ապրելակերպի հետ։ Որոշ ստորակարգ խեցգետնակերպեր տեղակայվում են ստորջրյա առարկաների, ինչպես նաև կենդանի օրգանիզմների վրա։ Եվ ահա դրանց որոշ տեսակներ աստիճանաբար թափանցում են կետանմանների մաշկի մեջ և վարում պարազիտային ապրելակերպ։ Փաստորեն, նախկին կոմենսալը աստիճանաբար դառնում է պարազիտ օրգանիզմ։

Որոշ դեպքերում էկտոպարազիտը վերափոխվում և դառնում է էնդոպարազիտ։ Այսպես՝ որոշ ծծող որդեր տեղակայվում են գորտի շերեփուկի խռիկային ճեղքերում և համարվում է էկտոպարազիտներ, սակայն մետամորֆոզի ժամանակ իրենց զարգացման շրջանն ավարտվում են միզապարկում։

Ամենից հաճախ էնդոպարազիտիզմը առաջացել է մի այն հետևանքով, որ այս կամ այն ազատ ապրելակերպ վարող կենդանի օրգանիզմ, պատահականորեն ընկնելով մարսողական համակար, որտեղ առկա են բարենպաստ գոյապայմաններ (սնունդ, ջերմություն և այլն), սկզբում դարձել է կոմենսալ և ապա աստիճանաբար ձեռք բերել պարազիտային կենսաձև։

Պարազիտ-տեր-միջավայր փոխհարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարազիտիզմը բնորոշվում է հակամարտ (անտագոնիստական) փոխհարաբերություններով, որոնցից կախված է հիվանդության կլինիկական ընթացքը։ Այդ փոխհարաբերություններում անհրաժեշտ է առանձնացնել պարազիտի ազդեցությունը տիրոջ օրգանիզմի վրա և ընդհակառակը՝ ինչպես է օրգանիզմը հակազդում պարազիտին։ Պարազիտը տիրոջ օրգանիզմին կարող է պատճառել.

  • 1. Մեխանիկական ազդեցություն. այսպես, օրինակ, էխինոկոկային բուշտը ճնշում է օրգանին և խանգարում նրա նորմալ կենսագործունեությունը։ Որոշ խոշոր որդեր (լայն երիզորդ, ասկարիդ) կարող են փակել աղիքի լուսանցքը, առաջացնել աղիների անանցանելիություն և նույնիսկ վնասել աղիքի պատը։
  • 2. Թունավոր ազդեցություն. տեղի է ունենում պարազիտի կենսագործունեության ընթացքում առաջացած նյութերի հետևանքով։ Այսպես, մալարիա հիվանդության դեպքում էրիթրոցիտների քայքայման հետևանքով արգասիքները թափվում են արյան պլազմա և առաջացնում ջերմային նոպաներ։ Ասկարիդի և մի շարք այլ պարազիտ որդերի կենսագործունեության արգասիքները օժտված են զգալի թունավոր հատկությամբ, որով էլ պայմանավորված են հիվանդների թքարտադրության ուժեղացումը, սրտխառնուքը, փսխումները և այլն։ Պարազիտ որդերից 12-մատնյա աղիքի կորագլխիկի թունավոր նյութերը երեխաների մոտ առաջացնում են ոչ միայն ֆիզիկական, այլև մտավոր թերզարգացածություն։
  • 3. Պարազիտ օրգանիզմները սնվում են տիրոջ հաշվին, որից առաջանում է թերսնուցում, երբեմն էլ՝ հյուծվածություն։ Դա վերաբերում է հատկապես խոշոր չափսեր ունեցող որդերին, որոնք մեծ քանակությամբ սննդանյութեր են օգտագործում։ Որոշ պարազիտներ սնվում են արյամբ՝ առաջացնելով սակավարյունություն։ Լայն երիզորդը կլանում է մեծ քանակությամբ վիտամին B12, որը բերում է չարորակ սակավարյունության։
  • 4. Պարազիտ որդերի (հելմինթների) պաթոգեն ազդեցությունը երբեմն արտահայտվում է տիրոջ օրգանիզմում նրանց թրթուրային ձևերի տեղաշարժման (միգրացիա) ժամանակ։ Միգրացիայի ժամանակ թրթուրը կարող է քայքայել հյուսվածքները, առաջացնել բորբոքային երևույթներ։ Այսպես, ասկարիդի թրթուրը ծակում է աղիքի պատը, անցնում լյարդ, սիրտ, թոքեր, բրոնխներ, շնչափող, կլան և ապա կլլման ակտի միջոցով նորից աղիներ։ Այդ միգրացիայի ժամանակ լյարդում կարող են առաջանալ արյունազեղումներ և նույնիսկ մեռուկ (նեկրոզ), իսկ թոքերում՝ օջախային թոքաբորբ (պնևմոնիա)։
  • 5. Առանձին պարազիտներ (հելմինթներ) կարող են ռեֆլեկտոր կերպով ուժեղացնել թքարտադրությունը (ասկարիդ, մազագլուխ), որի հետևանքով օրգանիզմը կորցնում է զգալի քանակությամբ սպիտակուց ֆերմենտներ։
  • 6. Պարազիտ օրգանիզմների վնասակար ազդեցությունն երբեմն տեղային (լոկալ) բնույթ ունի։ Դրանք քայքայում են հյուսվածքները, առաջացնում արյունահոսող խոցեր (դիզենտերիային ամեոբա, աղիքային բալանտիդիում, լեյշմանիաներ)։
  • 7. Որոշ պարազիտներ (հելմինթներ) ազդում են ներօրգանային նյարդային վերջույթների (ինտերոռեցեպտորներ) վրա և ռեֆլեկտոր կերպով ուժեղացնում կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիան։ Դա առաջացնում է քնի խանգարում, ֆիզիկական ու մտավոր աշխատունակության թուլացում։ Հայտնի է ասկարիդի առկայության ժամանակ անհանգիստ քունը։ Երբեմն մեկ երկու ասկարիդը առաջացնում են աղիների ռեֆլեկտոր կծկում՝ անանցանելիություն։
  • 8. Մակաբույծները կարող են նպաստել տիրոջ օրգանիզմ այլ մակաբույծների ներթափանցմանը։ Օրինակ՝ մազագլուխները, կորագլխիկները, ասկարիդի թրթուրները, խախտելով աղիքների պատի ամբողջականությունը, նպաստում են հիվանդաբեր մանրէների թափանցմանը տիրոջ հյուսվածքներ։

Իսկ ինչպիսի՞ պատասխան ռեակցիա կարող է տալ տիրոջ օրգանիզմը պարազիտի ախտածին ազդեցությանը։ Այդ ռեակցիան կարող է լինել բջջային, հյուսվածքային (տեղային) և հումորալ (ընդհանուր)։

  • 1. Բջջային ռեակցիան հաճախ արտահայտվում է բջիջների չափսերի մեծացմամբ, դրանց քայքայմամբ և կառուցվածքային ու ֆունկցիոնալ փոփոխություններով։ Այսպես, օրինակ, մալարիայի պլազմոդիումների առկայության դեպքում էրիթրոցիտները զգալիորեն մեծանում են և ապա քայքայվում։
  • 2. Հյուսվածքային ռեակցիա. դրսևորվում է պարազիտի շուրջը շարակցահյուսվածքային թաղանթի առաջացմամբ, որն այս կամ այն կերպով մեկուսացնում է մակաբույծին շրջապատող հյուսվածքներից։
  • 3. Հումորալ ռեակցիա. արտահայտվում է օրգանիզմում յուրահատուկ հակամարմինների առաջացմամբ (իմունիտետ) և ունի զուտ պաշտպանողական բնույթ։ Պարազիտը հանդիսանում է որպես անտիգեն, ուստի բնականաբար, մշակվում են հակամարմիններ, ճիշտ այնպես, ինչպես այլ բակտերիալ և վիրուսային ինֆեկցիաների ժամանակ։

Որոշ պարազիտային հիվանդությունների ժամանակ (լեյշմանիոզ, տրիպանոսոմոզ), առաջանում է կայուն իմունիտետ, մյուսների դեպքում դա կարճատև է (ամեոբիազ)։

Հելմինթոզների ժամանակ մեծ մասամբ օրգանիզմի պաշտպանողական ռեակցիան (իմունիտետը) թույլ է արտահայտված կամ բոլորովին չի զարգանում։ Դա բացատրվում է հելմինթների հարաբերական խոշոր չափսերով ու բարդ կառուցվածքով, որը խոչընդոտում է նրանց անմիջական շփումը տիրոջ օրգանիզմի հետ, մի հանգամանք, որն անհրաժեշտ պայման է իմունիտետի առաջացման համար։ Ի դեպ, որոշ հելմինթների ժամանակ (տրիխինելա, արյան ծծան), որոնք ունեն փոքր չափսեր, առաջանում է կայուն իմունիտետ։

Ինչպես պարազիտը, այնպես էլ տիրոջ օրգանիզմը գտնվում են միջավայրի գործոնների մշտական ազդեցության տակ։ Այդ է պատճառը, որ պարազիտ-տեր փոխհարաբերությունները պետք է դիտել միջավայրի կոնկրետ պայմաններում։ Պարազիտի համար տիրոջ օրգանիզմը համարվում է միջավայր։ Իր հերթին տիրոջ օրգանիզմի կենսագործունեությունը նույնպես ընթանում է շրջապատող միջավայրի որոշակի պայմաններում։

Հայտնի է, որ միջավայրի անբարենպաստ գործոնները (ցածր ջերմաստիճան) նպաստում են զանազան վիրուսային հիվանդությունների առաջացմանը։ Մյուս կողմից՝ թերսնուցումը թուլացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, որն, իր հերթին, ուժեղացնում է պարազիտների ախտածին հատկությունը։ Այսպես, օրինակ, դիզենտերիային ամեոբայի ոչ ախտածին ձևը (forma minuta) համարվում է կոմենսալ և ապրում է մարդու բարակ աղիքներում։ Սակայն օրգանիզմի դիմադրողականության թուլացման ժամանակ (քաղց, գերհոգնածություն և այլն) այն ձեռք է բերում ախտածին հատկություն, թափանցում է աղիների լորձաթաղանթ, քայքայում էպիթելային բջիջները և առաջացնում արյունահոսող խոց։ Այսպիսով՝ յուրաքանչյուր պարազիտի ախտածին հատկությունը կախված է տիրոջ օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակից, որն իր հերթին, սերտորեն առնչվում է շրջակա միջավայրի պայմանների հետ։ Ի դեպ, պարազիտի պաթոգենությունը մեծապես կախված է տիրոջ օրգանիզմում այլ պարազիտների առկայությունից։ Այդպիսի դեպքերում տիրոջ օրգանիզմում տարբեր տեսակի պարազիտ օրգանիզմների միջև առաջանում են բարդ փոխհարաբերություններ, որոնցում կարող են ուժեղանալ կամ թուլանալ այս կամ այն պարազիտի ախտածին հատկություն։ Մի քանի (մեկից ավել) պարազիտների առկայությունը տիրոջ օրգանիզմում կոչվում է պարազիտոզենոզ։ Այսպես, օրինակ, մարդու աղիներում կարող են միաժամանակ գոյատևել նախակենդանիներ և հելմինթներ։ Ըստ վիճակագրական տվյալների՝ այն հիվանդները, որոնց օրգանիզմում առկա է ասկարիդ, 2-4 անգամ սակավ են հիվանդանում լամբլիոզով։ Ի տարբերություն դրա՝ թզուկ և լայն երիզորդով տառապող մարդկանց վարակվածությունը լամբլիոզ հիվանդությամբ 2-4 անգամ ավելի մեծ է, քան այն դեպքերում, երբ հելմինթները բացակայում են։ Հայտնի է նաև, որ հելմինթոզներով տառապող հիվանդների մոտ, դիզենտերիային ամեոբաների ախտածնությունը ավելի ուժեղ է դրսևորվում, և բուժական միջոցառումները սակավ արդյունավետ են։ Ընդհանուր առմամբ աղիքային հելմինթոզներով տառապող հիվանդների մոտ ծանր են ընթանում ինֆեկցիոն բնույթի հիվանդությունները (տուբերկուլյոզ, որովայնային տիֆ և այլն)։ Այդ բոլորը ցույց են տալիս, որ այս կամ այն հիվանդության դեմ բուժական միջոցառումներ ձեռնարկելիս անհրաժեշտ է հետազոտել պարազիտոցենոզի հնարավոր առկայությունը հիվանդի մոտ, հաշվի առնել տարբեր պարազիտների կենսաբանական առանձնահատկությունները։

Պարազիտների հարմարողականությունը պարազիտային ապրելակերպին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրոջ օրգանիզմում ապրելակերպը լրիվ կամ մասնակի ձևով սահմանազատում է պարազիտների արտաքին միջավայրից։ Դրա հետ միասին տիրոջ օրգանիզմում պարազիտի համար գոյություն ունեն ավելի բարենպաստ պայմաններ (սննդանյութ, կայուն ջերմաստիճան), ուստի նրա կապը արտաքին միջավայրի հետ կարող է լինել միայն անուղղակի ճանապարհով՝ տիրոջ օրգանիզմի միջոցով։

Պարազիտային ապրելակերպի անցման հետ կապված՝ պարազիտները ձեռք են բերել մի շարք կառուցվածքային ու ֆունկցիոնալ առանձնահատկություններ, որոնք հիմնականում հարմարողական բնույթ ունեն։

  • 1. Որոշ պարազիտների մարմինը ձեռք է բերել ավելի պարզ կառուցվածք, ինչպես, օրինակ, ժապավենաձև որդերը, որոնք կորցրել են մարսողական համակարգը։
  • 2. Առանձին դեպքերում կազմավորման պարզեցումն ուղեկցվում է մարմնի չափսերի փոքրացմամբ, որը նպաստում է պարազիտի թափանցմանը տիրոջ օրգանիզմ։ Վիրուսների խիստ փոքր չափսերը նպաստում են վարելու ներբջջային ապրելակերպ։ Այդպիսին են նաև պարազիտ նախակենդանիներից լեյշմանիաները, սպորավորները և այլն։ Ժամանակավոր էկտոպարազիտների (տզրուկներ, տզեր) մարսողական համակարգը ձեռք է բերում հատուկ հարմարանք (կողմնային գրպանիկներ, ծալքեր), որի շնորհիվ համեմատաբար կարճ ժամկետում ընդունում է մեծ քանակությամբ սննդանյութ։
  • 3. Պարազիտների մոտ հաճախ զարգանում են այս կամ այն օրգանին ամրանալու հարմարանքներ (որդերի ծծիչները, կարթերը, բոթրիումները), տզերի բերանային ապարատը, ոջիլների թաթի բռնաճանկը և այլն։
  • 4. Աղիքային պարազիտները օժտված են հակաֆերմենտային պաշտպանողական հատկությամբ։ Հելմինթների մարմնի մակերեսային բջիջներն արտազատում են հատուկ նյութեր, որոնք արգելակում են տիրոջ մարսողական նյութերի քայքայիչ ազդեցությունը։
  • 5. Որոշ պարազիտների մարմնի առջևի մասուն կան հատուկ գեղձեր, որոնք արտադրում են նյութեր չվնասված մաշկից թափանցելու համար (արյան ծծան)։
  • 6. Ձևավորվել են նաև այնպիսի հարմարանքներ, որոնց շնորհիվ պարազիտը լիովին կախված է տիրոջ օրգանիզմից։ Այսպես, սրատուտը ձվերը դնում է հետանցքի ծալքերում՝ առաջացնելով քոր։ Այդ գործընթացում ձվերը ձեռքերի միջոցով կարող են անցնել օրգանիզմ per os ճանապարհով։ Մալարիայով տառապող հիվանդների բարձր ջերմաստիճանը գրավում է մոծակներին, որոնք էլ վարակվում են այդ հիվանդության հարուցիչներով։
  • 7. Պարազիտների տարածման պատճառ կարող է դառնալ նրա և տիրոջ օրգանիզմի կենսագործունեության սինխրոնիզացիան։ Օրինակ՝ արյան ծծաների ձվերը արտաքին միջավայր են արտազատվում օրվա երկրորդ կեսին, երբ ջրերը տաքանում են։ Ձվերի հասունացման համար անհրաժեշտ է ջրային միջավայր։ Օրվա տաք ժամերին, երբ մարդիկ լողանում են, մեծանում է նրանց վարակվելու հավանականությունը։
  • 8. Հաճախ պարազիտը փոխում է տիրոջ վարքագիծը այնպես, որը նույնպես նպաստում է վարակի տարածմանը։ Օրինակ՝ ժախավենաձև որոշ որդերով վարակված ձկները լողում են ջրի մակերեսին շերտերում և նրանցով սնվող գիշատիչ ձկները վարակվում են։
  • 9. Շատ պարազիտներ դիմակայում են անբարենպաստ պայմաններին, ինչպես, օրինակ, նախակենդանիներն առաջացնում են ցիստեր, հելմինթների ձվերը դառնում են խիստ կայուն արտաքին գործոնների նկատմամբ։
  • 10. Պարազիտ օրգանիզմների մոտ խիստ զարգացած և չափազանց բեղուն են բազմացման օրգանները։ Դա բացատրվում է երկու հանգամանքով. ա) առատ սննդանյութերի առկայությունը նպաստում է ինտենսիվ բազմացմանը, բ) պարազիտ օրգանիզմները իրենց զարգացման տարբեր փուլերում ոչնչանում են։ Ուստի բնական ընտրության պրոցեսում, երկարատև էվոլյուցիայի ընթացքում պահպանվել են այն օրգանիզմները, որոնք եղել են ավելի բեղուն։
  • 11. Տիրոջ օրգանիզմում պարազիտը ձեռք է բերում պաթոգեն հատկություն, որն ավելի ուժեղ է դրսևորվում՝ կախված աբիոտիկ, բիոտիկ և սոցիալական անբարենպաստ գործոններից։

Պարազիտի պաթոգեն ազդեցությունը կախված է, թե նա՝

  • ա) որ տեսակին է պատկանում, բ) օրգանիզմի որ մասում է տեղակայվում, գ) ինվազիայի աստիճանից (օրգանիզմ թափանցած պարազիտների քանակից), դ) օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակից։

Նույն պարազիտը կարող է մի անհատի համար լինել պաթոգեն, իսկ մյուսների համար ոչ։

Շատ պարազիտներ էվոլյուցիայի ընթացքում ձեռք են բերել տիրոջ օրգանիզմի իմունային ռեակցիան դիմագրավելու և նրանում գոյատևելու յուրովի հարմարանքներ։

Այսպես.

  • ա) Որոշ պարազիտներ տեղակայվում են բջջի ներսում, որտեղ անմատչելի են տիրոջ օրգանիզմի հակամարմինների ազդեցությանը։
  • բ) Առանձին պարազիտներ տեղակայվում են հյուսվածքային հեղուկում, որտեղ հակամարմինների քանակը մոտ 5-6 անգամ պակաս է, քան արյան պլազմայում։
  • գ) Մեծ թվով հելմինթների մարմինը պատված է հաստ, պաշտպանողական կուտիկուլայի շերտով, որը չի առաջացնում օրգանիզմի կողմից որևէ իմունային ռեակցիա։ Կան նաև պարազիտներ, որոնք տեղակայվում են հյուսվածքներում և պատվում են շարակցահյուսվածքային թաղանթով։ Վերջինս սահմանազատում է պարազիտը տիրոջ օրգանիզմից և նույնպես խոչընդոտում է իմունային ռեակցիայի առաջացումը։
  • դ) Չափազանց հետաքրքիր է ոչ մեծ թվով պարազիտների պաշտպանողական մի հարմարանք, որին անվանում են անտիգենային դիմակավորում։ Վերջինիս էությունը այն է, որ պարազիտի մարմնի մակերեսին սինթեզվում է տիրոջ օրգանիզմի անտիգենների նման սպիտակուցներ, որի շնորհիվ չեն ընկալվում որպես օտարածին նյութ։
  • ե) Օրգանիզմի իմունային պաշտպանողական ռեակցիան երբեմն խիստ դժվարանում է՝ կապված պարազիտի զարգացման, հասունացման փուլերի փոփոխման հետ։ Այսպես պարազիտի կենսացիկլի մի փուլում նրա անտիգենների նկատմամբ տիրոջ օրգանիզմում մշակվում են համապատասխան հակամարմիններ, իսկ հաջորդ փուլում առաջանում են նոր անտիգեններ։ Եվ այսպես շարունակ։ Դա նկատվում է մալարիայով հիվանդի մոտ, երբ պլազմոդիումի զարգացման մի փուլում առաջանում են հակամարմիններ, սակայն հաջորդ փուլում փոխվում է հարուցիչի անտիգենային հատկությունները և օրգանիզմի պաշտպանողական ռեակցիան այլևս օգտակար չի լինում։

Պարազիտ-տեր փոխհարաբերությունները պոպուլյացիայի մակարդակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատի մակարդակի վրա պարազիտը կարող է տիրոջ օրգանիզմին վնաս պատճառել, թուլացնել նրա կենսագործունեությունը, նույնիսկ մահվան պատճառ դառնալ։ Սակայն պոպուլյացիայի մակարդակում պարազիտների կողմից առանձին անհատների ոչնչացումը կարող է օգտակար լինել։ Այսպես, օրինակ, բարենպաստ պայմաններում պոպուլյացիայի առանձնյակների թիվը կարող է խիստ մեծանալ, որը հանգեցնում է սննդի քանակի, մյուս այլ գոյամիջոցների կրճատմանը, հետևապես նաև պոպուլյացիայի ինքնաոչնչացմանը։ Այդպիսի պայմաններում պարազիտի առկայության դեպքում որոշ առանձնյակներ ոչնչանում են, և պահպանվում է պոպուլյացիայի սկզբնական թվական հավասարակշռությունը, հետևապես նաև նրա գոյությունը։

Այսպիսով՝ պարազիտները կարգավորում են պոպուլյացիայի առանձնյակների թվական հավասարակշռությունը և բարձրացնում պարազիտ-տեր համակարգի կայունությունը։

Փաստորեն որոշ դեպքերում պարազիտները հանդիսանում են պոպուլյացիայի թվակազմի կարգավորիչներ։ Մյուս կողմից պարազիտային հիվանդությունների ավելի ծանր ընթացքը սովորաբար դիտվում է թուլացած իմունիտետով, ժառանգական արատներով կամ թույլ դիմադրողականություն ունեցող օրգանիզմներում, որոնց էլիմինացիան բարենպաստ է ազդում պոպուլյացիայի գենոֆոնդի համար, քանի որ պարբերաբար վերացնում են կենսագործունեությունը թուլացնող ալելները։ Այսպիսով՝ տերերի և մակաբույծների պոպուլյացիաների փոխհարաբերությունները կենսաերկրացենոզներում նպաստում են նրանց կայունությանը և միաժամանակ հանդիսանում են բնական ընտրության գործոն։

Անշուշտ, այդ կարգավորող մեխանիզմում գլխավոր դերը պատկանում է այն ախտածին պարազիտներին, որոնք առաջացնում են կենդանիների զանգվածային հիվանդություններ (էպիզոտիա)։ Այդպիսի դեպքերում կենդանիների մի մասը մահանում է, սակայն պահպանվում է պարազիտի պոպուլյացիան։ Հասկանալի է, որ դա վերաբերում է բնական բիոգեոցենոզներին, մինչդեռ մարդկային հասարակության զարգացման վաղ շրջանում մարդկային պոպուլյացիան կարգավորվում էր պարազիտների կողմից, որոնց առանձին տեսակներն առաջացնում էին համաճարակային հիվանդություններ։ Սակայն արտադրողական ուժերի զարգացման շնորհիվ սննդի պաշարները և այլ գոյամիջոցները զգալիորեն մեծացան, և մարդկային պոպուլյացիաների կարգավորման այդ գործոնը կորցրեց իր սկզբնական նշանակությունը։

Հարկ է նշել, որ յուրաքանչյուր պոպուլյացիայում առանձնյակների վարակվածությունը միատեսակ չէ, և, որպես կանոն, պարազիտը կուտակվում է առանձին անհատների օրգանիզմում և այն էլ մեծ քանակով։ Դա բացատրվում է այսպես. ա) տարբեր առանձնյակների վարակման հավանականությունը միատեսակ չէ, բ) այս կամ այն պարազիտների քանակի պրոգրեսիվ ավելացումը հաճախ պայմանավորված է նրանց անսեռ կամ պարթենոգենետիկ բազմացմամբ, գ) ի վերջո վարակվածությունը տեղի է ունենում տիրոջ օրգանիզմի պաշտպանողական թուլացման դեպքում, որ տարբեր առանձնյակների մոտ, լինում է ոչ միատեսակ։ Անհրաժեշտ է նաև գիտենալ, որ տիրոջ օրգանիզմում պարազիտների քանակի չափից ավելի շատացումը (սուպերինվազիա) բերում է այդ անհատի մահվան, հետևապես և պարազիտի ոչնչացման։ Այդ իսկ պատճառով այդպիսի պարազիտներն իրենց զարգացման որոշ փուլերում թողնում են տիրոջ օրգանիզմը և գտնում նոր տեր, որի ընթացքում հաճախ նրանք զանգվածաբար ոչնչանում են։ Այդ հանգամանքը հանդիսանում է պարազիտ ձևերի մեծ բեղունության պատճառ։

Պարազիտի տեղափոխությունը մի օրգանիզմից մյուսին իրականացվում է նրա զարգացման տարբեր փուլերի (թրթուրներ, ձվեր, ցիստեր) ընթացքում, որոնք շատ հաճախ ունեն պաշտպանողական հարմարանքներ (պատված են թաղանթով)։ Զարգացման ցիկլում միջանկյալ տիրոջ առկայությունը պահպանում է պարազիտին միջավայրի անբարենպաստ գործոններից։ Երբեմն պարազիտի զարգացման ցիկլում ընդգրկվում է փոխանցող օրգանիզմ, որը փաստորեն կատարում է նոր տիրոջ փնտրելու դեր։ Հաճախ պարազիտն ընկնում է միջակա տիրոջ օրգանիզմ, որի հետ կապվում է սննդային կապերով։ Այդպիսի դեպքերում երբեմն միջանկյալ տիրոջ վարքագիծը փոխվում է այնպես, որ նպաստում է մակաբույծի տեղափոխմանը դեպի վերջնական տիրոջ օրգանիզմ։ Այսպես, օրինակ, ծծող որդերի մետացերկարիաներով վարակված մրջյունները (միջակա տեր) բարձրանում են խոտաբույսերի վերին մասերը և անշարժանում, որի շնորհիվ հեշտությամբ կլանվում են խոտակեր կենդանիների կողմից։ Որոշ ցեստոդներով վարակված ձկներն ավելի դանդաղ են լողում և հեշտությամբ հոշոտվում գիշատիչների կողմից։ Պարազիտի տարածմանը պոպուլյացիայում նպաստում է այն հանգամանքը, որ երբեմն միմյանց հետ համընկնում են պարազիտի և տիրոջ օրգանիզմի կենսագործունեության առանձին փուլերը։ Այսպես, օրինակ, արյան ծծանի ձվերի առավել մեծ քանակ արտազատվում է մեզի միջոցով, կեսօրվա ժամերին, երբ ջրերը տաքանում են, և լողանալու հավանականությունը մեծ է։ Որոշ տեսակի թելանման մակաբույծների (ֆիլարիաներ) թրթուրները հիվանդի պերիֆերիկ արյան համակարգ են անցնում երեկոյան ժամերին, երբ փոխանցող օրգանիզմի (մոծակ) արյուն ծծելու հավանականությունը ավելի մեծ է։ Ի դեպ, ցերեկվա ժամերին այդ պարազիտի թրթուրները հավաքվում են ներքին օրգանների անոթներում։

Հիվանդությունների դասակարգման էկոլոգիական հիմունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս, ըստ հիվանդության ծագման բնույթի, տարբերում են ինֆեկցիոն և ինվազիոն (պարազիտային) հիվանդություններ։ Ինֆեկցիոն են կոչվում այն հիվանդությունները, որոնց հարուցիչները չունեն կենդանական ծագում (բակտերիաներ, վիրուսներ, սնկեր, սպիրոխետներ)։ Այդ հիվանդություններից են՝ գրիպը, կարմրուկը, պալարախտը, ժանտախտը, տուլարեմիան և այլն։

Ինվազիոն հիվանդությունների հարուցիչներն ունեն կենդանական ծագում (ախտածին նախակենդանիներ, հելմինթներ և այլն)։ Ինվազիոն կամ պարազիտային հիվանդությունների անվանումը կազմվում է տվյալ հարուցիչի ցեղի արմատից, ավելացրած «ազ»,«ոզ»,«եզ» ածանցը։ Այսպես, օրինակ, լեյշմանիաների առաջացրած հիվանդությունը կոչվում է լեյշմանիոզ, դիզինտերիային ամեոբաինը՝ ամեոբիազ, ասկարիդինը՝ ասկարիդոզ, մազագլխինը՝ տրիխոցեֆալոզ և այլն։ Տարբերում են հիվանդությունների մի առանձին խումբ, որոնք տարածվում են արյունածուծ փոխանցողների միջոցով և կոչվում են տրանսմիսիվ հիվանդություններ։ Այդ հիվանդություններն իրենց հերթին ստորաբաժանվում են՝ ա) օբլիգատ տրանսմիսիվ, որոնք մի օրգանիզմից մյուսին կարող են փոխանցվել միայն ու միայն փոխանցողների միջոցով։ Այսպես, օրինակ, մալարիա հիվանդության հարուցիչները կարող են փոխանցվել հիվանդին միայն մալարիային մոծակի միջոցով, բ) ֆակուլտատիվ տրանսմիսիվ հիվանդություններ, որոնք կարող են մեկ օրգանիզմից մյուսին անցնել ինչպես փոխանցող օրգանիզմի միջոցով, այնպես էլ այլ ճանապարհով։ Այս դեպքում փոխանցողի առկայությունը պարտադիր չէ։ Այդպիսիք են համարվում ժանտախտը, տուլարեմիան։ Մարդը կարող է ժանտախտից վարակվել, երբ հիվանդ կրծողներից վարակված լուն խայթում է նրան։ Սակայն մարդն այդ հիվանդությամբ կարող է վարակվել նաև հիվանդ կենդանիների հետ անմիջական շփման ժամանակ կամ նրանց կաշին մշակելիս։ Տուլարեմիայի հարուցիչները հիվանդ կենդանիներից մարդուն կարող են անցնել ինչպես արյունածուծ հոդվածոտանիների, այնպես էլ աղտոտված սննդի ու ջրի միջոցով։

Տարբերում են նաև.

  • 1. զոոնոզ հիվանդություններ, որոնք բնորոշ են միայն կենդանիներին, ինչպես, օրինակ, թռչունների մալարիան,
  • 2. անթրոպոզոոնոզ հիվանդություններ, որոնք հանդիպում են ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների մոտ։ Հասկանալի է, որ այս դեպքում հարուցիչը կարող է կենդանուց անցնել մարդուն և հակառակը։ Այսպիսին է տայգայի էնցեֆալիտը, ժանտախտը, տուլարեմիան և այլն։
  • 3. անթրոպոնոզ հիվանդություններ, որոնք բնորոշ են միայն մարդուն (ամեոբիազ, տրիխոմոնոզ)։

Էկոլոգիական տեսանկյունից տարբերում են հիվանդությունների մի յուրահատուկ խումբ, որոնք կոչվում են բնական օջախային։ Բնական օջախային հիվանդություններն ունեն մի շարք բնորոշ առանձնահատկություններ։

  • 1. Բնության մեջ գոյություն ունեն մարդուց անկախ։
  • 2. Ռեզերվուար (շտեմարան) են համարվում վայրի կենդանիները, որոնք հարուցիչների ու նրանց փոխանցողների հետ (վայրի կենդանի-հարուցիչ-փոխանցող) կազմում են միասնական համակցություն։
  • 3. Տարածված են ոչ ամենուրեք, այլ որոշակի տարածքներում (մեծ կամ փոքր), որոնք ունեն յուրովի երկրաբանական, բնակլիմայական պայմաններ։ Այդպիսի հիվանդություն է համարվում տայգայի, գարնանաամառային էնցեֆալիտը, որը հանդիպում է տայգայում, և որի հարուցիչների համար բնական ռեզերվուար են նապաստակները, շերտավոր սկյուռերը, թռչունները։ Այդ կենդանիների օրգանիզմներում պարազիտային կյանք են վարում իքսոդիդային տզերը, որոնք հիվանդությունը մեկից մյուսին են փոխանցում, և դրա հետևանքով հարուցիչները մշտապես շրջապտույտ են կատարում անկախ մարդու առկայությունից։ Վերոհիշյալ կենդանիներն, իրենց տեսակային առանձնահատկությունների շնորհիվ զբաղեցնում են որոշակի տարածք (արեալ)։

Այսպիսով՝ բնական օջախային հիվանդությունների ծագման ու գոյատևման համար անհրաժեշտ պայման են համարվում՝ ա) հարուցիչի առկայությունը, բ) այդ հարուցիչը կրող կենդանի օրգանիզմը (ռեզերվուար), գ) հարուցիչի փոխանցողը, դ) համապատասխան բնակլիմայական պայմանները, որոնք ապահովում են բիոցենոզի բոլոր բաղադրամասերի գոյությունը։ Այսպես, օրինակ, լեյշմանիոզի բնական օջախ է համարվում կիսաանապատայինհ և անապատային տարածքի որևիցե մաս, որտեղ կան լեյշմանիոզով վարակված ավազամկներ և նրանց բներում ապրող մլակներ։ Այդ օջախներում ավազամկների վարակվածությունը հասնում է մինչև 60%, իսկ մլակներինը՝ 3-6%: Տարբեր բնական օջախներում վարակվածությունը միատեսակ չէ, սակայն բոլոր դեպքերում այն պետք է հաշվի առնել մասնավորապես երկրաբանական կամ այլ հետազոտությունների ժամանակ, երբ մարդը հարկադրաբար մուտք է գործում այդպիսի տարածքներ։ Ներկայումս հաստատված է, որ բնական օջախային են համարվում ոչ միայն տրանսմիսիվ, այլև որոշ ոչ տրանսմիսիվ հիվանդություններ, որոնց տարածման համար պարտադիր չէ փոխանցողների առկայությունը։

Այսպիսին են տոքսոպլազմոզը, կատաղությունը, որոշ հելմինթոզներ (օպիստորխոզ, դիֆիլոբոթրիոզ, պարագոնիմոզ և այլն)։ Բնական օջախային են նաև ժանտախտը, տուլարեմիան, տզային հետադարձ տիֆը, լեյշմանիոզը, տայգային էնցեֆալիտը, տրիպանոսոմոզը (Աֆրիկայում), շիստոզոմոզը, դեղին տենդը և այլն։ Բնական օջախային հիվանդությունների մասին ուսմունքը մշակել է ռուս գիտնական Ե.Ն. Պավլովսկին։

Պարազիտոլոգիան Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարազիտոլոգիայի տվյալների հիման վրա կազմակերպված հետևողական ու նպատակասլաց միջոցառումների շնորհիվ Հայաստանում վերացել են, օրինակ մալարիան, մլակային տենդը, լեյշմանիոզները, հետադարձ տիֆը։ Տարեցտարի անշեղորեն նվազում է մի շարք հելմինթոզներով (տենիիդոզ, իմենոլեպիդոզ, ասկարիդոզ, տրիխոցեֆալոզ և այլն) վարակվածությունը։ Նախկին ԽՍՀՄ-ում պարազիտոլոգիայի ականավոր ներկայացուցիչներ են եղել Ե․ Պավլովսկին, Կ․ Սկրյաբինը, Ե․ Մարցինովսկին և ուրիշներ։

Հետազոտման կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարազիտոլոգիայի պրոբլեմներով զբաղվում են ամբողջ աշխարհի մասնագիտացված ինստիտուտներում ու լաբորատորիաներում, ինչպես նաև բժշկական, անասնաբուժական ինստիտուների, համալսարանների լաբորատորիաներում։

Հետազոտություններն արտասահմանում մեկնաբանվում են «Փարասայթոլըջի» («Parasitology», Camb․—Լ․ N, Y․, 1908 թվականից), «Դը ջըրնըլ օֆ փարասայթոլըջի» («The Journal of Parasitology», Lawrence, 1914 թվականից), «Ֆոլիա պարազիտոլոջիկա» («Folia Parasitologica», Praha, 1954 թվականից) և այլն, Ռուսաստանում՝ «Պարազիտոլոգիա» (Паразитология, 1967 թվականցից) ամսագրերում և ուրիշ ժողովածուներում ու աշխատություններում։ Հայաստանում պարազիտոլոգիական ուսումնասիրությունների առաջին օջախն է եղել Երևանում 1923 թվականին ՀՍՀ-ում հիմնադրված տրոպիկական ԳՀԻ-ն, որն իր գոյության ավելի քան երեք տասնամյակի ընթացքում հսկայական ավանդ է ներդրել Հայաստանում մակաբուծական հիվանդությունների դեմ պայքարում։ Ներկայումս Հայաստանում պարազիտլոգիայի կենտրոններ են Ա․ Ալեքսանյանի անվան համաճարակագիտության, վիրուսաբանության և բժշկության պարազիտաբանության, անասնաբուծության և անասնաբուժության, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ԳՀԻ-ները։ Հայաստանում Պարազիտոլոգիայի զարգացման գործում կարևոր ավանդ ունեն Ա․ Իսահակյանը, Ք․ Փիրումովը, Ե․ Քալանթարյանը, Շ․ Մաթևոսյանը, Ա․ Ալեքսանյանը և ուրիշներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png