Մանրէաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընդհանուր մանրէաբանություն
Գյուղատնտեսական մանրէաբանություն
Բժշկական մանրէաբանություն
Ջրային մանրէաբանություն
Տեխնիկական կամ արդյունաբերական մանրէաբանություն

Մանրէաբանություն, մանրէակենսաբանություն, միկրոբիոլոգիա, անզեն աչքով անտեսանելի էակները՝ միկրոօրգանիզմներն ուսումնասիրող գիտություն, ձևավորվել է մանրադիտակի գյուտից հետո։ Նրա առաջացումից մի քանի հազար տարի առաջ մարդը, չիմանալով միկրոօրգանիզմների գոյության մասին, դրանք օգտագործում էր կաթնաթթվային մթերքների, գինու, քացախի պատրաստման համար։ Մանրէաբանությունն սկսել է բուռն զարգանալ XIX դարի 2-րդ կեսից, երբ պարզվեց մանրէների առաջատար դերը տարբեր կենսաբանական պրոցեսներում, հատկապես վարակիչ հիվանդությունների առաջացման գործում։ Մանրէաբանության հիմնադիրներն են Լ. Պաստյորը, Ռ. Կոխը և Ի. Մեչնիկովը, որոնք բացահայտել են մանրէների ախտածին դերը և մշակել վարակիչ հիվանդությունների անընկալունակության հիմունքները։ Այժմ նրա որոշ բաժիններ՝ բժշկության, անասնաբուժության, գյուղատնտեսության և արդյունաբերության զարգացման պահանջներին համապատասխան, ձևավորվել են որպես առանձին գիտություններ։

Ընդհանուր մանրէաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրում է մանրէների կարգաբանությունը, փոփոխականությունը, տարածման և կենսագործունեության օրինաչափությունները, դրանց դերը բնության մեջ նյութերի շրջապտույտում։

Գյուղատնտեսական մանրէաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտում է հողի միկրոֆլորայի կազմը, մանրէների դերը հողի կենսաբանության և բերրիության, բույսերի սնման, հիվանդությունների առաջացման պրոցեսներում, մշակում գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարի մանրէաբանական միջոցներ, մանրէային պարարտանյութերի կիրառման մեթոդներ։

Բժշկական մանրէաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական մանրէաբանությունը ուսումնասիրում է մանրէներ, ինչպես ախտածին այնպես էլ անվնաս, որպեսզի գտնի նրանց դերը բժշկության կամ այլ բնագավառներում պիտանելիությունը։ Այդ փորձերի շնորհիվ ստեղծվել են բազում դեղամիջոցներ, թույներ և պարարտանյութեր։

Անասնաբուժական մանրէաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն զբաղվում է կենդանիների հիվանդությունների ախտորոշման և բուժման հարցերովː

Բժշկական մանրէաբանությունից անջատվել և որպես առանձին գիտություններ են զարգանում՝

  • բժշկական բակտերիալոգիան,
  • համաճարակագիտությունը,
  • իմունոլոզիան։

Նշված բնագավառում մեծ ծառայություններ ունեն Ն. Գամալեան, Դ. Զաբոլոտնին և ուրիշներ։

Սննդային մանրէաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրում է տարբեր խմորումներ առաջացնող մանրէները, մշակում սննդամթերքներ ստանալու և դրանք անվնաս պահպանելու մեթոդներ, որոնք օգտագործվում են գինու, պանրի, հացի, կաթնամթերքների արտադրության մեջ։

Ջրային մանրէաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրում է քաղցրահամ և աղի ջրերի միկրոֆլորայի քանակական ու որակական բաղադրությունը, միկրոօրգանիզմների դերը ջրամբարներում ընթացոզ կենսաքիմիական պրոցեսներում, կատարելագործում կանգնած ջրերի մաքրման մանրէաբանական մեթոդները։

Երկրաբանական մանրէաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտում է միկրոօրգանիզմների դերը բնության մեջ նյութերի շրջապտույտում, օգտակար հանածոների առաջացման և քայքայման պրոցեսներում, մշակում հանքից մետաղների ստացման մեթոդներ։

Տեխնիկական կամ արդյունաբերական մանրէաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում է մանրէների կենսագործունեության, տարբեր նյութերի ստացման և արդյունաբերության ու ժողտնտեսության աոանձին ճյուղերում դրանց օգտագործման ուղիներ և մեթոդներ։

Լայն տարածում է գտնում դեղագործական և քիմիական միացությունների արտադրության ինտենսիվացման համար միկրոօրգանիզմների և դրանց ֆերմենտների կիրառումը։ Այս ուղղությունը հաջողությամբ զարգանում է իմոբիլացված բջիջների և միկրոօրգանիզմների կիրառման շնորհիվ։ Այն առավել կարևոր նշանակություն է ստանում կենսաէներգետիկայի, արտաքին միջավայրի պահպանման, օրգանիզմների կենսագործունեության և ժառանգականության պրոցեսների կարգավորման պրոբլեմների լուծման գործում։ Այդ կապակցությամբ ինտենսիվորեն զարգանում են մանրէների կենսաքիմիան, գենետիկան և կենսատեխնոլոգիան, որոնք առանձին գիաությունների նշանակություն են ստանում։ ՀԽՍՀ-ում մանրէաբանական հետազոտություններ էին կատարվում ՀԽՍՀ ԳԱ մանրէաբանության ինստիտուտում, գենետիկայի Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղում, տարբեր հիմնարկների ու ուսումնական հաստատությունների լաբորատորիաներում ու ամբիոններում։ Հայ մանրէաբանները արժեքավոր ուսումնասիրություններ են կատարել բժշկական (Ա. Իսահակյան, Ա. Ալեքսանյան), անասնաբուժական (Գ. Շաքարյան, Վ. Հայրապեայան), գյուղատնտեսական (Հ. Փանոսյան, Ա. Պետրոսյան, Ռ. Ղալաչյան, Փ. Սարուխանյան), ջրային (Մ. Ղամբարյան), տեխնիկական և արդյունաբերական (Լ. Երզնկյան, Բ. Ավագյան, Մ. Հովհաննիսյան) մանրէաբանության բնագավառներում։ Մանրէաբանական կարևորագույն ամսագրերից է «Միկրոբիուոգիա»-նː

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 250