Նյարդաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նյարդաբանություն, նևրոլոգիա, (նեյրո ․․․ և ․․․ լոգիա), բժշկա–կենսաբանական գիտություն, ուսումնասիրում է նյարդային համակարգի կառուցվածքն ու ֆունկցիան (բնականոն և ախտաբանական վիճակներում), օրինաչափությունները ֆիլոգենեզում և օնտոգենեզում: Նյարդաբանությունը որպես գիտություն ձևավորվել է 19-րդ դ․: Նյարդաբանության տեսական հիմքը կազմում են մորֆոլոգիական գիտությունները՝ անատոմիան, հյուսվածաբանությունը, սաղմնաբանությունը և նյարդաֆիզիոլոգիան: Նյարդային հիվանդություններն ուսումնասիրում է կլինիկական նյարդաբանությունը, որը ԽՍՀՄ–ում կոչվում էր նյարդախտաբանություն։

Դեռես 16- դ․ Ա․ Վեզալիուսը զբաղվել է նյարդային համակարգի հարցերով և սկիզբ դրել դրա հետազոտության մորֆո–ֆունկցիոնալ ուղղությանը։ 19- դ․ սկսվեցին նյարդային համակարգի մանրադիտակային ուսումնասիրությունները, որոնք հանգեցրին նեյրոնի, հաղորդիչ ուղիների, նյարդային կենտրոնների նկարագրությանը։ Գլխուղեղում և ողնուղեղում հայտնաբերվեցին հատուկ կենտրոններ, որոնցով պայմանավորված էին օրգանիզմի շարժիչ և զգացող ֆունկցիաները։ 19-րդ դ․ 2-րդ կեսին գիտնականները զգալի հաջողությունների հասան գլխուղեղի անոթավորման, միկրոկառուցվածքի, նյարդային համակարգի ֆիլոգենեզի և օնտոգենեզի բնագավառում։ Մեծ նշանակություն ունեցան Վ․ Բեխտերևի, Ի․ Սեչենովի, Ն․ Վվեդենսկու, Չ․ Շերինգթոնի և ուրիշների աշխատանքները։ Ռուսաստանն առաջին երկրներից մեկն էր, որտեղ նյարդաբանությունը առանձնացվեց որպես ինքնուրույն գիտություն։ 20-րդ դ․ նյարդաբանության կարևորագույն նվաճումներից էր Ի․ Պավլովի ուսմունքը բարձրագույն նյարդային գործունեության մասին, ուղեղի ֆունկցիայի և կառուցվածքի օրինաչափությունների բացահայտումը, կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի տարբեր կառուցվածքների կենսաքիմիական տարբերակումը և այլն։ ԽՍՀՄ–ում նյարդաբանության զարգացման վրա հատկապես մեծ ազդեցություն են ունեցել Վ. Չեռնիգովսկու, Պ. Անոխինի, Լ. Օրբելու, Է. Հասրաթյանի փորձառական հետազոտությունները։

ԽՍՀՄ–ում նյարդաբանության պրոբլեմներով զբաղվել են ԽՍՀՄ ԲԳԱ ուղեղի, ԽՍՀՄ ԳԱ բարձրագույն նյարդային գործունեության և նյարդաֆիզիոլոգիայի, նյարդաբանության ինստիտուտներում (Մոսկվա), ԽՍՀՄ ԲԳԱ փորձառական բժշկության Վ. Բեխտերևի անվան հոգենյարդաբանության ինստիտուտում (Լենինգրադ), Խարկովում, Մինսկում, Թբիլիսիում: Նյարդաբանության խնդիրները պարբերաբար լուսաբանվել են «Ժուռնալ նևրոպատոլոգիի ի պսիխիատրիի իմենի Ս․ Ս․ Կորսակովա» («Журнал невропатологии и психиатрии им․ С․ С․ Корсакова», 1901 թ.-ից), «Կլինիչեսկայա մեդիցինա» («Клиническая медицина», 1920 թ.-ից) ամսագրերում։

Արտասահմանում նյարդաբանության խոշորագույն կենտրոններ կան Ֆրանսիայում, ԱՄՆ–ում, Գերմանիայում,Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Ռումինիայում և այլուր։ Տարբեր երկրների նյարդաբանները միավորված են նյարդաբանության համաշխարհային ֆեդերացիայում։ Միջազգային կոնգրեսներ են հրավիրվում 1897 թ.-ից։

ՀԽՍՀ–ում նյարդաբանությունը սկսել է զարգանալ սովետական կարգերի հաստատումից հետո։ Առաջին նյարդաբանական կաբինետն ստեղծվել է Երևանի քաղաքային պոլիկլինիկայում, 1921 թ.-ին։ Այնուհետև՝ 1926 թ.-ին, Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետում կազմակերպվել է նյարդախտաբանության և հոգեբուժության ամբիոնը, պրոֆեսոր Ա. Արզումանյանի գլխավորությամբ։ ՀԽՍՀ–ում նյարդաբանության հարցերով զբաղվել են Երևանի բժշկական ինստիտուտի նյարդային հիվանդությունների ամբիոնում և Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոններում։ Նյարդաբանական բաժանմունքներ կային Լենինականում, Կիրովականում, Գորիսում, Էջմիածնում և այլն։ Հայ նյարդաբաններն ուսումնասիրել են նյարդային համակարգի ախտահարումները նյարդաինֆեկցիաների, մասնավորապես մալարիայի, վնասվածքների ժամանակ։ Հետազոտվել են գլխուղեղի անոթային հիվանդությունները, դրանց պատճառագիտությունը, ախտածնությունը և կլինիկան, գլխուղեղի խորանիստ գոյացությունների ախտահարման պատճառները և դրանց նշանակությունը նյարդային մի շարք հիվանդությունների զարգացման գործում։ Զգալի աշխատանքներ են կատարվել սոմատանյարդաբանության բնագավառում. հատկապես ուսումնասիրվել են պարբերական հիվանդության նյարդաբանական և նյարդաակնաբանական հարադրությունները, որով հնարավոր է դարձել բացահայտել գլխուղեղի հիպոթալամո–մեգէնցեֆալ գոյացությունների դերը նշված հիվանդության զարգացման ընթացքում։ [1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8, Երևան, 1982