Վանաձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կիրովականից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վանաձոր (այլ կիրառումներ)
Քաղաք
Վանաձոր
Զինանշան

Ձախից աջ
Լոռու մարզպետարանի շենքը Հայքի հրապարակում • Վանաձորի համայնապատկերը՝ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու ֆոնին• Վանաձորի համայնքապետարանի շենքը • «Գուգարք» հյուրանոցը Վանաձորի կենտրոնում• Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
Համայնք Վանաձոր համայնք[1]
Հիմնադրված է1828 թ.
Այլ անվանումներմինչև 1935Ղարաքիլիսա
մինչև 1993Կիրովական
Մակերես25,1 կմ²
ԲԾՄ1350±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն90 525 մարդ (2017)
Խտություն2450 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունվանաձորցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ2001–2024
Ավտոմոբիլային կոդ36
Պաշտոնական կայքvanadzor.am
Վանաձոր (Հայաստան)##
Վանաձոր (Հայաստան)
Վանաձոր (Լոռու մարզ)##
Վանաձոր (Լոռու մարզ)
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (հուլիսի 28, 2021) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)

Վանաձոր, քաղաք Հայաստանի Լոռու մարզի Վանաձոր համայնքում[1]։

Հանդիսանում է Հայաստանի երրորդ խոշորագույն քաղաքը՝ մայրաքաղաք Երևանից և Գյումրուց հետո և Լոռու մարզի սոցիալ-տնտեսական, քաղաքական կենտրոնը։ Վանաձորում է գտնվում Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանը։ Աշխարհագրական դիրքի առումով տեղակայված է Փամբակի և Բազումի լեռնաշղթաների միջև ընկած նեղ ու երկարավուն գոգավորությունում՝ Փամբակ և Տանձուտ գետերի միախառնման վայրում։ Քաղաքի զբաղեցրած մակերեսի հիմնական մասը ծովի մակերևույթից բարձր է ավելի քան 1353 մետր։ Ըստ 2020 թվականի տվյալների՝ Վանաձորի բնակչությունը կազմում է 77,2 հազար մարդ։ Ի համեմատություն, 2017 թվականին բնակչության թիվը փոքր-ինչ գերազանցում էր 90 հազարը։

Նախկինում՝ որոշ ժամանակահատված, քաղաքը կոչվել է Ղարաքիլիսա, խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ Կիրովական, իսկ «Վանաձոր» անվանումը բնակավայրին տրվել է Հայաստանի անկախացումից հետո՝ 1992 թվականին։ Քաղաքի միջնադարյան պատմության մասին վկայող կարևորագույն վկայությունը Վանաձորի կիրճում գտնվող Պապանի գյուղի մասին է, որը գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Նիգ գավառում։ Վանաձորն առաջին անգամ օտարահունչ Ղարաքիլիսա անվամբ հիշատակվել է Սանահին գյուղի վանահայր Սահակի ձեռագիր Ավետարանի էջին արված գրառումներից մեկում, որտեղ խոսք է գնում 1713 թվականի օգոստոսի 18-ին տեղի ունեցած երկրաշարժի մասին։ Ենթադրվում է, որ նախկին Ղարաքիլիսա (սև եկեղեցի) անվանումը թաթարական է և քաղաքին տրվել է 13-րդ դարի սկզբին ներկայիս Վանաձորի հյուսիսային բլրի վրա գտնվող սև քարե եկեղեցու անունով։ Խաչատուր Աբովյանի վկայությամբ՝ տեղացիները գաղթել են Երևանից։ Հայոց ցեղասպանությունից փրվելով՝ Վանաձորում բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանի Կարս, Արդահան, Բայազետ, Էրզրում քաղաքներից գաղթած բազմաթիվ ընտանիքներ։ 1918 թվականին տեղի բնակիչները՝ գեներալ Թովմաս Նազարբեկյանի գլխավորությամբ, կազմակերպել են Ղարաքիլիսայի ինքնապաշտպանությունը, որը նշանավորվել է որպես հայ ժողովրդի մայիսյան հերոսամարտերից մեկը։ Վանաձորը քաղաքային բնակավայրի կարգավիճակ է ստացել 1924 թվականին՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո։ Քաղաքի ձևավորմանն ու զարգացմանը նպաստել է Թիֆլիս-Կիրովական-Լենինական երկաթուղու կայարանի, փոստատան և իջևանատների կառուցումը։

Խորհրդային տարիներին Վանաձորը եղել է արդյունաբերական և զբոսաշրջային քաղաք։ Ներկայումս համարվում է Հայաստանի արդյունաբերական կենտրոններից մեկը։

Վանաձորի տեսարժան վայրերի թվին են պատկանում քաղաքի կենտրոնական Հայքի հրապարակը, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, Թայիրովի ամառանոցը, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատը, Վանաձորի դրամատիկական թատրոնը, կերպարվեստի թանգարանը և Ստեփան Զորյանի տուն-թանգարանը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանաձորի վերաբերյալ առաջին հիշատակությունները թվագրվում են 18-րդ դարի կեսով։ Օտարահունչ «Ղարաքիլիսա» կամ «Կարաքիլիսա» անունով (թաթարերենից թարգմանաբար նշանակում է «սև եկեղեցի»[2]) բնակավայրը հիշատակվել է Սանահին գյուղի վանահայր Սահակի ձեռագիր Ավետարանի էջին արված գրառումներից մեկում, որտեղ խոսք է գնում 1713 թվականի օգոստոսի 18-ին տեղի ունեցած երկրաշարժի մասին[3]։ Թյուրքական ծագում ունեցող «Ղարաքիլիսա» անվանումը շրջանառվել է Ռուսական կայսրության շրջանում։ Այդ կերպ քաղաքը հիշատակել է նաև արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը[4]։ Ամենայն հավանականությամբ օտարալեզու անվանումը պահպանվել է նաև Հայաստանի առաջին հանրապետության գոյության երկու տարիների ընթացքում[5]։

Բնակավայրի անվանափոխությունը տեղի է ունեցել Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից շուրջ 15 տարի անց՝ 1935 թվականին։ Այդ տարում քաղաքն անվանվել է բոլշևիկ հեղափոխական, կոմունիստական կուսակցության և խորհրդային պետական գործիչ Սերգեյ Կիրովի պատվին։

Քաղաքը հերթական անգամ վերանվանվել է Հայաստանի անկախության հռչակումից հետո՝ 1992 թվականին[6]։ 1991 թվականի մարտի 1-ին ՀՀ ժողովրդական պատգամավորների առաջին գումարման Կիրովականի քաղաքային խորհրդի որոշում է կայացրել անվանափոխել Կիրովական քաղաքը, քանի որ այլևս տեղին չէր հեղափոխական Կիրովի անունով Հայաստանում քաղաք ունենալը։ Նույն որոշմամբ քաղխորհուրդն ստեղծել է անվանափոխությամբ զբաղվող կազմկոմիտե[6]։ Այսպիսով, «Կիրովական»-ին փոխարինել է հայկական ծագում ունեցող «Վանաձոր» անվանումը, որը կազմված է «վանք» և «ձոր» բառամասերից[7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն ժամանակներից մինչև առաջին հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական պատկանելություն
Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է միջնադարյան շրջանի վանքի հիմքի վրա։ Ըստ ընդունված վարկածի՝ քաղաքի «Ղարաքիլիսա» («սև եկեղեցի») անվանումը կապված է հենց այս եկեղեցու հետ։
Զաքարյանների իշխանապետության շրջանից (13-րդ դար) պահպանված խաչքարեր Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում։

Վանաձորի տարածքը բնակեցված է եղել դեռևս բրոնզեդարյան ժամանակաշրջանում։ Քաղաքի արևելյան մասում՝ Տանձուտ գետի աջ ափին՝ Դիմաց թաղամասում, գտնվել են վաղ բրոնզի դարաշրջանից վաղ հայկական շրջանին թվագրվող բնակատեղիներ և այլ հուշարձաններ, որոնցից առանձնապես արժեքավոր են Թագավորանիստը և Մաշտոցի բլուրը՝ իրենց դամբարանաշտերով։ Արտաշեսյանների թագավորության շրջանում այս տարածքը եղել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Նիգ և Գուգարաց նահանգի Տաշիր գավառների միջակայքում։ Հաջորդիվ այն անցել է Արշակունիների և Անիի Բագրատունիների գերագահության ներքո։ 10-րդ դարի վերջին այս տարածքներում Կյուրիկյան տոհմի իշխանները ստեղծել են Լոռվա (Տաշիր-Ձորագետի) ենթա թագավորությունը, որը գոյատևել է մինչև 12-րդ դարի սկիզբը։ Հաջորդիվ մերօրյա Վանաձորի տարածքը ենթարկվել է սելջուկ-թուրքերի ասպատակություններին՝ անցնելով Սելջուկյան սուլթանության տիրապետության տակ։ Որոշ աղբյուրներ հավաստում են, որ հենց այս շրջանում էլ (13-րդ դարում) բնակավայրը կոչվել է Ղարաքիլիսա՝ հարևան բլրի վրա գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու անունով։ Վանաձորի տարածքում եղել են հնագույն բնակավայրեր՝ Տանձուտ (հետագայում՝ Մեծ Ղարաքիլիսա), Վանքաձոր (Վանք, Վանաձոր), Պապանի անուններով։ Վերջինս անմարդաբնակ է դարձել 1650-ականներին։ Վանքը կամ Վանքաձորը վերջին անգամ հիշատակվել է 19-րդ դարասկզբին[8]։

4-5-րդ դարերին թվագրվող քառակող կոթող՝ հայտնաբերված Վանաձորի «Պապանի գեղ» հնավայրից։

1801 թվականին Լոռին անցել է Ռուսական կայսրությանը։ Լոռին ռազմավարական նշանակություն ունեցող տարածք էր Ղաջարական Պարսկաստանի հետ սահմանին գտնվող ռուսական պաշտպանական ուժերի համար։ 1826 թվականին՝ ռուս-պարսկական պատերազմների ընթացքում, բնակավայրն ամբողջությամբ ավերվել է Հասան խանի կողմից։ 1828 թվականին ռուսները Վանաձորի տարածքում հիմնել են նոր քաղաքային բնակավայր՝ որպես 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ընթացքում ռուսական զորքերի տեղակայման գլխավոր կենտրոն։ Ըստ քննարկվող ժամանակաշրջանի վերաբերյալ Խաչատուր Աբովյանի վկայության՝ Վանաձորի բնակչությունը այս տարիներին չի գերազանցել 600-ը և հիմնականում բնակեցված էր Երևանից այստեղ հաստատված գաղթականներով։ 1849 թվականին քաղաքը ներառվել է Ռուսական կայսրության Երևանի նահանգի կազմի մեջ։ Այդ տարուց ի վեր Ղարաքիլիսան սկսել է ընդունել Կարսից, Արդահանից, Կարինից և այլ քաղաքներից այստեղ տեղափոխված արևմտահայ գաղթականությանը։ Քաղաքը զարթոնք է ապրել 1899 թվականին, քանի որ այստեղով է անցել Հարավկովկասյան տարածաշրջանի առևտրային կենտրոն համարվող Թիֆլիս գնացող երկաթուղին[8]։

1918 թվականի մայիսի սկզբներին տեղացիները՝ գեներալ Թովմաս Նազարբեկյանի և Գարեգին Նժդեհի գլխավորությամբ, հաջողությամբ պաշտպանել են Ղարաքիլիսան Վեհիբ փաշայի առաջնորդությամբ Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական կանոնավոր բանակից ու նրանց աջակցող հրոսակախմբերից։ 1918 թվականի մայիսի 28-ին Ղարաքիլիսան, ինչպես և ողջ Լոռին, անցել են Անդրկովկասյան սեյմից անկախացած Հայաստանի ժողովրդավարական հանրապետությանը։ 1919 թվականին Լոռին (այդ թվում և Ղարաքիլիսան) կռվախնձոր են դարձել երկու հարևան պետությունների՝ Հայաստանի և Վրաստանի ժողովրդավարական հանրապետության միջև[9]։ 1919 թվականի հունվարի 1-ին Հայաստանի պատվիրակությունը Թիֆլիս՝ պատերազմական գործողությունները դադարեցնելու համաձայնագիր կնքելու մեկնել է հենց Վանաձորից։ Հայաստանի անկախ հանրապետությունը գոյատևել է 2 տարի և փաստացի դադարել գոյություն ունենալ խորհրդային կարգերի հաստատումից հետո։

Խորհրդային շրջան և անկախացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Մեծ պողոտան

1920 թվականին Հայաստանը խորհրդայնացվում է։ Քաղաքի զարգացման խորհրդային առաջին ծրագիրը կազմվում է 1929-1930 թվականներին՝ ճարտարապետներ Կարո Հալաբյանի, Միքայել Մազմանյանի և Գևորգ Քոչարի կողմից։ Նոր ծրագրով նախատեսվում էր քաղաքային տարածության ընդլայնում դեպի արևելք և արևմուտք։ 1935 թվականի ԽՍՀՄ իշխանությունները քաղաքն անվանափոխում են ի պատիվ հեղափոխական գործիչ Սերգեյ Կիրովի՝ այն կոչելով Կիրովական։ 1939 թվականին արդյունաբերական թաղամաս և ամառային առողջարանային գոտի ստեղծելու ամար ներդրվում է քաղաքի վերափոխման նոր ծրագիր, որը հեղինակվում է Ն․ Զարգարյանի և Ա․ Մինասյանի կողմից[8]։

Վանաձոր քաղաքի վարչակառավարչական կենտրոնը՝ Հայքի հրապարակը։

1949 թվականին կազմվել է նոր գլխավոր հատակագիծ։ 1950-ական թվականներին կառուցապատվել է Կիրովի անվան հրապարակը (ներկայիս Հայքի հրապարակ) ՝ քաղաքի վարչակառավարչական կենտրոնը։ Անսամբլային կառուցապատման ուշագրավ նմուշներ են Տիգրան Մեծ պողոտան, Թումանյան փողոցը, Շահումյանի հրապարակը՝ իր արհեստական լճերով, և քաղաքային կենտրոնական այգին։ 19-րդ դարում քաղաքում եղել է երկու եկեղեցի՝ կառուցված 1831 թվականին (1828 թվականի երկրաշարժից քանդված հին եկեղեցու տեղում) և 1895 թվականին (ռուսական եկեղեցին)։ 1978 թվականին քաղաքում գործել են արդյունաբերական 27 ձեռնարկություն։ Այդ ժամանակաշրջանի արդյունաբերության առաջատարը Ալեքսանդր Մյասնիկյանի անվան քիմիական գործարանն էր (մինչև 2018 թվականը մասամբ գործել է «Վանաձոր-Քիմպրոմ» քիմկոմբինատ ՓԲԸ-ն)։ Ժամանակին քաղաքի խոշոր ձեռնարկություններից են եղել քիմիական մանրաթելերի, ճշգրիտ հաստոցների, «Ավտոգենմաշ», «Ավտոմատիկա» գործարանները, տրիկոտաժի, կահույքի, կարի արտադրական միավորումները։ «Պոլիմերսոսինձ» գիտաարտադրական միավորումն իր բնագավառի առաջատար գիտական կենտրոններից էր։ Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս մեծ համբավ են ունեցել այն ժամանակ Կիրովականի կահույքի, մորթու-մուշտակի, կարի ֆաբրիկաները, «Լոռի» հանքային ջրերի գործարանն ու թեթև արդյունաբերության այլ ձեռնարկություններ։ Վանաձորը, Գյումրիի և Սպիտակի հետ միասին, զգալի վնասներ է կրում 1988 թվականի ավերիչ երկրաշարժի արդյունքում՝ տալով 564 զոհ։ Այնուամենայնիվ, Վանաձորի շինությունները մեծամասամբ մնում են կանգուն[8]։

1991 թվականի մարտի 1-ին ՀՀ ժողովրդական պատգամավորների առաջին գումարման Կիրովականի քաղաքային խորհրդի որոշում է կայացնում անվանափոխել Կիրովական քաղաքը։ 1992 թվականի հուլիսի 6-ին Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր երեկոյի ընթացքում արդեն Վանաձորի քաղխորհրդի նախագահ Հովհաննես Մատինյանը ընթերցում է Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը՝ Կիրովականը Վանաձոր վերանվանելու մասին, մինչդեռ հանրաքվեի արդյունքներով որոշվել էր քաղաքը վերանվանել «Գուգարք»[6]։ Ներկայումս Վանաձորը Հայաստանի երրորդ խոշորագույն քաղաքն է՝ Լոռու մարզի վարչաքաղաքական կենտրոնը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանաձորի հեռավորությունը խոշոր քաղաքներից[10]
Ստեփանավան ~ 36 կմ
Տաշիր ~ 47 կմ
Թբիլիսի ~ 146 կմ Ալավերդի ~ 50 կմ
Նոյեմբերյան ~ 100 կմ
Սպիտակ ~ 20 կմ
Գյումրի ~ 57 կմ
Դիլիջան ~ 40 կմ
Իջևան ~ 78 կմ
Ապարան ~ 50 կմ
Աշտարակ ~ 100 կմ
Երևան ~ 120 կմ
Էջմիածին ~ 120 կմ
Սևան ~ 80 կմ

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանաձորի հեռապատկերը քաղաքի հարավարևելյան անտառաշատ հատվածից։

Վանաձորը գտնվում է Հայաստանի հյուսիսում և Լոռու մարզի ծայր հարավում՝ Երևանից 128 կմ հյուսիս, իսկ հյուսիսային Հայաստանի խոշորագույն քաղաքը համարվող Գյումրիից՝ 64 կմ արևելք։ Հարևան բնակավայրերն են արևելքում Դարպասը, Նոր Խաչակապն ու Լեռնապատը, արևմուտքում՝ Գուգարքը, Շահումյանն ու Փամբակը, հյուսիսում՝ Բազումը, իսկ հարավում՝ Ժամատունը։ Նախկինում, Վանաձորի մետ միասին Գուգարքի տարածաշրջանի կազմում են եղել ևս 26 գյուղական բնակավայրեր՝ Ազնվաձոր, Անտառամուտ, Անտառաշեն, Արջուտ, Արջուտի կայարանին կից, Բազում, Գուգարք, Գուշար, Դարպաս, Դեբեդ, Եղեգնուտ, Լերմոնտովո, Լեռնապատ, Հալավար, Հայդարլի, Ձորագետ, Ձորագյուղ, Մարգահովիտ, Շահումյան, Վահագնաձոր, Վահագնի, Փամբակ, Փամբակ կայարանին կից, Ժամատուն, Քարաբերդ, Ֆիոլետովո համայնքները[11]։ Վանաձորի հարակից գյուղական բնակավայրերի զգալի մասը ներկայումս գտնվում են համայնքային խոշորացման գործընթացի փուլում։

Ֆիզիկաաշխարհագրական իմաստով Վանաձորը գտնվում է Փամբակի և Բազումի լեռնաշղթաների միջև ընկած նեղ ու երկարավուն գոգավորությունում՝ հյուսիսային լայնության 40° 48′ 46″ և արևելյան երկայնության 44° 29′ 18″ միջև, երիտասարդ հրաբխային ու նստվածքային ապարներից կազմված 9-10-բալանոց սեյսմիկ և չորրորդ ժամային գոտիներում։ Վանաձորի մի ծայրամասից (արևելյան) մյուս ծայրամասն (արևմտյան) ընկած հեռավորությունը չի գերազանցում 15 կիլոմետրը։ Միևնույն ժամանակ քաղաքը տեղակայված է Փամբակ և Տանձուտ գետերի միախառնման վայրում (որոշ աղբյուրներ այս աշխարհագրական միջավայրն անվանում են Փամբակի հովիտ)[12]։ Զբաղեցրած մակերեսի հիմնական մասը բարձրադիր է․ ծովի մակերևույթից բարձրությունը կազմում է ավելի քան 1353 մետր։ Վանաձորի հարավային և արևելյան շրջանները խիտ անտառածածկ են, մինչևդեռ հյուսիսային և արևմուտքյան հատվածները աչքի չեն ընկնում խիտ բուսածածկույթով։

Վանաձորի քաղաքամերձ տարածքում (հարավարևմտյան մասում) է գտնվում է Լոռու մարզի ամենաբարձր կետը համարվող Մայմեխ լեռը (Փամբակի լեռնաշղթա)՝ ծովի մակարդակից 3082 մետր բարձրությամբ[13]։

Ժամային գոտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանաձորը, ինչպես և ամբողջ Հայաստանը, գտնվում է Գրինվիչի միջօրեականից արևելք՝ չորրորդ ժամային գոտում։ Դա նշանակում է, որ երբ Վանաձորում ժամը 12.00–ն է, կեսօր, ապա Լոնդոնում առավոտյան 08.00 է, Սիդնեյում՝ երեկոյան 19.00, իսկ Լոս Անջելեսում կեսգիշեր է՝ 01.00[14]:

Մինչև 2011 թվականը Հայաստանն անցնում էր ամառային և ձմեռային ժամային հերթափոխի. մարտի վերջին կիրակի օրը ժամացույցի սլաքները մեկ ժամ առաջ էին տրվում, իսկ հոկտեմբերի վերջին կիրակի օրը ձմեռային ժամանակը վերականգնվում էր՝ ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ տալով։ 2012 թվականից Վանաձորի ժամանակը դարձել է անփոփոխ՝ համապատասխան օրենքի փոփոխությամբ[15]։

Բնական տեսարան Վանաձոր քաղաքից։

Կենսաբազմազանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական սոճիներ (Pinus silvestris) Վանաձորի բուսաբանական այգում։

Վանաձոր քաղաքի դենդրոֆլորայի կազմում գերիշխող թիվ են կազմում առաջին մեծության տերևաթափ ծառերը՝ 34.42%, առաջին մեծության փշատերև ծառերը՝ 11.5 % և առաջին մեծության տերևաթափ թփերը՝ 11.5 %: Նվազագույն թիվ են կազմում տերևաթափ կիսաթփերը՝ 1.64 %, մշտադալար թփերը՝ 3.3 % և տերևաթափ լիանաները՝ 3.3 %: Առաջին մեծության տերևաթափ ծառերը և առաջին մեծության տերևաթափ թփերը կազմում են քաղաքի բուսական աշխարհի մեծամասնությունը, քանի որ դրանց համար տեղի բնակլիմայական պայմաններն ավելի նպաստավոր են։ Բացի դրանից, քաղաքի կանաչ տնկարկների ներկա կենսամորֆական կազմի վրա իրենց որոշակի ազդեցությունն են թողել 1988-1998 թվականներին երկրում տիրող ծանր տնտեսական դրության պայմաններում բնակչության կողմից իրականացված զանգվածային ծառահատումները, երբ առանձին կենսաձևերից բաղկացած բազմաթիվ կանաչ տնկարկներ ամբողջությամբ հատվել են[16]։

Վանաձորյան առօրյայից անբաժան են դաշտային ճնճղուկները, որոնց քաղաքում կարելի է տեսնել գրեթե ամենուր։

Վանաձորի ներքաղաքային կանաչ տնկարկներում հաշվվում են 89 տեսակ ծառեր և թփեր, այդ թվում 74 բարձր գեղազարդ։ Երկրորդական նշանակության փողոցների կանաչ տնկարկներում հանդիպում են 27 տեսակ ծառեր և թփեր։ Այս տնկարկներում տեսակային բազմազանությունը ներկայացված է ավելի հարուստ, քանի որ էկոլոգիական պայմաններն ավելի բարենպաստ են։ Զբոսայգիներում և պուրակներում հանդիպում են 25 տեսակի ծառեր և թփեր, որոնք պատկանում են հիմնականում °Cupressa°Ceae, Pina°Ceae, A°Cera°Ceae, Faga°Ceae, Faba°Ceae, Hippo°Castana°Ceae ընտանիքներին[17]։

Վանաձոր քաղաքի տարածքում հաճախադեպ ծառատեսակներից են նոճազգիների ընտանիքին պատկանող կենսածառ արևմտյանը, գիհի սովորականը, որոնք, հիմնականում աճում են քաղաքի այգիներում, պուրակներում։ Վանաձոր քաղաքի տարածքում սակավ հանդիպող ծառատեսակներից է սեքվոյա հսկայականը։ Սոճազգիների ընտանիքից քաղաքի տարածքում սահմանափակ քանակությամբ հանդիպում է սոճի կովկասյանը, եղևնի կեռիկավոր արծաթափայլը, եղևնի սովորականը և սոճի եվրոպականը։ Թխկազգիների ընտանիքից՝ թխկի դաշտայինը հանդիպում է քաղաքի մայրուղիներում, փողոցների մայթեզրերին, այգիներում, պուրակներում։

Լոռու կենդանական աշխարհը բավական աղքատացել է մարդու տնտեսական գործունեության պատճառով։ Վանաձորում և հարակից անտառածածկ շրջաններում հանդիպում են լեռնային տափաստաններին բնորոշ կենդանիներ՝ աղվես, գորշ գայլ, նապաստակ, աքիս, դաշտամուկ, քարաբնակ կզաքիս, գետնասկյուռ։ Թռչուններից տարածված են բադը, գորշ կաքավը, շիկահավը, դաշտային ճնճղուկը, լորը, կաքավը, անտառային արտույտը, ծիծեռնակը, կաչաղակը, արծիվը, բազեն և այլն։ Սողունները զգալիորեն քիչ են[16]։

Երկրաբանական կառուցվածք, ռելիեֆ և տեկտոնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական լանդշաֆտ Վանաձորում՝ Փամբակ գետի հովտում։

Վանաձոր քաղաքը գտնվում է Հայաստանի ամենաբարձր սեյսմոակտիվ գոտիներից մեկի՝ Փամբակ-Սևանի ակտիվ բեկվածքի երկրաբանական ազդեցության սահմաններում։ Ըստ սեյսմիկ շրջանացման հավանականային քարտեզի՝ Վանաձորի զբաղեցրած սեյսմիկ գոտու սահմաններում հողի սպասվող հորիզոնական արագացման մեծությունը կազմում է 0.5g (հավասարազոր է 9-10 բալի)։ Վանաձոր քաղաքը և նրա շրջակայքը տեղադրված են նորագույն տեկտոնական կառույցի՝ իջվածքի սահմաններում։ Տարածքի սեյսմոտեկտոնական պայմանները բավականին բարդ են, ինչը պայմանավորված է այստեղով անցնող Փամբակ-Սևանի ակտիվ բեկվածքով և նրա ճյուղավորումներով[17]։

Վանաձոր քաղաքի համար լուրջ բնական վտանգ են ներկայացնում լայնատարած խոշոր սողանքները։ Վանաձորի իջվածքի սահմաններում տեղումների առատությունը, ինքնին, նպաստում է սողանքների ակտիվացմանը, որին էլ գումարվում է սողանքների վտանգի բարձրացման անթրոպոգեն գործոնը՝ զանգվածային անտառատումների տեսքով։ Վանաձորի հյուսիսարևմտյան մասում՝ սինթետիկ մանրաթելի գործարանի ու ՋԷԿ–ի վերևում՝ լանջի վրա, տեղադրված են քիմիական գործարանի թափոնների պոչամբարներ։ Վանաձոր քաղաքի հարավային կողմում՝ Փամբակ լեռնաշղթայի հյուսիսային լանջին, առկա են սողանքավտանգ տեղամասեր, որոնք ձգվում են քաղաքի ամբողջ երկայնքով մեկ՝ Բարեկամություն, Հակոբյան, Բուսաբանական և Ֆիդայիների փողոցների վերևում։ Քաղաքից Մայմեխ լեռ տանող ճանապարհի 9-րդ կմ-ին հարակից արևմտյան կողմում գտնվող 50-600 թեքություն ունեցող լանջի վրա նույնպես առկա է սողանքավտանգ հատված[17]։

Վանաձորում վերջին տարիներին որպես սողանքի առաջացման նախադրյալներ են հանիդսանում հարակից անտառապատ տարածքների անօրինական ծառահատումները։ Անտառապատ լանջերը բանջարանոցների վերածելու պատճառով սողանքավտանգ տեղամասերը ցույց են տալիս ակտիվության նշաններ։ Բազումի լեռնաշղթայի հարավային լանջին առկա են քարաթափման տեղամասեր։

Վանաձոր քաղաքի շրջակայքում կան բնական շինանյութերի՝ բազալտի, տուֆի, գրանիտի, կավի, շինարարական ավազի, ծծմբարջասպի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն[18]։

Հողային ծածկույք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանաձոր քաղաքի հողային ծածկույթը բնութագրվում է տիպիկ անտառային, գորշ, շագանակամոխրագույն կամ մոխրագույն, թույլ ենթամոխրային (պոդզոլացված) հողերով։ Այս տիպի հողերը հիմնականում առաջացել են յուրայի, մասամբ կավճային շրջանների ամուր ապարների՝ պլագիոպորֆիրիտների, կվարցոպորֆիրիտների, ավազակավերի, կրաքարերի, կոնգլոմերատների, տուֆոբրեկչաների հողմահարման արդյունքում։ Վանաձորի պետական նշանակության հողերից արոտավայրերին բաժին է հասնում ամենամեծ բաժինը՝ շուրջ 354 հա տարածություն։ Կան նաև խոտհարքներ (111 հա), վարելահողեր (27 հա) և պտղատու այգիներ (10 հա)[19]։

Կլիմայական պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փամբակ լեռնաշղթայի լանջերը Վանաձորի հարակից Մարգահովիտի արգելավայրի հատվածում ձմեռային ձյունածածկ ամիսներին։

Վանաձորն ունի մեղմ, բարեխառն կլիմա, որին բնորոշ է չափավոր, տարվա բոլոր եղանակներին համեմատաբար խոնավ կլիման։ Տարեկան տեղումների ընդհանուր քանակը կազմում է 600-700 մմ։ Վանաձորի օդի տարեկան միջին ջերմաստիճանը 8.50 °C է, առավելագույնը՝ 30.0 °C, նվազագույնը՝ -30.0 °C, ջերմային ռեսուրսներով ապահովվածությունը միջին չափի է, գոլորշիացումը՝ չափավոր (տարեկան 650 մմ)[20]։

Ձմեռը չափավոր ցուրտ է, երեք ամսվա օդի միջին ջերմաստիճանը -3,30 °C է, բացարձակ նվազագույնը՝-300 °C, հունվարի միջինը՝ -50 °C։ Տարվա ընթացքում ձյան ծածկոցը (18-25 սմ) գերազանցում է 77 օրը, կայուն ծածկույթն առաջանում է դեկտեմբերի երրորդ տասնօրյակում, երբեմն նոյեմբերի կեսերին և վերանում մարտի առաջին տասնօրյակում։ Հենց այս ժամանակահատվածում է թափվում տարեկան ընդհանուր տեղումների մոտավորապես 11%-ը։ Մարզում ոչ սառնամանիքային օրերի միջին թիվը 174 է։

Գարունը չափավոր սառն է, երկարատև, 6,70 °C միջին ջերմաստիճանով, 209 մմ (տարեկան ընդհանուր նորմայի 32,6%-ը) տեղումներով, որից 79-133 մմ-ը բաժին է ընկնում գարնան ամփոփիչ ամսին (մայիս)[20]։

Ամառվա ամիսներին գրանցվում է չափավոր շոգ եղանակ։ Ամենաշոգ ամսվա՝ օգոստոսի միջին ջերմաստիճանը չի գերազանցում 18-20 °C-ը, իսկ երեք ամսվա միջինը 17,3 °C է։ Օգոստոսին նկատվում է նաև տեղումների նշանակալից կրճատում, որոնց քանակը հասնում է 40-60 մմ-ի։ Ամռան ընթացում գրանցվել է տեղումների ամենամեծ քանակը՝ 227 մմ, կամ տարեկան ընդհանուր նորմայի 35,4%-ը։ Ամռանը ժամանակ առ ժամանակ կարող են նկատվում խորշակային չոր եղանակի բացառիկ դեպքեր, որոնք պայմանավորված են Իրանական սարահարթից ցամաքային, արևադարձային օդի հոսանքների մուտքով։ Բուն Վանաձորում այդ հոսանքները հազվադեպ են, որը կապված է չորությունը մեղմացնող տեղանքի բարձրության և անտառածածկույթի առկայության հետ[20]։

Վանաձորի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 1.2
(34.2)
2.3
(36.1)
6.9
(44.4)
13.3
(55.9)
18.6
(65.5)
22.6
(72.7)
25.7
(78.3)
25.6
(78.1)
22.0
(71.6)
16.3
(61.3)
9.1
(48.4)
3.3
(37.9)
13.91
(57.03)
Միջին օրական °C (°F) −3.7
(25.3)
−2.7
(27.1)
1.8
(35.2)
7.4
(45.3)
12.4
(54.3)
16.0
(60.8)
19.0
(66.2)
18.9
(66)
14.9
(58.8)
9.8
(49.6)
3.9
(39)
−1.1
(30)
8.05
(46.47)
Միջին ցածր °C (°F) −8.5
(16.7)
−7.6
(18.3)
−3.3
(26.1)
1.6
(34.9)
6.3
(43.3)
9.5
(49.1)
12.3
(54.1)
12.2
(54)
7.8
(46)
3.3
(37.9)
−1.2
(29.8)
−5.5
(22.1)
2.24
(36.03)
Տեղումներ մմ (դյույմ) 20
(0.79)
26
(1.02)
36
(1.42)
57
(2.24)
94
(3.7)
83
(3.27)
51
(2.01)
42
(1.65)
33
(1.3)
41
(1.61)
32
(1.26)
19
(0.75)
534
(21.02)
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Ներքին ջրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիդրոգրաֆիկական տեսակետից Վանաձորի տարածաշրջանի ջրագրական ցանցի ներքին ջրերի զգալի մասը պատկանում են Կասպից ծովի ավազանին, իսկ Փամբակ (Չիչխան և Ալարեքս վտակներով) և Դեբեդ (Շնող, Ախթալա, Աչեր և Մարց վտակներով) գետերը՝ Կուր գետի ավազանին։ Վանաձորի տարածքի լեռնային ռելիեֆի հետևանքով այստեղի գետերը հոսում են մեծ արագությամբ, ունեն քայքայիչ հատկություն, առաջացնում են ձորակներ և խոր կիրճեր։ Վանաձոր քաղաքով հոսող գետերի սնումը խառն է։ Նրանք սնվում են հիմնականում ձնհալի, հորդառատ անձրևների և վարարումների, ինչպես նաև հարակից աղբյուրների հաշվին[21]։

Դեբեդը Լոռու մարզի տարածքում հոսող ամենաջրառատ գետն է, ինչպես նաև Հայաստանի տարածքի ամենաջրառատ լեռնային գետը։

Բուն Վանաձորի տարածքում հոսում է Փամբակ գետը՝ իր Տանձուտ, Վանաձոր և Լեռնապատ (Լեռնաջուր) վտակներով։ Փամբակ գետը համարվում է Դեբեդի հիմնական վտակը և նրա վերին հոսանքը։ Գետի ջրհավաք ավազանը զբաղեցնում է 1370 կմ քառ․ մակերես, որը հյուսիսից շրջապատված է Բազումի, իսկ հարավից՝ Փամբակի լեռնաշղթաներով։ Փամբակ գետի ամենախոշոր վտակը Չիչխանն է, որը Փամբակին է միանում գետաբերանից 52 կմ հեռավորության վրա։ Արջուտ գյուղի մոտով անցնող մի կցորդային բարձրությամբ միջին Փամբակի գոգահովիտն առանձնանում է Վանաձորի գոգահովտից (արևելյան)։ Վանաձոր քաղաքի տարածքում Փամբակի աջակողմյան ամենաջրառատ վտակն է Տանձուտը, որի ջրհավաք ավազանի մակերեսը կազմում է 141 կմ քառ․, երկարությունը՝ 23 կմ, հեռավորությունը գետաբերանից՝ 100 կմ, տարեկան միջին ծախսը՝ 2,24 մ³/վ Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային լանջից, հոսում է ուղղորդ լանջերով, անտառապատ կիրճով և թափվում Փամբակ գետ Վանաձոր քաղաքի պետավտոտեսչությանը հարակից տարածքում[21]։

Լոռու ռելիեֆի խիստ մասնատվածությունը, էրոզիայի բազիսի խորությունը, ինչպես նաև տեկտոնական խախտումների առկայությունն իրենց էական ազդեցությունն են ունենում հանքային ջրերի պաշարների առատության վրա։ Այս առումով տարածաշրջանում աչքի են ընկնում Վանաձորի և Ֆիոլետովոյի հանքային աղբյուրները։ Դրանցից առաջինը հիմնականում մակերևույթ է դուրս գալիս քաղաքի շրջակայքում, մասնավորապես Տանձուտ գետի ստորին հոսանքի շրջանում և Փամբակ գետի ափերին։ Ըստ բաղադրության՝ Վանաձորի հանքային ջրերը ամենամոտն են Ջերմուկի ջրերին, սակայն վերջիններիս գլխավոր տարբերությունը ջերմաստիճանն է, որը «Վանաձոր»-ի պարագայում անհամեմատ ցածր է (12-14 °C): Հանքային ջրի պաշարներն օգտագործվում են արդյունաբերական նպատակներով. քաղաքում շշալցվում են «Լոռի» հանքային ջրերը (պաշարները 29 կազմում են օրական շուրջ 900 հազար լիտր), իսկ Լոռի հանքային ջրի հիմքի վրա գործում է «Վանաձորասար» առողջարանը[21]։

2000-ականներից ի վեր Վանաձոր քաղաքի տարածքում հոսող Փամբակ, Տանձուտ, Վանաձոր և Լեռնապատ գետերի ջրերի որակը զգալիորեն վատթարանում է։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման փոփոխության պատճառներից են կոմունալ–կենցաղային հոսքաջրերի անմիջական ներհոսքը գետերի մեջ, քաղաքի տարածքում գետերի ողջ երկայնքով աղտոտումը կենցաղային և շինարարական թափոններով, գետերի ջրհավաք ավազաններում իրականացվող տնտեսական գործունեությունը և այլն[21]։

Վանաձոր քաղաքի միկրոկլիմայի ձևավորման վրա իրենց ազդեցությունն ունեն նաև արհեստական լճակները[21]։

Տեղական ինքնակառավարում և քաղաքային իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կենտրոնական և հարավարևմտյան տեսքը թռչնի թռիչքի բարձրությունից

Հայաստանում տեղի ունեցող վարչատարածքային բարեփոխումների արդյունքում Վանաձորին տրվել է համայնքի, ինչպես նաև Լոռու մարզի մարզկենտրոնի կարգավիճակ։ «Գյումրի և Վանաձոր քաղաքներում տեղական ինքնակառավարման» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի երկրորդ հոդվածն անդրադառնում է քաղաքային համայնքների իրավական կարգավիճակին։ Նշված օրենքի երկրորդ հոդվածի առաջին մասը սահմանում է, որ «Գյումրին և Վանաձորը համայնքներ են, բնակչությունը՝ հանրություն», իսկ երկրորդ մասը՝ «Գյումրին և Վանաձորը իրավաբանական անձ են, ունեն սեփականության իրավունք և գույքային այլ իրավունքներ»[22]։

Քաղաքային համայնքի վարչական սահմանները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի օրենքով։ Տարածքային կառավարումը քաղաքային համայնքում իրականացնում է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանաձորի զինանշան:

Քաղաքային համայնքի խորհրդանիշերն են քաղաքային համայնքի զինանշանը, քաղաքային համայնքի դրոշը և քաղաքային համայնքի օրհներգը։ Քաղաքային համայնքի զինանշանի և դրոշի նկարագրությունը, ինչպես նաև քաղաքային համայնքի օրհներգը սահմանում է ավագանին[23]։

Վանաձորի զինանշանը վահան է, որի վերին հատվածը թագ հիշեցնող սարերի ռիթմիկ շարք է։ Այն խորհրդանշում է քաղաքի պատմական Թագավորանիստ սարի և Լոռվա կենտրոնի խորհուրդը։ Վահանի կենտրոնում ընդհատված շրջան է՝ վերին մասում՝ հայկական ճարտարապետությանը բնորոշ կամար, ստորին մասում՝ ատամնանիվ (խորհրդանշում է արդյունաբերության դերը քաղաքի զարգացման մեջ)։ Ատամնանիվն ընդհատվում է գիտության խորհրդանշանով։ Շրջանի կենտրոնում ճյուղ է, որը բնորոշում է քաղաքի գեղատեսիլ բնությունը։ Վահանի ներքևի մասում հայերենվ գրված է քաղաքի անվանումը՝ «ՎԱՆԱՁՈՐ»։ Վահանի ֆոնը կապույտ է (օգտագորվում է նաև կանաչ տարբերակը), պատկերներն՝ արծաթագույն (կապույտը/կանաչը քաղաքին բնորոշ գույնն է, արծաթագույնը՝ նկարագրում է սառը բնակլիմայական պայմանները)։

Զինանշանը հաստատվել է Կիրովականի քաղխորհրդի գործադիր կոմիտեի կողմից 1986 թվականի հունվարի 30-ին։ Հիմք է ընդունվել 1985 թվականի հայտարարված հանրապետական բաց մրցանակաբաշխության հանձնաժողովի որոշումը։

Քաղաքի վերանվանումից հետո զինանշանը պահպանվել է նույնությամբ՝ բացի քաղաքի անունից (Կիրովականը դարձել է Վանաձոր)։

Զինանշանի հեղինակը վանաձորցի նկարիչ Էդվարդ Բոջուկյանն է։

2006 թվականի օգոստոսին Վանաձոր քաղաքի ավագանին ավագանու հերթական նիստում որոշում է կայացրել համաձայնություն տալ քաղաքի զինանշանը փոխելու և դրոշ ստեղծելու առաջարկությանը, և դրանց ստեղծման համար հայտարարել է մրցույթ[24]։ Վանաձորի զինանշանը, համայնքի ավագանու կարծիքով, չէր համապատասխանում քաղաքի զարգացման հեռանկարին։ Այնուամենայնիվ, մրցույթը անհայտ պատճառներով չի կայացել[24]։

Ամենի տարի հոկտեմբեր ամսին նշվում է Վանաձոր քաղաքի օրը[25]։

Քաղաքապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանաձորի քաղաքապետարանի շենքը քաղաքի վարչակառավարչական կենտրոնում՝ Հայքի հրապարակում։

Վանաձորի քաղաքապետը, ինքնին, ավագանու անդամ է, որը ղեկավարում է քաղաքապետարանի աշխատանքներն ու ներկայացնում է Վանաձորը՝ որպես համայնք, ավագանին և քաղաքապետարանը այլ անձանց և մարմինների հետ հարաբերություններում[26]։ Քաղաքապետ ընտրվում է իրեն ընտրած ավագանու լիազորությունների ողջ ժամկետով։ Եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ[26]։

Վանաձորի քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է պաշտոնական երդման պահից։ Երդման տեքստը ներկայացված է ստորև[26].

«Ստանձնելով Վանաձորի քաղաքապետի պաշտոնը՝ երդվում եմ.

Վանաձորի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Սահմանադրությունը, օրենքները, Վանաձորի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Վանաձորի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Վանաձորի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։

Պարտավորվում եմ հոգ տանել մեր համայնքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին։

Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը:»:

Քաղաքապետը լիազորություններ է իրականացնում մի շարք բնագավառներում, այդ թվում՝ քաղաքաշինության և կոմունալ տնտեսության, ֆինանսների, հասարակական կարգի պահպանման, հանրային միջոցառումների կանոնակարգման, տրանսպորտի և ճանապարհաշինության, անասնաբուժության և բուսասանիտարիայի, հողագործության, առևտրի, կրթության, մշակույթի և երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, սոցիալական պաշտպանության, բնապահպանության, էլեկտրոնային հաղորդակցության, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման, պաշտպանության կազմակերպման[26]։

«Գյումրի և Վանաձոր քաղաքներում տեղական ինքնակառավարման» մասին Հայաստանի Հանրապետության օրենքը սահմանում է նաև Վանաձորի քաղաքապետի կամավոր լիազորություններ։ Վանաձորի քաղաքապետետի պաշտոնը ներկայումս զբաղեցնում է ՀՀԿ անդամ Մամիկոն Ասլանյանը։

Քաղաքային համայնքն ունի գլխավոր ճարտարապետ, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքապետը։

Ավագանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանաձոր քաղաքի ավագանու կազմը (2021 թվականի հուլիսի դրությամբ)[27]: Խմբակցություններ և մանդատների քանակ՝      «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցություն (13)       «Լուսավոր Հայաստան» խմբակցություն (10)       «Հայկական վերածնունդ» խմբակցություն (5)       «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն (3)       «Հայ Յեղափոխական դաշնակցություն» խմբակցություն (2)

Ավագանին քաղաքային համայնքում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ։ Ավագանին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և oրենքով իր լիազորություններն իրականացնելիս անկախ է և գործում է միայն ի շահ քաղաքային համայնքի և նրա անունից[28]։

Լոռու մարզպետարանի շենքը Վանաձորի Հայքի հրապարակում՝ քաղաքապետարանի հարևանությամբ։ Տարածքային կառավարումը քաղաքային համայնքում իրականացնում է մարզպետարանի միջոցով։

Վանաձոր համայնքի ավագանուն վստահված են մի շարք կարևոր գործառույթներ, որոնց թվին են պատկանում համայնքի ղեկավարի (քաղաքապետի) ընտրությունը, համայնքի զարգացման ծրագրի հաստատումը, քաղաքային համայնքի սեփականություն համարվող գույքի կառավարման կարգի վերաբերյալ որոշման կայացումը, քաղաքային համայնքի բյուջեի ընդունումն ու դրա կատարման վրա վերահսկողության իրականացումը, քաղաքային համայնքի քաղաքաշինական կանոնադրության վերաբերյալ որոշման ընդունումը և այլն[28]։

Վանաձորի ավագանին կազմված է 33 անդամից։ Ավագանին ընտրվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով։ 2017 թվականի Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքում ամենաշատ թվով մանդատներ ստացել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որի թեկնածու Մամիկոն Ասլանյանն էլ այդ տարում ընտրվել է համայնքի ղեկավար։ ՀՀԿ-ից փոքր-ինչ ավելի քիչ ձայներ ստացել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանը ընտրությունների ելքով պայմանավորված դարձել է Վանաձորի ավագանու ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը՝ ստանալով 10 մանդատ։ Վանաձորի ավագանում մանդատներ ստացած մյուս խմբակցություններն են «Հայկական վերածնունդ»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը և ՀՅԴ-ն։ Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով։ Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետը սկսվում է առաջին նիստի գումարման պահից։ Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը։

Վանաձորի ավագանին կարող է ընդունել որոշումներ։ Ավագանին քաղաքային համայնքի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս հարցերի առնչությամբ կարող է ընդունել նաև ուղերձներ, հայտարարություններ՝ ուղղված քաղաքային համայնքի բնակչությանը, քաղաքապետին, պետական ու տեղական ինքնակառավարման այլ մարմիններին[28]։

Քաղաքի թաղամասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանաձոր քաղաքի թաղամասերն են՝

  • Բազում
  • Դիմաց
    • Լամպեր
    • Դիմացի սարի թաղ
    • Դիմացի այգու թաղ
    • Մաշտոց
    • Քարքարոտ
    • Բանգլադեշ
    • Բոշի թաղ
  • Խնձորուտ (Վարդանլու)
  • Ջունգլիներ
  • Սանատորիական (Լագեր)
    • Հուշարձան
    • ՄՏՍ (MTS)
  • Վանաձոր
  • Կենտրոն
    • Լճեր
    • Տաքսիներ
    • Ցալկուտ
    • Արցախ պուրակ
    • Հրապարակ
    • Կայարան
  • Քիմգործարան
    • Քիմգործարանի սարի թաղ
  • Երրորդ մաս
  • Կոնգո
  • Տավրոս (Ղշլաղ)
  • Տարոն-1
  • Տարոն-2
  • Տարոն-3
  • Տարոն-4
  • Սիվաշական ավան (ԴՈՒՑ)

Ազգաբնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]





Վանաձորի բնակչության տարիքային կազմը (2016 թվականի տվյալներ)      0-4 տարեկան (7%)     5-19 տարեկան (20%)     20-34 տարեկան (23%)     35-64 տարեկան (38%)     65-74 տարեկան (7%)     75 և ավելի տարեկան (5%)     Other (0%)

Վանաձորը մասսամբ բնակեցրել են Արևմտյան Հայաստանի Կարս, Արդահան, Բայազետ, Էրզրում քաղաքներից գաղթած ընտանիքները։

Վանաձորի բնակչությունն աստիճանաբար աճել է 1849 թվականից՝ քաղաքի՝ Երևանի նահանգի մաս դառնալուց հետո։ Քաղաքի բնակչությունը զգալիորեն ավելանում է հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Իոսիֆ Ստալինը թույլ է տալիս արևմտահայությանը ներգաղթել Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն՝ պատմական հայրենիքում խոստանալով ավելի բարեկեցիկ կյանք։ Այդ շրջանում Կիրովականում հաստատվում է ավելի քան 150 հազար ներգաղթյալներ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ամերիկայի տարբեր հայկական գաղթօջախներից։ Վերջիններս մեծամասամբ Օսմանյան Թուրքիայի տարածքում Հայոց ցեղասպանության վերապրածներ էին (վերապրածների սերունդներ)։ Չնայած Ստալինի խոստումներին՝ խորհրդային հետախուզության և ՆԳՆ-ի կողմիցբազմաթիվ ներգաղթյալներ ուղարկվում են Ալթայի երկրամաս (Սիբիր) և այլուր՝ տաժանակիր աշխատանքի։ Խորհրդային իշխանությունների նման վերաբերմունքի հայ գաղթականության նկատմամբ պայմանավորված էր նրանով, որ ՀԽՍՀ-ում հաստատված արևմտահայերը, որպես կանոն, ավելի կրթված էին, քան տեղի հայերը, խոսում էին ավելի քան 3 լեզուներով և Հայ առաքելական եկեղեցու բացահայտ հետևորդներ էին, ինչը Ստալինյան կառավարությունը դիտարկում էր որպես ազգային անվտանգության սպառնալիք։

Չնայած առկա մարտահրավերներին՝ հետագա տարիներին ավելի մեծ թվով արևմտահայեր են հաստատվում Կիրովականում, որոնց մեծամասնությունը ավելի ուշ վերստին լքում է քաղաքն ու վերադառնում արտասահման, հիմնականում՝ Կիպրոս, Լիբանան, Սիրիա, Հունաստան, Ֆրանսիա և ԱՄՆ։ Ներկայումս Վանաձորում ապրում է շուրջ 2000 արևմտահայ վերաբնակիչ, որոնց մեծ մասը առօրյա կյանքում դեռևս օգտագործում է արևմտահայերենը։

Ըստ 2020 թվականի տվյալների՝ Վանաձորի բնակչությունը կազմում է 77,2 հազար մարդ։ Հայաստանի անկախության առաջին տարիներից սկսած քաղաքի բնակչությունն ունի նվազման միտում։ Ստորև ներկայացված է բնակչության թվաքանակը՝ 1831-ից ի վեր։

Ըստ 2016 թվականի տվյալների՝ իգական սեռի ներկայացուցիչները 56-44 տոկոսային հարաբերակցությամբ գերազանցում են տղամարդկանց։ Բնակչության տարիքային կազմում քանակապես ամենամեծաթիվը 35-64 տարեկաններն են (38%), ամենասակավաթիվը՝ «75 տարեկան և ավելի» խմբի ներկայացուցիչները (5%)։ Ծնելիության մակարդակը, որպես կանոն, գերազանցում է մահացության մակարդակին։

Վանաձոր քաղաքում ապրում են 15974 զբաղված քաղաքացիներ։ Ընտանեկան նպաստ ստացող տնային տնտեսությունների քանակը հավասարվում է 5903-ի։ Գործազրկության մակարդակը զգալիորեն բարձր է։

Ազգային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]





Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները Լոռու մարզի քաղաքային համայնքներում      ասորիներ (0.5%)     եզդիներ (26%)     հույներ (16%)     ռուսներ (41%)     ուկրաինացիներ (4%)     քրդեր (0.5%)     այլ (13%)     Other (-1%)

Վանաձորի բնակչությունը էթնիկ առումով միատարր է։ Բնակչության ճնշող մեծամասնությունը հայերն (95% և ավելի) են։ Ըստ 1897 թվականի համառուսական մարդահամարի տվյալների՝ Վանաձորի (Ղարաքիլիսայի) բնակչությունը կազմել է 3.917 մարդ, որից 3.545-ը՝ հայ, 57-ը՝ իսլամադավան, 217-ը՝ ուղղափառ, 98-ը՝ այլ ազգության կամ դավանանքի[30]։ Ըստ 1926 թվական ԽՍՀՄ առաջին մարդահամարի տվյալների՝ Կիրովականում բնակվել է 8.640 մարդ, որից 8.462-ը՝ հայ, 36-ը՝ կովկասյան թուրք, 142-ը՝ այլ ազգության, այդ թվում՝ ուկրաինացի, վրացի և պոնտոսյան հույն[30]։

Սուրբ Աստվածածնի ծնունդ ռուս ուղղափառ եկեղեցին Վանաձորում։ Կառուցվել է 19-րդ դարում բյուզանդական ոճով։

Ազգային փոքրամասնությունների թվաքանակը Վանաձորում ավելացել է 1950 թվականից ի վեր։ Դա պայմանավորված էր քաղաքի արդյունաբերական զարթոնքով․ այդ ժամանակահատվածում Խորհրդային պետության տարբեր հատվածներից մարդիկ գալիս էին այստեղ աշխատելու և կրթություն ստանալու նպատակով։ Հայտնի է, որ Արցախյան ազատամարտի նախօրեին Վանաձորում բնակվել են զգալի քանակությամբ ադրբեջանցիներ, որոնք վտարվել են այստեղից (որոշները ինքնակամ հեռացել են) ԼՂ-ում հակամարտության բռնկման և ազգամիջյան հարաբերությունների սրման պատճառով։

Ներկայումս Վանաձորում բնակվում են ռուսական, հունական, ասորական, հրեական[31] և եզդիական ազգային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչներ։ Ազգային փոքրամասնության ներկայացուցիչներից թվով ամենամեծաքանակը ռուսներն են (շուրջ 1000)։ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում գործում է «Ռուսական կենտրոն»[32][33]։ Ռուսական համայնքի հոգևոր պահանջմունքները բավարարում է 1893-1895 թվականներին Վանաձորի կենտրոնում կառուցված Սուրբ Աստվածածնի ծնունդ անունը կրող ռուս ուղղափառ եկեղեցին, որը Սուրբ Սոֆիայի մայր տաճարի կրկնօրինակն է[34]։ Ալեքսանդր Ս․ Պուշկինի անվան Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցում ազգային փոքրամասնությունների հանրակրթական ուսուցումը և դաստիարակությունը կազմակերպվում են իրենց մայրենի ռուսաց լեզվով՝ պետական ծրագրով և հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ[35]։ Ռուսաց լեզվով ուսուցում ապահովում է նաև Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցը[35]։ Վանաձորում գործում է Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիայի՝ «Ուկրաինա» հասարակական կազմակերպության մասնաճյուղ, որը նպատակադրված է բավարարել քաղաքի սակավաթիվ ուկրաինացի ազգային փոքրամասնությունների կարիքները, պահպանել և խթանել ուկրաինական մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները[36]։ Վանաձորում գործում է նաև «Վերբիչենկա» ուկրաինական երգի կատարողների համակազմը[36]։ 2000-ականների սկզբին Վանաձորի հույն բնակչության թվաքանակը կազմել է շուրջ 200 մարդ[37]։ Ներկայումս Վանաձորում գործում է «Էլպիդա» հունական համայնքը, որի նպատակը քաղաքի հույն բնակչության համախմբումն է[38]։ 2019 թվականին հույն երեխաների առաջին ճամբարը անցկացվել է Վանաձորում[39]։

2006 թվականին Վանաձորը հյուրընկալել է Հայաստանի ազգային փոքրամասնությունների ամենամյա փառատոնը[40]։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանաձորցիների 90-95%-ը Հայաստանյայց առաքելական եկեղեցու հետևորդ է։ Կան նաև կաթոլիկներ և բողոքականներ, տարատեսակ աղանդավորական կազմակերպությունների, ինչպես նաև ուղղափառ եկեղեցու հետևորդներ։

Լոռու մարզի բնակչությանը սպասարկում է Հայաստանյաց առաքելական եկեղեցու Գուգարաց թեմը։ Վանաձորում է գտնվում Գուգարաց թեմի նստավայրն ու առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի մայր եկեղեցին։

Վանաձոր քաղաքի եկեղեցիներ և մատուռներ

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլ Ազնավուրի անվան Վանաձորի մշակույթի պալատը։
Հովհաննես Աբելյանի անվան Վանաձորի դրամատիկական թատրոնը։
Կառլոս Աբելյանի անվան Վանաձորի կերպարվեստի թանգարանը։

Վանաձորը հարուստ է մշակութային օջախներով։ Քաղաքի մշակութային կյանքում կարևոր նշանակություն ունի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատը, որի շենքը Վանաձորի քաղաքապետարանի կողմից ի պահ է տրվել «Հորովել» երգի ու պարի համույթին։ Այստեղ է գտնվում Ստեփան Զորյանի տուն-թանգարանը, Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Վանաձորի երկրագիտական թանգարանը։ Գործում են 3 մշակութային տներ, կամերային, երգի, տիկնիկային թատրոններ, 22 մանկապարտեզներ, միջնակարգ, արվեստի, գեղարվեստի, երաժշտական, պարարվեստի դպրոցներ, մարզադպրոցներ։ Վանաձորն ունի կամերային նվագախումբ և երգչախումբ։

Զորյան 24 հասցեում գտնվող Ստեփան Զորյանի տուն-թանգարանում ներկայացված ցուցանմուշները լուսաբանում են գրողի կյանքի մանկության ու պատանեկության շրջանները Ղարաքիլիսայում՝ հին Վանաձորում[41]։ Թանգարանը, հիրավի, համարվում է Վանաձորի գրական-մշակութային կարևորագույն օջախներից մեկը։ Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը համարվում է Լոռու մարզի միակ մշակութային օջախը, որը ոչ միայն ամուր կապ է պահպանում մշակութային աշխարհի հետ, այլև ներկայացնում է հայ ժողովրդի պատմության ընթացքում կուտակված հարուստ նյութական ժառանգությունը։ Թանգարանում ներկայացված են Լոռվա վարպետների ստեղծած ձեռագործ իրերը․ կարպետներ ու գորգեր, արծաթյա գոտիներ ու զարդեր, զենքերի տեսակներ[42]։

Լոռու մարզկենտրոնը նշանավորվում է նաև թատրոններով[43], որի «թագն ու պսակ»-ը 1931 թվականին հիմնադրված Հովհաննես Աբելյանի անվան Վանաձորի պետական դրամատիկական թատրոնն է։ Վանաձորի պետթատրոնի խաղացանկը բաղկացած է դասական, համաշխարհային ազգային ու արդի դրամատուրգների գործերից։ Թատրոնի մի շարք ներկայացումներ, բեմադրիչներ ու դերասաններ արժանացել են մրցանակների, մեդալների ու պատվոգրերի։ Քաղաքում գործող մյուս նշանավոր թատրոններից են «Բոհեմ» կամերային թատրոնը[43] և Վանաձորի տիկնիկային թատրոնը։ Քաղաքային կինոթատրոնները երկուսն են՝ մշակույթի պալատում գործող «Անի»-ն և «Երևան»-ը։

Քաղաքի կենտրոնական հատվածում գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի Վանաձորի մասնաճյուղը՝ Կառլոս Աբելյանի անունը կրող կերպարվեստի թանգարանը[41]։ Այստեղ ցուցադրվող հավաքածուն ներկայացնում է առավելապես 20-րդ դարակեսի հայկական կերպարվեստը։ Այստեղ ներկայացվում են այնպիսի նշանավոր արվեստագետների ստեղծագործություններ, ինչպիսիք են Երվանդ Քոչարը, Մհեր Աբեղյանը, Արա Բեքարյանը, Արմինե Կալենցը, Ռուդոլֆ Խաչատրյանը։ Քաղաքում կա նաև հեղինակավոր նկարչական դպրոց, որը հիմնադրվել է 1957 թվականին՝Մարտիրոս Սարյանի և Արա Սարգսյանի նախաձեռնությամբ։

Վանաձորում է գտնվում նաև Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքը[44]։

Մեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՄԻԳ Հեռուստառադիոընկերություն, եթեր է հեռարձակվում Վանաձորում և Լոռու մարզի որոշակի հատվածում։
  • «Վանաձորյան խճանկար» շաբաթաթերթ, որը հրատարակվում է 2000 թվականից։
  • «Ֆորտունա» Լոռու մարզային հեռուստաընկերություն

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանաձոր քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը 2002 թվականին հաստատվել է Հայաստանի Կառավարության կողմից[45]։ Ցանկում ներառված է 158 հուշարձան, այդ թվում՝ ամրոցներ, եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր, դամբարանադաշտեր, տապանաքարեր, հուշաղբյուրներ, հուշարձաններ և այլ շինություններ։

Կրթություն և գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանաձորում գործում են թվով վեց բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը, «Մխիթար Գոշ» միջազգային համալսարանը, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի Վանաձորի մասնաճյուղն ու Վանաձորի պետական համալսարանը, ինչպես նաև ուսումնարաններ, երաժշտական, գեղարվեստի և սպորտային դպրոցներ։

Հովհաննես Թումանյանի անվան Վանաձորի պետական համալսարանը Լոռու մարզի մայր բուհն է։ Հիմնադրվել է 1969 թվականին։

Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանը Լոռու մարզի մայր ուսումնական հաստատությունն է։ Բուհում ուսումնական ամենամեծ ստորաբաժանումները ֆակուլտետներն են՝ բանասիրական, պատմաաշխարհագրական, մանկավարժության, կենսաբանաքիմիական և ֆիզիկամաթեմատիկական[46]։ ՎՊՀ-ի կրթական ծառայությունների մեջ է մտնում հանրակրթությունը (Վանաձորի պետական համալսարանի հենակետային վարժարանի կարգավիճակով), միջին մասնագիտական ուսումը (քոլեջ) և, իհարկե, բուհական կրթությունը։ Ուսումնագիտական գործընթացը կազմակերպվում է 22 մասնագիտական ամբիոնների միջոցով։

Վանաձորում կա 30 դպրոց (7 ավագ, 2 միջնակարգ, 21 հիմնական), 3 երաժշտական դպրոց և 2 արվեստի դպրոց[47]։ Նշանավոր է «Էվրիկա» միջնակարգ դպրոցը[48]։

Առանձնահատուկ գիտակրթական նշանակություն ունի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը[49]։ Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները միտված են տեխնիկական և գործարար հմտությունների զարգացմանը, տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում նորարար գիտահետազոտական աշխատանքների առևտրայնացմանը, նոր տեխնոլոգիական ընկերությունների ձևավորմանը, արտասահմանյան ներդրումների ներգրավմանը[50]։

Քաղաքում գործում են թվով 10 հանրային գրադարաններ, որոնցից 4-ը նախատեսված է մանկահասակ ընթեցողների համար[47]։

Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահության ոլորտը մեծ նշանակություն ունի քաղաքային համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից։ Առողջապահության ոլորտում գերակա է համարվում առաջնային բուժօգնությունը։ Ծրագրային մակարդակով հատուկ կարևորվում են մոր և մանկան առողջության պահպանումը, մանկական հիվանդանոցային և շտապ օգնության ծառայությունների արդիականացումը, ինչպես նաև վարակիչ և կառավարելի ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման խնդիրները։

Վանաձոր քաղաքը սպասարկող առողջապահական կազմակերպություններից են Վանաձորի բժշկական կենտրոնը (տարողությունը՝ 190 մահճակալ) և Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը (տարողությունը՝ 45 մահճակալ)։ Երկու հիվանդանոցներում բժիշկների և այլ աշխատողների ընդհանուր թիվը կազմում է համապատասխանաբար 495 և 48։ Քաղաքում գործում է նաև պոլիկլինիկաներ՝ «Գուգարք» կենտրոնտրոնական պոլիկլինիկա, ինչպես նաև Վանաձորի թիվ 1, 3, 4, և 5 պոլիկլինիկաները։ Մասնագիտացված հաստատություններից պետական ֆինանսավորմամբ գործում են Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերն ու Լոռու մարզային արյան փոխներարկման կայանը։ Մասնավոր բժշկական կենտրոններ են «էկոսենս»-ը, «Նորմեդ» բժշկական կենտրոնի Վանաձոր մասնաճյուղը, ինչպես նաև երկու տասնյակից ավելի ատամնաբուժարաններ։

Վանաձորի բժշկական կենտրոնը Լոռու մարզի ամենամեծ և մարզկենտրոնի միակ հիվանդանոցն է, որի բազմապրոֆիլ լինելը հնարավորություն է տալիս բժշկական ծառայություն մատուցել ամենատարբեր հիվանդությունների դեպքում, իրականացնել համալիր բուժում։ Ընկերության գործունեության հիմնական տեսակն է բուժօգնությունը և սպասարկումը։ Նշված գործունեությունը ներառում է հիվանդանոցային, արտահիվանդանոցային և շտապ բուժօգնության ծառայություն[51]։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանաձորում գործում են մի շարք սպորտային կազմակերպություններ, որոնք էլ ժամանակի ընթացքում կերտել են քաղաքի սպորտային ավանդույթները։ Դրանցից նշանավոր են «Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոց», «Ֆուտբոլի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց», «Ծանրամարտի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց», «Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոց», «Շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց», «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց», «Լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց», «Ձմեռային մարզաձևերի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ, որտեղ մարզվում են շուրջ 2450 մարզիկներ։ Պետական ֆինանսավորմամբ Վանաձորում գործում են մարզական ակումբներ, ինչպես նաև բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց[52]։

Մայմեխ լեռան մոտ գտնվող համաշխարհային մակարդակի Վանաձորի լեռնադահուկային հանգստյան գոտին զբաղեցնում է 584 հեկտար տարածություն:

Ինչպես խորհրդային շրջանում, այնպես էլ Հայաստանի անկախ Հանրապետության պայմաններում վանաձորցիներն աչքի են ընկել օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև միջազգային տարբեր որակավորման մրցաշարերում ունեցած հաջողություններով։ Վանաձորից են սերում աշխարհի գավաթակիր, ըմբիշ Ստեփան Սարգսյանը, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչիկ Ջավախյանը, շախմատի աշխարհի միջազգային գրոսմաստեր Սամվեր Տեր-Սահակյանը, ԽՍՀՄ բազմակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանը, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանը, հաշմանդամ մարզիկ, խուլ-համրերի հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության հաղթող Սենիկ Սերոբյանը։ Վանաձորում է ծնվել ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Ալբերտ Ազարյանը՝ «Ազարյանական խաչ»-ի հեղինակը[52]։

Վանաձորը շարունակաբար մասնակցում է համահայկական խաղերին։ Հայաստանի մարզերում և Արցախում անցկացվող «Մարզական փառատոն» մրցույթ-ստուգատեսում Վանաձոր քաղաքը 5 անգամ ճանաչվել է հաղթող[52]։ Վանաձորի ամենատարածված սպորտաևերի թվում է ֆուտբոլը։ Վանաձորի քաղաքային մարզադաշտից բացի 2016 թվականից «Տարոն 4» թաղամասում շահագործման է հանձնվել նաև Լոռու ֆուտբոլի ակադեմիան։ Վանաձորցիների կողմից հիմնադրված «Լոռի» ֆուտբոլային ակումբը հայկական ֆուտբոլի նորեկ ակումբերից է։ Ակումբը կատարել է իր նորամուտը Հայաստանի առաջին խմբի առաջնությունում՝ 2017 թվականի օգոստոսի 14-ին կայացած «Փյունիկ-2» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձորագետի հիդրոէլեկտրոկայանը նույնանուն գյուղում։ Շահագործվում է «Ձորագետ» ՍՊԸ-ի կողմից։

Լոռու մարզկենտրոն Վանաձորի տնտեսությունը ճյուղային զարգացվածության տեսանկյունից բավականին բևեռացված է։ Այստեղ բավականին զարգացած է տնտեսության արդյունաբերական ճյուղը, իսկ մյուս ճյուղերը հանրագումարային առումով որևէ էական ազդեցություն չեն թողնում քաղաքի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) վրա։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանաձորի քիմիական գործարանը։ Մինչև 2018 թվականը մասամբ գործել է «Վանաձոր-Քիմպրոմ»քիմկոմբինատ ՓԲԸ-ն։

Ձորագետի հիդրոէլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիայի շնորհիվ 20-րդ դարի 40-ական թվականներին Վանաձորի տնտեսությունը թռիչքաձև զարգացում է ապրում, որի արդյունքում քաղաքը դառնում է Հայկական ԽՍՀ արդյունաբերական կենտրոններից մեկը։ Միևնույն ժամանակահատվածում զարկ է տրվում մեքենաշինությանը, քիմիական արդյունաբերությանը, հիմնվում են թեթև և սննդի արդյունաբերության խոշոր ձեռնարկություններ։ Արդյունաբերական առումով կարևոր նշանակություն է ձեռք բերում Վանաձորի ջերմաէլեկտրոկայանը, որի արտադրանքը բավարարում էր ոչ միայն քաղաքի, այլև ներկայիս Լոռու մարզի տարածքում գտնվող մի շարք տարածաշրջանի բնակավայրերի էներգետիկ պահանջները[53]։

Վանաձորում գործել են մետաղահատ հաստոցների, մեխանիկական, էլեկտրական սարքավորումների գործարաններ, կարի, տրիկոտաժի, կոշիկի, կահույքի ֆաբրիկաներ, մսի, հացի, կաթի և կաթնամթերքի, պահածոների գործարաններ, երկաթբետոնյա կոնստրուկցիաների, շինարարական իրերի արտադրություններ։ Այստեղ արտադրվել են քիմիական մանրաթել, ազոտական թթու, կալցիումի կարբիդ, մելամին և այլն։ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի արդյունքում Վանաձորում ավերվում են բազմաթիվ բնակելի շենքերի, թաղամասերի, արտադրական, մշակութային, կենցաղսպասարկման կառույցների։

ԽՍՀՄ փլուզման և Հայաստանի սահմանային շրջափակման պայմաններում արդյունաբերական ձեռնարկությունների գերակշռող մասը մասամբ կամ ամբողջովին դադարում է գործելուց։ 1990-ական թվականների կեսերին սկսվում են վերականգնման աշխատանքները. կառուցվում և ամրացվում են բնակելի ու հասարակական շենքեր, մասնակիորեն վերագործարկվում «Ավտոմատիկա», «Ավտոգենմաշ», «Էլեկտրոն» և այլ ձեռնարկություններ, հագուստի արտադրությամբ հայտնի են «Բազում», «Գլորիա», «Սարտիս» ֆաբրիկաները[53]։

Ներկայումս՝ Հայաստանի անկախ Հանրապետության պայմաններում, Վանաձորը հավակնում է վերականգնել իր երբեմնի կարևոր արյունաբերական նշանակությունը։ Քաղաքում գործում են հետևյալ արդյունաբերական հաստատությունները.

  • Վանաձորի հագուստի գործարան,
  • Վանաձորի քիմիական արդյունաբերություն,
  • Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամաս,
  • Վանաձորի «Սարտոն ՍՊԸ» կարի արտադրամաս,
  • Վանաձորի «Սարտիս» կարի արտադրամաս,
  • Վանաձորի «ՎանՕլիմպԷդ» գործարան,
  • Վանաձորի «Դիետ» կաթնամթերքի գործարան,
  • Վանաձորի «Ավտոգեն Մ» գործարան։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանաձորը գյուղատնտեսության ոլորտի թերզարգացվածության առումով Հայաստանի առաջատար մարզկենտրոններից է։ Գտնվելով խոնավ կլիմայական պայմաններում՝ հողերը չեն ոռոգվում, ուստի և հարուստ չեն հումուսով։ Նման պայմաններում պտղատու այգիները հիմնականում տնամերձ են։ Այսպիսով, ակներև է կլիմայական գործոնի բացասական ազդեցությունը բերքատվության մակարդակի, հետևաբար նաև գյուղատնտեսության ոլորտի թերզարգացվածությամ վրա[54]։

Գյուղատնտեսությամբ զբաղվում է Վանաձոր քաղաքի բնակչության 10-15%-ը միայն, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերը զբաղեցնում են 3,26 հա տարածություն։ 2017 թվականի զեկույցի համաձայն՝ դրանք բաշխված են հետևյալ կերպ. համայնքում 48 առկա խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմում է 1686 գլուխ, որից կովեր՝ 728, արտադրող ցուլեր՝ 67, երինջներ 1-ից 2 տարեկան՝ 759, 2 տարեկանից բարձր՝ 132, խոզեր՝ 320, ոչխարներ՝ 444, ձիեր՝ 33: Հավերի և այլ թռչունների քանակը 2461 է։ Մեղվափեթակների քանակը 500 է[54]։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գուգարք» հյուրանոցը Վանաձորի կենտրոնում՝ Հայքի հրապարակում։
Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցի. N 31 հասցեում գտնվող Թայիրովի ամառանոցը։

Վանաձոր քաղաքը տուրիզմի ոլորտում ունի հսկայական ներուժ, ինչի համար կարևոր հանգամանք է նպաստավոր կլիման և ծառայությունների ոլորտի զարգացվածությունը։ Զբոսաշրջության ոլորտի զարգացման ռազմավարությունը մշակվում է Լոռու մարզի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի կողմից։ Ըստ այդ մարմնի՝ Լոռու մարզում՝ մասնավորապես Վանաձորում, հյուրատնային բիզնեսը դեռևս զարգացման փուլում է, և դա է պատճառը, որ զբոսաշրջիկը նույն օրը ստիպված է լինում լքել քաղաքի բուն տարածքը և հանգրվանել մեկ այլ վայրում։ Ցուցանակների և տեղեկատվական վահանակների բացակայությունը նույնպես լուրջ խնդիր է քաղաքին անծանոթ այցելուների համար։

Այնուամենայնիվ, ներկայում էլ ամենապահանջված պրոդուկտը քաղաքային տուրերն են։ Ճանաչողական տուրն, որպես կանոն, մեկնարկում են քաղաքի սրտից՝ Հայքի հրապարակից և ընդգրկում Վանաձորի պատկերասրահը, քանդակագործ վարպետ Մեհրաբի տունը, Լճերը, Թթու ջուրը, Գուգարաց թեմի առաջնորդարանը, հայկական ու ռուսական եկեղեցիները։ Քաղաքի այցելուների համար հետաքրքրություն է ներկայացնում նաև քաղաքի արդյունաբերական անցյալը, որի արդյունքում տուրիստական օբյեկտների են վերածվել նաև Քիմիական մանրաթելերի, «Ավտոմատիկա», «Էլեկտրոն», «Ջերմաէլեկտրոն», «Ավտոգենմաշ» գործարաններըն ու խորհրդային ժամանակների նմուշ-կոթողները[55]։

Զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեն Վանաձորի կրոնական շինությունները (Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին, Գուգարաց թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցին և Սուրբ Աստվածածնի ծնունդ ռուս ուղղափառ եկեղեցին։ Զբոսայգիներից նշանավոր են Վանաձորի բուսաբանական այգին, քաղաքի կենտրոնական այգին, «Սայաթ-Նովա» զբոսայգին։

Զբոսաշրջության ոլորտի զարգացվածությունը ուղղակիորեն կապված է սերվիսի (ծառայությունների) ոլորտի հետ[56]։


Հյուրանոցներ՝ «Tufenkian Heritage Hotel Avan Dzoraget», «Արգիշտի» հյուրանոց, «Անուշ հյուրանոց», «Գուգարք» հյուրանոց, «Կիրովական հյուրանոց, «Գրին Հաուս» հյուրանոց, «Արմենիա» հյուրանոց, «Լագունա» հյուրանոց։
Սննդի կետեր՝ «Լոռի» սրճարան, «Թագավորանիստ» ռեստորան, «Էլկանի» ռեստորան, «Բելլիսիմո» ռեստորան, «Օազիս» ռեստորան, «Մոսկվա» ռեստորան, «Թիֆլիս» ռեստորան, «Ռոյալ» ռեստորան։

Վանաձորի արհեստական լիճը։

Տրանսպորտ և կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանաձոր քաղաքի համայնքային ենթակայության ներքո գտնվող ճանապարհների երկարությունը կազմում է 161 կմ[57]։ Վանաձորով է անցնում հարավկովկասյան երկաթգիծը։ Դեպի արևմուտք գնացող գիծը Գյումրիով դուրս է գալիս Երևան, իսկ արևելք գնացող գիծը Սանահին կայարանով հասնում Թբիլիսի։

Վանաձորում կան 28 տրանսպորտային կամուրջներ, հետիոտնի համար նախատեսված կամուրջ-անցումներ։ Քաղաքի ուղևորատար երթուղիներում ընդգրկված են 162 ավտոբուսներ և երթուղային տաքսիներ։ Գրանցված են և արդյունավետ գործում են մոտ մեկ տասնյակ մասնավոր տաքսի ծառայություններ։ Վանաձորի տրանսպորտի հիմնական տեսակը ցամաքայինն է։ Ջրային և օդային տրանսպորտը բացակայում է։ Քաղաքում կամ քաղաքի շրջակայքում օդանավակայան չի գործում։ Ամենամոտ օդանավակայանը Գյումրու «Շիրակ» միջազգային օդանավակայանն է։ Նախկինում քաղաքը սպասարկել է Ստեփանավանի օդանավակայանը, որը ներկայումս գտնվում է վերակառուցման փուլում։

Վանաձորի տարածքում բջջային հեռախոսակապը և շարժական ինտերնետ կապը ապահովվում է հանրապետություն գործող բոլոր օպերատորների կողմից։ Համացանցի ծածկույթը գերազանցում է 98%-ը։ Հասանելի է և՛ թելքաօպտիկական, և՛ շարժական համացանցային կապ։ Համանանցի հասանելիության որակը բավարար է։ Քաղաքը ապահովված է նաև լարային հեռախոսակապով։ Զարգացած է եթերային հեռուստատեսության ցանցը։ Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային ռադիոն, որը հասանելի է 106.30 ՄՀց հաճախականությամբ[58]։ Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»-ը Վանաձոր քաղաքում ունի 23 կապի բաժանմունք[59]՝ ապահովելով 100% հասանելիություն։

Արտաքին հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանաձորն արտաքին համագործակցություն է իրականացնում եվրոպական, ասիական և ամերիկյան քաղաքների, ինչպես նաև Հայաստանում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների հետ։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանաձորի և քույր քաղաքների միջև կնքվել են պայմանագրեր, համաձայն որոնց քույր քաղաքների միջև առկա է համագործակցություն մշակույթի, զբոսաշրջության, տնտեսության, կրթության, առողջապահության, սպորտի և այլ բնագավառներում։ Վանաձորի առաջինը քույր քաղաքը եղել է ֆրանսիական Բանյո քաղաքը, իսկ վերջինը՝ բելառուսական Վիտեբսկը։

Վանաձորի քույր քաղաքներն են[60][61]՝

Դիվանագիտական ներկայացուցչություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանավոր վանաձորցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Վանաձոր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․07․2023 թվական)։
  2. «Համայնքի անձնագիր / Վանաձոր» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին.
  3. «Ղարաքիլիսա անվան առաջին հիշատակումը». Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին.
  4. «1826 – ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ». Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին.
  5. «ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐ 1918 Թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1918 – 1920 ԹԹ. – HMA». Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Ինչպես 21 տարի առաջ կիրովականցիները պարտադրված դարձան վանաձորցիներ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին.
  7. John Everett-Heath, The Concise Oxford Dictionary of World Place Names, 2019, 9780191882913, s.v.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Պատմական ակնարկ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
  9. Քառյան, Ս․Մ․. Հայ-վրացական պատերազմ (PDF).
  10. «Расчёт расстояний между городами». Транспортная компания «КСВ 911». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 13-ին.
  11. Армянская ССР. Административно-территориальное деление / Адамян Н. К.. — Ереван: Армгиз, 1948. — 90 с.
  12. «Լոռու մարզպետարան». lori.mtad.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
  13. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 76 — 150 էջ։
  14. Ժամային գոտու փոխարկիչ
  15. «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
  16. 16,0 16,1 Նունե Հարությունյան, Տիգրան Օգանեզով, Դշխուհի Սահակյան, Էվելինա Ղուկասյան, Մետաքսյա Դավթյան (2017). Վանաձոր քաղաքի շրջակա միջավայրի պաշտպանության գործողությունների ծրագիր (PDF). Վանաձոր. էջեր 32–36.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  17. 17,0 17,1 17,2 Նունե Հարությունյան, Տիգրան Օգանեզով, Դշխուհի Սահակյան, Էվելինա Ղուկասյան, Մետաքսյա Դավթյան (2017). Վանաձոր քաղաքի շրջակա միջավայրի պաշտպանության գործողությունների ծրագիր (PDF). Վանաձոր. էջեր 24–26.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  18. Նունե Հարությունյան, Տիգրան Օգանեզով, Դշխուհի Սահակյան, Էվելինա Ղուկասյան, Մետաքսյա Դավթյան (2017). Վանաձոր քաղաքի շրջակա միջավայրի պաշտպանության գործողությունների ծրագիր (PDF). Վանաձոր. էջ 26.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  19. Նունե Հարությունյան, Տիգրան Օգանեզով, Դշխուհի Սահակյան, Էվելինա Ղուկասյան, Մետաքսյա Դավթյան (2017). Վանաձոր քաղաքի շրջակա միջավայրի պաշտպանության գործողությունների ծրագիր (PDF). Վանաձոր. էջեր 30–31.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  20. 20,0 20,1 20,2 Նունե Հարությունյան, Տիգրան Օգանեզով, Դշխուհի Սահակյան, Էվելինա Ղուկասյան, Մետաքսյա Դավթյան (2017). Վանաձոր քաղաքի շրջակա միջավայրի պաշտպանության գործողությունների ծրագիր (PDF). Վանաձոր. էջեր 23–24.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 Նունե Հարությունյան, Տիգրան Օգանեզով, Դշխուհի Սահակյան, Էվելինա Ղուկասյան, Մետաքսյա Դավթյան (2017). Վանաձոր քաղաքի շրջակա միջավայրի պաշտպանության գործողությունների ծրագիր (PDF). Վանաձոր. էջեր 26–30.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  22. Հոդված 2. Քաղաքային համայնքի իրավական կարգավիճակը. ««Գյումրի և Վանաձոր քաղաքներում տեղական ինքնակառավարման» մասին Հայաստանի Հանրապետության օրենք». parliament.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  23. Հոդված 10. Քաղաքային համայնքի խորհրդանիշերը. ««Գյումրի և Վանաձոր քաղաքներում տեղական ինքնակառավարման» մասին Հայաստանի Հանրապետության օրենք». parliament.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  24. 24,0 24,1 «Վանաձորը կունենա նոր զինանշան և դրոշ». armenpress.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
  25. ««Վանաձորի օր» տոնակատարության ծրագիրը պատրաստ է». Armtimes.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
  26. 26,0 26,1 26,2 26,3 ԳԼՈՒԽ 3․ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ. ««Գյումրի և Վանաձոր քաղաքներում տեղական ինքնակառավարման» մասին Հայաստանի Հանրապետության օրենք». parliament.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  27. «Վանաձորի ավագանու անդամներ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
  28. 28,0 28,1 28,2 Գլուխ 2․ Ավագանին. ««Գյումրի և Վանաձոր քաղաքներում տեղական ինքնակառավարման» մասին Հայաստանի Հանրապետության օրենք». parliament.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  29. 29,00 29,01 29,02 29,03 29,04 29,05 29,06 29,07 29,08 29,09 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  30. 30,0 30,1 «Վանաձորի բնակչությունը 1831-2019 թվականներին». Aniarc (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ մայիսի 21. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
  31. «Հրեաներ. միշտ էլ եղել են Հայաստանում». Hetq.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
  32. LLC, Helix Consulting. «Վանաձորի նորաբաց «Ռուսական կենտրոնում» կգործեն ռուսերենի անվճար դասընթացներ և տարբեր խմբակներ - Այսօր՝ թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
  33. «Վանաձորում բացվեց «Ռուսական կենտրոն»» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
  34. Վանաձորի ռուսական համայնքը, Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին
  35. 35,0 35,1 «Լոռու մարզպետարան / Ազգային փոքրամասնություններ». lori.mtad.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
  36. 36,0 36,1 Kitsoft. «Вірменія - Հայաստանի ուկրաինացիները». armenia.mfa.gov.ua. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
  37. «Լոռու մարզի «ծերացող» հունական համայնքը». armenpress.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
  38. «Վանաձորի «Էլպիդա» հունական համայնք ՀԿ». Union of Greek communities of Armenia. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
  39. «Հույն երեխաների առաջին ճամբարը Հայաստանում». Union of Greek communities of Armenia. 2019 թ․ հուլիսի 29. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
  40. «Ազգային փոքրամասնությունների փառատոնը Վանաձորում». Hetq.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
  41. 41,0 41,1 «Թանգարաներ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
  42. «ԼՈՌԻ - ՓԱՄԲԱԿԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ - HelpMe.am». helpme.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
  43. 43,0 43,1 «Թատրոններ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
  44. «ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքը՝ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում». armenpress.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
  45. Հայաստանի կառավարության որոշում N 49, 29 հունվարի 2004 թ․
  46. «Կառուցվածք - Վանաձորի պետական համալսարան». www.vsu.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
  47. 47,0 47,1 «Համայնքի անձնագիր» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
  48. «Evrika school - Գլխավոր էջ». evrika.do.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
  49. «Մեր մասին – Vanadzor Technology Center» (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
  50. «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը պաշտոնապես բացվեց – Vanadzor Technology Center». Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
  51. «Վանաձորի բժշկական կենտրոն». www.doctors.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
  52. 52,0 52,1 52,2 Նունե Հարությունյան, Տիգրան Օգանեզով, Դշխուհի Սահակյան, Էվելինա Ղուկասյան, Մետաքսյա Դավթյան (2017). Վանաձոր քաղաքի շրջակա միջավայրի պաշտպանության գործողությունների ծրագիր (PDF). Վանաձոր. էջեր 45-47 (մարզական կյանք).{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  53. 53,0 53,1 Նունե Հարությունյան, Տիգրան Օգանեզով, Դշխուհի Սահակյան, Էվելինա Ղուկասյան, Մետաքսյա Դավթյան (2017). Վանաձոր քաղաքի շրջակա միջավայրի պաշտպանության գործողությունների ծրագիր (PDF). Վանաձոր. էջեր 48-49 (արդյունաբերություն).{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  54. 54,0 54,1 Նունե Հարությունյան, Տիգրան Օգանեզով, Դշխուհի Սահակյան, Էվելինա Ղուկասյան, Մետաքսյա Դավթյան (2017). Վանաձոր քաղաքի շրջակա միջավայրի պաշտպանության գործողությունների ծրագիր (PDF). Վանաձոր. էջեր 47-48 (գյուղատնտեսություն).{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  55. «Տուրիզմի զարգացման Լոռու բանաձևը». Banks.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
  56. «20 Best Hotels in Vanadzor. Hotels from $17/night». KAYAK (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
  57. Նունե Հարությունյան, Տիգրան Օգանեզով, Դշխուհի Սահակյան, Էվելինա Ղուկասյան, Մետաքսյա Դավթյան (2017). Վանաձոր քաղաքի շրջակա միջավայրի պաշտպանության գործողությունների ծրագիր (PDF). Վանաձոր. էջեր 52-53 (Ճանապարհային տնտեսություն։ Տրանսպորտային ցանց։ Կապ։ Հեռահաղորդակցություն).{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  58. «Ռադիո Գործընկերներ - Վանաձոր, Հայաստան». www.azatutyun.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
  59. ««Հայփոստ», Վայոց ձոր». haypost.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  60. «Հայաստանի քաղաքների քույր քաղաքները». mtad.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
  61. «Քույր քաղաքներ». vanadzor.am. Vanadzor. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 462