Բրոնզի դարը Հայկական լեռնաշխարհում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բրոնզի դարը Հայկական լեռնաշխարհում տևել է 2000 տարի՝ մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներ։ Այն անմիջապես հաջորդել էր Պղնձի-քարի դարաշրջանին։ Բրոնզի դարում ստեղծվել են առաջին հայկական ցեղապետություններն ու ցեղային միությունները, որոնք հիմք են հանդիսացել պետությունների առաջացմանը։

Բրոնզի դարը ունեցել է երեք շրջան՝ վաղ, միջին և ուշ։

Վաղ բրոնզի դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղբրոնզեդարյան ժամանակաշրջանում եզրափակիչ փուլում միայն՝ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջերին սկսում են նկատվել սոցիալ-տնտեսական տարբերակման, ունեցվածքային անհավասարության երևույթներ և տոհմացեղային կազմակերպության ընդհանուր ֆոնի վրա գծագրվում է իր հասարակական դիրքով ու հարստությամբ բնակչության հիմնական զանգվածներից անջատվող տոհմացեղային ավագանին։ Դրա ցուցանիշն է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջին դարերով թվագրվող մեծ դամբարանաթմբերի առաջացումը Լեռնային Ղարաբաղում (Խաչենագետ, Ստեփանակերտ) ու Մուղանի դաշտավայրում (Ուչ-թափա), Թռեղքի նշանավոր դամբարանադաշտում և Հյուսիսային Կովկասում։ Մայկոպի նշանավոր դամբարանում կուտակված արժեքները, արվեստի, զենքի, զարդարանքի նմուշները, թաղման ձևն ու ճոխությունը ցույց են տալիս, որ վաղ բրոնզի դարաշրջանում առանձին ցեղերի առաջնորդներ հասնում են հասարակական աննախադեպ բարձր դիրքի։ Սոցիալական այս նոր երևույթների հիմքում ընկած են նյութական արտադրության և առաջին հերթին անասնապահության մեջ տեղի ունեցող արմատական տեղաշարժերը, հավելյալ արտադրանքի կուտակման և փոխանակման հնարավորությունը։ Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջում դիտվում է նախնադարյան տոհմացեղային կազմակերպության աստիճանական անկման գործընթաց, որը դառնում է միջին և ուշ բրոնզի ժամանակաշրջանի պատմական զարգացման ամենաբնորոշ գիծը։

Հայաստանի վաղբրոնզեդարյան տնտեսության ու նյութական արտադրության մեջ առաջացած արմատական տեղաշարժերն իրենց նկատելի հետքն են թողնում տեղաբնակների հասարակական կյանքում։ Արորային երկրագործության առաջացումը, անասնապահության ու որսորդության վերելքը, մետաղահանության, մետաղամշակության, արհեստների ու փոխանակային հարաբերությունների զարգացումն ի վերջո հանգեցնում են տղամարդու բացարձակ գերիշխանության տնտեսական և հասարակական ոլորտներում։ Կնոջ հասարակական դերը հետզհետե սահմանափակվում է ընտանիքի ու տնային տնտեսության շրջանակներով։ Կազմավորվող հայրիշխանական ընտանեկան մեծ համայնքը դառնում է հասարակության բաղկացուցիչ բջիջը և հիմնական տնտեսական միավորը, որի էական հատկանիշը նյութական բարիքների արտադրության ու սպառման հավաքական սկզբունքն է։ Այդ պատճառով էլ հասարակության ունեցվածքային խոր տարբերակում չի նկատվում ո՛չ բնակատեղիների, ո՛չ էլ դամբարանային պեղածո նյութերի ուսումնասիրության ժամանակ։

Դամբարանների ու կացարանների ձևերն ու հատակագծերը երկար ժամանակ մնում են անփոփոխ, չտարբերակված, ընտանեկան մեծ համայնքը արտադրության բաշխման ու յուրացման միասնական մի բջիջ է՝ առանց ներքին խոր տնտեսական տրոհման։ Սակայն ազգակցության և որոշ իմաստով նաև ժառանգականության առումներով այժմ մեծապես զարգանում է պատրիլոկալ ուղղությունը, որն ավելի ուշ շրջանում հանգեցնում է համայնքի տրոհման։

Բնակատեղիներ և հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

մ. թ. ա. III հազարամյակի հնագիտական հուշարձաններ, որոնք ուրվագծում են Հայկական լեռնաշխարհի տոհմացեղային հասարակության ծաղկման ժամանակաշրջանը։ Երկրի արտադրողական ուժերի, տնտեսության հիմնական ճյուղերի՝ երկրագործության, անասնապահության և արհեստների զարգացման շնորհիվ տեղաբնակ համայնքների հասարակական կյանքը թևակոխում է հայր իշխանական նահապետական հարաբերությունների զարգացման ոլորտը։

Հայաստանի մշակույթի զարգացման այս նոր փուլի ուսումնասիրությունը առանձնահատուկ նշանակություն ունի։ Առաջավոր Ասիայի և Կովկասի երկրագործական ցեղերի ու ժողովուրդների պատմության համար։ Հանդիսանալով համամարդկային մշակույթի հնագույն բնօրրաներից և վաղ երկրագործական տնտեսության զարգացման առաջավոր ասիական հիմնական օջախներից մեկը։ Հայկական լեռնաշխարհը մ. թ. ա. III հազարամյակում աչքի էր ընկնում իր մշակույթի յուրահատկությամբ և կուռ միասնությամբ։ Այս մշակույթի ազդեցության ոլորտների մեջ են ընկնում այժմ ոչ միայն Հյուսիսային Կովկասի համեմատաբար հետամնաց շրջանները, այլև Ասորիք-Պաղեստին-Կիլիկիայի և Պարսկահայքի երբեմնի առաջատար ծայրագավառները, որոնք հնում երկրագործական մշակույթի աչքի ընկնող կենտրոններ էին, սակայն մ. թ. ա. III հազարամյակում որոշ չափով հետադիմում են։

Մ. թ. ա. III հազարամյակի տարբեր փուլերում առաջացած վաղ բրոնզեդարյան բնակատեղիներ դամբարանադաշտերն ու ամրոցները ծածկում են Հայկական լեռնաշխարհի ամբողջ տերիտորիան՝ Եփրատի վերին հոսանքներից, Պոնտոսի։ Անտիտավրոսի, Հայկական Տավրոսի ստորոտներից մինչև Փոքր Կովկասի գագաթները, Քուռ և Արաքս գետերի հոսանքները։ Մշակութային նույնօրինակ, բայց տեղային օջախներ են ստեղծվում Արևելյան Վրաստանի, Հարավային Օսեթիայի, Արևմտյան Ադրրեջանի սահմաններում։ Կովկասյան լեռնաշղթայից այն կողմ՝ հարավի ազդեցության տակ, առաջանում են վաղ երկրագործական մշակույթի օջախներ։

Ելնելով Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված վաղ բրոնզեդարյան հարյուրավոր հնագիտական հուշարձանների տեղագրությունից, այժմ կարելի է հաստատել, որ Արարատյան դաշտը, Կոտայքի շրջանը, պատմական Մազազ գավառը (Հրազդանի շրջան), Սևանի ավազանը, Տաշիր-Ձորագետը-Շիրակը, Վանանդի, Բագրևանդի (Ալաշկերտի), Չլդրանի հովիտները, Կարնո, Վանի, Խարբերդի, Մալաթիայի շրջանները, ինչպես նաև Բարերդի, Մանազկերտի, Հարքի (Բուլանըխի), Տարոնի դաշտերը և մի քանի կից (դեռևս քիչ ուսումնասիրված) շրջաններ մ. թ. ա. III հազարամյակում ունեցել են համեմատաբար խիտ բնակչություն և եղել են երկրագործական անասնապահական բարձր զարգացած մշակույթի օջախներ։

Կենցաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անասնապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անասնապահություն, որսորդություն, ձկնորսություն - Վաղբրոնզեդարյան տնտեսության մեջ, երկրագործության հետ մեկտեղ, կարևոր դեր էր կատարում նաև անասնապահությունը։ Երկրագործության համեմատաբար բարձր զարգացումը մշտական ու հուսալի կերի բազա էր ստեղծում խոշոր ու մանր եղջերավոր անասունների համար, իսկ երկրագործության մեջ սրանց օգտագործումը նպաստում էր աշխատանքի արտադրողականության բարձրացմանը։ Բացի դրանից, անասունների առկայությունը բնակչությանն ապահովում էր մսով ու կաթնամթերքով։

Բազմաթիվ հնավայրերի պեղումներով հայտնաբերված մեծաքանակ նյութերի մեջ հանդիպում են խոշոր ու մանր եղջերավոր կենդանիների, ինչպես նաև ձիու, խոզի և շան ոսկորներ։ Հայտնաբերված եզան, կովի, գոմեշի ոսկորներր պատկանում են գերազանցապես ցածրահասակ կենդանիների, որոնք առայժմ կրում են իրենց վայրի նախորդներից ժառանգած շատ գծեր։[1] Պետք է ենթադրել, որ անասնապահության զարգացման նման մակարդակը լավագույն դեպքում կարող էր ապահովել սոսկ տվյալ համայնքի պահանջները, անասնապահական մթերքների առատության և հավելյալ արտադրանքի կուտակման հնարավորությունները բացակայում էին վաղբրոնզեդարյան մշակույթի զարգացման գրեթե ողջ ընթացքում։ Այդ շրջանի վերջում միայն նկատելիորեն աճում են մանր եղջերավոր անասունների հոտերը, որոնք կազմված էին գերազանցապես ոչխարներից և այծերից։ Մանր եղջերավոր անասունների գլխաքանակի մեծ աճը միջին բրոնզե դարի սկզբում հանգեցնում է քոչվորական անասնապահության՝ հասարակական արտադրության նոր, ավելի առաջավոր ձևի զարգացման։[2]

Որսորդության զգալի տեսակարար կշռի մասին են վկայում ազնիվ եղջերուի, վայրի այծի, կխտարի, նապաստակի, լեռնային կաքավի և այլ կենդանիների ու թռչունների ոսկորները։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են ոսկրե, քարե և մետաղի մի շարք զենքեր՝ վանակատե, կայծքարե և ոսկրե նետասլաքներ, տեգի բրոնզե ծայր, քարե գուրզ և այլն, որոնք օգտագործվել են որսորդության մեջ։ Որսը մարդուն տալիս էր միս, մորթի, մուշտակ, կաշի և այլն։

Արհեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղբրոնզեդարյան տնտեսության հիմնական ճյուղերի զարգացումն առաջ է բերում մի շարք այլ արհեստների զգալի վերելք։ Քարագործությունը, փայտագործությունը, ոսկրագործությունը, մանածագործությունը և կաշեգործությունը անմիջականորեն պայմանավորված էին երկրագործության և անասնապահության զարգացմամբ։ Մ.թ.ա. 3-րդ հազարամյակում տնտեսության և կենցաղի մեջ որոշիչ նշանակություն ունեին քարե գործիքները, քանի որ մետաղե գործիքները այնքան էլ կիրառում չունեին երկրագործ-անասնապահ բնիկների կյանքում։ Բազմաթիվ ու բազմատեսակ սանդերը, սանդի կոթերը, տրորիչները, հղկիչները, աղորիքները, գուրզերը, ձուլման կաղապարները, հալոցները, կացինները, դրերը, պահանգավոր մանգաղների ներդիրները շատ և շատ այլ գործիքներ մեծ կատարելագործությամբ պատրաստվում էին քարեգործ վարպետների կողմից և հաջողությամբ օգտագործվում երկրագործական ու կենցաղային աշխատանքների մեջ։

Անասնապահության ու կաշեգործության մեջ լայնորեն օգտագործվում էին օբսիդիանից ու կայծքարից պատրաստված պահանգավոր դանակներ, քերիչների շեղբեր՝ մորթին ու կաշին մշակելու, նրանցից փոկեր, տիկեր, ոտնաման ու հագուստ պատրաստելու համար։ Կաշեգործության մեջ շատ կարևոր դեր էին կատարում կենդանիների ոսկորներից պատրաստված կոկիչները, ծակիչները, հերուներն ու մախաթները, որոնց բազմազանությունը վկայում է այդ արհեստի բարձր զարգացման մասին։


Հիմնական ճյուղերին առընթեր զարգանում է արհեստագործությունը և առաջին հերթին՝ խեցեգործությունը, որն անմիջականորեն կապված էր երկրագործության ու անասնապահության մթերքների պահպանման, վերամշակման, տնային տնտեսության այլևայլ կարիքների հետ։Հայաստանի մ.թ.ա. III հազարամյակի մշակույթի ամենաբնորոշ տարրը խեցեղենն է՝ իր ինքնատիպ ձևերով ու հարուստ զարդանախշերով։ Բրուտները կավից պատրաստում էին տնտեսական ու պաշտամունքային իրեր՝ հսկա կաթսաներ, բազմազան ամանեղեն, կափարիչներ, պատվանդաններ, օջախներ ու նրանց տարատեսակ հենակներ, պղնձե իրեր ձուլելու կաղապարներ, մարդու և կենդանիների արձանիկներ։

Ամանեղենի գերակշռող մեծամասնությունն ունի սև փայլեցված մակերես և գունավոր, սովորաբար կարմրավուն աստառ. երբեմն հանդիպում են գորշ, վարդագույն և մոխրագույն մակերես ունեցող ամաններ։ Սրանք բոլորն էլ պատրաստված են ձեռքով և լավ թրծված են հատուկ հնոցներում։ Ապշեցուցիչ տպավորություն են թողնում լայնակոս, ռելիեֆ, ռելիեֆ-ներճկված, ներճկված ու գծային բարդ ու հարուստ զարդանախշերի հորինվածքները, որոնք կատարվել են դեռևս չթրծված, բաց կավի վրա՝ սեղմելու, գծելու և փորելու եղանակով։ Զարդարված է կավամանի միայն մեկ երեսը։ Գծային զարդանախշերնը իրենց բնույթով երկրաչափական են (եռանյունիներ, ոլորախշեր, գծածածկ և կետածածկ զիգզակ ժապավեններ և շեղանկյուններ)։ Խոր լայնակոս զարդանախշերի մոտիվներն են պարույրները, նրանցով և համակենտրոն շրջաններով կազմված հորինվածքները, ինչպես նաև բուսական զարդանախշերը։ Ներճկված զարդերը հիմնականում արտահայտում են շրջանաձև կամ ձվաձև փոսիկներով։ Զարդանախշերում գերիշխողը գալարանախշն է, որը հանդես է գալիս ինչպես մեկուսի, այնպես էլ տարբեր համադրություններով։ Բնորոշ են նաև թռչնաձև զարդանախշերը։[3]



Չունենալով պղնձի հանքավայրեր, հին շումերներն օգտվում էին Ամանի, Փոքր Ասիայի, Հայկական լեռնաշխարհի պղնձից։ Տավրոսի, Ռշտունյաց, Տայոց, Սասնո, Կորճայքի սարերն ու Հայկական Միջագետքը (Արղանա) պղնձի, կապարի, արծաթի անսպառ շտեմարաններ էին։ Ակնհայտ է, որ Հայաստանի նշված շրջանների բնակչությունը հնուց ի վեր պետք է մասնագիտանար մետաղահանութան ու մետաղաձուլության մեջ։ Եփրատի հովիտն ու Հայկական Միջագետքը կապող օղակներ էին Հայաստանի և հարևան երկրների միջև։

Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի հնավայրերում հայտնաբերված մետաղաձուլական բազմաթիվ իրերի ուսումնասիրությունը մի կողմից ցույց է տալիս տեղական մետաղամշակության զարգացման բավական հասուն մակարդակ, երբ արդեն հսկայական տեխնիկական թռիչք էր կատարվել դեպի իսկական մետաղամշակությունը և մկնդեղով բրոնզի ստացումը, և, մյուս կողմից, այն աղերսները, որոնցով կապված էին Հայկական լեռնաշխարհն ու Միջագետքի երկրները, մասնավորապես Շումերն ու Աքքադը։ Մետաղահանության հնագույն օբյեկտներն ու պղնձաձուլական վառարաններն այժմ խոր ուսումնասիրության չեն ենթարկված։ Սակայն Շենգավթի, Գառնիի, Նախիջևանի, Քյուլ-թափայի բրոնզաձուլական կաղապարների հայտնագործությունը ինքնըստինքյան վկայում է մետաղամշակության խոշոր առաջընթացի մասին։ Այս կաղապարների մի մասը, մասնավորապես Շենգավիթինն ու Գառնիինը, ծառայում էին կոթառավոր սեպաձև կացիններ ձուլելու համար, որոնց քարե նախատիպերը հայտնի են Շենգավթի, Քեթիի, Մարմարաշենի էնեոլիթյան հնավայրերից, իսկ մկնդեղ-բրոնզից պատրաստած օրինակները՝ Գյումրիի, Բերդաձորի բնակատեղիների պեղումներից։

Նման կացինների կավե հնագույն մոդելների (4-րդ հազարամյակի 2-րդ կես-3-րդ հազարամյակի առաջին կես) առկայություն Շումերում՝ մի կողմից, և բրոնզից պատրաստված հետսագույն օրինակների գոյությունը Կուբանի մարզում՝ մյուս կողմից, որոշակիորեն մատնացույց է անում Հայկական լեռնաշխարհի դերն ու նշանակությունը հինարևելյան մշակույթի զարգացման ու տարածման ուղիներում։ Պատմա-հնագիտական նույն կապակցությունների մեջ են ներկայանում սեպաձև կացիներին ուղեկցող զենքերը՝ լայնաշեղբ դաշույններն ու փետրաձև նիզակների գեղարդները։ Կամոյի նիզակի գեղարդը իր զուգահեռներն ունի Միջագետքի, Արևելյան Փոքր Ասիայի, Վրաստանի, Կուբանի դամբարանային հուշարձաններում, իսկ Վանաձորի գեղարդը՝ գերազանցապես Հարավային Միջագետքի քաղաքներում, Իրանի և Վրաստանի հնավայրերում հայտնաբերված նյութերի մեջ։

Հետաքրքիր է, որ նիզակների վերը ներկայացված տիպերը Սաչխերեում հանդիպում են սվինաձև նիզակների ուղեկցությամբ, որոնց նմանները լայն տարածում էին գտել Միջագետքում։ Մ.թ.ա. 3-րդ հազարայակի 2-րդ կեսին Աշուրից ծագող նիզակներից մեկը կրում էր Սարգոն Աքքադացու որդի Մանիշտուսուի անունը (մ.թ.ա. 22-րդ դար), մյուսը՝ Էլամի կառավարիչ Պուզուր-Շուշինակի անունը։

Միաժամանակ կտցավոր կացինների և ուղեկցող այլ գործիքների՝ վերջերս Երևանում հայտնաբերված նշանավոր գանձը՝ իրերի մեծ քանակով, տարբերակներով, բազմազան չափերով, ձևաբանական ու որակական հատկանիշներով ոչ միայն գերազանցում է հին աշխարհի հնագիտական հուշարձաններից հայտնի համանման նմուշներին և հավաստում նրանց տեղական արտադրության ակնհայտ փաստը, այլև համոզում է, որ Հայկական լեռնաշխարհն իսկապես նման զենքերի արտադրության առաջավորասիական խոշոր կենտրոններից մեկն էր։ Հայաստանի և Վրաստանի մի շարք այլ հնավայրերում հայտնաբերված մետաղե առարկաների համեմատական ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս ուրվագծելու տեղական մետաղամշակության զարգացման հաջորդական փուլերը։ Մետաղե զենքերի և գործիքների զգալի կատարելագործում է նկատվում Արծնի, Էլարի, Էջմիածնի հավաքածուներում և Վրաստանի տարածքում հայտնաբերված մի քանի հետաքրքրական համալիրներում։

Հայաստանի վաղբրոնզեդարյան մշակույթի վերջին փուլում՝ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջերին, հանդես են գալիս այսպես կոչված խողովակակոթառ մարտական կացինները, որոնց նախատիպերը հանդիպում են Շումերի հին քաղաքներում և ապա տարածվում Իրանական սարահարթում, Կովկասում, Կենտրոնական Ռուսաստանում և մերձդանուբյան շրջաններում։ Փոքր Ասիայում և Բալկաններում այս տիպի զենքերի բացակայությունը մատնանշում է նրանց տարատեսակների ներթափանցման հայաստանյան ուղիները, որոնք Կովկասն ու Արևելյան Եվրոպան կապում էին Առաջավոր Ասիայի քաղաքակրթության հետ։

Ժամանակի մշակութային ու տնտեսական փոխհարաբերությունների մեջ որոշակի նշանակություն ուներ Տիգրիսից Ինդոս, Օքսոսից ու Եփրատից Նեղոս տարածվող հինարևելյան առևտրական լայն ցանցը, որի մեջ լիովին ընդգրկված էր Հայաստանը՝ Եփրատ-Տիգրիսյան և Արարատյան նշանավոր իր ճանապարհներով և, որ գլխավորն է, իր նյութական արտադրության բավականաչափ բարձր մակարդակով։ Հնագիտական նյութերի ուսումնասիրությունն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Առաջավոր Ասիայի հյուսիսային ծայրամասում ընկնող Հայկական լեռնաշխարհը մ.թ.ա. 3-րդ հազարամյակում իրենից ներկայացնում էր հինարևելյան մշակույթի մի տեղական օջախ՝ տնտեսության հիմնական ճյուղերի զարգացման համեմատաբար բարձր մակարդակով։ Նրա տեղական մշակույթի խոր արմատները գնում են դեպի Միջագետք։ Հայաստանը կրում է Միջագետքի ազդեցությունը, սակայն ինքն էլ որոշակի առաջադիմական դեր է կատարում նույնիսկ Առաջավոր Ասիայի մշակութային զարգացման մեջ։

Միջին բրոնզե դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական լեռնաշխարհը հարուստ է մեգալիթյան աչքի ընկնող հուշարձաններով։ Անասունների և արոտավայրերի համար մղվող միջցեղային անընդմեջ պայքարը հասցրել էր թշնամական հարաբերությունների և հանապազօրյա զինական բախումների։ Այդ պայմաններում Հայաստանի տեղաբնակ ցեղերի շատ ու շատ բնակավայրեր վերածվում են անառիկ ամրոցների, էնեոլիթի և վաղ բրոնզի դարաշրջանից պահպանված հին ամրոցները ընդլայնվում են, վերակառուցվում։

Արևելյան Հայաստանի տերիտորիայում այդպիսի ամրոցների թվին են պատկանում Շիրակի րարձրաղիր Հոռոմ ամրոցը, Ոսկեվազի անդնդախոր ձորի շուրթին կանգնեցված հզոր ամրոցը, Հրազդանի ձորի եզրին, Քանաքեռի դիմաց բարձրացող Թազաքենդի բերդը և այլն, որոնց ամրացված են կանոնավոր, շատ լայն ու բարձր պարիսպներով, անկյունային աշտարակներով ու որմնահեցերով, ունեն ճարտարապետական հասուն ձևեր ու մանրամասեր։ Երկրի լեռնային շրջանների համար բնորոշ են ամրոց-բնակատեղիները։ Դրանցից մեկը Երիվարաց դաշտի (Ղոշունդաշի) բնակավայրն է Սիսիանի արևելյան մասում, մի բարձրագիր հարթակի վրա։ Նրա ապառաժ ժայռաբեկորներից կազմված կրկնակի պարիսպները, համայնական, իրար կից տների քարակերտ պատերի հետքերը, ներմիջանցքներն ու փողոցները, բնակատեղին շրջապատող տարբեր տիպի կրոմլեխները, դամբանաթմբերը, մենհիրները, սալածածկ, հսկա «քարարկղային» դամբարանները անջնջելի տպավորություն են թողնում։ Բնակավայրի ամբողջ տարածությունը ծածկված է կարմրափայլ գունազարդ խեցեղենի բեկորներով, որոնք մարդու երկարամյա կենսական գործունեության համեստ վկաներն են։

Ուշ բրոնզի դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշ բրոնզի դարում (մեր թվարկությունից աառաջ 16-րդ դարի վերջ- 13-րդ դարի առաջին կես) ընդգծվում է վաղ բրոնզի դարաշրջանի և միջին բրոնզի դարաշրջանի մշակույթների խաչասերման և «ժողովրդագրական պայթյունի» հետ զուգադրվող Լճաշեն-Մեծամորյան մշակույթի ծավալումը։

ժամանակաշրջանի մշակույթին բնորոշ են հսկայական ժայռաբեկորներով և կոպիտ քարերով կառուցված կիկլոպյան շինությունները։ Նկատելի է բնակչության կենտրոնացումը խոշոր բնակավայրերում. սկսվում էր վաղքաղաքային կյանքի վերելքը։ Առաջացել են համեմատաբար խոշոր քաղաքներ (Մոտկանաբերդ, Լազարավան, Լճաշեն, Հոռոմ, Մեծամոր, Վանաձոր, Քարաշամբ և այլն)՝ հզոր միջնաբերդերով։ Դրանց մերձակայքում տարածվել են գյուղ, փոքր, չամրացված բնակավայրեր։ Կենտրոնական բնակավայրերի մոտակայքում առաջացել են հսկայական դամբարանաշերտեր։

Գտածոների մեջ առանձնանում են ծիսական անոթները, սպիտակ ու կարմիր ներկերով զարդարված խեցեղենը, բրոնզե դաշույններ, նետասլաքներ, ուլունքներ և այլն։ Հայաստանում Երկաթի դարն սկսվել է մ. թ. ա. II հազարամյակում։ Երկաթի պաշարներով հարուստ լեռնաշխարհը (Սյունիք, Մուշ, Խնուս և այլն) դարձել է Առաջավոր Ասիայում հումքի գլխավոր մատակարար և գերիշխող դիրք գրավել։ Երկաթեդարյան հայտնի հուշարձաններից են Մեծամորը, Շամիրամը, Դվինը, Կարմիր բլուրի նախաուրարտական բնակավայրը, Այգեշատը, Թալինը, Լոռի բերդը և այլն։ Հնավայրերից հայտնաբերված երկաթի ձուլման հնոց-արհեստանոցները վկայում են տնտեսության ու արհեստների աննախադեպ զարգացման մասին։

Բրոնզի դարում Հայկական լեռնաշխարհի բնակչությունն ստեղծել է հարուստ հոգևոր մշակույթ, որն արտացոլվել է մասնավորապես պաշտամունքային արվեստի և դամբարանային հուշարձաններում։ Այդ դարաշրջանի մարդկանց աշխարհայացքն արտացոլվել է նաև մեզ հասած գեղարվեստական ստեղծագործության մի քանի բնագավառների՝ մոնումենտալ արվեստի, մանր քանդակի, դեկորատիվ-կիրառական արվեստի հուշարձաններում, ինչպես նաև ժայռապատկերներում։ «Վիշապ» կոչվող քարե կոթողները կապված են եղել ջրի և արգասավորման պաշտամունքին։ Հայտնաբերվել են առանձնակի կամ այլ խոշոր առարկաների մաս կազմող ուշբրոնգեդարյան և վաղերկաթեդարյան արձանիկներ (Լճաշեն, Լոռի բերդ, Պառավաքար, Արթիկ, Շիրակավան, Տոլորս, Վերին Նավեր և այլն), որոնք պատկերում են մարտակառքեր, ցլեր, եղջերուներ, քարայծեր, առյուծներ, զինվորներ, աստվածություններ և այլն։ Հայկական լեռնաշխարհի բնակչությունը մ. թ. ա. III հազարամյակից պատկերացում է ունեցել նաև արեգակնային տարվա՝ օրացույցի բրոնզե տապարների մասին։

Պաշտամունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնադարյան տիեզերական պատկերացումները, պաշտանմունքն ու հավատալիքն ընդհանրապես զարգացման բարձրակետին են հասնում ուշ բրոնզի և վաղ երկաթի դարում։ Կիրառական արվեստի մեջ համապատասխանաբար փոխվում, զարգանում են կորնապաշտանմունքային իրերն ու առարկաները։ Հոգևոր կյանքում և արվեստում սինթեզվում, բյուրեղանում են բրոնզի դարի ընդերքում առաջացող ուրարտական և հայկական մշակույթի հերթական տարրերն ու առանձնահատկությունները։

Կիրառական արվեստի հուշարձաններում, մանավանդ բրոնզե գոտիների գծապատկեր սյուժեներում տիեզերքը՝ երկիրը, երկինքն ու ջուրը, թեև դարձյալ պատկերվում են երևակայական կենդանիների, թռչունների ու լուսատուների միջոցով, սակայն նրանք այժմ ներկայացվում են երկնային երեք հորիզոնների ձևով։ Երկիրը, ծովն ու երկրային օվկիանոսը դիտվում են իբրև միևնույն երևույթի տարբեր դրսևորումներ։ Մեր բրոնզեդարյան նախնիները համոզված էին, որ ծովի անդնդախոր հատակին, ձկների ու ջրային այլ էակների հետ միասին, ծնվում, ապրում, զորեղանում էին առասպելական դյուզացուններ, հավերժահարս դիցուհիներ, երկրային կենդանիներից չտարբերվող ցուլեր, գոմեշներ, իմաստուն ձիեր, որոնցից շատերն օգնում էին մարդկանց կյանքի ու բնության արհավիրքները հաղթահարելու, անելանելի վիճակներից դուրս պրծնելու համար։

Թեև տիեզերքի հիմնական տարրերը՝ երկիրը, երկինքը, ջուրը, արևն ու լուսատուները մտածվում ու պատկերացվում էին միայն միասնության մեջ, սակայն ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանում վերջնականապես ձևավորվել էին սրանց առանձին տարրերի պաշտամունքները։

Արև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևի պաշտամունքը ուշբրոնզեդարյան Հայաստանում հաստատվել է հնէաբանական ուսումնասիրությունների արդյունքում։

Ինչպես հնում, այնպես էլ այժմ ամենագլխավորը արևի պաշտամունքն էր։ Հնագիտական նյութերում առատորեն են ներկայացված արևը պատկերող բրոնզե բազմապիսի սկավառակներ կամ թռչնակերպ կախիկներ։ Մ.թ.ա. երկրորդ հազարամյակի վերջերին և առաջինի սկզբներին պատկանող հիասքանչ բրոնզե գոտիների վրա արևը պատկերվում է անիվի, սայլի, մարտակառքի ձևով։ Սրանց վրա կամ կողքին գծանկարվում են արևի ու ամպրոպ-կայծակի սպառազեն մարդակերպ աստվածություններ։

Հին արևելյան կրոնա-պաշտամունքային գրավոր աղբյուրների և հայկական բանահյուսության համաձայն արև-աստվածն երկնային օրապտույտը կատարում էր ոչ միայն մարտակառքով, սայլով, մակույկով, այլև հրեղեն ձիերի կամ երկնային ցուլերի օգնությամբ։ Հայաստանի բրոնզե գոտիների և կիրառական արվեստի այլ հուշարձաների վրա արևը պատկերվում էր զանազան կենդանիների ու թռչունների՝ առյուծի, ցուլի, ձիու, արագիլի, սարյակի միջոցով։ Ուսումնասիրողները ենթադրում են, որ եթե ձին ու ցուլը արևի մշտական ուղեկիցներն էին, ապա թռչուններն ավելի բնորոշ էին գարնանային արևին, իսկ առյուծները՝ ամառային։

Հետաքրքիր է, որ տիեզերական ուժերը մարմնավորող Սասնա դյուցազունների կերպարները ևս կապված են կենդանիների ու թռչունների անվան հետ։ Արևի Միհր աստծո կրկնակ Մհեր դյուցազնը էպոսում կոչվում է առյուծաձև Մհեր, նրա մշտական ուղեկիցն է ագռավը։ Սասնա բոլոր հերոսները հանդես են գալիս հրեղեն ձիով։

Արևի հետ սերտ կապ ուներ նաև լուսատուների պաշտամունքը։ Կիրառական արվեստի հուշարձանների վրա արևի աստղաձև նշանի շուրջը պատկերվում են լուսատուներ կամ որևէ համաստեղություն խորհրդանշող համապատկերներ՝ փոքրիկ աստղիկների ձևով (Վանաձորի շրջան)։ Բրոնզե գոտիներից մի քանիսի վրա երկնային լուսատուները ներկայացվում են թռչունների, վայրի այծերի, ոչխարների ու այլ կենդանիների գծանկարներով։ Սրանց պոչերը երբեմն զարդարված են խաչաձև, աստղաձև, ծաղկաձև նշաններով, որոնք մատնանշում են այդ կենդանիների երկնային մարմիններ լինելու հանգամանքը։

Ուշբրոնզեդարյան կիրառական արվեստի նոր նմուշները ուղղակիորեն կապվում են հայ ժողովրդական այն հանելուկների հետ, որոնց մեջ աստղազարդ երկինքը պատկերվում է ծաղկազարդ պոչեր ունեցող կենդանիների, ոչխարների հոտի, հավերի ու ճտերի այլաբանական պատկերներով։

Բրոնզեդարյան հոգևոր մշակույթի ավանդությունները պահպանվում և հետագա զարգացումն են ապրում Հայաստանում Վանի թագավորության շրջանում։ Ուրարտական պանթեոնի մեջ ևս արևի, ամրոպ-կայծակի, լուսատուների պաշտամունքը հսկայական դեր է խաղում։ Հետաքրքիր է ուրարտական կնիքներից մեկի վրա պատկերված ճառագայթաձև վերջավորություններ ունեցող արևի կամ ամրոպ-կայծակի մարդակերպ աստվածության կերպարը, կենաց ծառի ու ճառագայթաձև երկնային պեգասի հետ միասին, որը տվյալ դեպքում հանդես է գալիս ոչ թե անասնապահական, այլ երկրագործական պտղաբերության իր ֆունկցիայով։ Ուրարտական մի այլ կնիքի զույգ երեսներին ներկայացված են մի կողմից՝ ցուլի վրա կանգնած ճառագայթավոր թևերը վեր պարզած ամրոպ-կայծակի աստվածը, մյուս կողմից՝ արևի ճառագայթաձև աստծո ծնկաչոք մարդաձև ֆիգուրը՝ ասորեստանյան արև աստծո թևավոր սկավառակի տակ։ Կնքի վրա եղած այս երկրորդ պատկերը ցույց է տալիս, որ բրոնզեդարյան ժամանակների ամրոպ-կայծակի հետիոտն աստվածն այստեղ բարձրանալով ցուլի վրա՝ ընդունում է տարերքի Թեչուր աստծո խուրրիական անունը, իսկ նույնքան հին արևի տեղական աստվածը՝ Շիվինի անունը։ Ուրարտական կնիքների վրա փորագրված պատկերների ներքին սեմանտիկ առնչությունները ժայռապատկերների հետ բացահայտվում են նաև այլ համադրությունների մեջ, կնիքների վրա պատկերված վիշապ-օձերի, եղջերուների, այծերի, դիմակավոր աղեղնավորների գծային պատկերներով և ուղեկցող աստղային պատկերագիր և գաղափարագիր նշաններով։ Գեղամա լեռների ժայռապատկերների զուգահեռները ուշբրոնզեդարյան և ուրարտական արվեստի ու պաշտամունքի հուշարձաններում ակնհայտորեն մատնանշում են հազարամյա ավանդույթների հիման վրա առաջադիմած երկրագործ-անասնապահական գաղափարաբանության միանական բնույթը՝ սոցիալ-տնտեսական, քաղաքական ու էթնիկական փոփոխությունների ֆոնի վրա։

Ջուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրի պաշտամունքը մարմնավորվում են կիրառական արվեստի հուշարձանների վրա հանդիպող ջրային թռչունների, օձերի, ձկների պատկերները, ալիքավոր գծերը, նույնքան կարևոր դեր է խաղում նախնադարի պատմության հոգևոր կյանքում, որքան արևինը։

Ջուրն էլ արևի նման պատկերացվում էր տիեզերական եռամիացության մեջ՝ իրական ու երկնային ծովի, աղբյուրների, գետերի ակունքների ձևով։ Այդ պատճառով էլ ջրի պաշտամունքի հետ կապված էակները շատ հաճախ հանդես են գալիս մերթ օձի և այծի (վիշապաքաղ), մերթ օձի և թռչունի (թռչող վիշապ), մերթ վիշապաձկների կերպարներով, որոնց վրա պատկերված են ցուլերի գլուխներ, թռչուններ և օձեր։

Հետաքրքիր է, որ վիշապ բառը Եզնիկ Կողբացու միջնորդությամբ մեզ հասած ժողովրդական հավատալիքներում մեկնաբանվում է որպես բազմակերպար էակ (օձ, գրաստ, ցուլ, կով, ուղտ և այլն) և կապվում ամպրոպ-կայծակի, օդերևույթի հետ։ Հին խեթական աստվածներից նախահայկական վիշապին մոտ էր Դատան, որը պատկերվում էր իբրև ձուկ, ցուլ և պատանի։ Նրա ձկնակերպ արձանը դրված էր Խարջալաշի քաղաքի աղբյուրի ակունքի մոտ։ Հայաստանում էլ վիշապ ձկների հսկա քարակոթողները տեղադրված են ջրանցքների ու ջրավազանների մոտ։ Նրանք, մեր նախնիների համոզմամբ, պահում, պահպանում էին սրբազան ջուրը։ Հետագայում այդ էակները ժողովրդական մտածողության մեջ դարձան չար վիշապներ, որոնք փակում էին աղբյուրների ակունքները, զոհեր պահանջում և այլն։ Այդ է պատճառը, որ ուշ շրջանի հայ ազգագրության մեջ ջրի պաշտամունքը հանդես է գալիս չար վիշապների հետ կապված կամ էլ լոկ իբրև տարերքի պաշտամունք, տարերք, որը հրաշագործ ուժ ու ունակություններ ունի։

Գանձակի շրջանում մինչև վերջերս էլ հավատում էին, որ անմատչելի վայրերում կան անմահություն բերող աղբյուրներ, որոնց վրա հսկում են վիշապներն և յոթ գլխանի դևերը։ Բուլանխում պատմում էին, որ մատակը մտավ Վանա ծովը և հրեղեն գոմեշից հղիացած ձագ ունեցավ։ Նույնը պատմում էին Սևանա լճի ափերին Նորատուսի գյուղացիները։ Վասպուրականի սրբազան աղբյուրներից մեկը բխեցրել էր Քուռկիկ Ջալալին՝ սմբակի հարվածով և այլն։ Նախնիների խոր համոզմամբ լեռնային աղբյուրների ու գետերի ջրերը ամոքում էին արդկանց տխրությունըմ վիշտը, հոգեկան ու ներքին հիվանդությունները, անասունների տարափոխիկ հիվանդությունները։ Հմայական գործողություներով. ջրի օգնությամբ, մարդիկ ձգտում էին պայքարել երաշտի, մորեխի և այլ բնասատուների դեմ, ամուլ կանայք ձգտում էին երեխա ունենալ, նորահարսերը ցորենի հատիկներ էին գցում աղբյուրների մեջ և այլն։ Այս ամենը անքակտելի կապի մեջ էր օրգանական աշխարհի վերածնման և զարթոնքի գաղափարի հետ։ Այդ պատճառով էլ շատ աղբյուրներ ու գետեր, նույն թվում Արաքսը, Եփրատն ու Տիգրիսը, սրբազան էին համարվում։ Տիգրիսի ակունքը մինչև վերջերս էլ պաշտվում էր Շատախի հայ, ասորի ու քուրդ բնակիչների կողմից, Եփրատն անցնող մարդը նվիրական էր համարվում, աղջիկ երեաների անունները հաճախ Արաքս ու Եփրատ էին դնում։

Կենցաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեմատաբար բարձր զարգացման հասած երկրագործությունը, որը կազմում էր նախնադարյան համայնական տնտեսության հիմքը։ Մ. թ. ա. II հազարամյակի վերջին դարերի բնակավայրերում և, հատկապես, Կարմիր-բլուրի նա խաուրարտական շերտերի բնակարանների մեջ հնագետները բացել են կարասներ, հացահատիկի բազմաթիվ մեծ հորեր, որոնց եզրերին կամ հատակին պահպանվել են գարու և կորեկի տեղական տեսակների ածխացած մնացորդներ։ Ուշբրոնզեդարյան բնակավայրերում այլ հացաբույսերի մնացորդներ առայժմ չեն հայտնաբերված, սակայն այդպիսիների առատությունը նախորդ դարաշրջանների հնավայրերում և փոքր-ինչ ավեյի ուշ շրջանի ուրարտական մեծ քաղաքների շտեմարաններում, որտեղ կուտակվում էին տեղական համայնքներից ստացվող երկրագործական մթերքները, կասկած չեն թողնում, որ հացահատիկների մշակումը բարձր մակարդակի էր հասել մ. թ. ա. II հազարամյակի վերջին և I հազարամյակի սկզբներին։ Հայկական բարձրավանդակի այլ բնակատեղիներում հավաքված են մի շարք վայրի բույսերի մնացորդներ, որոնք մատնանշում են, որ զարգացած երկրագործությանն ու այգեգործությանն առընթեր իր գոյությունը շարունակում էր նաև հավաքչական տնտեսությունը։[4]

Խեցանոթներ. Զանգեզուր

Երկրագործության բարձր զարգացման մասին են խոսում ոչ միայն կավե ամանեղենի վրա պահպանված բուսական հարուստ զարդապատկերներն ու պտղաբերության՝ կանացի կուռքերը, որ հանդիպում են ամենուրեք բրոնզեդարյան բնակավայրերում, այլև զանազան նյութերից բաղկացած գործիքների քանակն ու բազմազանությունը, որոնք ծառայում էին վարի ու ցանքսի, բերքահավաքի ու գյուղատնտեսական մթերքների վերամշակման համար։ Առանձնապես մեծ թվով են ներկայացված կիկլոպյան բերդերի ապառաժ քարերի մեջ կռղք֊կողքի փորված սանդերը, տաշտակներն ու հսկա հնձանները, բազալտ քարերից պատրաստված սանդերն ու սանդակոթերը, մակույկաձև ու քառանկյունի աղորիքներն ու փայտե, ոսկրե կամ կավե հիմքի վրա ագուցված վանակատից պատրաստված մանգաղների ներդիրները, որոնք հնադույն ժամանակներից լայնորեն տարածված էին Անդրկովկասում, Միջագետքում, Եգիպտոսում։[5]

Վերջին ժամանակներս թե՛ Հայաստանում, թե՛ Անդրկովկասում հայտնաբերվել են մեծ քանակությամբ բրոնզյա կեռ մանգաղներս նրանց զարգացման ձևերն ու տարատեսակները ցույց են տալիս, որ հազարամյակի վերջում Հայաստանում երկրագործական տեխնիկան անշեղորեն զարգանում էր։ Բախտավոր պատեհությամբ Անդրկովկասի տարբեր շրջաններում պահպանվել են փայտից ու վանակատից պատրաստված կամերի մնացորդներ, որոնք ոչնլով շեն տարբերվում այսօրվա կամերից։[6] Այս գործիքներին զուգահեռ Հայաստանի մի շարք շրջաններում հնուց պահպանվել և օգտագործվում են քարե կալսիչները։

Այսպիսով, ուշբրոնզեդարյան Հայաստանն ուներ գյուղատնտեսական գործիքների բոլոր այն տեսակները, որոնք հետագա հազարամյակների ընթացքում շարունակել են օգտագործվել հայ շինականի կողմից։

Երկրագործությունը զարգանում էր գերազանցապես մեծ ու փոքր գետերի, արհեստական ջրանցքների ու առուների ջրերով ոռոգվող հարթակներում ու բարեբեր հովիտներում, որոնց ընդերքն առանց այն էլ հարուստ էր հրաբխային լավաներով և լճային նստվածքներով։

Այդուհանդերձ, ուշ բրոնզի դարաշրջանում էլ Հայաստանում չստեղծվեր մշտական ոռոգման հաստատուն և բարդ սիստեմ։ Այդ պատճառով էլ երկրագործությունն այստեղ ետ էր մնում Միջագետքի առաջավոր շրջանների համեմատությամբ։

Անասնապահություն և որսորդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 2 հազարամյակի երկրորդ կեսին է սկիզբ է դրվել կիսաքոչվորական անասնապահությանը Հայկական բարձրավանդակում և ողջ Անդրկովկասում։ Բնակավայրերին կից արոտները այլևս չէին կարող բավարարել աճող անասնապահության պահանծները, իսկ լեռնային արոտավայրերի խելամիտ օգտագործումը անսահմանափակ հնարավորություններ էր ընձեռում նրա նշանակալից վերելքի, անասունների գլխալանակի ավելացման համար։ Երկրի բարձրադին շրջաններում, ալպյան մարգագետիններին կից, ստեղծվում էր ջրանցքների ու ջրավազանների մի ամբողջ համակարգ, որոնց հետքերն այժմ էլ նկատելի են Արագածին ու Գեղամա լեռների լանջերեն։

Անասնապահության հետ մեկտեղ նոր վերելք է ապրում նաև որսորդությունը՝ քոչվոր անասնապահների սննդի աղբյուրներից մեկը։ Դամբարանային նյութերի մեջ հաճախ են հանդիպում եղնիկնրի ու եղջերուների, վարազների, քարայծների ու զանազան թռչունների ոսկորներ։ Անդրկովկասի և Հյուսիսային Կովկասի պղնձե լայն գոտիների վրա բրոնզեդարյան նկարիչները պատկերել են որսի հմայական տեսարաններ (Քալաքենդ, Նոյեմբերյան, Թռեղք, Տլի և այլն), որոնց մեջ կենդանիների ու որսորդների հետ միասին պատկերված են նաև որսորդական շներ։ Նախնադարյան որսորդները օգտագործում էին գերազանցապես նետն ու աղեղը։ Նրանք ներկայացված են գոտիների վրա Հայկ նահապետի զենքն հիշեցնող «լայնալիճ» աղեղներով և մետաղասլաք նետերով լի կապարճներով։

Սևանի, Սպիտակի, Շամքորի, Գանձակի և Հայկական լեռնաշխարհի այլ շրջանների այժմյան լերկ ու բուսականությունից զուրկ սարալանջերը ուշ բրոնզի դարաշրջանում դեռևս ծածկված էին հաստաբուն ծառերի խիտ անտառներով, որոնք, սակայն, ուժգնորեն ոչնչացվում էին ինչպես զարգացող անասնապաության, մետաղագործության, խեցեգործության, փայտամշակության ու շինարարության հետևանքով, այպես էլ երկրագործական ցանքատարածությունների ընդլայնման հաշվին։

Երկրագործության, անասնապահության արտադրանքի աճը, հարստությունների կուտակումն առանձին անձանց, ընտանիքների ու տոհմերի ձեռքում, ապրանքափոխանակության զարգացումը և այլն պահանջում էին աշխատող լրացուցիչ ձեռքեր։ Այդ պատճառով ստրկացված ռազմագերինեը սկսում էին օգտագործվել տնտեսական տարբեր աշխատանքներում և նրանց «ընդոծին» սերունդները շարունակում էին ստրուկ մնալ։ Ըստ երևույթին ստրուկներ էին ձեռք բերվում նաև ոսկու և արծաթի միջոցով՝ մեծ մասամբ Միջերկրականի ափերին տիրող փյունիկյան ստրկավաճառներից, որոնք փոխանակում էին իրենց ապրանքը մարդկանց հետ։

Դամբարանային պեղումները ցույց են տվել, որ ստրուկները իրենց մարդաբանական կերպարով տարբերվում էին տեղական բնակչությունից։

Գավառի ներքին Ադիաման գյուղի իշխանական հարուստ դամբարանում սայլի ու եզների հետ միասին թաղված էին սայլապանն ու «ուղեկցող» ստրուկների մի մեծ խումբ։ Այդպիսի օրինակները ցույց են տալիս, որ ուշբրոնզիդարյան Հայաստանում ձևավորվել էր տնային ստրկությունը, որպես առանձին տնտեսական ինստիտուտ։

Արհեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկերչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկերչությունը մետաղագործության զարգացած ճյուղերից մեկն է։ Լճաշենի և Տոլորսի հարուստ ննջեցյալները պճնված էին ոսկյա խոշոր պես-պես (գլանաձև, գնդաձև, թեփուկավոր, սկավառակաձև) ուլունքներով, նշաձև քարերով ագուցված հատիկավոր նախշ ունեցող կոճակներով, սկավառակատիպ տափակ զարդերով, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերից պատրաստված մանյակներով և այլն։

Ինչպես նյութական արտադրության այլ ճյուղերում, այնպես էլ ոսկերչության մեջ մեծ դեր էին կատարում Հին արևելյան ավանդույթները։ Վերը հիշատակված մանյակների մի զգալի մասը հանդիպում է դեռևս հին Շումերի վաղ դինաստիական ժամանակաշրջանում և տարածվում մինչև Մոխենջոդարոյի հովիտը։ Առանձնապես լայն տարածում են գտնում ոլորագալարզարդերը պղնձի ու վաղ բրոնզի ժամանակաշրջանի Կրետե-Միքենյան և Տրոյական հուշարձաններում։ Հնագետները արդարացիորեն նշումեն, որ Տրոյայի գանձերի ոսկյա զարդերը մատնանշում են ոչ միայն այդ քաղաքի հարստությունն ու լայն առևտրական կապերը, այլ նաև զարդերի մի զգալի մասի ուրույն արևելյան գծերը, որոնք կարելի է դիտել որպես Շումերի ոսկերչական արտադրանք։ Զարմանալի չէ, որ ոսկերչության այդ երկու խոշոր կենտրոնների միջև ընկած Հայաստանն ու ներզարգացած ոսկերչությունը, որը ոչ միայն պահպանում, այլև զարգացնում էր հին ավան­դույթները, ստեղծում Հայաստանի համար նոր տիպի զարդեր, որոնք հանդիպում են շատ հաճախ Կենտրոնական և Հյուսիսային Միջագետքի XIV—XIII դարերի վաղ ասորեստանյան հնավայրերում և, մանավանդ, նշանավոր Սարի քաղաքի հարուստ դամբարաններում։

Խեցեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խեցեգործության արտադրանքը անհամեմատ ավելի լայն ու բազմակողմանի էր, քան մետաղագործությանը։ Մետաղե իրերի տասնյակ կամ հարյուրավոր տիպերի դիմաց խեցեգործության մեջ մենք ունենք կավե առարկաների հազարավոր տեսակներ ու նմուշներ, որոնք հնարավորություն են տալիս ավելի ևս ճշգրտելու ուշ բրոնզի դարաշրջանի զարգացման ժամանակագրական փուլերը։

Հետաքրքություն են ներկայացնում սև փայլեցված պաշտամունքային ամանները՝ իրենց վերագիր ու փորագիր պատկերներով կամ նախնադարյան նկարիչների ու փորագրիչների կողմից ստեղծված ամբողջական կոմպոզիցիաներով։ Հայաստանի պետական թանգարանում այժմ հիանալի սերիաներով ներկայացված ե երկրաչափական հարուստ մոտիվներով նախշված երկբուրգ մեծ սափորների բազմապիսի տեսակներ, ցուլերի ռելիեֆ գլխիկներով կամ կենդանիների ամբողջական պատկերներով զարդարված ցածրավիզ ամաններ, ամաններ, որոնք զարդարված են վագրերի ու օձերի վերագիր ռելիեֆ քանդակներով, զահաբերվող կենդանիներին ներկայացնող քանդակային տեսարաննրով։Եղնիկների, քարայծերի, ու այլ կենդանիների մի ուրիշ խումբ ներկայացված է գծավոր փորագիր զարդերով։ Այս տիպի ամանեղենի վրա երբեմն պատկերվում են նույնիսկ որսի ամբողջական տեսաարաններ, մարտակառքերի ու մարդակերպ էակների մասնակցությամբ։ Կավե ամանների այս խումբը մոտենում է Շամքորի շրջանի սև փայլեցրած խեցեղենին, որի վրա գծային տեխնիկայով պատկերված են որսորդական հմայության ամբողջ տեսարաններ։ Այդ տեսակետից մեծ հետաքրքություն են ներկայացնում որսորդական ինքնատիպ հորինվածքների հարթաքանդակ պատկերներով զարդարված Դվինի խոր շերտերի հսկա կարասները։

Զանգեզուրի և Սևանի շրջաններում հանյտնաբել են ռեալիստորեն մշակված կոշկաձև անոթների ուշագրավ նմուշներ[7], որոնք ներկայացնում են ցածրակրունկ, փափուկ ճտկավոր կոշիկների տարբեր ձևերն ու մանրամասները։Հայաստանի անոթների այս խումբը առանձնահատուկ տեղ է գրավում Կովկասում լայնորեն տարածված նույնատիպ խեցեղենի մեջ՝ որոշ ընդհանրություններ, դրսևորելով միայն Մինգեչաուր-Նախիջևանյան խմբի և Հյուսիսային Իրանի[8] մ.թ.ա. 11-10-րդ դարերի նմուշների հետ։

Ի տարբերություն արհեստների այլ ճյուղերի, բրոնզեդարյան Հայաստանի խեցեգործությունը համեմատաբար քիչ ընդհանրություններ ունի Հին Արևելքի և Կովկասի նույնատիպ արտադրանքի հետ և լավագույն ձևով է դրսևորում տեղական արհեստի զարգացման առանձնահատկությունները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ Ժողովրդի Պատմություն գրքից. հեղինակներ՝ Աղայան Ժ. և Առաքելյան Լ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. С. К. Межлумян, Крупный рогатый скот из энеолитического поселения Шенгавит, Изв. АН Арм. ССР, т.3, 1954
  2. Б. Б. Пиотровский, Развитне скотоводства а древнейшем Закавказье, СА
  3. Հայաստանի վաղբրոնզեդարյան խեցեղենի ուսումնասիրումը ՝ Է. Վ. Խանզադյան, Հայկական լեռնաշխարհի մշակույթը մ.թ.ա. III հազարամյակում, էջ 61-81
  4. Б. Б. Пиотровский, Археология Закавказья
  5. Նման ներդիրների լայն տարածումը Արևելքում հիմք է ծառայել Մորգանի այն սխալ ենթադրության, թե մետաղե մանգաղները բնորոշ էին միայն Եվրոպայի շրջանների համար և Ասիայումայդպես էլ չտարածվեցին (J. de Morgan, La prehistoire orientale, III, Paris, 1927)
  6. А. А. Мартиросян, Раскопки в Головино, Ереван, 1954
  7. А. А. Мартиросян, Армения в эпохы бронзы
  8. L.Vanden Berghe, Archelogue de I'lran Anclen, Leyden
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png