Հյուսիսային Կովկաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Map of modern-day North Caucasus Economic Region (Raion)

Հյուսիսային Կովկաս, ընդգրկում է Նախակովկասը և Մեծ Կովկասի հյուսիսային լանջը։ Հյուսիսային Կովկասում են Ռոստովի մարզի հարավային մասը, Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասերը, Կաբարդինո-Բալկարական, Հյուսիս-Օսեթական, Չեչենա-Ինգուշական, Դաղստանի ինքնավար հանրապետությունները, որոնք կազմում էին նախկին ԽՍՀՄ-ի Հյուսիս-Կովկասյան տնտեսական շրջանը։

Իսլամը Հյուսիսային Կովկասում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտապես խիտ բնակեցված Կովկասի լեռնային և մասամբ նախալեռնային շրջանները վաղ միջնադարում իրենցից ներկայացնում էին բազմաթիվ ցեղերի կու­տա­կումներ։ Դեռ հնուց Լեռնային Կովկասը շատ ժողովուրդների համար ապաս­տա­րան է եղել:[1]

Հյուսիսային Կովկասը, ըստ էթնիկական կազմի, իրենից ներկայացնում է ան­մի­­­ա­­տարր տարածք` բնակեցված բազմաթիվ ազգերով։ Դրանց մի մասը բազմա­քա­նակ է, իսկ մյուսներն էլ մի քանի հազար են։ Շատ ժողովուրդներ ունեն իրենց լեզուն, որոշ­ներն էլ կամ կորցրել են լեզուն կամ էլ ձուլվել են ավելի մեծ լեզ­վա­ըն­տա­նիք­նե­րի։ Որոշները համարվում են Կովկասի բնիկ ժողովուրդներ, իսկ մյուսները այս տա­րած­քում վերաբնակվել են բոլորովին վերջերս։

Հյուսիսային Կովկասի տարբեր ազգային խմբերի փոխազդեցությունն արտա­ցոլ­վել է նրանց լեզվի, մարդաբանական տեսակի, նյութական և հոգևոր մշակույթի առանձնահատկություններում։

Հյուսիսային Կովկասի բնիկ ժողովուրդներն են ադիգ­նե­րը, ավար­նե­րը, լակ­ցի­նե­րը, դարգինները, ինգուշները, կաբարդինո-բալկարները, չերկեսները, օսերը և չե­չեն­­ները:[2]

Հյուսիսային Կովկասը հնուց բնակեցված էր ադիգների նախնիներով, ով­քեր հայտնի են նաև որպես ղաշաղներ կամ զիքեր։ Ադիգեական ցեղերը վաղ միջ­նա­դա­րում համարվում էին Կովկասի ամենաբազմաքանակ ժողովուրդներից մեկը` զի­ջե­լով միայն ալաններին։ Նրանք միշտ մասնատված էին և թշնամացած էին ոչ միայն իրենց հարևանների, այլև միմյանց հետ։ Ադիգները` որպես Հյուսիսային Կովկասի բնիկ ժողովուրդներ, ունեն “ադիգե” էթնոնիմը։

Հնագույն ժամանակներում իրենց “ադիգե” էին կոչում նաև չերկեսները։ Չեր­կես­ների էթնիկական ձևավորումը տեղի է ունեցել հին ադիգեական ցեղերի հիման վրա, ովքեր բնակեցված էին ժամանակակից Չերկեսիայի տարածքում։ “Չերկես” տերմինի ծագումը կապված է 13-րդ դարի քաղաքական իրադարձությունների հետ։

Ժամանակակից կաբարդինների նախնիները, ովքեր նույնպես հայտնի են ադի­գե անունով, մ. թ. ա. 1-ին հազարամյակի կեսերին Թամանի թերակղզում ունեին իրենց պետական միավորումը, որը հետագայում մտավ Բոսպորի թագավորության կազ­մի մեջ։ 4-րդ դարում հոների արշավանքը ստիպեց ադիգեյցիներին վերա­բնակ­վել Կովկասի լեռների մոտ։ Մոտավորապես այդ նույն ժամանակ հյուսիսկովկասյան ցե­ղերի և Պրիազովյայի բուլղարների միախառնման արդյունքում ձևավորվեց բալ­կա­րիա­կան ազգը։ 13-րդ դարում մոնղոլ-թաթարների ներխուժման հետ կապված բալ­կար­ների նախնիները վերաբնակվեցին լեռներում։ 14-րդ դարում ադիգների մի մա­սը ստացավ կաբարդիններ անվանումը և զբաղեցրեց բնակչության ժա­մա­նա­կա­կից տարածքը։

Ավարները, ագուլները, անդինները, արչինները, բեժտինները, բոտ­լիհ­­ները, հինուհները ձևավորում են Դաղստանի ժողովուրդ­նե­րի ամբողջությունը։ Չեչենների և ինգուշների նախնիներն են համարվում վայնախները։ Ինգուշ­նե­րի ինքնանվանումը գիտնականների մեծ մասի կողմից թարգմա­նա­բար նշանակում է “աշ­տա­րակների բնակիչներ”: Ինգուշական աշտարակները հա­մար­վում են Հյուսի­սա­յին Կովկասի խորհրդանիշներից մեկը։ “Ինգուշը” ժողովրդի ռու­սական անվանումն է, որն առաջին անգամ ռուսական աղբյուրներում հայտնվել է 18-րդ դարում և ծագում է 17-րդ դարում ինգուշների կողմից հիմնված Անգուշտ բնա­կա­վայրի անվանումից։ Չե­չեն­ները Հյուսիսային Կովկասի ամենաբազմաքանակ ժողովուրդն են։ Չեչենների էթ­նո­նիմն է “նոխչո” (հին անվանումը` “նախչա”, որը թարգ­մանաբար “նախ” վայնա­խա­կան բառից նշանակում է ժողովուրդ, մարդիկ):[3]

Օսերը համարվում են ալանների սերունդները, ովքեր Կովկասում հիշատակ­վում են մեր թվարկության 1-ին հազարամյակի սկզբներից, թեև, անկասկած, նրանք այս­տեղ են եկել ավելի վաղ։ Այս ժողովրդի պատմությունը համարվում է բարդ ուսում­նասի­րու­թյան համար։ Բազմաթիվ գիտնականների մի քանի սերունդների ուսում­նասի­րու­թյուն­ները հաստատել են, որ օսերի էթնոգենեզը նախևառաջ Հյուսի­սա­­յին Կովկասի սկյութա-սարմատա-ալանական ցեղերի երկարատև ներքին զար­գաց­ման արդյունք է։

7-րդ դարի կեսերից արաբները Դաղստանի գրաված շրջաններում սկսեցին տա­­­րածել իսլամ։ Միաժամանակ նրանք դիմում էին ոչ միայն զենքի ուժին, այլև խա­ղաղ միջոցների, հաճախ` հարկային քաղաքականության։ Նրանք, ովքեր ընդունում էին իսլամ, ազատվում էին շնչահարկից, երբեմն էլ հողահարկից։ Շատ չանցած արաբ­­­ները սկսեցին նաև միսիոներական գործունեություն։ Դրա արդյունքում որոշ ժա­­­մանակ անց իսլամը սկսեց տարածվել Դաղստանի լեռնային շրջաններում։ Այս գոր­­­ծընթացը տևեց հարյուրամյակ, ընդ որում բնակչության նշանակալի մասը, հատ­կա­­­պես լեռների բնակիչները մնում էին նախկին հավատալիքների հետևորդները մին­­­չև 15-րդ դարի վերջը։

Հատկանշական է, որ իսլամի երկրպագուներ էին դառնում նախ և առաջ տե­ղա­­­կան ֆեոդալները։ Ամբողջ մուսուլմանական կրոնը համակված էր հնազան­դու­թյան գաղափարով, որը համապատասխանում էր իրենց դասակարգային հետա­քրքրու­թյուններին։ Այն օգնում էր աշխատող լեռնականներին պահել հնազանդության մեջ և նրանց շեղել դասակարգային պայքարից ու հեղափոխական գործողություն­նե­րից։ Ֆեոդալները ստիպում էին իրենց գյուղացիներին ընդունել նոր կրոնը։ Կարելի է ասել, որ այն ծնվել է ֆեոդալիզմի պայմաններում և ամենից լավ ծառայում էր ֆեո­դա­­­­լա­կան դասակարգին։

Ինչպես մյուս երկրներին ու ժողովուրդներին, չեչենա-ինգուշական ժողովրդին նույն­­պես իսլամը բռնությամբ էր պարտադրվում։ Դա անում էր տեղական ֆեոդալա­կան վերնախավը արաբ և այլ միսիոներների օգնությամբ։ Ժողովրդական զանգված­նե­­րը ջանում էին հավատարիմ մնալ հին հեթանոսական աստվածներին:[4]

Մուսուլմանական  միսիոներները սկսեցին ակտիվորեն  Դաղստանից Չեչնիա թա­­փանցել 16-րդ դարից։ Շատ ժողովրդական լեգենդներում պատմվում է, թե ինչ­պես ավարական և կումիկական մուլաները չեչենական գյուղերում վարձվում էին որ­պես հովիվներ և այնտեղ տարածում իսլամը։ Քանի որ 15-17-րդ հարյուրամյակ­ն­ե­րում չեչենական և ինգուշական լեռնական հասարակությունը գտնվում էր զար­գաց­ման ավելի վաղ փուլում, քան իրենց հարևանները` դաղստանցիներն ու կա­բար­դին­­ները, որտեղ տեղի էր ունենում ֆեոդալական հարաբերությունների  զարգացում, ապա բնական է, որ նրանք ձգտում էին իրենց ազդեցությունը հաստաատել չեչեն­նե­րի և ինգուշների վրա։ Բացի դրանից նրանց հետաքրքրում էր Չեչենա-Ինգու­շե­տիա­յի դիրքը, որի նկատմամբ  հատուկ հետաքրքրություն էին ցուցաբերում որոշ դաղս­տան­ցի ֆեոդալներ։

Բնականաբար, ձգտելով քաղաքականորեն  հաստատվել այն տարածքում, որ­տեղ ապրում էին չեչեններն ու ինգուշները, ֆեոդալները ջանում էին ամրապնդել իրենց գաղափարական դիրքերը։ Դրա համար էլ նրանք ակտիվորեն տարածում էին իրենց ազդեցությունը Հյուսիսային Կովկասի այդ հատվածի բնակչության վրա։ Քանի որ այդ ժամանակ Դաղստանում իսլամը կրոնի գերիշխող ձևն էր, ապա դաղստանա­կան ֆեոդալները օգտագործում էին այն իրենց քաղաքական նպատակներում Չեչե­նա-Ինգուշետիա թափանցելու և այն տեղի բնակչության շրջանում տարածելու համար։ Դա բավական երկար գործընթաց էր։ Չեչենա-Ինգուշետիայի որոշ ցեղերի մոտ իսլամը թափանցեց ավելի վաղ, իսկ մյուսների մոտ` բավական ուշ:[5]

Չեչենա­կան բնակավայրերից իսլամը սկսեց տարածվել Ինգուշետիայի լեռնային աուլները։

Օսմանյան կայսրության պատմու­թյան ամբողջ ընթացքում ստամբուլական սուլթանների և պարսկական շահերի միջև մրցակ­ցություն էր տեղի ունենում։ Շատ տա­րիների ընթացքում սուլթանական Թուր­քիա­յի և շահնշահական Իրանի միջև տե­ղի էին ունենում արյունահեղ և հյուծիչ պատերազմներ։ Արդեն 15-րդ դարում Թուր­քիա­յի ձեռքն անցան Վրաստանի սևծովյան ափը, Աբխազիան։ 1475 թ. նվաճվեցին Սև ծովի ափերի գենուեզական և վենետիկյան  գաղութները։ Փաստացի Թուրքիայի ձեռ­քերում էր Ղրիմը, որի խանը  դարձավ սուլթան-հավատակցի վասալը։

Ձգտելով ամրապնդել իրենց ազդեցությունը Ադիգեայում, Կաբարդիայում և Չեր­կեսիայում` նվաճողները արմատավորում էին իսլամը։ Սակայն թուրքական փա­շա­ները և Ղրիմի  խաները այդ ռազմական արշավանքները միայն հանուն իրենց կրոնի տա­րածման չէին կատարում։ Իսլամական կրոնը հանդիսանում էր միայն վառ նվա­ճողական բնութագիր ունեցող այդ արշավանքների նշանը։

Մուսուլմանական պաշտամունքի հետևորդներն այն շրջաններում, որտեղ իս­լա­մը գերիշխող կրոն էր, մոտ էին  գտնվում իշխող դասակարգին։ Չնայած առանձին լեռ­նական ժողովուրդների, օրինակ կաբարդինների մոտ, իսլամն արդեն 17-րդ դա­րում սկսեց նշանակալի դեր խաղալ, սակայն տեղական բնակչության շրջանում մու­սուլմանական հոգևորականությունը մեծ հեղինակություն չուներ։ Մուլլերը և ղա­դի­ները ամենայն հավանականությամբ եկվորներ էին Ղրիմից և Թուրքիայից։ Նրանք լեռ­նականների շրջանում պարտադրում էին օտար սովորույթներ և բարքեր։ Տե­ղա­կան բնակչությունը հատկապես դիմադրեց մուսուլմանական կրոնական-ֆեոդալա­կան օրենքին` շարիաթին, նախընտրելով ադատներով դատավարությունը։ Երբեմն այն ստիպում էր հոգևորականությանը իր գործունեությունը հարմարեցնել տեղական ադատներին:[6]

Հետևաբար, ի տարբերություն Արևելյան Կովկասի, որտեղ իսլամի տարածու­մը այս կամ այն աստիճանով կապված էր արաբների նվաճումների հետ, Հյուսի­սա­յին Կովկասում այդ կրոնը պարտադրում էին թուրքական սուլթանները` վարելով նվա­ճո­ղական քաղաքականություն։

15-րդ դարի վերջին և 16-րդ դարի սկզբին թուրքերը ներթափանցեցին Հյու­սի­սա­յին Կովկասի ծովափնյա շրջաններ։ 16-րդ դարի կեսերին սկսվեց Հյուսիս-արևմտ­յան Կովկասի ժողովուրդների իսլամականացումը (ադիգեական և աբազինական ցե­ղե­րի)։ 16-17-րդ դարերում այստեղ այդ քաղաքականության ակտիվ քարոզիչներն էին Ղրիմի խաները։

Քաղաքական իրավիճակով պայմանավորված` ադիգեական ցեղերից որոշ­նե­րի մոտ իսլամը ավելի վաղ հաստատվեց, մյուսների մոտ` ավելի ուշ։ Տարածման կենտ­րոնը Անապան էր, որը մինչև 1829 թ. գտնվում էր Թուրքիայի տիրապետության տակ։ Այդ պատճառով էլ ծովափին մոտ գտնվող ադիգեական հասարակությունները ավելի շուտ ենթարկվեցին իսլամի և թուրքական հոգևորականության ազդեցությանը, քան նրանք, ովքեր ապրում էին լեռների խորքում։ Այսպես, ճանապարհորդների վկա­­յությամբ, ովքեր այդ ժամանակ այցելել են Հյուսիս-արևմտյան Կովկաս, 16-րդ դա­րի կեսերին իսլամն արդեն ամրապնդվել էր միայն ադիգեական ցեղերի շրջանում, իսկ նրանցից արևելք` Կաբարդիայում ապրող չերկեսական և աբազինական ցեղերը հե­­թանոսներ էին։ 1641թ. թուրք ճանապարհորդ Էվլիան, լինելով այդ վայրերում, գրում է, որ իսլամը դանդաղ ներթափանցում է Վերին Կուբանում և Ղում գետի մոտ ապ­րող աբազինների, չերկեսների և կաբարդինցիների շրջանում։ Արտասահմանցի ճա­նապարհորդներ Ասկոլին, Վիթթսենը և Շարդենը նշում են, որ դեռևս 17-րդ դարում մի քանի աբազինական ցեղեր քրիստոնյա են եղել։ Իսկ Գագրում և Պսհու գետի ափե­րում բնակվող աբազինների շրջանում կային անձեռնամխելի հեթանոսական սրբավայրեր:[7]

Բավական ուշ, քան աբազինական և ադիգեական ժողովուրդների մոտ, իս­լա­մը ներթափանցեց բալկարների և կարաչաևների մոտ։ Կարաչայի լեռներում իս­լա­մը սկսել է ներթափանցել միայն 18-րդ դարի վերջին քառորդում։ Գերմանացի ճա­նա­պարհորդ Յուլիուս Կլապրոտը, ով 1807-1808 թթ. այցելել է Կարաչա, նշում է, որ նոր կրոնն այստեղ առաջին անգամ սկսել է քարոզել էֆենդի Իսհակ Աբուկովը 1782 թ.: Նա ծառայում էր սուլթանական Թուրքիայի կառավարությանը։ Կարաչաևցի պատ­միչ Հ. Օ. Լայպանովը նշում է.”Իսհակ էֆենդիի քարոզներին ժողովուրդը թշնամաբար էր մոտենում։ Իսլամի ներմուծումը նպաստեց կարաչևո-բալկարիական հասարա­կու­թյան ավատական վերնախավի իշխանության ուժեղացմանը, աշխատող զանգ­ված­նե­­րի հարստահարմանը և նրանց աղքատացմանը”:[8] Բալկարիացիների մոտ իսլամը սկսել է ներթափանցել 18-րդ դարի կեսերից։ Բայց միայն 19-րդ դարի սկզբում այն վերջնականապես հաստատվեց Կարաչայի և Բալ­կարիայի լեռներում, սակայն դեռ շատ տասնամյակների ընթացքում այդ ժողո­վուրդ­ների շրջանում պահպանվում էին նախկին, մինչմուսուլմանական  հավատա­լիք­ները։

Օսերի ճնշող մեծամասնությունը նախքան հեղափոխությունը քրիստոնեու­թյուն էր դավանում, միայն մի փոքր մասն էր մուսուլման։ Իսլամը օսերի մոտ ներ­թա­փան­ցեց Կաբարդիայից 17-18-րդ դարերում և տարածվեց առավելապես Հյու­սի­սա­յին Օսեթիայի բարձր դասի շրջանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1.    Абазатов М. А., О вреде пережитков щариата и адатов в Чечено-Ингушетии и путях их преодоления. Грозный, 1963.

2.    Авксентьев А., Ислам на Северном Кавказе. Ставрополь, 1984.

3.    Бушуев С., Очерки истории Адыгеи. - Майкоп, 1957.

4.    Кушева Е. И., Народы Северного Кавказа и их связи с Россией. Вторая поло­ви­­на 16 века 30-е годы 18 века. - Москва, 1963.

5.    Лайпанов Х. О., К истории карачаевцев и балкарцев. - Черкесск,1957.

6.    Ногмов Ш. Б., История адыгейского народа. Нальчик, 1947.

7.    Смирнов Н. А., Политика России на Кавказе 16-19 веках. Москва, 1958.

8.    Арсланов Р. А., Народы Северного Кавказа, /http://www.protown.ru/information/hide/hide-1743_html

9.    Курахви Р., Блиц-даваат на Северном Кавказе /http://www.islam.ru/pressclub/analitika/blic-dawaa

10. Павлова О. С., Ислам как фактор формирования социотипического поведения пред­с­тави­те­лей Северного Кавка­за /http://www.fpo.ru/etnopsy/pavl-isla.html


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

[1] Арсланов, /http://www.protown.ru/information/hide/hide-1743_html

[2] Павлова, /http://www.fpo.ru/etnopsy/pavl-isla.html

[3] Павлова, /http://www.fpo.ru/etnopsy/pavl-isla.html

[4] Абазатов, 1963, с. 8

[5] Кушева, 1963, с. 84

[6] Смирнов, 1958, с. 19

[7] Бушуев, 1957, с. 281

[8] Лайпанов, 1957, с. 46

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 447 CC-BY-SA-icon-80x15.png