Կայծակ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կայծակ (այլ կիրառումներ)


կայծակ նաև՝ շանթ, մթնոլորտում՝ ամպերի կամ ամպի և երկրի միջև տեղի ունեցող կայծային էլեկտրական պարպում է։ Սովորաբար դրսևորվում է պայծառ լույսի բռնկումով և ուղեկցվում որոտով։ Պարպման ժամանակ հոսանքի ուժը հասնում է 10-100 հազար ամպերի, լարումը՝ տասնյակ միլիոնավորներից մինչև միլիարդավոր վոլտի։
Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրագնդի վրա ամենահաճախ կայծակները տեղի են ունենում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքի լեռներում գտնվող փոքրիկ Կիֆուկա գյուղի մոտ։ Մեկ քառակուսի կիլոմետր տարածքի վրա տարեկան տեղի է ունենում կայծակի 158 բռնկում։ Կայծակները հաճախակի են նաև Վենեսուելայում, Սինգապուրում, Բրազիլիայի հյուսիսում և Կենտրոնական Ֆլորիդայում։
Որոտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կայծակին ուղեկցող որոտի առաջացման բացատրությունը հետևյալն է. էլեկտրական հոսանքի արագ աճի պատճառով կայծակի անցուղու ներսում օդը խիստ տաքանում է և արագ ընդարձակվում։ Հոսանքի հանկարծակի ընդհատումից հետո ջերմաստիճանը կայծակի անցուղում ընկնում է, քանի որ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին. անցուղին արագ սառչում է, օդը կտրուկ սեղմվում, որի հետևանքով առաջանում են ձայնային ալիքներ։
Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]
Կայծակները լինում են գծային, գնդային և օղաձև։ Ավելի հաճախ հանդիպում է գծային կայծակ, որի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի, տևողությունը՝ տասնյակ կամ անգամ հարյուրավոր միլիվայրկյաններ, հոսանքի ուժը՝ 100 կիլոամպերի։ Գնդային կայծակի բնույթը դեռևս բացահայտված չէ։
Կայծակի ավերիչ հետևանքներից պաշտպանվելու համար կիրառվում են շանթարգելներ։
Առաջացման անհրաժեշտ պայմանները[խմբագրել | խմբագրել կոդը]
Կայծակներն առաջանում են լիցքավորված մասնիկների կուտակման տեղերում։
Կայծակի փոխադրած լիցքերի հավաքումը կատարվում է վայրկյանի հազարերորդական մասերի ընթացքում, մի քանի կմ³ տարածությունում գտնվող իրարից լավ մեկուսացված միլիարդավոր մասնիկներից։
Կայծակի առաջացման համար անհրաժեշտ է, որ ամպի համեմատաբար փոքր ծավալի մեջ ձևավորվի էլեկտրական պարպում սկսելու համար անհրաժեշտ լարում (≈1ՄՎ/մ) ունեցող էլեկտրական դաշտ, իսկ ամպի նշանակալի մասում լինի սկսված պարպմանն աջակցելու համար անհրաժեշտ միջին լարումով (≈0.1-0.2 ՄՎ/մ) դաշտ։ Կայծակի միջոցով ամպի էլեկտրական էներգիան վերափոխվում է ջերմային, լուսային և ձայնային էներգիաների։ Ձայնային էներգիայի անջատումն արտահայտվում է ամպրոպի ձևով։
Կայծակի էլեկտրական բնույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայծակի էլեկտրական բնույթը բացահայտել է ամերիկացի ֆիզիկոս Բենջամին Ֆրանկլինը, որի գաղափարների հիման վրա փորձեր են կատարել ամպրոպաբեր ամպից էլեկտրականություն ստանալու ուղղությամբ։ Ամպրոպաբեր ամպի տարբեր մասերն ունենում են տարանուն լիցքեր։ Առավել հաճախ ամպի ստորին մասը լիցքավորված է լինում բացասական, վերևինը՝ դրական լիցքով։ Տարանուն լիցք ունեցող մասերով միմյանց մոտենալիս, ամպերի միջև Կայծակ է առաջանում։
Կայծակի հետ կապված պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրի մակերևույթին հասած կայծակը հաճախ հրդեհների և մարդկային զոհերի պատճառ է դառնում։
- 1789 թվականին Իտալիայի Բրեշիա քաղաքում կայծակը, հարվածելով Սուրբ Նազար եկեղեցուն, պայթեցրեց այնտեղի զինանոցում գտնվող իննսուն տոննա վառոդը։ Զոհվեց երեք հազար մարդ, ավերվեց քաղաքի մեկ վեցերորդը։
- 1994 թվականին նոյեմբերի 2-ին Եգիպտոսի Դրոնկա նավահանգստում կայծակը խփելով պայթեցրեց նավթատար նավերը, զոհվեց 469 մարդ։
- 2005 թվականին հոկտեմբերի 31-ին կայծակի հարվածից Նոր Հարավային Ուելսում սատկեց վաթսունութ կով։
- Պակիստանի հյուսիսարևմտյան Ուշարի Դարա գյուղում կայծակից սպանվեց 30 մարդ։
- Ամերիկացի անտառապահ Ռոյ Սալիվանը գրանցվել է Գինեսի գրքում այն բանից հետո, երբ ողջ է մնացել 35 տարվա ընթացքում ստացած կայծակի յոթ տարբեր հարվածներից հետո։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կայծակ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 222)։ ![]() |