Մորթի
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Մորթի, կենդանու մազային ծածկույթով (լրիվ կամ մասնակի պահպանված) մշակված մաշկ։ Մշակվում է մորթատու և ծովային գազանների, ընտանի կենդանիների մաշկից։ Մորթին մարդու առաջին հագուստն է եղել, հետագայում (XVI դար, Ֆրանսիա) սկսել է կիրառվել որպես հագուստի հարդարանք։ Մորթեղենի նկատմամբ պահանջը բավարարելու համար՝
- զարգացվում է բնական մորթեղենի արտադրությունը՝ գազանաբուծության, ոչխարաբուծության, ճագարաբուծության ընդլայնման և նոր տեսակների ստացման ճանապարհով,
- մեծացվում է արհեստական մորթեղենի արտադրությունը։
Մորթեղենի հումքը և կիսաֆաբրիկատը ստացվում է ինչպես որսորդությունից, այնպես էլ գազանաբուծությունից, որով զբաղվում են բազմաթիվ տնտեսություններ։ Կախված մաշկման սեզոնից՝ մորթեղենը լինում է ձմեռային և գարնանային։ Ձմեռային է համարվում ձմռանը քուն չմտնող (հովազ, սկյուռ, ջրասամույր, մշկամուկ, նապաստակ, աղվես, վայրի կատու, ընձառյուծ, ջրաքիս, սամույր և այլն) գազանների մորթիները։ Այդ կենդանիների մազափոխումը (մազաթափումը) կատարվում է գարնանը և ամռանը։ Գարնանային է այն գազանների մորթիները, որոնք ձմեռն անց են կացնում քնած (շերտավոր սկյուռ, խլուրդ, արջամուկ, գետնասկյուռ, ցատկամուկ, գերմանամուկ)։ Այդ գազանների մազածածկույթը փոխվում է տարին մեկ անգամ։ Կենդանու մաշկն առավել արժեքավոր է մազաթափումից հետո։ Մորթեղենի կիսաֆաբրիկատների որակը գնահատելիս հաշվի է առնվում մազածածկույթի խտությունը, բարձրությունը, փայլը, մազի ամրությունը, լուսակայունությունը, մազի և մաշկահյուսվածքի կապակցվածության ամրությունը, մաշկահյուսվածքի և մազի առաձգականությունը, ջրակայունությունը, ներկման ամրությունը, արատների առկայությունը։ Մորթու կարևոր ցուցանիշը մաշադիմացկունությունն է, առավել մաշադիմացկուն է ջրասամույրի մորթին, որին տրվում է 100 բալ։
Արհեստական մորթին բնական մորթուն խիստ նման տեքստիլ արտադրանք է։ Կիրառվում է հագուստի, գլխարկների, հարդարանքի համար։ Լայնորեն տարածված են գործվածքային և տրիկոտաժային երկարախավ արհեստական (նմանակում են թանկարժեք բնական մորթիներին՝ ջրաքիսի, կզաքիսի, ջրարջի, մշկամուկի, կապիկի, աղվեսի), ինչպես նաև ցածրադիր խավով (մտրուկի, հորթի, փոկի և այլն) մորթիները։ Մորթին բաղկացած է կրող հիմքից (աստառ) և խավածածկույթից։ Տարբերում են գործվածքային, տրիկոտաժային, միջնակաբով, սոսնձային և էլեկտրաստատիկ դաշտում խավի սոսնձմամբ ստացված արհեստական մորթիներ։ Արհեստական մորթին արտաքին տեսքով համարյա ամբողջությամբ վերարտադրում է նմանակվող մորթու գույնը, նախշը, խավի տեղադրումը։ Խավածածկույթի գոյացման համար կիրառում են տարբեր նրբաթելեր կամ պոլիամիդային և բազմաեթերային վիսկոզե ու ացետատային թելեր։ Հիմքի (աստառի) համար օգտագործում են բամբակե մանվածք, ամրացնելու նպատակով՝ նաև սինթետիկ թելեր։ Արհեստական մորթին թողարկվում է տարբեր գույներով և նախշով։ Վերջնամշակումն ապահովում է ճմրթվելակայունությունը, աղվամազությունը, հիդրոֆոբությունը, մեխանիկական, ջերմային և քիմիական մշակմամբ ստեղծում այս կամ այն նախշավոր կամ դրոշմազարդ պատկերը։ Կախված նմանակող մորթու մակատեսքից՝ վերջնամշակումն ընդգրկում է հետևյալ գործողությունները․ բազմակի սանրում, խուզում (մազածածկույթի հավասարեցում), ներկում, ջերմամշակում, կոկում, խավի գունազարդում և այլն։
Մորթեղենը միջազգային շուկա է արտահանում կիսաֆաբրիկատի ձևով։ Մորթու վաճառքը միջազգային շուկայում կամ տոնավաճառներում կատարվում է աճուրդների միջոցով։ Այդպիսի աճուրդներ կազմակերպվում են Լենինգրադում, Մոնրեալում, Լայպցիգում։ 1931 թվականից (հունվարին, հուլիսին, հոկտեմբերին) Լենինգրադում անցկացվում էին միջազգային աճուրդներ, որտեղ իրացվում էր ԽՍՀՄ-ից արտահանվող մորթու 70-80%-ը։ Աճուրդներին մասնակցում էին 25-27 երկրների մորթեղենի ֆիրմաների 300-350 ներկայացուցիչներ։ Հայկական ԽՍՀ-ում անցկացվել է պետական արգելանոցների ստեղծման և նրանցում մորթատու գազանների ու կենդանիների աճեցման, բուծման, ցեղի լավացման ու պահպանման, կենդանիների վերաբնակեցման աշխատանքներ։ Աչքի են ընկել Խոսրովի, Դիլիջանի արգելանոցները, որոնցում բազմացվում են կովկասյան գորշ արջ, այծյամ, եղջերու, մուֆլոն, աղվես, վայրի խոզ, իսկ Կիրովականի անտառագոտային արգելանոցներում՝ կապտերանգ աղվես, արջ, վայրի խոզ և այլն։ Այղր լճում բուծվում և բազմացվում են ԱՄՆ-ից բերված ճահճակուղբերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 53)։ |