Մոնրեալ (ֆր.՝ Montréal[mɔ̃ʁeˈal]), ամենախոշոր քաղաքը Քվեբեկ նահանգում և մեծությամբ երկրորդ քաղաքը Կանադայում։ Սկզբնապես անվանվել է Վիլ-Մարի՝ Մարիամի քաղաք։ Մոնրեալ անունը եկել է Մոն Ռուայալ (Արքայական լեռ) լեռան անվանումից[2], որ գտնվում է քաղաքի կենտրոնում[3][4], միջին ֆրանսերենում այն հնչում էր որպես Մոնտ Ռեալ[5]։
2009 թվականի հուլիսի տվյալներով՝ Մեծ Մոնրեալի բնակչության թիվը կազմել է 3 814 000 մարդ[6], Մոնրեալ ագլոմերացիայի բնակչությունը, որի կազմի մեջ մտնում են Մոնրեալ կղզու մունիցիպալիտետները, կազմում է 1 906 811 մարդ[7]։ Իսկ Մոնրեալ քաղաքի բնակչությունը գնահատվում է մոտավորապես 1 620 693 մարդ[8]։
Քաղաքի միակ պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, քաղաքի 59,8 % բնակչության համար այդ լեզուն մայրենին է, ապա լեզվակիրների հաջորդ մասը կազմում են անգլերեն իմացողները՝ 19,4 %[9][10]: Մեծ Մոնրեալում ֆրանսերենով խոսողների մասը կազմում է բնակչության 67,9 %-ը, երկրորդ տեղը զբաղեցնում է անգլերենը՝ 16,5 %[11]: Քաղաքի բնակչության կեսից ավելին խոսում է երկու լեզուներով էլ[12]։ Մոնրեալը աշխարհի երկրորդ ամենամեծ ֆրանսալեզու քաղաքն է Փարիզից հետո։ Նաև աշխարհում կան այլ ֆրանսախոս քաղաքներ՝ Քինշասա, Ալժիր և Աբիջան, սակայն այդ քաղաքներում ֆրանսերենը երկրորդ լեզվի կարգավիճակ ունի[13][14]։
Մոնրեալը սովորաբար զբաղեցնում է ամենաբարձր հորիզոնականները աշխարհի ամենահարմարավետ քաղաքների շարքում։ Monocle Magazine ամսագիրը քաղաքն անվանել է «Կանադայի մշակութային քաղաք», իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Մոնրեալն անվանել է դիզայնի քաղաք[15][16]։ 70-ական թվականների կեսերին, զիջելով տնտեսական մայրաքաղաքի տիտղոսը Տորոնտոյին, Մոնրեալը մնում է Կանադայի կարևոր արդյունաբերական, գործարար և մշակութային կենտրոնը։ Առավել նշանակալի ճյուղերից են աէրոտիեզերականը, դեղագիտականը, կենսատեխնոլոգիականը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, զբոսաշրությունը, կինոարդյունաբերությունը, ինչպես նաև զարգացած է համակարգչային խաղերի արդյունաբերությունը[17]։
Մոնրեալում հայերը հաստատվել են 19-րդ դարի վերջից, սակայն հայ համայնքը ձևավորվել է 20-րդ դարի կեսին։ 1961 թվականին Մոնրեալում բնակվում էր ավելի քան 900, 1982 թվականին՝ 20 հազար հայ։ Հայերը հիմնականում աշխատում են արդյունաբերության, առևտրի, կենցաղսպասարկման ոլորտում, զգալի թիվ են կազմում մտավորականները (գիտնականներ, դասախոսներ, ուսուցիչներ, փաստաբաններ, բժիշկներ, արվեստագետներ և այլն)։ Համայնքի ազգային կյանքը կազմակերպում են մի շարք միություններ ու կազմակերպություններ, Թեքեյան և Համազգային մշակութային միությունները՝ իրենց զանազան հանձնախմբերով, ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի մասնաճյուղերը։ Գործում են ամենօրյա հայկական երկու դպրոց, Ս․ Գրիգոր Լուսավորիչ և Ս․ Հակոբ առաքելական եկեղեցիները, Նարեկ հայ կաթոլիկ եկեղեցին։ Իր ժողովարաններն ունին հայ ավետարանական համայնքը։ Եքեղեցիներու կից կան մեկօրյա դպրոցներ, ինչպես նաև տիկնանց, երիտասարդական, կրթական և այլ կազմակերպություններ։ Գործում են նաև Պոլսահայերի մշակութային միությունը, Մամիկոնյան մշակութային հանձնախումբը, ՀՄԸՄ, Հայ ուսանողաց վարչությունը, Կանադահայ բժիշկների միությունը, թատերախմբեր, պարախմբեր, երգչախմբեր, «Արմենիա» ֆուտբոլի թիմը, հայկական ռադիոժամեր։ Լույս են տեսնում նաև «Հորիզոն» և «Ապագա» շաբաթաթերթերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 18)։