Բարսելոնա (իսպաներեն՝ Barcelona), քաղաք Իսպանիայում, հանդիսանում է երկրի երկրորդ մեծագույն քաղաքը և Կատալոնիայիմայրաքաղաքը[2]։ Ամենամեծ տուրիստական կենտրոններից է Եվրոպայում։ Բնակչությունը կազմում է 1 615 908 մարդ։ Բարսելոնան երկրորդ քաղաքն է բնակչության թվով Մադրիդից հետո, և 10-րդն է Եվրոպական Միությունում։ 2010 թվականի մարտին դարձել է Միջերկրական միության մայրաքաղաքը. այդ միության անդամ են 43 երկիր։ Բարսելոնան համարվում է Կատալոնիա ինքնավար մարզի մայրաքաղաքը։ Բարսելոնայի քաղաքային տարածքը ձգվում է քաղաքի վարչական շրջանի սահմաններից դուրս, քաղաքային տարածքի բնակչությունը կազմում է 4.5 միլիոն բնակիչ, համարվում է 6-րդ ամենախիտ բնակեցված քաղաքային տարածքը Եվրոպայում։ Տեղակայված է Միջերկրական ծովի ափին՝ Լոբրեգատ և Բեսոս գետերի միջև, արևմտյան հատվածում սահմանակից է Սերրա դե Կոլլսերոլա լեռնաշղթային։
Հիմնադրվելով որպես հռոմեական քաղաք՝ հետո այն դարձել է Բարսելոնա նահանգի մայրաքաղաքը։ Արագոնի թագավորությանը միանալուց հետո այն դարձել է Արագոնի թագավորության կարևորագույն քաղաքը։ Պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ նվաճվել է, սակայն Բարսելոնան ունի հարուստ մշակութային ժառանգություն և այժմ շարունակում է մնալ կարևոր մշակութային և զբոսաշրջային կենտրոն[3]։ Հատկապես հռչակավոր են Անտոնի Գաուդիյի և Լուիս Դոմենեկ-ի-Մոնտաների ճարտարապետական աշխատանքները, որոնք ներառված են ՄԱԿ-ի համաշխարհային ժառանգության վայրերի ցանկում։
Բարսելոնան հայտնի է նաև ֆուտբոլային համանուն թիմով, որը բազմիցս հռչակվել է Իսպանիայի առաջնության չեմպիոն։
Բարսելոնայում զարգացած է նաև կրթական համակարգը։ Ամենահայտնին Բարսելոնայի պետական համալսարանն է (հիմնադրվել է 1450թ.)։
Իզաբելա II թագուհու իշխանության օրոք քաղաքի պարիսպները փլուզվեցին, ընդունվեց ուրբանիզացիայի պլան,որի արդյունքում առաջացավ, այսպես կոչված, «Նոր քաղաք» - Էշամպլե: Կենտրոնը սկսվում է Պալաս Կատալոնիայից և ներառում է քաղաքի կենտրոնական մասը: Իրար նկատմամբ ուղղահայաց, ուղիղ փողոցների հատումից առաջացել են քառակուսաձև թաղամասեր: Կատալոնիայի հրապարակը համարվում է Գոթական թաղամասի և Էշամպլեի սահմանների միջնամասը: Հրապարակի հիմնական փողոցները ձգվում են դեպի Ռոնդա Սան Պերե (Ronda Sant Pere) և Ռոնդա Ունիվերսիտատ (Ronda Universitat): Ronda Universitat- ի և Gran Via խաչմերուկում հին համալսարանի մասնաշենքն է, որը կառուցվել է XIX դարի կեսերին: Կենտրոնի հիմնական մայրուղիներից մեկը Պասեչ Դե Գրասիան (Pacech de Gracia-) է:
Բարսելոնան գտնվում է Պիրենինյան թերակղզու հյուսիս-արևելքում՝ Միջերկրական ծովի ափին։ Կալսեռոլի ափամերձ սարերը ստեղծում են քաղաքի փոքր-ինչ կլոր ֆոնը։ Ամենաբարձր կետի՝ Տիբիդաբոյի սարերի բարձրությունն է 512 մ։ Բարսելոնան փռված է բլուրների վրա։
Բարսելոնայի կլիման միջերկրական ծովի կլիման է։ Ձմեռը մեղմ և չոր է, իսկ ամառը տաք և խոնավ։ Ամենացուրտ ամիսներն են հունվարը և փետրվարը (միջին ջերմաստիճանը 10 °C), իսկ ամենատաքը՝ հուլիսը և օգոստոսը (միջին ջերմաստիճանը 25 °C)։ Ամենաշատ տեղումները լինում են հոկտեմբերին (մոտ 90 մմ), ամենաքիչը՝ հուլիսին (մոտ 20 մմ)։