Սան Ֆրանցիսկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սան Ֆրանցիսկո (այլ կիրառումներ)
Քաղաք
Սան Ֆրանցիսկո

San Francisco

San Francisco California Montage.jpg
Դրոշ Զինանշան
Flag of San Francisco.svg SFSEAL.svg

San Francisco (Evening).jpg
Կոորդինատներ: 37°46′0″ հս․ լ. 122°26′0″ ամ. ե. / 37.76667° հս․. լ. 122.43333° ավ. ե. / 37.76667; 122.43333
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Նահանգ Կալիֆորնիա
Շրջան Սան Ֆրանցիսկո (շրջան)
Քաղաքապետ Էդվին Լի
Հիմնադրված է 1776 թ.
Մակերես 122 կմ²
ԲԾՄ 16 մ
Բնակչություն 850.000[1] մարդ (2010)
Խտություն 6688 մարդ/կմ²
Ազգային կազմ հայեր (13%)
Ժամային գոտի UTC−8, ամառը UTC-7
Հեռախոսային կոդ 415
Փոստային ինդեքսներ 94101-94112, 94114-94147,
94150-94170, 94172, 94175, 94177
Պաշտոնական կայք sfgov.org
##Սան Ֆրանցիսկո (ԱՄՆ)
Red pog.png
##Սան Ֆրանցիսկո (Կալիֆորնիա)
Red pog.png

Սան Ֆրանցիսկոն (անգլ.՝ San Francisco, կարճ Frisco), քաղաք ԱՄՆ-ի արևմտյան մասում, Խաղաղ օվկիանոսի ափին, Կալիֆորնիա նահանգում։ 2010 թ-ի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում էր 815 358 մարդ։ Իր բնակչությամբ այն 4-րդն է ամբողջ Կալիֆորնիայում, և 12-րդը ԱՄՆ-ում։ Այսօր Սան Ֆրանցիսկոյում բնակվում է 100.000-ից ավելի հայ։ Գործում են 4 հայ առաքելական և 1 ավետարանական եկեղեցիներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Ֆրանցիսկոյի նավահանգիստը 1850 կամ 1851 թվականին

Ներկայիս Սան Ֆրանցիսկոի տարածքում 1776 թվականին հիմնվել է իսպանական առևտրական բնակավայր, որն ավելի ուշ ստացել է Երբա-Բուենա անունը։ 1811 թվականին այս շրջանում առաջացել է Ֆորտ-Ռուս ռուսական բնակավայրը (վաճառվել է 1839 թվականին)։ Իսպանական գաղութների անկախության համար պատերազմի ժամանակ (1810-1826 թվականներին) Սան Ֆրանցիսկոյի ծոցի շրջանը մտել է անկախ Մեքսիկայի կազմի մեջ։ 1846-1848 թվականներին իսպանա-ամերիկյան պատերազմի ընթացքում 1846 թվին ամերիկական զորքերը գրավել են Երբա-Բուենան։ 1847 թվին այն վերանվանվել է Սան Ֆրանցիսկո։ Քաղաքի աճին նպաստել է XIX դարի կեսին Կալիֆոռնիայում սկսված «ոսկու տենդը», ապա Արևմուտքի յուրացումը և խաղաղօվկիանոսյան առևտրի զարգացումը (բնակիչների թիվը 500-ից (1848 թ.) 1850 թվականին հասել է 25 հազարի և 234 հազարի՝ 1880 թվականին)։ Սան Ֆրանցիսկոն բանվորական շարժման խոշոր կենտրոն Է։ 1945 թվականին Սան Ֆրանցիսկոում տեղի ունեցավ միջազգային կոնֆերանս, որտեղ հիմնվեց ՄԱԿ-ը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսպորտային, առևտրային, արդյունաբերական, ֆինանսական և մշակութային կարևոր կենտրոն է։ Տեղադրված է նեղ բլրապատ թերակղզու վրա։ Արևելյան մասում Սան Ֆրանցիսկո ծովածոցն է, որը Խաղաղ օվկիանոսին է միանում Ոսկե դարպաս նեղուցով։ 674 հազար բնակչություն (1980 թվականին), արվարձաններով (Օքլենդ, Բերկլի, Ալամեդա, Սանտա Կլարա, Ռիչմոնդ և այլն)՝ 5,5 միլիոն (1982 թվականին)։ Ունի 3 օդանավակայան։ Զարգացած է մեքենաշինությունը, մետաղամշակումը, նավաշինությունը (այդ թվում՝ ռազմական), սարքաշինությունը, էլեկտրոնային սարքավորումների արտադրությունը։ Կա սննդի, նավթավերամշակման, քիմիական, պոլիգրաֆ արդյունաբերություն, սև մետալուրգիա։ Սան Ֆրանցիսկոում են ԱՄՆ-ի 5 խոշոր բանկելի վարչությունները։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրամվայը Հայդ փողոցի վրա

XIX դարում Սան Ֆրանցիսկոն ունեցել է ուղղանկյուն հատակագիծ։ 1906 թվականի երկրաշարժից հետո քաղաքը գրեթե նորովի է կառուցվել։ Տեղանքի բլրաձև ռելիեֆի և ճարտարապետական ոճերի բազմազանության շնորհիվ քաղաքն ունի ուրույն և գեղատեսիլ կերպար։ Պահպանվել են կառույցներ իսպանական գաղութատիրական ժամանակաշրջանից («Միսսիա Դոլորես» մենաստանի եկեղեցին, 1782-1791 թվականներ)։ Քաղաքի ազգային թաղամասերի («Չինական Տեսարան Սան Ֆրանցիսկոյից քաղաք», «Լատինական թաղամաս») ցածրահարկ կառուցապատումը համադրված է գործարար կենտրոնի երկնաքերների հետ։ Կառույցներից են՝ լաստանավերի կայարանը (1896 թվական), Հասարակական կենտրոնի շենքը (1910-1920 թվականներ), Գեղեցիկ արվեստների պալատը (1915 թ. ճարտարապետ Բ․ Մեյբեկ), Մայմոնիդա հոսպիտալը (1946 թվական, ճարտարապետն է Մենդելզոնը), Վ․ Մորիսի խանութը (1948 թվական, ճարտարապետ Ֆ․ Լ․ Ռայթ), Զ․ Հենկոկի ապահովագրության ընկերության տունը (1959 թվական), Գոլդեն-Գեյթուեյ բնակելի համալիրը (1955-1970 թվականներ) և այլն։ Նշանավոր են Սան Ֆրանցիսկոի կախովի երկու կամուրջները՝ Սան Ֆրանցիսկո-Օքլենդ (1936 թիվ, երկարությունը մոտ 13 կմ) և «Ոսկե դարպաս» (1937 թիվ, միջնամասի թռիչքի երկարություն 1280 մ)։ 1874 թվականից Սան Ֆրանցիսկոում գործում է ինքնատիպ տրամվայ (պահպանվում է քաղաքային իշխանությունների որոշմամբ)։

Գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գոլդեն Գեյթ» համալսարանի մուտք

Սան Ֆրանցիսկոում են գտնվում Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական կենտրոնը, Կալիֆոռնիայի նահանգի, Սան Ֆրանցիսկոյի, «Գոլդեն Գեյթ» («Ոսկե դարպաս») համալսարանները, կոնսերվատորիան և այլ ուսումնական հաստատություններ։ Գիտական հիմնարկներից են Կալիֆոռնիայի Գիտությունների Ակադեմիան, Բժշկական գիտությունների ԳՀԻ, Ախտաբանների և մանրէաբանների ամերիկյան ասոցիացիան և այլն։ Խոշորագույն գրադարաններն են․ Սան Ֆրանցիսկոի հանրայինը, համալսարաններինը, իրավաբանականը։ Խոշորագույն թանգարաններն են․ Սան Ֆրանցիսկոի արվեստի թանգարանը, Ասիայի արվեստի և մշակույթի կենտրոնը, Պատվավոր լեգիոնի կալիֆոռնիական պալատը (Գեղեցիկ արվեստների թանգարան) և այլն։ Կան օպերային և դրամատիկական թատրոններ։

Հայերը Սան Ֆրանցիսկոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքը սկսել է կազմավորվել 1980-1990-ական թվականներին։ 1912 թվին Սան Ֆրանցիսկոի հայերի թիվը (Օքլենդի հետ) 150 էր։ Համայնքը սկսել է ստվարանալ առաջին համաշխարհային պատերազմից հետո։ 1924 թվականին Սան Ֆրանցիսկոյում (Օքլենդի և Բերկլիի հետ) կար 1500 հայ։ Հայերի հոսքը Սան Ֆրանցիսկո շարունակվել է ընդհուպ մինչե երկրորդ համաշխարհային պատերազմը և նրանից հետո․ 1962 թվին Սան Ֆրանցիսկոյում և նրա արվարձաններում (Սան Մաթեո, Բերլինգեյմ, Ռեդվուդ սիթի, Փալո Ալթո, Սան Խոսե, Բերկլի, Սանտա Կլարա, Ռիչմոնդ և այլն) բնակվում էր 6 հազար հայ, 1970-ական թվականների սկզբին՝ շուրջ 10 հազար․, 1983 թվականին՝ 25․000։

Սան Ֆրանցիսկոի առաջին հայ բնակիչների մեծ մասը վասպուրականցիներ էին, խարբերդցիներ, բաղեշցիներ և այլն․ զբաղվել են դերձակությամբ, խոհարարությամբ, նպարավաճառությամբ, գորգավաճառությամբ, ծաղկավաճառությամբ և այլն։ 1980-ական թվականներին Սան Ֆրանցիսկոի հայերը ներգրավված են կյանքի բոլոր ասպարեզներում․ կան արհեստավորներ, բանվորներ, առևտրականներ, ապահովագրական ընկերությունների գործակալներ, բանկերի ծառայողներ, ինժեներներ, ազատ արվեստների բնագավառի աշխատողներ։ Համայնքի ազգային-հասարակական կյանքը կազմակերպում են զանազան միություններ, կազմակերպություններ և այլն։ XX դարի սկզբից գործում են հայ ազգագրական կուսակցությունների տեղական մասնաճյուղերը։ 1924 թվականին հիմնվել է «Հայ եղբայրասիրաց միությունը», 1920-ական թվականների սկզբին՝ Բերկլիի համալսարանի հայ ուսանողների «Երևան» ակումբը։ Գործում են Ամերիկահայ առաջադիմական միության տեղական կազմակերպությունը (1938 թվականից), ՀԲԸՄ, ՀՕՄ, Հայ կարմիր խաչի, ինչպես նաև հայրենակցական միությունների, «Թեքեյան», «Համազգային» և այլ մշակութային միությունների մասնաճյուղերը։

Սան Ֆրանցիսկոյի հայ առաքելական և ավետարանական եկեղեցական մարմինները (վարչությունները) ստեղծվել են 1920-ական թվականների կեսին։ Համայնքի հավատացյալների մեծ մասը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներն են։ 1983 թվականին Սան Ֆրանցիսկոյում և արվարձաններում գործում էին Սբ Գրիգոր Լուսավորիչ (1925 թվականից, 1953 թվականից՝ անթիլիասապատկան), Սբ. Հովհաննես Մկրտիչ (1941 թվականից), Սբ. Վարդան (1932 թվականից) եկեղեցիները։ Եկեղեցիներ կան (1974 թվականից) Սանտա Կլարայում և Սան Խոսեում։ Ավետարանականներն ունեն «Գողգոթա» (հիմնվել է 1926 թվականին), «Բեթանիա» (1926 թվականից) ժողովարանները։

Կան սակավաթիվ հայ կաթոլիկներ։ Հայկական եկեղեցիներին կից գործում են կիրակնօրյա կամ երեկոյան դպրոցներ։ 1980 թվականին բացվել է նորակառույց Հայ կեդրոնը՝ սրահով և «Գռուզյան- Զաքարյան» ամենօրյա վարժարանով։ Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքը զարգացած մամուլ չի ունեցել։ 1924-1925 թվականներին հրատարակվել է «Ծիածան» ամսաթերթը (խմբագիր՝ Ս․Մ․ Ծոցիկյան), որը 1926 թվականին փոխադրվել է Դետրոյտ։ 1921 թվականին Սան Ֆրանցիսկոյում հիմնվել է «Մասիս» ակումբը, որն ունեցել է թատերախումբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո թատերախումբ էր պահում Սան Ֆրանցիսկոի Հայ մշակութային միությունը, որը գործել է մինչև 1958 թվականը։ 1960-ական թվականների սկզբին ստեղծվել է «Հայ դրամատիկ թատերախումբ»-ը, որը գործել է 16 տարի։ Այսօր Սան Ֆրանցիսկոյում բնակվում է 40.000 հայ։

Քույր քաղաքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված են Սան Ֆրանցիսկոյի քույր քաղաքները[2]։

Դիտեք նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկե Դարպասներ (կամուրջ)

Հրդեհ երկրաշարժից հետո 1906 թ
Հրդեհ երկրաշարժից հետո 1906 թ


Sanfrancisco10182006.jpg


Հայացք գիշերային քաղաքին
Հայացք գիշերային քաղաքին


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. San Francisco city, California - Population Finder - American FactFinder
  2. «California» (անգլերեն)։ SCI: Sister City Directory։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-23-ին։ Վերցված է 2011 թ․ մարտի 23 


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png