Բասկերի Երկիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բասկերի երկիրից)
Picto infobox map.png
Բասկերի Երկիր
իսպ.՝ País Vasco
բասկ.՝ Euskadi
Դրոշ Զինանշան
Flag of the Basque Country.svg
Բասկերի Երկրի դրոշ
Զինանշան
Բասկերի Երկրի զինանշան
Երկիր Իսպանիա Իսպանիա (պ)
Հիմն Eusko Abendaren Ereserkia
Կարգավիճակ Ինքնավար համայնք
Ներառում է 3 պրովինցիաներ՝
Ալավա
Բիսկայա
Գիպուսկոա
Վարչկենտրոն Վիկտորիա
Խոշոր քաղաքներ Բիլբաո, Վիկտորիա,
Սան Սեբաստյան
Նախագահ Պաչի Լոպես
Հիմնական լեզուներ բասկերեն, իսպաներեն
Բնակչություն (2007)
2 141.86 (7 տեղ)
Խտություն 295 մարդ/կմ²
Տարածք 7,234 կմ² (14 տեղ)
Բասկերի Երկիր վարչական միավորը երկրի քարտեզին
Բասկերի Երկիր վարչական միավորի քարտեզը
ISO 3166-2 կոդ PV
Վիքիպահեստում Commons-logo.svg Basque Country
Պաշտոնական կայք
Basque country map.png

Բասկերի Երկիր կամ Բասկոնիա (իսպ.՝ País Vasco, բասկ.՝ Euskadi) ինքնավար համայնք Իսպանիայի թագավորության հյուսիսում, որի վարչական կենտրոնը Վիկտորիա քաղաքն է։ Համանուն պատմական շրջանի մի մասն է, որը տարածվում է մինչև Ֆրանսիայի հարավարևմտյան մասը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բասկերի Երկիրը գտնվում է Իսպանիայի հյուսիսում։ Հյուսիսից սահմանակից է Բիսկայան ծոցին, արևելքից՝ Նավարրա, արևմուտքից՝ Կանտարբրիա, հարավից՝ Լա Ռիոյա ինքանավար մարզերին։ Պիրենեյան լեռներով բաժանվում է Ֆրանսիայում գտնվող համանուն մշակութային գոտուց։ Բիսկայայի և Գիպուսկոայի լեռները զգալիորեն կտրատված են, իսկ գետերը՝ կարճ ու արագահոս։ Ատուրի (ֆրանսերեն՝ Ադոր) գետը գտնվում է երկրի հյուսիսում, իսկ Էբրոն՝ հարավում։ Պիրենեյան լեռներից բացի երկրի համար մշակութային և պատմական մեծ նշանակություն ունեն Գորբեա, Աիսկորրի, Անբոտո և Արալար լեռները։ Տեղումների միջին տարեկան քանակը կազմում է մոտ 1.270 մմ՝ Սան Սեբաստիանում գերազանցելով 1.500 մմ-ը, իսկ Էբոյի ավազանում կազմելով մոտ 500 մմ։ Հյուսիս-արևելքում գերակշռում է օվկիանոսային կլիման, իսկ հարավային հատվածներում (Ալավայի միջլեռնային շրջաններ) կրում է միջերկրյածովյան կլիմայի ազդեցությունը։ [1]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բասկերի Երկիրը բնակեցված է եղել դեռևս Պալեոլիթի շրջանում՝ մ.թ.ա. 150.000 տարի առաջ։ Հայտնաբերվել են այդ շրջանի բազմաթիվ առարկաներ, ինչպեսնաև նեանդերթալյան մարդու ոսկորներ։ Իրերի մեծ մասը, սակայն, վերագրվում է կրոմանյոնյան դարաշրջանին։ Այս ժամանակաշրջանից մեծ հասած մնացորդները, այդ թվում՝ քարանձավային պատկերներ, հայտնաբերվել են Էկային, Ալչերրի, Սանտիմամինյե և Ալբերդի քարանձավներում։ Նեոլիթի շրջանում անցում է կատարվում քոչվորական կյանքից նստակյացության։ Զարգանում է գյուղատնտեղությունն ու անասնապահությունը։ Պղնձի և բրոնզի դարերում սկսվում է մետաղագործությունը։ Քանի որ երկրի հյուսիսային մասը մեկուսացած էր լեռներով, զարգացումներն այստեղ համեմատաբար դանդաղ էին ընթանում։ Բասկերի Երկիրը և հարակից տարածքները բնակեցված էին բասկերի նախնիների՝ աուտրիգոնների, վալդուրների, կարիստների և վասկոնների կողմից։ Վասկոնների մասին հիշատակություն է թողել հույն պատմաբան Ստրաբոնը՝ բնութագրելով նրանց որպես վայրի մարտիկներ։

Հռոմեական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեացիները սկսեցին գրավել բասկյան տարածքները մեր թվարկության երկրորդ դարում։ Հռոմեական գերիշխանությունն այստեղ ձգվում է հինգ դար, որի ընթացքում երկու մշակույթները համատեղ գոյատևում են։ Երկրի հարավային շրջաններն ավելի մեծ չափով են կրում հռոմեական ազդեցությունը քան հյուսիսի լեռնային հատվածները։ Հռոմեացիների կողմից ներմուծվում է դրամական համակարգ և գրավոր լեզու՝ լատիներենը։ Հռոմեական կայսրության անկման հետ բասկ ցեղերը վերանվաճում են իրենց իշխանությունը։ Չնայած հաջորդող հարյուրամյակների ընթացքում բազմաթիվ ասպատակությունների ենթարկվելուն՝ ութերորդ դարում բասկերին հաջողվում է միավորվել։

Միջին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասկոնների երկիրը իններորդ դարում վերածվում է թագավորության, երբ ազնվականները Ասիցտաների տոհմից թագավոր են ընտրում Ինյիգոյին (824-852): Մեկ դար անց իր իշխանությունն է հաստատում Խիմենո դինաստիան՝ Սանչո Գարսեսի (905-925) գլխավորությամբ։ Նավարրայի թագավորությունն իր բարձունքին է հասնում Սանչո Մեծի (1004-1035) օրոք։ Նրան հաջողվում է միավորել ոչ միայն բասկախոս շրջանները, այլև Պիրենեյան թերակղզու գրեթե բոլոր քրիստոնյա երկրները։ 1512 թ. Ֆերդինանդ Կաթոլիկը գրավում է թագավորությունն ու ենթարկում Կաստիլիայի գերակայությանը։ Միապետության միակ անկախ մասը Բեհենաբարրոան էր, որ գտնվում էր Պիրենեյան լեռների մյուս կողմում և 1620 թ. միանում է Ֆրանսիային։ Այնուհանդերձ, տարածքն ուներ ինքնակառավարման մարմիններ։ 12-15-րդ դարերում առաջացան քաղաքներ և ավաններ, որոնք ունեին սեփական օրենքները՝ թագավորի գերակայության ներքո։ Տնտեսական կյանքը հիմնված էր անասնապահության, գյուղատնտեսության, անտառապահության, ձկնորսության, հանքահանության, առևտրի և արհեստի վրա։ Տնտեսական ճգնաժամները հանգեցնում էին ազնվական ընտանիքների միջև պայքարի, որոնք ցանկանում էին գրավել քաղաքներն ու ավանները, սեփականաշնորհել հողերը։ Քաղաքի բնակիչները և թագավորը դիմադրութուն են ցույց տալիս և հաղթում նրանց։ Արդյունքում առաջանում են ինքնակառավարման մի շարք մարմիններ կամ ֆուերոներ, որոնք ընդունում են թագավորի գերիշխանությունը։

Վաղ արդյունաբերական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

16-19-րդ դարերում ավատատիրական կարգերին փոխարինելու է գալիս կապիտալիզմի վրա հիմնված հասարակությունը։ Նոր իշխանությունների առաջացումը 17-րդ դարում հանգեցնում է քաղաքական և հասարակական բախումների, այդ թվում նաև բազմաթիվ ապստամբությունների՝ հայտնի նաև մաչինադա անվանմամբ։ Բուրբոնների հաղթանակից հետո բասկերը զրկվեցին բազմաթիվ տնտեսական արտոնություններից։ 18-րդ դարի վերջերին քայլեր են ձեռնարկվում մաքսատները երկրի ներսից, այն է՝ Կաստիլիային սահմանակից տարածքներից, տեղափոխելու դեպի Պիրենեյան լեռներ և ափամերձ տարածքներ, որպեսզի դադարեցնեն օտար ապրանքների ազատ մուտքը երկիր։ Իսպանիայի և Ֆրանսիայի միջև հակամարտությունները մեծ ավերածություններ էին գործում բասկերի տարածքներում, որի օրինակն է Դոնոստիայի մեծ հրդեհը ( 1813): 19-րդ դարը բնութագրվում է բասկերի իրավունքների աստիճանական կորստով, հատկապես Կարլիստական պատերազմներից հետո։ Առաջին կարլիստական պատերազմը սկսվեց 1833 թ.: Իզաբել II-ը և Դոն Կարլոսը պայքարում էին իսպանական գահի համար։ Սակայն սա ավելին էր, քան գահակալական հակամարտությունը, քանի որ բախվում էին նաև տարբեր քաղաքական հայացքներ՝ լիբերալիզմն ու պահպանողականությունը։ Պատերազմն ավարտվում է 1839 թ.՝ Կարլիստների պարտությամբ։ Այսպիսով ինքնակառավարման մարմինները կապվում են սահմանադրությանը, իսկ Նավարրայի օրենսդրական և դատական ուժերը վերանում։ Չնայած Նավարրայի թագավորությունն այժմ լիբերալ երկրի մի մարզ էր միայն՝ այն շարունակում է պահպանել իր նախկին ազդեցության մի մասը։ Բասկյան մյուս շրջանները հրաժարվում են միավորվել մի մարզի մեջ և պահպանում են են նախնական կարգավիճակը։ Երրորդ կարլիստական պատերազմից հետո վերանում են ինքնակառավարման մարմինները և բասկերը պարտավորվում են հարկեր վճարել Իսպանիայի թագավորությանը։

17-18-րդ դարերում զգալի տեղաշարժեր գրանցվեցին տնտեսական կյանքում. Զարգացան ձկնորսությունը, նավաշինությունը, միջազգային առևտուրը, գյուղատնտեսությունն ու երկաթի ձուլումը։ 17-րդ դարում Բիլբաոն համարվում էր հյուսիսային Իսպանիայի ամենակարևոր նավահանգիստը։ 19-րդ դարը հատկանշական էր արդյունաբերության և կապիտալիզմի զարգացմամբ։ Այս առումով ևս Բիլբաոն առանձնանում էր՝ ընդունելով Իսպանիայի այլ մասերից ներգաղթած աշխատավորների մեծ հոսք։ 19-րդ դարի վերջին տարածվում են նաև նոր գաղափարախոսություններ, ինչպես սոցիալիզմը, որ ներմուծվեց Ֆակունդո Պերեսագուայի կողմից, և բասկյան ազգայնականությունը՝ Սաբինո Արանայի գլխավորությամբ։ [2]

Ժամանակակից պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1936-39 թթ քաղաքացիական պատերազմի ընթացքում բասկերին հաջողվում է ժամանակավորապես վերահաստատել ինքնավար կարգավիճակը։ Առաջին կառավարության նախագահն էր Խոսե Անտոնիո Ագիրեն։ Նախարարական կաբինետը կազմված էր հինգ ազգայնական, երեք սոցիալիստ, մեկական կոմունիստ և հանրապետական նախարարներից։ Կառավարության իշխանությունը տարածվում էր միայն Բիսկայայի և Գիպուսկոայի տարածքներում։ 1937 թ. Գեներալ Ֆրանկոյի զորքերը գրավում են Բասկերի երկիրը։ Կառավարությունը նախ տեղափոխվում է Կատալոնիա, ապա՝ աքսորվում։

Ֆրանկոյի բռնապետության տարիները (1939-1975 թթ.) բասկերի պատմության տխուր էջերից են։ Գիպուսկոան և Բիսկայան հայտարարվում են «դավաճան մարզեր»: Արգելվում է բասկերենն ու առհասարակ բասկ մշակույթին հետևելը։ Բանտարկումների, աքսորի ու մահապատժի հսկայական ալիք է բարձրանում։ Միջազգային հանրությունից օգնություն ակնկալելու հույսերը մարում են 50-ական թվականներին, երբ Վատիկանն ու Միացյալ Նահանգները համաձայնության են գալիս Ֆրանկոյի հետ։ 50-ականների վերջերին նոր թափ են առնում արդյունաբերությունն ու տնտեսությունը՝ ներգաղթյալների նոր հոսք բերելով։ 1959 թ. ստեղծվում է ԷՏԱ ահաբեկչական խմբավորումը (Euskadi Ta Askatasun՝ հայ.՝ «Բասկերի Երկիր և Ազատություն»): Խմբավորումը հիմնված է ազգայնական գաղափարախոսության վրա, որը 60-ականներին որդեգրում է զինված պայքարի ռազմավարություն։ 1975 թ. Ֆրանկոյի մահից հետո անցում է կատարվում ժողովրդավարության, սակայն բռնապետության տարիների հանցագործությունները մնում են անպատիժ։ Կատարվում են մի շարք բարեփոխումներ, 1977 թ. կատարվում են առաջին օրենսդրական ընտրությունները, իսկ 1978 թ. դեկտեմբերին ընդունվում է Իսպանիայի սահմանադրությունը։ Սահմանադրության մեջ, սակայն, չի հաստատվում բասկերի ինքնորոշման իրավունքը։ 1979 թ. հանրաքվեի արդյունքում Արավան, Բիսկայան և Գիպուսկոան միանալով ստեղծեցին Բասկերի Երկիր ինքնավար համայնքը (ձայների 53.96%): 2006 թ. ԷՏԱ-ն զինադադար է հայտարարում, որը խախտվում է նույն թվականի դեկտեմբերին Մադրիդի օդանավակայանում կազմակերպած պայթյունով։

Քաղաքական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրում գործում է գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Այս իշխանությունները համապատասխանաբար իրականացվում են կառավարության, խորհրդարանի և բարձրագույն դատական ատյանի կողմից։ Խորհրդարանն ունի 75 պատգամավոր, որոնք ընտրվում են 4 տարով։ Բասկերի Երկրի երեք շրջաններից յուրաքանչյուրը ներկայացված է 25 պատգամավորով՝ անկախ բնակչության թվից։ Խորհրդարանը հրապարակում և հաստատում է ընդհանուր բյուջեն։ Խորհրդարանում աթոռ ստանալու համար կուսակցությունները պետք է հավաքեն ձայների նվազագույնը 5%-ը։ Կառավարության անդամներն ընտրվում են խորհրդարանի կողմից։ Այն կարող է ներկայացված լինել մեկ կուսակցության կամ կուսակցությունների դաշնակցության կողմից։ Համարվում է երկրի գլխավոր մարմինը։ Բասկերի Երկրի յուրաքանչյուր մարզ ունի մարզային խորհրդարան՝ 51 պատգամավորով։ Հատուկ նշանակության մի շարք հարցեր լուծվում են հանրաքվեների միջոցով։ [2]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի կառավարության և Բասկերի Երկրի միջև հարկային կապերը հաստատված են տնտեսական համաձայնության մեջ, որի երրորդ հիմունքի համաձայն՝ Բասկերի Երկիրը սեփական գանձարան ունենալու և այն կառավարելու իրավունք ունի։

1970-ական թվականներին երկիրը գտնվում էր տնտեսական ճգնաժամի մեջ, որի հետևանքներն իրենց զգացնել են տալիս նաև հաջորդող տասնամյակների ընթացքում։ 1993 թ. տնտեսության կայունացում է նկատվում։ 1975 թ. երկրի համախառն ներքին արդյունքը 8.030 միլիոն եվրո էր կազմում, որի մեծ մասը հիմնված էր արդյունաբերության վրա. բնակչության աշխատունակ զանգվածի 50%-ը աշխատում էր հենց այս ոլորտում։ 2005 թ. համախառն ներքին արդյունքը 57.578 մլն էր՝ բնակչության նույն թվի պայմաններում։ Սա առավելապես պայմանավորված է ծառայությունների ոլորտի զարգացմամբ, որտեղ աշխատում է բնակչության 60%-ը։ Իսպանիայի համախառն ներքին արդյունքի 6.4%-ը հիմնված է բասկերի տնտեսության վրա։ Արտահանման ծավալով կազմում է 8.27%-ը, ներկրմամբ՝ 5.67%-ը։ Պատասխանատու է Իսպանիայի արդյունաբերական արտադրության 8.9%-ի համար։ Արտահանման հիմնական ուղղությունները Եվրոպան, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Լատինական Ամերիկան են։ Գիպուսկոան արտահանման ծավալով առաջինն է երկրի այլ մարզերի համեմատությամբ։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-1970 թթ. Բնակչությունը կրկնապատկվում է՝ 1.061.000-ից հասնելով 2.070.000-ի։ 1975-2000 թթ. Բնակչության աճ այլևս չի գրանցվում։ Սա պայմանավորված է ծնելիության մակարդակի անկմամբ, բնակչության ծերացմամբ, ինչպես նաև ներգաղթյալների հետդարձով։ Վերջին տարիներին բնակչության չնչին աճ է նկատվում՝ ծնելիության աճի և նոր ներգաղթի շնորհիվ։ Ներգաղթյալների 50%-ը Եվրոպայից է, 26.3%-ը՝ Ամերիկայից, 17.8%-ը՝ Աֆրիկայից, և 5.58%-ը՝ Ասիայից:

Բիլբաոյի Գուգենհայմ թանգարանը

Աշխարհի 21 երկրներում կան 161 «բասկ ակումբներ», որոնք կոչված են սփյուռքում բասկ մշակույթը պահպանելուն։ Այս ակումբներից 106-ը գտնվում էն Լատինական Ամերիկայում, 36-ը՝ Հյուսիսային Ամերիկայում, 10-ը՝ Իսպանիայում, 5-ը՝ եվրոպական այլ երկրներում և 3-ը՝ Ավստրալիայում:[2] Բասկերի Երկրի բնակչության գրեթե կեսն այժմ ապրում է Բիլբաոյի շրջանում։

Խոշոր քաղաքները՝

  1. Բիլբաո (348,574)
  2. Վիկտորիա-Գաստեյս (242,082)
  3. Սան Սեբաստիան (186,409)
  4. Բարակալդո (100,502)
  5. Գեչո (83,000)
  6. Իրուն (61 195)
  7. Պորտուգալետե (47,756)
  8. Սանտուրցի (46,978)
  9. Բասաուրի (42,971)
  10. Էրենտերիա (38,767)

Կրթություն և գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բասկերի Երկրում կա երեք համալսարան, որոնցից երկուսը մասնավոր են։ Պետական միակ համալսարանը Բասկերի Երկրի համալսարանն է, որն առաջարկում է 58 կրթական ծրագիր։ Այն համարվում է երկրի գլխավոր հետազոտական կենտրոնը։ Դեուստոյի համալսարանը հիմնադրվել է 1886 թ. և համարվում է էլիտար համալսարան։ Մոնտրագոնի համալսարանը հիմնվել է 1997 թ. և մասնագիտացված է բիզնեսի և տեխնիկայի ոլորտներում։ Սան Սեբաստիանում է գտնվում ուղեղի, լեզվի և ճանաչողության հետազոտական կենտրոնը։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Բասկերի Երկրի պաշտոնական լեզուներն են իսպաներենն ու բասկերենը: Բասկերի լեզուն Եվրոպայի ամենահին լեզուներից է և հաստատված ազգակցական կապ չունի ոչ մի լեզվի հետ։ Ինքնավարություն ձեռք բերելուց հետո բասկերենը պաշտոնական լեզվի կարգավիճակ է ստանում։ Բնակչության միայն կեսն է խոսում բասկերեն, ինչի արդյունքում այն հայտնվել է վերացող լեզուների ցուցակում։ Երկրում կա կրթական երեք մոդել՝ A, B և D: A մոդելում դասավանդման լեզուն իսպաներենն է, իսկ բասկերենը ուսուցանվում է որպես երկրորդ լեզու։ D մոդելը առաջնային է համարում բասկերենը, իսկ իսպաներենը մատուցում որպես <օտար լեզու>: Կրթական B մոդելը երկլեզու է՝ հավասար դեր հատկացնելով իսպաներենին և բասկերենին։ 2006-2007 թթ. 97.856 աշակերտ նախընտրել էր A , 72.567-ը՝ B, իսկ 170.529-ը՝ D մոդելը։ Աշխատանքային շուկայում ևս բասկերենը մեծ առավելություն է համարվում։ [2]

Ավանդազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բասկերն ունեն բազմաթիվ առասպելներ, առակներ ու զվարճապատումներ, ինչպես նաև լեգենդներ ու զրույցներ։ Մի շարք ավանդազրույցներ 1996 թ. հայերեն են թարգմանվել Վահան Սարգսյանի կողմից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1800-ական թվականներին առաջ են գալիս հանպատրաստից բանաստեղծությունների մրցույթները։ Այսպիսի մրցույթներում մասնակիցները պետք է ինչ-որ թեմայի շուրջ բանաստեղծություն հորինեն կամ հանգեր գտնեն տրված բառերի համար։ Հաղթելու համար արագություն, երևակայություն, ճարտար խոսք, ընդհանուր կրթվածություն և լեզվական մտածողություն է անհրաժեշտ։ Բանաստեղծությունները ուղեկցվում են երաժշտությամբ. վերջին տունը ձայնակցվում է հանդիսատեսի կողմից։

Ժամանակակից բասկ գրականությունը կերտվել է գրողների երեք սերնդի կողմից։ Առաջին սերունդը ստիպված էր գաղտնի ստեղծագործել Ֆրանկոյի բռնապետության օրոք։ Այս գրողներից շատերը աքսորի են ենթարկվում։

Հետպատերազմյան սերունդը փորձում է ազատել բասկ գրականությունը կրոնական ու ազգայնական շնչից։ Իսպանիայի ժողովրդավարացումը և Բասկերի Երկրի ինքնավար կարգավիճակը նպաստում են անկախ բասկ գրականության ստեղծմանը։ 70-ականներին լայն տարածում են գտնում քնարական վեպեր ու դետեկտիվները: 80-ականներից զարգանում են նաև թրիլերի և ամերիկյան նուարի մոտիվները։

Երրորդ սերունդը ներառում է 25-40 տարեկան ստեղծագործողներին։ Կարևոր պատմական և քաղաքական թեմաներ են արծածվում, գնալով տարածում են գտնում կարճ պատմվածքները։ Վեպերից շատերը ռեալիստական շնչով են գրված։ Բանաստեղծության մեջ միախառնվում են սիմվոլիզմը, էսթետիզմը, ինչպես նաև սեփական փորձի գրական մշակումը։ [3]

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բասկերի ժողովրդական գործիքներից են չալապարտան (txalaparta), տրիկիտիշան, չիստուն։ Չալապարտան հարվածային գործիք է։ Այն նման է փայտե սեղանի, որի վրա հարվածում են փայտի կտրոներով։ Նախկինում այն հաղորդակցման միջոց է եղել։ Բասկերի ամենասիրելի խմիչքներից է խնձորօղին։

Չալապարտա

Խնձորօղի պատրաստելուց հետո, նույն տախտակները, որ օգտագործվել էին խնձոր ճզմելու համար, հարմարեցվել են չալապարտայի՝ որին վրա խփելով հարևաններին ազդարարել են պատրաստի խմիչքի մասին։

Տրիկիտիշան (trikitixa) բասկերի ակորդեոնն է, իսկ չիստուն (txistu) ֆլեյտայի տեսակ է, որը սովորաբար նվագում են ձախ ձեռքի երեք մատներով։ Ազատ ձեռքով էլ հնարավոր է միաժամանակ տամբուրին խփել։ Երաժշտական այս տարրերն օգտագործվում են նաև բասկերի ժամանակակից ռոք երաժշտության մեջ։ [3]

Ռադիո և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրում գործում է բասկախոս հինգ ռադիոկայան և հեոուստատեսային երկու ալիք (ETB 1 և ETB 2), որոնք հեռարձակում են երկրի ներսում։ Բացի դրանից հայտնի են արտասահման հեռարձակող Canal Vasco և ETB Sat հեռուստաալիքները։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բասկերի ամենահայտնի սպորտաձևը պիլոտան է։ Խաղացողները ռետինե գնդակը խփում են 10մ բարձրություն ունեցող պատին և փորձում դիպչել նշանակետերին։ Երբեմն ակրոբատիկ շարժումներ են անում՝ զարմացնելով հանդիսատեսին։ Խաղադաշտն ունի 30-54մ երկարություն, 10մ լայնություն։ Սովորաբար հաղթում է 22 միավոր հավաքած թիմը կամ մասնակիցը։ Հայտնի են նաև փայտ կոտրելու, քարեր բարձրացնելու և խոտ հնձելու ավանդական մրցույթները։[3]

Հայերն ու Բասկերի Երկիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. սեպտեմբերի 12-ին Բասկերի Երկրի խորհրդարանն ընդունել է բանաձև Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, որտեղ ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և հակամարտության կարգավորման միակ հիմքը՝ այդ ժողովրդավարական իրավունքի իրականացումն է։ [4] Բասկերի խորհրդարանը դապատարտել է նաև Հայոց ցեղասպանությունը և այն ճանաչելու կոչ արել Թուրքիային։ [5]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Basque Country. (2015). In Encyclopædia Britannica. Retrieved from http://www.britannica.com/place/Basque-Country-region-Spain
  2. 2,0 2,1 2,2 2,3 The Basque Country: Insight into ist culture, history, society and institutions. Basque Autonomous Community, 2009. Retrieved from: http://www.kultura.ejgv.euskadi.eus/r46-714/es/contenidos/informacion/ezagutu_eh/es_eza_eh/adjuntos/eza_en.pdf, 16.10.15
  3. 3,0 3,1 3,2 Letamendia, Juan Antonio: Lehrbuch der baskischen Sprache (übersetzt von Christine Bendel, Mercedes Pérez García), Buske 2009.
  4. Basque Parliament recognises Nagorno-Karabakh self-determination: http://www.eufoa.org/newsroom/273/51, Retrieved-10.16.15
  5. http://www.tert.am/am/news/2015/04/16/vasco-parlamento/1648842

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]