Ջրաքիսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրոպական ջրաքիս
Ամերիկական ջրաքիս

Ջրաքիսներ, ազնվաքիսներ, կզաքիսների ընտանիքի Mustela սեռի գիշատիչ կաթնասունների 2 տեսակ․ Եվրոպական Ջրաքիսներ (M․ lutreola) տարածված են Եվրոպայում, Ռուսաստանի եվրոպական մասի և Հարավ-արևելյան Սիբիրի հարթավայրային շրջաններում։ Ամերիկական Ջրաքիսները (M․ vison) ապրում են Հյուսիսային Ամերիկայում, Հեռավոր Արևելքում։ Եվրոպական Ջրաքիսների մարմնի երկարությունը 45 սմ է, պոչի երկարությունը՝ 20 սմ, կենդանի զանգվածը՝ մոտ 800 գ։ Վերջավորությունները կարճ են։ Մատները միացած են թույլ զարգացած լողաթաղանթով։ Մորթին թավ է, փայլուն, գորշ գույնի տարբեր երանգներով։ Ապրում են անտառներին մոտ գետերի, լճերի և ճահիճների շրջակայքում։ Բները գետնափոր են, երբեմն զբաղեցնում են այլ կրծողների (մշկամուկ, ջրառնետ) բները։ Սնվում են մանր կաթնասուններով, թըռ- չուններով ու դրանց ձվերով, գորտերով, ձկներով։ Զուգավորվում են փետրվար— ապրիլին։ Հղիությունը 43-77 օր է։ Մորթարդյունաբերության թանկարժեք օբյեկտ են։ Ամերիկական Ջրաքիսների երկարությունը մինչև 54 սմ է։ Մարմինը ձգված է, ճկուն։ Արժեքավոր մորթատու գազանաբուծության հիմնական օբյեկտն է։ Գազանաբուծության տնտեսություններում բազմացվում են խոշոր Ջրաքիսներ, որոնք սեռահասուն են դառնում 9-10 ամսականում։ էգն ունենում է 5-6 (մինչև 12) ձագ։ Սնվում են մսաձկնային, բուսական և այլ կերերով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 540